четверг, 1 сентября 2011 г.

Բարև Ձեզ

Ինչպես երեկ խոստացել էի,այսօր եկել եմ ձեզ պատմեմ իմ բլոգեր դառնալու մասին։Սակայն մինչ այդ սրտանց ցանկանում եմ շնորհավորել բոլոր դպրոցականներին ու ուսանողներին`մաղթելով երջանիկ ու գիտելիքներով հարուստ տարի։Իսկ մեզ`դիմորդներիս,մաղթում եմ,որ այլևս ոչ մի նորություն մեր առաջ չաճի ու բարով հանձնենք մեր քննություններ`առանց որևէ կտրվող ունենալու։
Ես երբեք որպես այդպիսին չեմ պատմել իմ մասին։Անկեղծ ասած անիմաստ էլ եմ գտնում։Սակայն արդեն մի քանի անգամ իմ մասին պատմելու առաջարկներով ու խնդրանքներով նամակներ են եկել,այնպես որ որոշեցի իմ մասին տեղեկությունները կցել իմ`բլոգեր դառնալու որոշման հետ։
Ես Նեոն եմ,իրական անունս երևում է բլոգիս հղման մեջ,հայրս ինձ այդպես կնքեց,որ Աստվածածնի նման մաքուր ու ազնիվ մարդ լինեմ։Երբեք ոչ մի խմբակ չեմ հաճախել,երբեք ոչ մի  առարկա հավելյալ չեմ պարապել,այդիսկ պատճառով ոգևորված եմ իմ`շուտով սկսվող պարապմունքներից։Ես միշտ բացարձակ գերազանցիկ եմ սովորել,երբեք երկու,երեք ու չորս չեմ ստացել։ :D Ու երբեք դասից չեմ փախչել։Ինձ դաստիարակել են սովորելու ոգով,ու ես միշտ ոտքս դպրոց դնելիս եղել եմ զուսպ,հավաքված,ուսուցիչը միշտ ինձ համար եղել է մի մարդ,ում նկատմամբ առաջին հերթին պետք է ի սրտե հարգանք տածել։
Հիմա կասեք,թե իմ դպրոցական տարիները անցել են տաղտկալի ու անհետաքրքիր,որ ես ոչ մի հետաքրքիր հուշ չեմ տանի իմ մանկությունից,սակայն ես ամենաիսկական երջանիկ մանկությունն եմ ունեցել թե՛ խենթություններով,թե՛ արկածներովՊարզապես արկածներս միշտ եղել են դպրոցից դուրս։Բայց երջանիկ եմ եղել այն պահերին,երբ ոտքս դպրոց դնելիս ետևիցս լսել եմ ու լսում եմ ուսուցիչների հիացած ձայները,երբ "դպրոցի ամենախելացի աշակերտուհի" արտահայտունն իմ անունից անբաժան էր,կասեք,թե կյանքում դա չէ կարևոր,սակայն ես կընդդիմանամ։Դպրոցն այսօր շատ բան է սովորեցնում,ու ես շնորհակալ եմ իմ դպրոցին։Շնորհակալ եմ միջոցառումներով,պրոյեկտներով ու հետաքրքիր առաջադրանքներով լեցուն օրերի համար։Իմ դպրոցական տարիները հիշելիս ես միշտ կհասկանամ,որ այդ տարիներին հիմք քցվեց այն Նեոյի համար,որը կա այսօր ու կլինի վաղը։Որ դպրոցական տարիներն ես սիրեցի սովորել ու լինել պարտաճանաչ,լինել նպատակասլաց ու սովորել հարգել մարդկանց։
Ես միշտ շատ շփվող եմ եղել,սակայն որոշ հիասթուփություններ սովորեցրին ինձ ընկեր բառն օգտագործելիս շատ զգույշ լինել։Սակայն ես երբեք մարդկանց չեմ վստահում։Չգիտեմ էլ,լավ է,թե վատ,սակայն իմ վստահությունը ձեռք բերելը շատ դժվար է։
Նեոն նաև սիրում է խորհուրդներ ու քննադատություններ լսել,սակայն չի հարգում գոռոզ ու ինքնասիրահարված մարդկանց,որոնք,ընկնելով երևակայությունների  գիրկը,սկսում են բոլորին աջուձախ վիրավորել։
Նեոն նաև շատ է սիրում քրքրել ու ուսումնասիրել անծանոթ մարդկանց պրոֆիլները,էջերը,պատերի նամակագրությունները,նկարները,կյանքը։Բոլոր այդ ուսումնասիրությունները հանգեցրին նրան,որ ես սկսեցի ծանոթանալ բլոգսֆերային,կարդալ տարբեր-տարբեր,ինձ համար լրիվ անծանոթ մարդկանց բլոգերը։Նոյեմբերին ես բացեցի իմ բլոգը`զուտ հետաքրքրասիրությունից ելնելով։Ուսումնացիրեցի դիզայնի հնարավորությունները,և թողեցի այդպես։Մի քանի օր անց կատարեցի առաջին գրառումս։Հետո,երբ սկսեցին կենսաբանությունից հետաքրքիր թեմաներ անցնել,կատարեցի ևս մի գրառում ու լքեցի բլոգս։ :)
Հունիսի քսանմեկին,երբ ես ազատվելով քրոջս ու սիրելիիս քննություններից (ես դրանք նրանցից պակաս ծանր չէի տանում) վերջապես սկսեցի վայելել իսկական ազատությունը,հիշեցի բլոգիս մասին։Այդ ընթացքում ինձ սկսել էին արդեն տանջել այնպիսի թեմաներ ինչպիսիք են մարդու ու կյանքի ստեղծումը,Աստծո գոյությունը,և այնպայմանում ցանկանում էի կիսվել մյուսների հետ։Եվ ինձ օգնության հասավ իմ բլոգը,ու ես սկսեցի գրել։Հիշեցի,որ ես պատմվածքներ էլ եմ գրում ու սկսեցի ստեղծագործել։Բլոգս երկու ամսվա ընթացքում քիչ այցելու ձեռք չբերեց։Մենք արդեն անցել ենք 8000-ի սահմանը։Այսօր.երբ ընթերցում եմ իմ առաջին գրառումները,զգում եմ,թե ինչ հսկայական տարբերություն կա այն հին ու այսօրվա Նեոների միջև։Բլոգս ինձ համար դարձել է ինքնակատարելագործման,ինքնազարգացման ու նպատակներին հասնելու պայքարի գոտի,ամեն մի նոր գրառում անելիս Նեոն ավելի է աճում ու մեծանում,ու դուք`իմ սիրելի ընթերցողներ,դրա ականատեսն եք։
Իսկ վերջում ևս մի քանի խոսք Նեոյի անձի մասին։Եթե ուշադիր եք հետևել գրառումներիս,ապա ըստ երևույթի պիտի նկատած լինեիք,որ ես քննադատել չեմ սիրում,սակայն սիրում եմ փաստերով ապացուցել այս կամ այն երևույթի կարգավիճակը։Ես նաև չեմ սիրում ոտնահարել դիմացինիս ազատությունը,քանզի շատ եմ սիրում ու գնահատում իմը։Ես չեմ վախենում պարտվելուց,քանզի գիտեմ արժանապատվորեն պարտվել։Սակայն պարտվել ինձ մոտ երբեք չի նշանակում հանձնվել։
Ես երբեք չեմ հանձնվում։Ես լի եմ էներգիայով,ուժով,պայքարելու անհագ ցանկությամբ ու մուսայով։Երկու ամիս գրեթե ամեն օր,հաշվի չառած որոշ բացառություններ,ես ամեն օր գրում էի ու գրում եմ,ու հուսով եմ երբեք էլ չեմ սպառվի։
Ես շատ շատ եմ սիրում ընթերցել գրքեր,որոնցից էլ հաճախ ոգեշնչվում եմ։Ոգեշնչվում եմ նաև երաժշտությունից։Ես դասական և ծանր ռոքի սիրահար եմ,ինչպես մայրս է ասում`իմ օրորոցայինը Pink Floydn ու Led Zeppelin-ն են եղել։Ես մեծացել եմ ռոքի ոգով,և ինչպես ընդունված էր ասել վաթսուանականներում,ես լրիվ ռոք եմ։ :)
Երևի թե այսքանը,ջրի նկատմամբ իմ հիվանդագին սիրո մասին արդեն գիտեք,գրքերիս,մանկական տարօրինակություններիս մասին էլ պատմել եմ։Այնպես որ եթե կրկին հարցեր մնացին,համեցե՛ք,ես սիրով կպատասխանեմ :)(Ինչքան շատ այսօր ասացի "ես"...Ես-ով սկսվող ամեն մի նախադասություն պարտավորեցնող է...)

Բարև Ձեզ,ձեզ հետ կապի մեջ Նեոն էր...ու դեռ երկար ժամանակ էլ կմնա :)
 Հ.գ.Իմ մասին ասում են,որ ես անտանելի մարդ եմ,որովհետև շատ զգացմունքային եմ,սակայն նաև ասում են,որ բեմը մեծ դերասան է կորցնում հանձինս ինձ`իմ էմոցիաները կառավարելու շնորհի շնորհիվ։Իմ մասին նաև ասում են,որ ես ասես այս Երկրից չլինեմ..Դե ինչ,ես էլ Նեոն եմ։Հաջողությու~ն...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...