среда, 27 июля 2011 г.

Արևմտյան հատվածում նորություն չկար...

Կարող եք ընթերցել այս երաժշտության ներքո..
Կարմիր կակաչները ծածկել են դաշտերը...
Երիխ Մարիա Ռեմարկ,մի գրող,ով հանուն իր խոսքի ազատության լքեց իր հայրենիքը`ապրելով ահ ու սարսափի մեջ,դողալով ամեն վայրկյան գերմանացի ֆաշիստների կողմից բռնվելու վախից,մի մարդ,ով իր զտարյուն գերմանական անունը`Կրամերը,դարձրեց տիպիկ ֆրանսական կեղծանուն,մի մարդ,ով հաղթահարեց պատերազմում իր բոլոր ընկերների մահը տեսնելու զարհուրելի պատկերը,մի մարդ,ով լքեց իր հայրենիքն ու հաստատվեց մի նոր հայրենքիում,էմիգտանտների հայրենիքում...
Ռեմարկ,Պաուլ,Ռավիկ,Շվարց,անվանե՛ք նրան ինչպես ուզում եք,այս շարքը դեռ էլի կարելի է շարունակել,կարելի է շարունակել բոլոր այն դիմակների անունը,որոնք կրեց նա,որոնցով ապրեց ու տառապեց,տառապեց ամենադաժան,բայց ամենահնարավոր ու անհնար կերպով։Կերտվեց կյանքի կողմից,թրծվեց թեժ պատերազմում ու չկոտրվեց երբեք,չնայած,որ նա եղավ Պաուլ,Ռավիկ,Շվարց...


"Երիտասա՞րդ,երիտասարդնե՞ր,տղանե՞ր,մենք դեռ նոր ենք դարձել 18 տարեկան,սակայն դա վաղուց արդեն ետևում է։Մենք արդեն ծեր մարդիկ ենք"...
Պաուլի դեմքին դեռ նոր էր սկսել մազ հայտնվել,երբ նա հայտնվեց այնտեղ,ռազմի դաշտում,երբ նա զենք պահեց իր ձեռքերի մեջ։Պաուլն ընդամենը մի երեխա էր,երբ նետեց իր առաջին նռնակը,որն ավելի խոր հետք թողեց իր սրտի,քան հողի վրա։Այդ նռնակը Պաուլի առաջ բացեց կյանքի դռները։Պաուլը հասկացավ,որ պատերազմ իրականում այն չէ,ինչպիսին ներկայացնում էր,նա`իր ուսուցիչը։
Իրականում պատերազմում միայն հաղթանակներ չէին լինում։Իրականում պատերազմում Պաուլը կարող էր տեսնել իր ընկեր Հայեի կտրված ոտքը,իրականում Պաուլը կարող էր նստել մահացող ընկերոջ կողքին ու նրան պատմել,որ Հայեն կվերադառնա տուն,կնստի իր դաշնամուրի դիմաց,կտեսնի`ինչպես են թափվում ծառերի տերևները,առավոտյան կարթնանա իր անկողնում ու կլսի թռչունների դայլայլը,այն թռչունների,որոնք չկային այնտեղ`ռազմի ճակատում։Պաուլը նկարագրում էր Հայեին իր տուն դարձի ճանապարհը,այն ինչ թե՛ նա,թե՛ Հայեին գիտեին,որ վերջինը գտնվում է Աստծուն տանող ճանապարհի վրա։Վերջին բանը,որ տեսավ Հայեին,Պաուլի արցունքով լի կարմիր աչքերն էին ու կեղծ ժպիտը։Կեղծ ժպիտը,որը պատնեշի նման պահում էր Պաուլին չհեկեկալու համար...Հայեն մահացավ,նա առաջինն էր։Մահացավ նա,մահացավ մի մոր սիրտ...
Ու Կարմիր կակաչները ծածկել են դաշտերը...
Հեշտ է սպանել թշնամուն,երբ նա հեռու է,մի քանի մետր այն կողմ,թաքնված,հեշտ է նրան սպանել,երբ դու`զինվորդ,չես տեսնում նրան ու պարզապես մի նռնակ ես նետում։Հեշտ է,երբ չես տեսնում նրա դեմքը,չես լսում սրտից պոկվող ցավի մորմոքը,չես տեսնում նրա մահացող աչքերը։Բայց ամենևին հեշտ չէ վիրավորված սողալ ամբողջ դաշտով,մեռյալների մեջ գեթ մի ողջ մարդ գտնել,հեշտ չէ,նայել արեգակին ու չտրվել հավերժ քնելու ցանկությանը։Սակայն ավելի դժվար է,երբ տեսնում ես նրան,մի ֆրանսիացու,ում դու ես վիրավորել,վիրավորել ես մահացու,սակայն երբ միասին պառկած եք նույն դաշտում`երկուսդ էլ վիրավոր,երկուսդ էլ լքված,այնժամ միայն հասկանում ես,որ նա քեզ նման մարդ է,որ գուցե այժմ նրա կինը նամակ է գրում ամուսնուն,իսկ փոքրիկ աղջիկը պատմում է,որ իր հայրը ռազմի դաշտում է,և պաշտպանում է իր հայրենի~քը։
Իսկ Կարմիր կակաչները ծածկել են դաշտերը...




Այդ ֆրանսիացին էլ էր մարդ,իր նման,Պաուլը դա միայն այդժամ հասկացավ։Նա միայն այդ պահին գիտակցեց,որ եթե նրանք հանեին իրենց համազգեստները,գուցե այժմ նստած լինեին Պաուլի տանը,խմեին մի բաժակ գարեջուր,իսկ նրանց կանայք քչփչային ու մի անհետաքրքիր բան քննարկեին։...Կի՞ն։Մի՞թե Պաուլը երբևիցե կունենար կին։Մի՞թե նա օրերից մի օր ոտքի կկանգներ,մի՞թե կգար մի օր,երբ կկազդուրվեր իր հոգին,արդյո՞ք Պաուլը մի օր պատրաստ կլիներ երջանի~կ լինելում։Իսկ եթե չմահանա՞ ռազմի դաշտում։Ի՞նչ է լինելու հետո։Նա ինչպե՞ս պիտի շարունակի իր կյանքը`աչքի դիմաց ունենալով Հայեի մահացող,բայց դեռ փայլուն աչքեը։Ինչպե՞ս նա կարող էր ապրել,երբ Հայեն,երբ մյուսները չկային,երբ միայն չորս հոգի էին ողջ մնացել,միայն չորս հոգի ողջ դասարանից։Միայն չորս հոգի ողջ մանկությունից...
Շատերին հարկավոր է 18-ամյա լինելու պիտակը`խանութից ալկոհոլ գնելու համար։Իսկ Պաուլի 18-ամյա պիտակը նրան անհրաժեշտ էր իր կյանքը ոչնչացնելու համար։
Հայրենիք...ի՞նչ էր այդ ժամանակ նշանակում այդ բառը մի մարդու համար,ով մանկություն բառն արդեն իսկ չգիտեր,բայց գիտեր`ինչ է նշանակում նռնակ,զենք,վիրավոր ընկեր,սպանած թշնամի,արնոտ աչքեր ու մոր ցավացող սիրտ,մոր մահացող սիրտ...
Բայց Կարմիր կակաչները ծածկել են դաշտերը...
Ի՞նչ էր նշանակում Պաուլի համար այդ գրողի տարած հայրենիքը,որը սկսեց պատերզմ,սկսեց աննպատակ ու հասավ ոչնչի։Չնայած ո՛չ,հասավ,հասավ հազարավոր մեռած մարդկանց,երիտասարդ կյանքերի խորտակման հասավ այդ պատերազմը,Պաուլի ՀԱՅՐենիքը,այն մեռնող ֆրանսիացու ու էլի շատերի ՀԱՅՐենիքը հասավ թշնամանքի,հասավ իրեն ատելու սերը իր իսկ զավակների մեջ սերմանելուն...
Պատերազմ...Պաուլը չգիտեր այդ բառի նպատակը,այդ բառի իմաստը,նա միայն գիտեր,նա այդտեղ էր`պատերազմում, ու նա պատերազմում էր մի մարդու դեմ,ով ինքը չգիտեր,թե ինչու է այդտեղ...Հայրենի՞քը պաշտպանելու էին նրանք եկել։Ախր ի՞նչ հայրենիք,երբ այն ինքը չի հոգում իր զավակների մասին։Պաուլը չէր կարող հասկանալ այդպիսի հոր։Հայր...Հայրենիքին այդքան սիրելու պատճառով գուցե Պաուլն ինքը երբեք հայր չդառնա,թե՞ դառնա ու պատմի,թե ինչպես սպանեց մի ֆրանսիացու,ում կնոջն այրիացրեց ու ում աղջնակին նա որբ թողեց։Ինչպե՞ս նա կարող էր իր զավակին բացատրել որբ բառի իմաստը...Ու ինչպե՞ս նա կարող էր բացատրել իր հայրենիքի արարքը։Ինչու՞ էր մայրն իր`հայրենիքը,որոշել թափել իր զավակների արյունը։Պաուլը չգիտեր այդ հարցերի պատասխանը։Պաուլը չգիտեր,թե ինչ պետք է անել,երբ ավարտվի պատերազմը..պատերազմյա դաժանությունները նրա գլխից ջնջել էին խաղաղության տարիներին երջանիկ լինելու գաղտնիքը։Պատերազմից զատ նա ուրիշ կյանք չէր ճանաչում...
Իսկ Կարմիր կակաչները արդեն թոշմել էին...
Կյանքն էլ Պաուլին չճանաչեց պատերազմից այն կողմ..
1918 թվականի հոկտեմբերին մի օր նրան գտան ,երբ Արևմտյան հատվածում նորություն չկար։Նա ընկած էր գետնին քնածի նման,իսկ նրա դեմքին այնքան գոհ մի հայացք էր,որ իր կյանքն այդպիսի շարունակություն ունեցավ...Պաուլը մահացած էր...Նա մահացել էր`գտնելով իր հանգստությունն ու անդորրը,մահացել էր,որ այլևս միակը չլինի իր մանկությունից,նա մահացել էր,որ իր զավակին երբեք չբացատրի,թե ինչ բան է որբ լինելը...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...