вторник, 31 июля 2012 г.

Գեղեցկացնում ենք գերմաներեն խոսքը *

Այսօր ես գերմանական շնչի պակաս և կարիք ունեմ, այնպես որ մյուս պատրաստի գրառումներս շարունակում եմ թողնել արխիվում,որպեսզի այսօր ևս մի քանի լեզվական առանձնահատկություններ յուրացնենք և օգտագործենք մեր առօրյայի գերմանական հատվածում։ :)

Այսօր կանգ կառնենք մի քանի կաղապարային արտահայտությունների ու բառերի վրա,որոնք ձեզ հնարավորություն կտան խոսքը առավելագույնս գեղեցիկ և քաղաքավարի դարձնելու համար։ 



воскресенье, 29 июля 2012 г.

Թող կուրծքս մի քիչ ցավի, որ սրտիս տեղն իմանամ...

Երեք բանաստեղծություն,որ նկարագրում են իմ ներկայիս տրամադրությունը :)

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարև,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…


среда, 25 июля 2012 г.

Սեղմում եմ բռունցքներս ու...


Ձեռքումս եղած ամբողջ ուժով մատներս սեղմում եմ ափիս`անընդհատ ավելի ձգելով ու ամրացնելով բռունցքս։ Ինչքան շատ եմ մատներս սեղմում ու փակում ափս,այնքան ավելի ուժեղ եմ զգում ձեռքիս միջի դատարկությունը։ Այն պարզապես այրում է ձեռքս, ասես գոռա` մի ապտակ հասցնելով ու հասկացնելով,որ մենա~կ եմ.. Հենց հիմա բռունցք արա ու ամբողջ ուժով մատներովդ ճնշի՛ր ափիդ։ Զգացի՞ր ամայությունն ափիդ։  Շնորհավորում եմ։ Դու սիրահարված ես…

воскресенье, 22 июля 2012 г.

Տո դուք էլ,ձեր ԵՊՀ-ն էլ...

Գիտե՞ք,եկել էի լրիվ այլ գրառում անելու։ Ավելի ճիշտ այդ գրառումս արդեն պատրաստ էր,սակայն մինչև այստեղ տեղադրելը սովորությանս համաձայն որոշեցի հետևել ստատիստիկային և տեսնել,թե որ կայքերից են մոտս հաճախումներ գրանցվել։ Հայացքս հանդիպես blognews.am կայքին։ Անցնելով հղումով,տեսա,որ վերջին գրառումս տեղ է գտել այդ կայքում։ Չհասցրեցի էլ դրա վրա զայրանալ,երբ նկատեցի մեկնաբանություններն ու...ի՞նչ ասեմ։ 
Ձեզ եմ ներկայացնում այդ մեկնաբանությունները,որոնք ինձ իրոք զայրացրին։ 


"Իսկ ես ընդունվել եմ ԵՊՀ ու շատ էլ երջանիկ եմ, որովհետև հնարավորություն չունեմ Ձեզ նման Գերմանիայում սովորելու, հա մի բան էլ` պետք չէ թերագնահատել ուրիշներին ու նրանց կրթությունը."


вторник, 17 июля 2012 г.

ԵՊՀ ես չեմ գնա

Այսօրվա լողի պարապմունքից հետո սիրտս մի տեսակ զզվելի կերպով էր աշխատում, այնպես,որ դրա պատճառով շնչառությունս ահավոր խորացել էր,տրանսպորտի միջի մարդիկ վրաս վախեցած հայացքներ էին նետում։ :D Հիմա էլ անտանելի գլխացավ ունեմ։ Երևի շոգն է մեղավոր։ Մեր տունն այնպես է դասավորված,որ եթե երկնքում կա Արև,այն կա նաև մեր տանը։ Ձմռանը գրեթե վառելիք չենք օգտագործում։ Հրա~շք։ Բայց այ ամռանը..խոսքը մեր մեջ շոգեխաշվում ենք։ Այ հիմա էլ,կիսաեփ վիճակում նստած,գլխացավս գրկած,սրտիս հետ կռիվ արած ձեզ եմ գրում։ Վարդավառի օրն էլ այնքան մեծ էնտուզիազմով եմ խաղացել,որ մինչ օրս աջ ոտքս բռնված է, այսօր ոնց կարողացա լողի տեղը դիմանալ...զարմանում եմ ինքս ինձ վրա :D Հա~, կարճ ասած, թքած ունենալով բոլոր այս ցավերի վրա ես շարունակում եմ լսել իմ սիրելի ծանր Ռոքն ու Մետալը ու ցանկանում եմ ձեզ հետ ուղղակիորեն խոսել նրա մասին,ինչ հիմա զգում եմ...

вторник, 10 июля 2012 г.

Անոթազարկ


Եվս երկու քայլ արեց դեպի ինձ։ Երբեք այսքան մոտիկ կանգած չէր եղել։ Հայացքն առանց աչքերիցս կտրելու իրար ամուր սեղմած ցուցամատն ու միջնամատը հպեց ձախ քունքիս։ Այնուհետև մատներն  սկսեց անփութորեն սահեցնել այտերովս.ասես պատահաբար սկսեց շոյել ծանրացած շնչառությունից կիսաբաց շուրթերս և ի վերջո մատները հասցրեց պարանոցիս`դանդաղ շարժելով,ասես երբևէ այդ նույն մատներով չէր շոշափել զարկերակս… Ճկուն շարժումներով գտնելով զարկերակս` սկսեց մատներով շրջանագծեր անել պարանոցիս վրա։ Նա գիտեր,դա իմ թույլ տեղն է։ Առաջ ձգելով պարանոցս`անհույս փորձ էի անում շուրթերովս ավելի մեծ քանակութամբ օդ գրկել։ Խեղդվում էի։ Փոքր-ինչ դողացող ձայնով ասաց.
-Սիրտդ բավականին արագ է աշխատում…

воскресенье, 8 июля 2012 г.

Սեր կես դրույքով






Երբ դեռ շատ փոքր էի,ինձ հաճախ ասում էին,որ Լուսնին երկար չնայեմ,այլապես ցածրահասակ կմնամ։ Փոքրիկ երևալու վախից հինգ րոպե ժամկետով թեքում էի գլուխս այդ շքեղ տեսարանից,հետո,շատ կարճ հիշողություն ունենալու պատճառով,նորից հետ էի վերադառնում նախկին զբաղմունքիս։ Երբ Լուսնի`Արևից գողացված շողերը շաղակրատելով քսմսվում էին տղամարդու նման մռայլ ու սև Երկնքին,թվում էր,թե սիրային փոքրիկ խաղ է աչքիդ դիմաց ընթանում։ Իհարկե,այն ժամանակ ես դա չէի հասկանում։ Պարզապես բնազդաբար նայում էի դրան։ Ձգում էր,հասկանու՞մ եք…


суббота, 30 июня 2012 г.

Օրագիր

6:47
Գրողը տանի~,կլինի՞ գեթ մի օր,որ կարողանամ գոնե մինչև յոթը քնել։ Չեմ ուզում այսքան շուտ ամեն ինչ սկսվի..

6:52
Բարի գալուստ գլխացավ։ Արդեն հինգ րոպե է,ինչ քեզ եմ սպասում։ Ապրես,որ եկար։ Ես այլևս մենակ չեմ։

7:00
Ու թե ինչու այսքան արագ պատրաստվեցի,որ հիմա պարապ նստեմ։ Չէ,լավ,պարապ նստել հնարավոր չէ, հազարավոր գործեր կան անելու։

7:14
Խնդրում եմ քեզ,ի սեր բոլոր սրբերի,գոնե հինգ րոպե լքիր միտքս,թող գործերիս վրա կենտրոնանամ։ Աղերսում եմ,հինգ րոպե մենակ թող ինձ..Ատում եմ քո սին ներկայությունն իմ կյանքում։ Սին,դատարկ։ Ատում եմ քո աններկա առկայությունն իմ մտքում։ Խանգարելուց զատ ուրիշ ոչինչ չես անում։ Սիրում եմ քեզ..

7։43
Հա,իհարկե քնած կլինես։ Հանգիստ,հրեշտակային քնո~վ։ Փակ աչքերդ,կիսաբաց շուրթերդ,որ պիտի թույլ տան քեզ ավելի խորը շնչել...Քնած ես..սիրու~ն։ Բայց չէ, դուրս արի ուղեղիցս թեկուզ քո աստվածային գեղեցկությամբ։ Չեմ ուզում այն տեսնել։ Գնա,գնա գրողի ծոցը։ Հանգիստ թող ինձ...Գնա~..




воскресенье, 24 июня 2012 г.

Ծանոթանում ենք։ Աննա Արոյան։

Ես ինձ բավականին վատ կզգայի,եթե ես,բլոգումս պատմելով իմ մեծ հաջողության մասին,վայելեի ձեր շնորհավորանքներն ու հպարտությունը,ու ոչինչ չպատմեի ինձ հետ հավասար պայքարած մի աղջկա մասին,ում ես արդեն 2 տարի է ճանաչում եմ։


Բնականաբար ոչինչ չեմ կարող պատմել նրա հույզերից,բայց կարող եմ պատմել այդ անձնավորության մասին,ով նույնպես Հայաստանի պատիվը բարձր էր պահել միջազգային այդ մրցույթում։


Աննայի հետ ծանոթ էինք հեռվից-հեռու։ Մենք Գերմաներեն լեզվի ուսուցման նույն ծրագրի մեջ էինք ներառված,ու թերևս ճանաչում էինք իրար դեմքով ու անուն-ազգանունով։ 2010 թվականին նրան և ինձ հնարավորություն ընձեռվեց երկու ամիս ապրել Գերմանիայում։ Մենք լինելու էինք տարբեր քաղաքներում,սակայն բավականին երկար ճանապարհ ունեինք միասին անցնելու,հատկապես եթե հիշենք,թե ինչպիսի արկածներով հասանք Գերմանիա...


Իսկ ինչպես ասում է հին հայկական ասացվածքը`մինչև մարդու հետ ճամփա չգնաս,չես ճանաչի։ :)


Ահա թե ինչպիսի Աննայի ես ճանաչեցի այդ մի քանի ժամվա և հետագա տարիների ընթացքում։

четверг, 21 июня 2012 г.

"Ու՞ր ես գնում էտ ֆաշիստնոց"

Նախորդ երկարաշունչ գրառումիցս հետո որոշեցի այսօր ավելի թեթև ու ինչ-որ չափով հումորային գրառում անել։ Ահա ձեզ եմ ներկայացնում մարդկանց առաջնային ռեակցիաներն այն բանին,երբ իմանում էին,որ 17 տարիս նոր լրացած մենակ մեկնելու եմ Գերմանիա`ուսումս սկսելու։  :D
  • Վաաաախ (երջանիկ)
  • Լուուու՞րջ (նախանձախառը)
  • գերմանացու հետ չամուսնանաս
  • չե՞ս կարոտի
  • բա շունի՞կդ
  • միասնական քննություն հանձնելու՞ ես
  • կմնաս Գերմանիայում,չէ՞
  • ե՞րբ ես գնում
  • Գերմանիայում շա՞տ են թուրքերը
  • Թուրքերից զգույշ կլինես
  • Որտե՞ղ ես ապրելու
  • Տատու չանես
  • Փիրսինգ չանես
  • Չծխես
  • Չխմես
  • Չքաշես
  • Երեխա գրկած հետ չգաս
  • Մենակ հայի հետ կամուսնանաս
  • չչաղանաս
  • կգնաս Շվեցարիա
  • Հայաստան կգա՞ս
  • ինձ նվեր կբերես
  • դե մի հատ Ֆոլկսվագեն կուղարկես
  • ա դու մոզգ ես
  • իրանց հաշվին ա,չէ՞
  • հենց նեղացնեն,ասա գամ,տեսնեմ դրանց
  • ու՞ր ես գնում էտ ֆաշիստնոց
  • դրանք ֆաշիստ են լրիվ,զգույշ կլինես
  • հա,լավ ա,գերմանացու էլ նման ես...


Ահա այսպիսի արձագանքներ եմ ես լսել։ Իհարկե դրանք ավելի շատ էին,պարզապես փորձեցի վերհիշել դրանցից ամենաշատ գործածվածները :)




среда, 20 июня 2012 г.

Ու ես վերադարձա :)


Ահա և ես։ Այո,ես լքել էի իմ ընթերցողին ուղիղ երկու ամիս։ Հեռացա անգլիական հրաժեշտով,ինչպես և միշտ սիրել եմ անել։ Հեռացել էի առանց ավելորդ բառեր ասելու,առանց ավելորդ սենտիմենտալության,գուցե և ձևականության։ Այստեղ ամպագոռգոռ բառերով չհայտարարեցի,որ "Օ,ես գնում եմ,ինձ հետ պահեք"։ Ում հետաքրքիր էր իմ բացակայության պատճառը,գտավ ինձ ֆեյսբուքում,այնպես որ ձեր իսկ թույլտվությամբ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել նրանց,ովքեր անտարբեր չեղան և ցուցաբերեցին իրենց ուշադրությունը։ Ես հեռացել էի,որովհետև մեծ նպատակ ունեի։ Հասնելով դրան և իրագործելով իմ վաղեմի ցանկությունը`այսօր ես վերադարձել եմ`գլուխս բարձր և հաղթած...



Գրողը տանի,չեք պատկերացնի,թե ինչքան նորություններ են եղել այս երկու ամսվա ընթացքում։ Այսօր,երբ իմ վերջին քննությունն էր,ու ես ամբողջությամբ հրաժեշտ եմ տալիս  իմ դպրոցական կարգավիճակին, բավականաչափ խորթ էր ու անծանոթ այն զգացողությունը,որ ինձ սեղանի վրա տասնյակ գրքեր չեն սպասում,որոնցից էլ հարյուրավոր առաջադրանքներ ունեմ։ Խորթ էր նաև այն,որ հիմա օրս այնքան ծանրաբեռնված ու լեցուն չէ,ինչպես առաջ։ Հա,զբաղմունք անպայման կգտնվի,բայց ախր առավոտյան ժամը 8-ից մինչև հաջորդ այգաբաց տնային էլ չե~ս անելու։ Տարօրինակ զգացողություն է,երբ մոտավորապես այդպիսի գրաֆիկով ապրել ես 9 ամիս։ Ու հիմա ամեն ինչ կրկին գլխի վրա շրջվելու է...



воскресенье, 1 апреля 2012 г.

Մի քանի փաստ թռչունների մասին։ Օգնե՛ք նրանց ապրել։

Այսօր կանենք ավելի շատ տեղեկատվական գրառում։ Որպես ապագա կենսաբան իմ պարտքն եմ համարում ձեզ տեղեկացնել,որ այսօր թռչուննեի պաշտպանության միջազգային օրն է։ Թռչունները շատ կարևոր դեր են ունեն սնման շղթաների և էկոլոգիական համակարգերի համար։ Չափազանց մեծ է նրանց դերը հատկապես բույսերի սերմերի,պտուղների և ծաղկափոշու տեղափոխման մեջ։ Թռչունները լինում են առաջին,երկրորդ,իսկ երբեմն ավելի բարձր էկոլոգիական համակարգերում երրորդ և չորրորդ կարգի կոնսումենտներ(սպառողներ),որոնք սնվում են բույսերով, որդերով ու թռչուններով,մանր կենդանիներով`շրջապտույտի մեջ դնելով ու պահելով նյութերի անընդհատ հոսքը։

воскресенье, 25 марта 2012 г.

4 միջոց գերմաներեն գեղեցիկ խոսելու համար *

Եվ այսօր կանենք գերմաներենի առաջին դասընթացը։ 

Ցանկացած լեզվի համար առաջնայինը կարդալ իմանալն է։ Բնականաբար առանց կարդալ կարողանալու,հատկապես այսպիսի դարաշրջանում`համացանցային ոստայնում,դժվար կլիներ սովորել լեզուներ։ Բայց քանի օր այս գրառումը ընթերցելու են ոչ միայն սկսնակներ,այլ նաև լեզվին տիրապետող մարդիկ,ես որոշեցի գրառումը զուտ Այբուբեն սովորելու ձանձրալի կարգավիճակից փոխել մեկ այլ մակարդակի ու ձեզ սովորեցնել ճիշտ ընթերցել`հիմնվելով մարդկանց կողմից արվող կոպիտ սխալների վրա։ Որովհետև նույնիսկ լեզվաբանական ֆակուլտետի ուսանողները անում են այդ նույն սխալները։ Այնպես որ լեզվին տիրոպետողները կշտկեն սխալները,չիմացողներն էլ ճիշտը կսովորեն։

Ձեզ թվում է,ես պիտի սկսե՞մ նրանից,թե քանի տառ ունի գերմաներենը։ Ես դա չգիտեմ,ու լեզվին տիրապետելու համար դա մեզ բնավ պետք չէ։ Տարօրինակ է հնչում, բայց դա այդպես է։ ;)
Այբուբենի հետ կապված մենք կիմանանք միայն այն,որ սա ամենասովորական լատինատառ շարքն է,սակայն մի քանի ավելացումներով։ Գերմաներեն այբուբենը կազմված է լատինատառեր + ումլաութով երեք տառ+տառակապակցություններ։ Հիմա հասկանանք,թե որոնք են դրանք։


пятница, 16 марта 2012 г.

Բեմի մեծանուն դերասան

Սենյակում գրեթե ոչինչ չէր նկատվում,բացի մի կիսատ անկողնուց։ Այդ խեղճուկն էլ նկատվում էր պատուհանից ներս թափանցող Լուսնի աղոտ լույսի պատճառով,որն ասես դեռ ինչ-որ կերպ ուզում էր հիշեցնել,որ էլի առավոտ է գալու,որ միշտ չէ օրն այդքան մռայլ ու մութ լինելու։ Ու եթե ես լինեի փողոցի անդադար վազքի մեջ մտած ու հևիհև վազող հարյուր հազարավորներից մեկը,չէի էլ նկատի,որ անկողնու վրա փոքրիկ մանկիկի նման կուչ էր եկել մի մարդ։ Կուչ էր եկել այնպես,ինչպես իր դեմքի կնճիռներն էին հավաքվել իրար վրա,կպել իրար,ասես պատմելով կյանքի մի պատմություն,հիշելով մի մանկություն,այգուց թռցրած մի խնձոր,չհանձնած մի քննություն,սիրած մի կին,հաջող մի դեր,միայնակ ծերություն...Ծերուկի կենդանությունը հուշում էին պահի տակ մանկական խանդավառությամբ խառնվող ակոսները դեմքի։Ու ժպիտը։ Երևի երազ էր տեսնում։Լա՞վ,թե՞ վատ։Չգիտեմ էլ,հա~։Բայց երազ էր տեսնում։ Նա դեռ երազում էր,լա՞վ,թե՞ վատ,կարևոր չէ,գրողը տանի։ Նա դեռ կարողանում էր երազել,ուրեմն ապրում էր։ Սիրտս թեթևացավ։ Դանդաղ քայլելով մոտեցա անկողնուն ու կքանստեցի կողքին։ Ախ այդ Լուսինը,որը երբեք չէր պահում խաղի կանոնները,անխղճաբար լուսավորում էր Քնածի դեմքը.ասես դիտմամբ լույսի շողեր քցելով նրա հենց աչքերին,որ այդ միակ հաճույքից էլ զրկի նրան։ Բայց երևի Ծերուկի դեմքի մեղմիվ ժպիտը հենց այդ լույսի՞ց էր խաղում շուրթերի վրա։Վաղու~ց լույս չէր տեսել,մի պահ նույնիսկ վախեցա,թե աչքերը արդեն կուրացե~լ են,չեն տեսնում։ Բայց չէ~,եթե այդ աչքերն այդքան շուտ հանձնվողներից լինեին,այսօր ես դրանց չէի էլ տեսնի։ Չէի էլ նայի այս դեմքին,չէի էլ ընթերցի այդ կնճիռները,չէի էլ գրի այս տողերը։  


среда, 14 марта 2012 г.

Ցանկանու՞մ եք հպարտանալ լեզվի ձեր իմացությամբ։ Կարդացե՛ք այս հոդվածը

Ընթերցողներս երևի մի օր կհավաքվեն մեր դպրոցի մոտ,ինձ կքաշեն ու կծեծեն`իմ ուշ-ուշ գրելու պատճառով։ Իսկ ես որպես վախկոտ ու նվազ մարդ բնավ չեմ ցանկանում ծեծվել ընթերցողներիս կողմից ու նվաստանալ համադասարանցիներիս դիմաց,այդիսկ պատճառով ես պատրաստվում եմ նոր գրառում անել`բերելով հետս թարմ շունչ և նոր գաղափար։ :DԻնչ խոսքի բացակայությունն ունի իր լուրջ ու ծանրակշիռ պատճառները,որոնց մասին թերևս կպատմեմ հաջորդ գրառմանս մեջ։ Իսկ այսօր ես ձեզ կառաջարկեմ իմ մտքում ծագած ու դեռ մշակման կարիք ունեցող գաղափարս։ 


пятница, 2 марта 2012 г.

Մամա~

Երբ դեռ երեխա էի..հիմա այլևս երեխա չե՞մ...սխալ սկսեցի։ Երբ ես ավելի փոքր էի,կուրորեն հավատում էի այն մտքին,որ ես հենց-այնպես չեմ ծնվել։ Որ ես շատ կարևոր առաքելություն ունեմ,ես հավատում էի,որ մի բան պիտի փոխեմ աշխարհում։ Գիտե՞ք,տարօրինակ զգացում ունեի սրտումս,հասկանու՞մ եք,ինչ-որ բան էի զգում,ինչ-որ ուրիշ մի բան,որ բառերով չես ասի,խոսելով չես պատմի...անծանոթ էր,բայց ոչ խորթ։ Հարազատ էր ինձ այդ զգացումը,չափազանց տաք էր պահում հոգիս...


Ու երբ ամեն անգամ ծնկներս ծալում էի մորս առաջ ու ձեռներս դնում էի ցավացող,շատ ցավացող գլխին,գիտեի,որ հեսա կանցնի ցավը։ Համոզված էի,որ իմ փոքր ձեռքերը կազատեն նրա գլխի մեծ ցավից։ Մի քանի րոպե..ու վերջ։ Նրա դեմքը պայծառանում էր,ես այնքան երջանիկ էի,որ կարողանում էի փոխհատուցել այն անքուն գիշերները,որ նա անցկացնում էր իմ կողքին,տանջվելով ու տառապելով,փորձելով կտրել հազս,իջեցնել ջերմությունս,մեղմացնել ցավս...փորձելով քնեցնել ինձ,որ ինքը չքնի`հետևելով ի~մ քնին...

Իմ գարունն իմ մաման ա...

воскресенье, 19 февраля 2012 г.

Առռըհա առաջադեմ երիտասարդություն։

Չէ,սերունդը փոխվել ա։

Երեխեքը լավն են։
Հայաստանի ապագան վստահելի ձեռքերում ա։
Խելացի,զարգացած սերունդ ա գալիս։



Առռըհա,թե մենք առաջադեմ երիտասարդություն ունենք։Երևի արդեն հասկացաք,թե ինչի մասին է խոսքը։
Ինչքան տկար ենք մենք,որ անուն հանած ինչ-որ մեկի ասելով միանգամից հանդարտվում ու ընկրկում ենք։ Էլի հասկացաք չէ՞`ինչ նկատի ունեմ...



Իհարկե,կա մի ստվար զանգված,որն անկախ ամեն ինչից կշարունակի պայքարել ու հասնել իր նպատակին։ Բայց ես մեր երիտասարդներից ավելիին էի սպասում։ Չեմ սիրում այդ արտահայտությունը,բայց պիտի էս անգամ ասեմ։ Մաշտոցի այգում պայքարողներ ջան,ցավներդ տանեմ,դուք այն մարդիկ եք,որոնք կանեն առաջին քայլերը սեփական կարծիքն ամրապնդելու։ Ցույց տալու,որ հայերն էլի համախմբվելու ունակ են,ցույց տալու,որ մեր անտեր ու դուզ կառավարությունն իրականում մեր ծառան է,ոչ թե մենք նրանց ճորտը։ Դուք վերջապես պիտի էս ազգին հասկացնեք,որ հերիք է մկան նման մարդ ա իր ծակը մտնի ու քիթը դուրս չհանի։ Ես մի անգամ արդեն ասել եմ,որ մենք`հայերս,մինչև անձնական ու հենց մեզ հետ ֆիզիկական կապ ունեցող խնդիր չունենանք,չենք էլ փորձվի ինչ-որ բան անել։ Հավես չկա,ալարում ենք,ցուրտ ա,ամոթ ա,փորս ա ցավում և այլն։ Ու իրականում պատճառն էն ա,որ մենք էնքան կամքի ուժ չունենք,որ պայքարենք նրա համար,որը ոչ թե "իմն ա", այլ "մերն ա"։ 
Ախր էգոիստ էլ եմ չեմ կարող է էտ մարդկանց ասել։ Որովհետև իրանց ուղեղն էնքան չի էլ պտտվում,որ հասկանան`այգու պահպանությունը հենց մեր օգուտն է։ Վաղը-մյուս օրը բուտիկ ենք շնչելու,ծառերից էլ շո՞ր ենք քաղելու։


четверг, 16 февраля 2012 г.

Դու հաղթում ես..դու մենակ ես


Ես լեռնագնաց եմ,ու սառը եղանակն ինձ չի վախեցնում։ Ես սովոր եմ ինձնից բարձր տեղեր կանգնելուն,ես սովոր եմ առաջ քայլելուն,որովհետև որպես լեռնագնաց այլ ճանապարհ չկա։ Ինձ համար ետ տարված ամեն քայլը հավասար է դեպի մահ կատարած մի կետի։ Ես շարժման միայն մի ուղղություն ունեմ`դեպի առաջ...
Երբ դեռ երեխա էի,իմ ամենամեծ ձգտումը հորիզոնական հարթության վրա ուղիղ և կայուն կանգնելն էր։ Իսկ այսօր ես նվաճում եմ ուղղահայաց հարթությունները։ Ու դա հիմա այնքան դժվար է թվում,ինչպես այն ժամանակ երկու փոքրիկ ու փխրուն թաթիկների վրա կանգնելը։ Բայց ես դա անում եմ։ Դժվարությամբ։ Բայց անում եմ։ 

среда, 1 февраля 2012 г.

Շարքային Ֆոտոշարք

Ուրեմն եկել եմ շուտ գրառում անեմ ու գնամ։ Սա չի լինի իմ ավանդական ու տիպիկ Նեոական գրառում։ Որովհետև...

Ուղիղ հինգ րոպե առաջ,երբ նստած բույսերի մասին նյութ էի ընթերցում,աչքս ընկավ պատի վրա փակցրած նկարներից մեկին,ու ես հիշեցի այդ նկարի էլեկտրոնային տարբերակի,այդ օրերի ու դրանց զգացմունքների մասին։Որոշեցի նկարը փնտրել կողքիս դրված նեթբուքի մեջ,բայց չգտնելով համապատասխան թղթապանակը,գտա մեկ ուրիշը,որի նկարները ես հավաքել եմ երևի թե վաղուց։ Ինչու՞ երևի թե։ Որովհետև դրանց գոյության մասին բացարձակապես մոռացել էի։ Ու երբ այն բացեցի,սկսեցի նկարները հատիկ-հատիկ նայել,կամաց-կամաց սկսեցի ինձ խղճուկ զգալ։ Չհասկացա՞ք`ինչու։ Համոզված եմ։ Որոշեցի,որ հենց հիմա այդ նկարներով պիտի ձեզ հետ կիսվեմ։ Կիսվեմ ու գնամ..Հուսով եմ դուք էլ դրանցից էլի մի բան կսովորեք։ Հաջորդ անգամ այս կամ այն քայլն անելիս կհիշեք այս նկարների մասին ու մի քիչ ավելի երկար կմտածեք։ Միգուցե դու՞ք էլ մի սեր,մի կյանք,մի երջանկություն փրկեք...Անձամբ իմ ներսում էլի մի բան ծլեց,էլի մի զգացմունք ծաղկունք ապրեց,էլի մի ներդաշնակություն ներարկվեց իմ մեջ.. Վերջապես վերգտա ինձ..նրան,ում ես կորցրել էի վերջին ամիսների քաշքշուքների ու խառնաշփոթի մեջ..հա,ազնիվ եմ ասում... Լավ արդեն շատ խոսեցի :) Հիմա նայում ենք նկարները...Ի դեպ,մեծ նայելու համար կարող եք մկնիկի մի քլիք անել նկարի վրա ու փոխելով`դիտել։ Կարող եք դիտել այս երաժշտության ներքո։ Համենայն դեպս ինձ մոտ այդպես ստացվեց։ ;)

суббота, 28 января 2012 г.

Սարսափի դիագնոզ (Մաս 2)

Առաջին մասն ընթերցելու համար անցե՛ք այս հղումով։


                                                    ***
Արթնացա շանս ոռնոցից։ Նրան սաստելով փորձեցի գլուխս բարձից կտրել,բայց զգացի,թե ինչքան ծանր էր այն,ու կրկին ետ գցեցի բարձի վրա։ Հայաքս հառեց ժամացույցին։Երկուսն անց յոթ րոպե էր։ Դեռ շատ ժամանակ կար մինչև լուսաբացը։Իսկ իմ ամենալավ քունը սկսում էր միայն լուսաբացին։ Հասկանու՞մ եք,երբ գիտակցում եմ,որ լույսը հետզհետե կլանում է ինձ շրջապատող խավարը,ավելի հանգիստ եմ քնում։ Բայց այժմ էլ գիշերը երկուսն անց յոթ րոպեին ամեն ինչ տարօրինակ կերպով լուսավոր էր թվում։ Մի պահ թվաց նույնսիկ,որ Լիլիթը մոռացել է անջատել իր լույսը։ Բայց չէ,իրականում այն ներս էր ընկնում դրսից`պատուհանի արանքով։ Երբ լարեցի տեսողությունս,զգացի,որ լուսինն արտառոց տեսք ուներ։ Ու հիշեցի,որ մի քանի ժամ առաջ էլ նույն լուսինն ինձ օգնեց գտնել տուն տանող ճամփան։ Ու օգտվելով այդ հնարավորությունից,որոշեցի ավելի մանրամասն ուսումնասիրել նրան։ Իսկական գեղեցկուհի էր։ Ու այսօր ասես ժամադրության լիներ։ Փայլում էր սիրահարված աղջկա նման,այնքան շքեղ էր,գրավի~չ։Ու խորհրդավոր։ Նման էր այն ճահճանման կանանց,ովքեր կանչում են,գրավում,իսկ հետո`խորտակում ու լքում։ Բայց այժմ ես պատրաստ էի ընկնել նրա ճիրանների մեջ`գիտակցելով հանդերձ,որ նա ինձ կսպանի։Օ~,Աստված իմ,երկինքն էլ երբեք պատրաստ չի եղել այդ գեղեցկուհուն դիմավորելուն։ Ու այսօր նա գրկում է այդ հրաշքին ու առնում իր ձեռքերի մեջ`ինձ ավելի խորը քաշելով իր դավադրության մեջ…


воскресенье, 22 января 2012 г.

Սարսափի դիագնոզ (Մաս 1)


“Ընդհանրապես ասում են, եթե հոգեկան հիվանդն հասկանում  է իր անհավասարակշիռ կարգավիճակը, ապա առողջանալու հույս կա։ Իսկ կյանքում ամեն ինչ այնքան համաչափ է։ Ու սա էլ բացառություն չէ։ Ուրեմն, եթե մարդ գիտակցում է իր մեղսավոր լինելը, ուրեմն մաքուր կյանքով ապրելու հնարավորություն էլ կա: Կամ էլ եթե մարդ հասկանում է, որ պիտի մահանա,ուրեմն փրկվել էլ կարող է..

Ես ապագա հոգեբան եմ, ինչը բնավ հոգեբուժության հետ ոչ մի կապ չունի: Այսինքն մոտավոր այնքան ինչքան մարդն ու պատերազմը։ Սակայն միշտ էլ հոգեկան հիվանդների վերաբերյալ իմ կարծրատիպն եմ ունեցել։ Կարծում եմ, որ հոգեկան հիվանդ կարելի է անվանել այն մարդուն, ում շրջապատի մարդկանց համար անհասկանալի է դառնում վերջինիս ասածը. արածը կամ ընդհանրապես լինելը։ Իսկ մենք` մարդիկս, վախենում ենք մեզ համար անհասկանալի ու անբացատրելի ամեն ինչից: Այնպես որ մեզ համար թերևս ավելի ապահով կլինի, որ մեզ համար անհասկանալի և հետևաբար նաև վտանգավոր մարդիկ փակվեն հիվանդասենյակներում և պիտակավորվեն որևէ ախտանիշով։ 

вторник, 10 января 2012 г.

Երբ ներկադ դարձավ անցյալ...

Կարող եք ընթերցել երաժշտության ներքո։

Միշտ դպրոցումս այնքան մեծ հարգանք եմ վայելել,որ տնօրենի նախասենյակ և սենյակ մտնելիս այնքան համարձակ էի քայլերս անում,որ շատ նորընտիր ուսուցիչներ նախանձում էին վստահությանս։ Ես գիտեի,իմ խոսքը դպրոցում բոլորի համար կշիռ ունի։ Պատկերացնու՞մ եք,թե դա ինձ համար ինչ է նշանակում։ Ես ընդամենը տասնվեց տարեկան եմ,այդքան փոքր,անփորձ։ Այդքան աննշան։ Բայց այսօր իմ կարծիքը ուսուցիչներիս համար հեղինակավոր է։ Նրանք ինձ մեծացրին ու դարձրին մարդ,հասցրին իրենց հասակին,կանգնեցրին իրենց կողքին։ Ու ես կիսով չափ նրանցն եմ`իմ ուսուցիչներինը։ Մեկը սովորեցրեց տեսնել կյանքի անարդարությունը,մյուսը`լինել անկոտրում,մեկ ուրիշն էլ`մնալմարդ։ Նրանք ինձ զուտ գիտելիք չտվեցին,նրանք ինձ սովորեցրին օգտագործել գիտելիքները։ Նրանք ինձ սովորեցրին կյանքի փորձ հավաքել ու հասկանալ,թե դա ինչ մեծ արժեք ունի...

Նրանք ինձ մեծացրին ու հասցրին իրենց(ու թքա~ծ,թե գեղեցիկ չի հնչի) բոյին,որ այսօր հպարտանան ինձնով։ Մի դպրոց,որը կերտում է բազում կյանքեր..որը կերտեց այդ թվում կյանքն էլ իմ մասնակի,թե ամբողջական,չգիտեմ..

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...