четверг, 30 июня 2011 г.

Ձնծաղիկների բույրը

Ճերմակ ու գեղեցիկ ձմռան մոտալուտ մահվանն էինք սպասում։Արեգակի ջերմ ճառագայթներն արդեն հայտարարում էին գարնան գալուստը,իսկ ձյունը մեղմ արտասվում էր։Ես սիրում էի այդ ձմեռը,գարունը`նույնպես,քանզի ձմռան վերջին ու գարնան սկզբին իրենց գլխիկներն են ձյան հաստ շերտի տակից հանում ձնծաղիկները։Փոքրիկ այդ ծաղիկները ինձ ժպտում էին`ողջունելով այնքան ջերմությամբ։Ձնծաղիկների այդ ջերմությունը մինչ այսօր ջերմացնում է հոգիս...
Հորս հետ քայլում էինք մի այգում,որի անունը ես այդ ժամանակ չգիտեի։Այսօր էլ միայն գիտեմ,որ այդ այգում միասին մենք շատ եղանք ,ես այնտեղ շատ վազեցի ու ծիծաղեցի։Ո՞րն էր այդ այգին,ես չգիտեմ,ես գիտեմ-դա իմ մանկությունն էր...
Այգին արդեն ծաղկում էր,փորձում էր հագնել իր կանաչ հագուստը,որը զարդարված էր սպիտակ նախշերով`փոքրիկ ձնծաղիկներով։Հիշում եմ,հայրս բաց թողեց ձեռքս և ես վանդակից պոկված թռչնակի նման վազեցի դեպի նրանց...Խնամքով մի քանիսը պոկեցի,գեղեցիկ դասավորեցի,ապա այդ փոքրիկ փնջիկը մոտեցրի քիթիկիս ու ամբողջ հոգիս լցրեցի ձնծաղիկների բույրով։Այդ պահին ամբողջ աշխարհը միայն ձնծաղիկներն էին ու նրանց բույրը։Հետո,երբ սթափվեցի,վեր կացա ու մանկական մի ուրախ ճիչով վազեցի հորս մոտ և տրվեցի նրա ամուր ձեռքերին ու ջերմ գրկախառնությանը`ձեռքումս ամուր պահած փոքրիկ փունջը։
Այդ օրից ի վեր շատ բաներ անցան ու փոխվեցին։Շատերը եկան ու գնացին,ծաղիկներս վաղուց թոռոմել էին։Ձմեռներն էլի եկան ու անցան,ծաղիկներ հազարավոր ծաղկեցին ու անհետացան,սակայն ես երբեք չեմ մոռանա հենց այդ ձնծաղիկների բույրը։Ես երբեք չեմ մոռանա,թե ինչ բույր ուներ իմ մանկությունը։...

3 комментария:

Анонимный комментирует...

արցունքները մեկիկ-մեկիկ հոսեցին

Անիտա комментирует...

ՇԱտ տխուր էր,բայց և միաժամանակ շատ գեղեցիկ։Շատ հավանեցի,ապրես Նեո ջան

Աշոտ комментирует...

Ինչ-որ թաքնված թախիծ կար մեջ..ինչպիսին և քո աչքերում կա...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...