суббота, 30 июля 2011 г.

Իսկ դու ի՞նչ ես դառնալու

Դեռ 2010 թվականից անընդհատ նույն հարցն եմ լսում։Երբ դասարանցիներս դասընթացն օգտագործում էին պարապմունքների տնայիններն անելու համար,ես դասարանում նստած գիրք էի ընթերցում,քանզի ուսուցիչներից գրեթե ոչ ոք ցանկություն չէր հայտնում մի հոգու հետ դաս աներ,իսկ մնացածների դրության մեջ էլ մտնելով`չէին ստիպում դաս լսել։Իսկ երբ ընկերներս հարցնում էին,թե ինչ եմ ցանկանում դառնալ`պատասխանում էի ծրագրավորող։Չնայած սրտիս խորքում ես գիտակցում էի,որ դա իմ վերջնական ընտրությունը չէ...Երեկ լոգանքի ժամանակ հիշեցի բոլոր այն մասնագիտությունները,որոնք երբևէ անցել են իմ մտքով կամ նույնիսկ արձագանք են գտել...Սկսենք ամենասկզբից։
Ամենաառաջին մասնագիտությունը,որի մասին երբևէ մտածել եմ,եղել է ատամնաբույժը։Մեր Նորք-Մարաշում գտնվող ատամնաբուժարանի մանկական բաժնի իմ բժշկին այնքան սիրեցի,որ որոշեցի անպայման ատամնաբույժ դառնալ նրա նման։Դեռ նոր էի երկրորդ դասարան փոխադրվել,երբ սկսվեց "Իսկ որ մեծանաս,ի՞նչ ես դառնալու" հարցի աստղային ժամը։Ես էլ հպարտությամբ ասում էի`ատամնաբույժ։
Անցավ որոշ ժամանակ,դպրոցում հանձնարարվող բոլոր նմանատիպ շարադրություններում ես շարունակում էի մնալ իմ կարծիքին`ատամնաբույժ։
Սակայն սրտիս խորքում մի ուրիշ երազանք ունեի։Արդեն 3-րդ դասարանից ես երազում էի որևէ ամսագրում գլխավոր խմբագիր լինել։Համա թե ախորժակ ունեի 8 տարեկանի համար։Հանգստյան օրերին միշտ ինչ-որ տեղից 12-թերթանոց տետր էի գտնում,վրան մեծ-մեծ գրում "Օմեգա" օրաթերթ ու լրացնում տան անցուդարձը։Չգիտեմ էլ,թե ինչու հենց Օմեգա։Երևի թե գեղեցիկ անուն էր,իսկ ուրիշ հնարավոր տարբերակ մտքովս չէր անցնում։Մի խոսքով,երազում էի դառնալ լրագրող,սակայն այդ երազանքս պահում էի սրտի խորքում,ոչ ոքի չէի ասում ու շարունակում էի մնալ ապագա ատամնաբույժ։
Սակայն ժամանակը շարունակում էր սողալ,իսկ ես դեռ չէի կողմնորոշվում։Ատամնաբույժն արդեն անցած տարբերակ էր,այլևս չէի էլ մտածում դրա մասին։Ու կրկին նույն հարցը։Ես ի՞նչ մասնագիտություն ընտրեմ։Երբ արդեն եկավ ժամանակը,որ քույրս կողմնորոշվի,նա անկասկած գիտեր իր ապագա մասնագիտությունը`ծրագրավորող։Իսկ ես դեռ չէի կողմնորոշվում...Ու երբ հարցնում էին,թե ինչ եմ ցանկանանում դառնալ,պատասխանում էի`նույնպես ծրագրավորող,կրկին համոզված չլինելով իմ իսկ պատասխանի մեջ...

Լեզուների ասպարեզում բավականին հաջողություն ունեցա։Արդեն ասել եմ,որ դպրոցս առանց ինձ օլիմպիադաների ուղարկելու կյանք չունի։Ահա այդպես էլ մասնակցեցի հայոց լեզվի օլիմպիադային։Քաղաքային փուլում գրավեցի առաջին կարգ,հանրապետական փուլում`երկրորդ։Բոլոր ծանոթներս զարմացել ու ուրախացել էին։Իսկ զարմացել էին,որովհետև երբեք ոչ մի առարկայով դպրոցից դուրս չեմ զբաղվել։Բոլորը սկսեցին հորդորել,որ ընտրեմ բանասերի ճանապարհը։Ես կարճ պատասխանում էի`ոչ։
Հետո վրա հասան հաջողությունները գերմաներեն լեզվում։
Գերմաներեն լեզվին բավականին վարժ տիրապետելու համար երկու անգամ եղա Գերմանիայում,ապրեցի այնտեղ,կատարելագործեցի լեզուս,այժմ էլ շարունակում եմ ինքնուրույն ու դպրոցի միջոցով ուսուցանել գերմաներեն`եվրոպական ստանդարտին համապատասխան դիպլոմ ստանալու համար։Եվ բոլորը սկսեցին խորհուրդ տալ`ընտրել լեզվաբանի կամ թարգմանիչի ուղին`ընդունվել Բրյուսով։Դա հաստատ ոչ։Լեզուներն իհարկե ես սիրում եմ,նույնիսկ ինձ նպատակ եմ դարձրել անգլերեն սովորելը,սակայն ես ամբողջ կյանքս չեմ նվիրի միայն լեզուներին,ի սեր Աստծո...

Ու կրկրին նույն հարցը...ես հուսահատված,բայց ոչ հուսալքված շարունակում էի պատասխանել`ծրագրավորող։Մաթեմատիկա,ֆիզիկա...երկուսն էլ իմ առարկաներն են,կգնամ,ծրագրավորող կդառնամ։Լավ է...Բայց այնուամենայնիվ ներքուստ ինչ-որ բան խանգարում էր,դա իմը չէր,ծրագրավորողի կյանքն էլ ինձ չոր էր թվում։Այսպես ինձ շարունակում էր մտատանջել իմ ապագա ու չընտրված մասնագիտոթյունը մինչև 11-րդ դասարանի առաջին կիսամյակը։Կիսամյակի վերջում ես հասկացա երկու բան։Ես սիրում եմ ֆիզիկա ու շատ եմ սիրում։Հայրս ֆիզիկ է եղել և նա հաստատ շատ կուրախանար`տեսնելով,որ ես շարունակում եմ իր ճանապարհով։Սակայն միաժամանակ ես գիտակցում էի,որ միայն ֆիզիկան իմ կյանքում դատարկ տեղ կթողնի։Բացի այդ չէի պատկերացնում,թե ֆիզիկան ընտրելուց հետո որտեղ եմ աշխատելու ու ինչպես։Տարբերակներ շատ կան,իհարկե,սակայն միայն ֆիզիկան ինձ համար չէ։ՈՒ այդտեղ ես հասկացա երկորդ բանը։Ես սիրում եմ կենսաբանություն,դեռ 6-րդ դասարանից այն իմ ամենասիրելի առարկաներից էր,ու սիրելուց զատ այն ինձ մոտ վատ չէր ստացվում։8-րդ դասարանի ատեստատում կենսաբանություն առարկաս փակվեց 10 գնահատականով։Ու...Օ-լա-լա...Ես իմացա։Ես գտա այն,ինչ փնտրում էի արդեն վաղուց,գտա այն,ինչին պատրաստ էի նվիրել ամբողջ կյանքս,ուղեղս ու աշխատանքային բոլոր ժամերս։Կենսաֆիզիկա...
Շատերը փորձեցին համոզել,չգիտեմ էլ ինչու,որ այդ ֆակուլտետը չընտրեմ։Ասում էին,թե թույլ ֆակուլտետ է,ափսոս է ուղեղս,դասախոսները դաս չեն անում և այլն և այլն։Բայց ես հաստատուն էի։Կենսաֆիզիկա։Սկսվեց համոզելու երկորդ ալիքը։Ում ասում էի,որ որոշել եմ վերջնական,ընդունվելու եմ կենսաֆիզիկա ֆակուլտետը,գրեթե բոլորը միաձայն ասում էին.
-Կենսաբանությու՞ն...ֆիզիկա՞...է հա,գնա բժշկական։
Ու այդտեղ ես չգիտեի այդ մարդկանց ինչպես բացատրեի,որ եթե նույնիսկ մեր բժշկական համալսարան միայն իրոք խելացիներն են ընդունվում ու միայն լավ մասնագետներ են դուրս գալիս,որ եթե այն նույնիսկ աշխարհի ամենաազնիվ  ֆակուլտետն է,որտեղ աշխատում են ամենալավ մասնագետները,ես չեմ մտնի մի լսարան,որը խցված է գլամուր աղջիկներով ու ջիպոտ տղաներով։Ո՛չ։Ես չեմ ցանկանում բժիշկ դառնալ`հատկապես մեր հայկական իրականության մեջ։
Առաջարկներ եղան նաև դառնալու կենսաինֆորմատիկ`այսինքն բժշկական սարքավորումների ծրագրավորող-նախագծող։Բայց ո՛չ,ես դա էլ չեմ ուղում։Ես կդառնամ կենսաֆիզիկ,ես դրանում համոզված եմ։Ու ես իմ առջև պարզ տեսնում եմ բոլոր այն հետագա քայլերը,որոնք կհասցնեն ինձ իմ նպատակին։Իսկ իմ նպատակների մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ։
Ու վերջապես "Իսկ դու ի՞նչ ես դառնալու" հարցին ես կպատասխանեմ....
Կենսաֆիզիկ...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...