суббота, 24 сентября 2011 г.

Հիասթափություն

Հերթական անգամ տիկին Էլիզաբեթը հանձնարարել էր տնային շարադրություն "Իմ մտերիմ ընկերուհին" վերնագրով։Ճիշտն ասած մենք ամեն տարի(չնայած ընդամենը երրորդ տարին էր,ինչ դպրոց էինք հաճախում) ստանում էինք նույն հանձնարարությունը,բայց այնուամենայնիվ մեր բոլորիս կողմից սիրված դասվարուհին ամենայն բարեխղճությամբ բացատրում էր,որ շարադրության մեջ մենք պետք է նկարագրենք մեր մտերիմ ընկերոջը կամ ընկերուհուն,պետք է գրենք տարիքն ու նկարագրենք արտաքինը,պատմեք դպրոցում սիրելի առարկաների մասին։Մի խոսքով ամեն անհետաքրքիր բան։
Այդ շարադրությունները գրելիս մենք երբեք չէինք պատմում մեր մտերիմ ընկերոջ սիրած գույնի կամ հագուստի մասին,որովհետև բոլորս էլ մեր կարճ խելքով հասկանում էինք,որ ուսուցիչներին այդ չէ պետք։Ու ընդհանրապես տիկին Էլիզաբեթը միշտ մեղմ ակնարկով հասկացնում էր,որ ցանկալի կլինի մեր մտերիմ ընկերոջ պատիվը ստանա որևիցե մեկը մեր դասարանից։Թերևս այդպես ավելի հետաքրքիր կլիներ հենց ի՞ր համար։Չգիտեմ էլ,հա...

Կարճ ասած,երբ լսեցի արդեն սպասվող շարադրության թեման,ես գիտեի,թե ում մասին եմ գրելու։Նա իմ դասընկերուհին էր,ու չնայած որ ես բացարձակապես չէի հասկանում ընկեր,մտերիմ ընկեր ու առավել ևս չընկեր բառերի իմաստը,ես իմ մանկական բնազդով զգում էի,որ պիտի գրեմ հենց այդ աղջկա մասին,որովհետև նա իմ մոր մտերիմ ընկերուհու (մայրս,փաստորեն,գիտեր այդ բառի իմաստը) աղջիկն էր ու դրան էլ համալրած իմ դասընկերուհին։Մանկական այդ տարիքիս պատկերացումների համար մտերիմ ընկերուհի իդեալական մարմնավորում։
Նույն սկզբունքն էլ բարեբախտաբար գործում էր նաև Աննա-Մարիայի մոտ։Երրորդ տարին շարունակ նա գրում իմ,իսկ ես`իր մասին։Իմ մայրը նրա մոր մտերիմ ընկերուհին էր,հետևաբար իր մայրն էլ`իմ մոր մտերիմ ընկերուհին։Ու բնականաբար,եթե նա իմ մտերիմ ընկերուհին էր,ուրեմն ես էլ նրա մտերիմ ընկերուհին էի(Ճիշտն ասած ես դեռ մանկուց մաթեմաթիկա շատ եմ սիրել)։Այսպիսի գեղեցիկ օրինաչափություն...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...