понедельник, 17 июня 2013 г.

Անտարբերը, Մարիոն ու Երկու չինացին

Մինչև գնացքը հասավ, ուշացա ավտոբուսից։ Պիտի ուղիղ տասը րոպեի սպասեի մյուս ավտոբուսին, որովհետև նախորդն աչքիս դիմացով անցավ։ Կքայլեի մինչև մեր ուսանողական ավան, բայց նոր կոշիկներս ոտքերս սեղմում էին։ Գնացի կանգառ, նստեցի։ Կողքիս մի պապիկ էր նստած, "Բեռլին" թերթի հերթական համարն էր կարդում, ես էլ ձև էի տալիս, իբր չեմ կարդում իրեն հավասար։ Մյուս կողմից գեր կին էր նստած։ Մի քանի րոպե հետո կանգնեց, բոլորս խառնվեցինք իրար, պապիկն ու ես կտրվեցինք թերթից` մտածելով, որ ավտոբուսն եկավ, այն էլ պարզվեց, որ տիկինը քայլել էր ուզում։ Նրա գնալուց հետո մի ծեր, շատ նիհար, բայց կոկիկ հագնված տատիկ եկավ իր տեղը նստեց։ Նեղվեցի։ Չէի տեսել նրան։
Ուղիղ 17:48 ավտոբուսը եկավ կանգառ։ Լավ է, որ մեծ ավտոբուսներից էր, նստատեղերը բավականացրեցին։ Արդեն տասը ամիս է ինչ սովորություն ունեմ ավտոբուսում ու գնացքներում մեկական դրված նստատեղերն ընտրելու։ Պապիկն էլ գնաց ավտոբուսի ամենաետևը։ Թերթը մնաց կիսատ։

Արդեն տասը ամիս է գրեթե ամեն օր նույն ճանապարհով եմ գնում։ Հեծանիվ եթե ունենայի, ավտոբուսից արագ ինձ տուն կհասցնեի։ Հեծանիվիս դեռ սպասում եմ։ Շուտով կլինի։
Մի քանի նստարան այն կողմ, դեմքով դեպի ինձ մի աղջիկ էր նստած։ Հայացքը պատուհանից դուրս էր նայում, բայց ինքը չէ։ Հաստատ ինչ-որ բան էր հիշում։ Երևի իր սիրելիի մասին։ Շուրթերին հաճելի ժպիտ էր թրթռում։ Հայացքը թեքեց վրաս, էլի ժպտաց։ Պատասխանեցի։
Կողքին մեկ ուրիշ աղջիկ էր նստած։ Բարձրահասակ բավականին, խոշորամարմին։ Նրան ընդհանրապես չէր հետաքրքրում իր կողքին նստած աղջիկն ու իր ժպիտը։ Խոշորամարմին աղջիկն իր բջջայինով արագ-արագ նամակ էր հավաքում անտարբեր դեմքով։ Այսօր բոլորս էլ անտարբեր դեմքով ենք նամակ հավաքում։ Երեխա ժամանակ երազում էի նամակներ ստանալու մասին։ Իսկական։ Փոստով։ Հիմա ոչինչ չի փոխվել։ Համացանցով օրական հարյուրավոր նամակներ եմ ստանում, բայց դրանք գրվում են անտարբեր դեմքով։ Իսկ փոստով էլ կա՛մ ամազոնից եմ փաթեթ ունենում կա՛մ բանկից նամակ։ Էլի անտարբերությամբ ուղարկված փոստեր։
Աղջիկների ետևում մի տղամարդ էր նստած։ Աչքերը այնպես էր փակել ու սեղմել, ասես լացում էր։ Բայց շուրթերն էլ հեչ լացող մարդու շուրթերի նման չէին։ Երևի մոտ կես րոպե հետևում էի նրա աչքերին, երբ հանկարծակի բացեց։ Աչքերը թաց չէին, բայց կարմրած էին։ Երևի հոգնած էր...Անմիջապես ինձ նայեց։ ժպտացի։ Պատասխանեց։

Հայացքս սահեց աղջիկներից երկու ոտնաչափ ձախ կանգնած երիտասարդի վրա։ Հմայիչ էր բավականին, չնայած գլուխը սափրած էր։ Շեկ մազերի հետքն արդեն երևում էր գլխի վրա։ Բայց կարծում եմ, որ շուտով այդ մազերն էլ կսափրի, որ գլխի վրայի դաջվածքն երևար։ Ասում են, այն մարդիկ, ովքեր շատ դաջվածքներ ունեն, տառապում են հոգեկան խնդիրներով, որովհետև այդքան դաջվածք անելը համարվում է ինքնաոչնչացման քայլ։ Նայելով երիտասարդին` չէի մտածի, որ ագրեսսիվ է, կյանքը չի սիրում կամ էլ խնդիրներ ունի, չնայած գլխի դաջվածը բացի ողջ ձախ թևն էր դաջվածքներով պատված։ Տարբեր նախշեր էին  ոչ գունավոր, իսկ դրանց արանքից հստակ կարելի էր նկատել կրակի արդեն գունավոր բոցերը։ Տպավորիչ դաջվածք էր։ Իսկ աջ թևի բազուկի վրա...Մարիոն էր դաջված։ Մի քիչ տարօրինակ համադրություն էր։ Մտածեցի գուցե գլխի վրայի պատկերը խաղի միջի հրեշն է, ձախ ձեռքի վրայի պատկերը Մարիոյի խոչնդոտն է լավաներով... Բայց ավելի ուշադիր նայելուց հետո հասկացա, որ ոչ։ Կապույտ սիրուն աչքեր ուներ։ Ինձնից մի կանգառ շուտ իջավ։

Հենց այդ կանգառում անմիջապես դիմացս մի ալեհեր մարդ նստեց, բուի ունքերով։ ժպտացի։ Չպատասխանեց։

Ավտոբուսի ետնամասը լի էր Ասիայի տարբեր երկրների դեղնամորթ ներմայացուցիչներով։ Մեր ուսանողական ավանում նրանք այնքան շատ են, որ մոտ 9-10 ամիս առաջ մոտս այնպիսի տպավորություն էր, որ Բեռլինում ասիացիները գերմանացիներից շատ են։
Ըստ ստատիստիկայի քանակական, բայց ոչ գրանցված քաղաքացիների առումով, Բեռլինում ավելի շատ արտասահմանցի կա, քան գերմանացի։ Զարմացնող չէ բայց։  Բեռլինը մնում է Բեռլին։ Ու նրանց մեծ մասը երևի կազմում են մեր ավանում ապրող ասիացիները։ Նրանք այնքան շատ են, որ սկսել եմ նրանց դեմքերով տարբերել։ Ու հա, ասիացիները, հատկապես չինացիները, ահավոր փնթի են։ Բայց մեր կուրսի Յոյոյին շատ եմ սիրում։

Իսկ ես չգիտեմ էլ, ես ասիացի եմ, թե եվրոպացի։

Ավտոբուսում կնոջ մի ձայն հայտարարեց կանգառս։ Երկու աղջիկ ու ես իջանք։ Քայլում էին դիմացովս, ու ես հաստատ կարող էի ասել, որ չինացիներ են։ Չինացիները լրիվ ուրիշ կերպ են քայլում։ Համ էլ չինարեն էին խոսում։ Մի պորտուգալացի ընկեր ունեմ, ով ուզում է չինարեն սովորել։ Բարդ ուղի է բռնել։ Ես հասցրել եմ մեր Յոյոյից սովորել իրենց "Ա" տառի արտասանության չորս տարբեր ձևերը։ Դրանից հետո հասկացա, որ ես չինարեն սովորելու համար չեմ ծնվել։

Կանգառից մի քանի քայլ ու արդեն ուսանողական ավանում էինք։ Սիրում եմ մեր ավանի կանաչ տարածքները։ Առհասարակ Բեռլինը շատ կանաչ է, ու ոչ միայն քաղաքականության առումով։ Նոր կոշիկներս ոտքերս սեղմում էին, բայց ես դիմանում էի։ Քայլելու ընթացքում էլ մտածում էի այս տողերի մասին, որ պիտի գրեմ բլոգում։ Հայացքս կոշիկներիցս բարձրացրի վերև, աղջիկներն արդեն գնացել էին։ Մտա շենք, փոստ չունեի։ Հասա երրորդ հարկ, մտա տուն, ուր ես արդեն տասը ամիս է մտնում եմ ամեն օր։

Տեսնես բուի ունքերով այն մարդն ինչու՞ չժպտաց...

Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...