пятница, 2 сентября 2011 г.

Ամառային անձրև...

                                     Մաս 1
                             Գլուխ 1


-Մա՛մ,այս ի՞նչ է իմ այտերի վրա,այսքան շատ ու այսքան փոքրիկ։
-Մարի՛,աղջի՛կս,երբ դու ծնվեցիր,փոքրիկ մի հրեշտակ էիր…
-Հիմա էլ հրեշտակ չե՞մ,-վախեցած հարցրեց փոքրիկ Մարին։Իսկ մայրը բարի ու համբերատար ժպիտով պատասխանեց.
-Իհարկե հրեշտակ ես,գեղեցկուհի՛ս։Պարզապես արդեն այնքան փոքրիկ չես,ինչպես առաջ։Ո՞րտեղ կանգնեցի։Հա,երբ դու փոքրիկ,շատ փոքրիկ մի արքայադուստր էիր,Աստված ուղարկեց իր հրեշտակներից մեկին,որ պահպանի ու հսկի քեզ,չէ՞ որ դու այնքան փխրուն ու նուրբ էիր։Եվ ամեն գիշեր,երբ դու փակում էիր քո այդ աչուկները,որոնք դեռ ոչ մի վատ բան չէին տեսել այս աշխարհում,նա մոտենում էր քեզ,կռանում ու ամեն այտիդ մի նրբիկ համբույր էր տալիս։Ամբողջ գիշեր նա շարունակ հետևում էր քո քաղցր քնին,ետ էր քշում վատ երազներն ու մտքերը։Իսկ առավոտյան,երբ կրկին բացում էիր աչուկներդ,նա առավոտյան վաղ ճառագայթների հետ ժամանող լույսին միաձուլվելով անհետանում էր։


Իսկ քո փոքրիկ այտերին սկսում էին արտացոլվել նրա համբույրի հետքերը`այդ փոքրիկ,բայց վառ պեպենները։Դրանք միշտ այսքան պայծառ ու լուսավոր են,որովհետև դրանք քեզ է պարգևել լույսի հրեշտակը։
-Մա՞մ։
-Ասա՛,Մարի։
-Մա՛մ,նա հիմա այլևս չկա՞,-փոքր-ինչ շփոթված,փոքր-ինչ էլ խառնված ձայնով հետաքրքրվեց Մարին։
-Ես չգիտեմ,սակայն այ դու դա կարող ես պարզել։
-Ինչպե՞ս։
-Վաղ առավոտյան,երբ կարթնանաս,շուտ վազի՛ր ու մոտեցի՛ր հայելուն։Ուշադիր նայի՛ր այտերիդ,եթե զգաս,որ դրանք այրվում են փոքրիկ պեպեններիդ կրակով ու լույսով,եթե զգաս,որ աչուկներդ փայլում են մի նոր փայլով,ապա նա այդ գիշեր էլ է եկել,կանգնել կողքիդ,համբուրել այտերդ ու քշել է վատ երազներն ու մտքերը։Ուրեմն,իմ փոքրիկ Մարի,նա քո կողքին է։Իսկ հիմա շուտ արի,վարսերդ սանրեմ,որ շուտ քնես։
«Չէ՞ որ դու վաղը առավոտյան պիտի իմանաս նրա գոյության մասին»։

                                      Գլուխ 2

Առավոտ էր։Երբ ջերմ արեգակի ճառագայթների պարուրեցին Մարիի քնած մարմինն ու շոյեցին Մարիի աչքերը,նա փոքրիկ երազանքների աշխարհից վերադարձավ իր համար երազանքների մյուս աշխարհը`իրականություն։Երբ Մարիի երկար հորանջելով ու ձգվելով  փոքրիկ ճերմակ թաթիկներով հպվեց իր այտերին,նրա միտքն անմիջապես պայծառացավ,ու Մարին հիշեց հրեշտակի ու համբույրի փոքրիկ հեքիաթը։Անմիջապես վեր ցատկեց ու վազեց մեծ հայելու մոտ։Կանգնեց շատ մոտիկ հայելուն ու աչքերը հնարավորինս լայն բացելով`սկսեց ուսումնասիրել սեփական այտերը։Նա այնքան մոտեցավ ինքն իր արտացոլանքին,որ իր փոքրիկ քիթն ընդհուպ հպվում էր հայելուն։Հետո,երբ ասես վերջացրեց իր հույժ կարևոր հետազոտությունը,մի քանի քայլ արեց դեպի ետ ու սեփական դեմքը լուսավորեց արեգակի նման պայծառ ժպիտով։Եվ բարձրաձայն ասաց Մարին.
-Ես գիտեմ,դու այստեղ ես։
Սակայն հետո հիշեց,որ հրեշտակը արեգակի առաջին ճառագայթների հետ միախառնվելով անհետանում էր։Սկզբում Մարին մի փոքր տխրեց,որ երբեք չի հանդիպի նրան,ախր չի կարող գիշերն արթուն մնալ,աչքերը ինքնըստինքյան փակվում են։Սակայն մոր`նախաճաշի կանչող ձայնը,ամենօրյա հոգսերը`նոր խաղերն ու խաղերի դերերը,Մարիին ստիպեցին մոռանալ հրեշտակի մասին։
                                 
                                         Գլուխ 3

«Ու որսորդները փրկեցին Կարմիր Գլխարկին ու նրա տատիկին»։
-
Դե,փոքրիկ փերի,շուտ փակի՛ր աչքերդ ու քնի՛ր։Լույսն արդեն անջատում եմ։
Մայրիկը համբուրեց Մարիի ճակատը,ծածկեց մեջքը,անջատեց լույսն ու կամաց քայլերով դուրս սահեց սենյակից,որպեսզի չարթնացնի արդեն երազների մեկ այլ աշխարհ խորասուզված Մարիին։
Երբ մութ էր,ու բոլոր մարդիկ դարձել էին գիշերային մթության ու լռության մի նոտան,երբ կյանքը տնօրինում էր լուսնի սպիտակ սկավառակը,ինչ-որ մեկի սահուն քայլերը,որոնք ավելի նման էին թռիչքի,մոտեցան Մարիին։Նա նստեց աղջկա անկողնու վրա,կռացավ փոքրիկի դեմքին ու ամեն այտին մի քնքուշ ու նուրբ համբույր տվեց։Ապա սկսեց իր մեծ ու արտահայտիչ աչքերով նայել Մարիին,զմայվել նրա մանկական անմեղությամբ ու գեղեցկությամբ։Իսկ երբ նկատեց,որ փոքրիկը քնի մեջ անգամ ժպտում է,լուսավոր հրեշտակի դեմքն էլ զարդարվեց պայծառ ժպիտով։Ապա նրա մատները սահեցին աղջնակի փոքրիկ լուսավոր պեպենների վրայով,և նա կամաց ու մեղմիվ շշնջաց.
-Ես սիրում եմ քեզ,Մարի՛։Իմ փոքրիկ անմեղ հրեշտակ։Հիշու՞մ ես,դեռ այնտեղ,երկնքում,մենք սիրում էինք խաղալ,զբոսնել միասին։Իսկ հիշու՞մ ես այն առվակը։Քանի-քանի անգամ ենք այդ առվակի ջրով օծել մեկմեկու։Իսկ քո ծիծաղն այսօր նման է այդ առվակի քչքչոցին։Ախ,իմ Մարի։Դուք մի նմանություն էլ ունեք։Պարզությունը։Դու նրա նման պարզ ու ջինջ ես,իմ փոքրիկ գեղեցկուհի,նրա նման մաքուր ու բարի։Իսկ հիշու՞մ ես այն օրը,երբ Գաբրիելն եկավ ու ասաց,որ դու առաքելություն ունես։Դու պիտի իջնեիր Երկիր,քեզ սպասում էին քո ծնողները։Այնտեղ`վերևում,որոշել էին,որ այդ մարդիկ այնքան բարի ու լավն են,որ արժանի են նման մի հրեշտակ ունենալու։Իհարկե,հիմա դու դա այլևս չես հիշում,Հիշողության Հրեշտակի համբույրը քեզ ստիպեց մոռանալ ամեն ինչ։Սակայն թույլ տուր մի անգամ էլ հարցնել,հիշու՞մ ես հրաժեշտի պահը։Դու,այնքան փոքրիկ ու թափանցիկ,ամուր գրկել էիր ինձ,թաքնվել էիր իմ գրկում ու ասում էիր,որ չես ցանկանում լքել ինձ,որ…սիրում ես ինձ։Այո՛,դու դա ասացիր,իմ անմեղ փոքրիկ։Ու դու գնացիր։Քո հեռանալուց հետո իմ թևերը կոտրվեցին,փայլս կորավ,աչքերս մարեցին,Մարի՛,քեզ հետ դու ի~նձ տարար Երկիր։Ու Գաբրիելը,տեսնելով իմ խղճուկ վիճակը,պարգևեց երջանկություն։Նա քեզ ինձ պարգևեց։Ու այսօր ես քո պահապան հրեշտակն եմ։Այո՛,այդպիսիք կան,ու ես կամ քո կողքին։Դու ինձ չես տեսնում,դու ինձ չես հիշում,սակայն այն,որ ես ունեմ քեզ պաշտպանելու երջանկություն,ստիպում է ինձ այլևս ոչինչ չցանկանալ։Քնի՛ր,իմ փոքրիկ Մարի,ու թող այս առավոտյան քո այտերն այրվեն պեպեններիդ փայլով ու ջերմությամբ։Այն ջերմությամբ,որով ես քեզ եմ սիրում…Ու չնայած առավոտյան դու կրկին ոչինչ չես հիշի,թույլ տուր մի բան էլ ասել։Առավոտյան,երբ ես կամբողջանամ արեգակի հետ,ես քեզ չեմ լքի,ես քեզ հետ եմ ամենուր,անընդհատ,արևի ամեն ճառագայթի հետ ես փարվում եմ քեզ ու ես լույսի մեջ եմ,քանի դեռ չի մահացել արեգակը,իսկ երբ մահանա,ես կհայտնվեմ քո հոգու լույսի մեջ։Մարի՛,ես կամ քո կողքին…Իմ փոքրիկ,թափանցիկ Մարի…
Շարունակությունն ընթերցել այստեղ` Ամառային անձրև Մաս 2

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...