понедельник, 1 августа 2011 г.

Թող ամեն ինչ բիթլզ լինի...

Այս գրառումը արդեն մի քանի օր է ցանկանում եմ անել։Եթե ընթերցել եք "Գերմանական ջերմություն" գրառումը,ապա գուցե հիշեք,որ վերջում գրել էի գերմանական ընտանիքիս կողմից ստացված տիպիկ նեոյական նվերներով։Դրանց թվին էր պատկանում նաև Բիթլզը։Այսպես,ես ստացել էի Բիթլզին վերաբերող երկու գիրք,որոնցից մեկը ֆոտոսլայդ էր,իսկ երկրորդը Բիթլզի ամենահայտնի ալբոմների երգերի պատմություններով ու նկարներով հիանալի մի գիրք էր։Ու ես սկսեցի ընթերցել իմ ամենասիրելի երգերի արարման պատմությունները։Կցանկանայի դրանցից մի քանիսը պատմել ձեզ,սակայն այսօր կպատմեմ իմ ու Բիթլզի ծանոթության մասին...
Ռուսական Mail.ru կայքում ծանոթների որոշակի քանակություն ձեռք բերելուց հետո որոշեցի այնուամենայնիվ գրանցվել ռուսական Одноклассники սոցիալական կայք։Ես ձեզ արդեն պատմել եմ Տիգրանի և իմ ծանոթությունը այդ կայքում,այն վերհիշելու համար այցելեք այստեղ,իսկ ես շարունակեմ իմ պատմությունը։Մի անգամ,մտնելով Տիգրանի խմբերի ցուցակի մեջ,տեսա The Beatles անունը։Բնականաբար ես այդ անունն էլի էի լսել,նույնիսկ մի քանի երգ էի ճանաչում այդ խմբից,բայց միևնույնն է տարօրինակ սանրվածք ունեցող այդ տղաներն ինձ խո~րթ էին։Տիգրանին հարցրի,արդյո՞ք նա սիրում է Բիթլզին։Նա այնպիսի հիացմունքով սկսեց խոսել այդ խմբի մասին,որին Բի~թլզ էին կոչում։Ես ինքնաբերաբար միացա այդ խմբին։Ու մոռացա նրանց։Հիշում եմ 14 տարեկանս դեռ նոր էր լրացել,ես ավելի շատ ծանր ու դասական ռոք էի լսում,իսկ Բիթզին`մոռանում։
Անցավ մի տարի,շատ հազվադեպ,սակայն այնուամենայնիվ Բիթլզի երգերը հայտնվում էին իմ բջջայինի փլեյերին։Ընդամենը մի քանի երգ էի լսում,բնականաբար բոլորի կողմից սիրվածները`Let it be,Yesterday։
Եկավ ամառը,մեկնեցի Գերմանիա։Ու մեջս կարծես մի բան փոխվեց։Մի բա՞ն։Ներսումս շատ բան փոխվեց։Շատ ժամանակ էի անցկացնում օրագրիս հետ,գրում էի օրերիս անցուդարձի մասին,հոգեվիճակիս մասին...Սենյակումս փոքրիկ նվագարկիչ ունեի...ու Բիթլզից մի սկավառակ։Նույնիսկ սկավառակի վրայի պատկերն եմ հիշում,նրանք էին`լեգենդար քառյակի դեմքերը։Revolver ալբոմն էր։Օրեր ու ժամեր շարունակ ես պտտում էի այդ սկավառակը`շարունակելով գրել ու գրել...
Վերադարձա Հայաստան ու սկսվեց բիթլզյան էպոխան։Տենդագին լսում էի բրիտանացի տղաների բոլոր երգերը,ուսումնասիրում էի նրանց կյանքը։Ի՞նչ էր փոխվել...
Սկսեցին գերմաներեն լեզվի դիպլոմային աշխատանքներն ու ծրագրերը։Իմ դիպլոմի թեման պատերազմն էր,իսկ եթե ավելի ճիշտ`Ռեմարկի ձայնը պատերազմի դեմ։Իսկ որտեղ պատերազմ,այնտեղ հիպպիներ...Ծրագիրս էլ,որին մոտ մեկ ամիս պատրաստվում էի,հիպպիների մասին էր։Իհարկե չի կարելի ասել,որ Բիթլզը Ջանիսի,Ջիմ Մորրիսոնի ու Ջիմի Հենդրիքսի նման հիպպիների իդոլն է եղել,սակայն այնուամենայնիվ շատ մարդիկ հիպպի ասելիս Բիթլզ էին հասկանում...Բիթլզն աստիճանաբար թմրանյութի նման սողոսկում էր արյանս մեջ...Սակայն պատճառն էլ միայն սա չէր...
Երբ ես այնտեղ էի`Գերմանիայում,երբ ես երկու ամիս գրում ու խոսում էի օրագրիս հետ,Բիթլզն ինձ պատմում էր իր կյանքի մասին։Ես արդեն վաղուց խոսում էի ոչ թե օրագրիս,այլ այդ տղաներից յուրաքանչյուրի հետ։Նրանք ամեն երգի ամեն մի հնչյունը մի պատմություն ունի,ունի իմ պատմությունը։Revolver`իմ ամենասիրելի ալբոմը,գիտի ամեն ինչ իմ բոլոր հույզերի մասին,Taxman-ը գիտի,թե ես ինչ զգացի Գերմանիայում առաջին դպրոցականս օրվա ընթացքում,Love you to-ն գիտի,թե ինչ ուժեղ էր գլուխս պտտվում գիշերային խնջույքից հետո։Yesterday-ը գիտեր,թե ինչքա~ն էի ալարում առավոտյան ժամը վեցին արթնանալ,իսկ All You Need is love-.ը գիտի,որ այն ամենը,ինչի կարիքը ես ունեմ,սերն է...
Այսօր էլ,լսելով Բիթլզի այս կամ այն երգը,վերհիշում եմ իմ բոլոր հույզերն ու օրերը,Բիթլզը երգում է Ջուդի մասին,սակայն իմ ականջի մեջ փսփսում է լրիվ այլ մի պատմություն...Նրանց յուրաքանչյուր երգ արդեն պատունակում էր մեկ այլ`ի~մ պատմությունը...Բիթլզը ի~մն էր դարձել,իսկ ես`Բիթլզինը...
Պարզապես իմ կյանքում ամեն ինչ բիթլզ էր դարձել...
Ու թող որ ամեն ինչ բիթլզ մնա...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...