четверг, 30 июня 2011 г.

Ես երազել եմ...Հնդկաստանի մասին

Վերնագիրս նմանեցված է մի հիանալի ֆիլմի վերնագրին`ես երազել եմ Աֆրիկայի մասին։
Իմ պարագայում ճիշտ կլինի "իմ ֆիլմը" կոչել ես երազել եմ Հնդկաստանի մասին։Հնդկաստան-մի բառ և մի ամբողջ աշխարհ ինձ համար։Ես երբեք այնտեղ չեմ եղել,ոչինչ իմ սեփական աչքերով չեմ տեսել,բայց ես երազում եմ նրա մասին։Հնդկաստանն ինձ համար "լուսնի" մյուս կողմն է,կյանքի մյուս հայացքը,ապրելու նոր շունչը։Ինչ խոսք,ես գիտեմ,թե կյանքն ինչքան բարդ է Հնդկաստանում,թե դրա շատ հատվածներ ինչքան հեռու են քաղաքակրթությունից ու մարդիկ ինչ աղքատ են ապրում։Ես ցանկություն չունեմ մեր այս քաղաքակրթության մեջ ապրելու,չեմ սիրում ես մեր այս կյանքը,չեմ սիրում մեր այս խնդիրները։Ես բնությունն եմ ուզում...ես Հնդկաստանն եմ ուզում...մի երկիր,մի մշակույթ ու բազում գաղտնիքներ...ես ուզում եմ կեղտոտ բաժակով ջուր խմել,որաբոբիկ քայլել փողոցներում,ոտքերս լվալ գետի ջրի մեջ ու վազել կապիկների ետևից։Ես կյանքի շունչը զգալ եմ ուզում։Ես ցանկանում եմ ապրել ջունգլիներում։
Անվանե՛ք ինձ մաուգլի,խենթ,գիժ,կյանքից հոգնած..անվանե՛ք ինչպես ուզում եք,ես միևնույնն է երազում եմ Հնդկաստանի մասին։Երազում եմ վազել տաք ավազի վրայով,վազել արագ ու ձեռներս քսել ծառերի փափուկ տերևներին։Ամեն անգամ մեր չոր ասֆալտի վրայով քայլելիս ձեռներս քսում եմ ծառերի տերևներին`աչքերս փակելով ու ինձ պատկերացնելով այդ պահին Հնդկաստանում...
Ջունգլիներ,անտառներ կան իհարկե նաև այլ երկրներում։Բայց Հնդկաստանն ուրիշ է։Հնդկաստանն արդեն իմն է։
Ես երազում եմ ջունգլիների մեջ վազել այնքան արագ ու այնքան երկար,որ ուժասպառ եղած ընկնեմ հողի վրա,դառնամ նրա մի մասնիկը։Ես երազում մարմնիս,հոգուս ու մտքերիս կատարյալ ազատություն տալու մասին...
Հնդկաստանը վաղուց արդեն իմն է։Հնդկաստանի փղերն ու ծառերն էլ են իմը։Ես երազում եմ տեսնել,թե ինչպես է մայր փիղը ոտքի կանգնեցնում իր ձագուկին,երազում եմ տեսնել ծառի վրայով գալարվող օձի,երազում եմ քնել լիանաներով ծածկված,արթնանալ խայտաբղետ թռչունների ծլվլոցից,լվացվել գետի ջրով,սնվել ծառերի պտուղներով,հոգիս լցնել անտառի բույրով։
Ցանկանում եմ ծանոթանալ հնդկական ցեղերի հետ,շփվել այն մարդկանց հետ,ովքեր չգիտեն,թե ինչ է քաղաքակրթությունը,չգիտեն ինչ է համացանցն ու համակարգիչը,չգիտեն ինչ է մեգապոլիսը..չեն ճանաչում մարդկային մե~ր ցեղը։Ես երազում եմ ամբողջ մարմնով դիպչել կուսական ծառին ու միաձուլվել նրա հետ։Ես երազում եմ համբուրել ծաղիկներին ու խմել նրանց անուշ նեկտարը։Ես երազում եմ կյանքի այդ կողմի մասին։Ես երազում եմ կյանքի այդ թարմ շունչը զգալու մասին...Ես երազում եմ բնության մի մասնիկը դառնալու մասին...
Ես երազում եմ Հնդկաստանի մասին...

Ձնծաղիկների բույրը

Ճերմակ ու գեղեցիկ ձմռան մոտալուտ մահվանն էինք սպասում։Արեգակի ջերմ ճառագայթներն արդեն հայտարարում էին գարնան գալուստը,իսկ ձյունը մեղմ արտասվում էր։Ես սիրում էի այդ ձմեռը,գարունը`նույնպես,քանզի ձմռան վերջին ու գարնան սկզբին իրենց գլխիկներն են ձյան հաստ շերտի տակից հանում ձնծաղիկները։Փոքրիկ այդ ծաղիկները ինձ ժպտում էին`ողջունելով այնքան ջերմությամբ։Ձնծաղիկների այդ ջերմությունը մինչ այսօր ջերմացնում է հոգիս...
Հորս հետ քայլում էինք մի այգում,որի անունը ես այդ ժամանակ չգիտեի։Այսօր էլ միայն գիտեմ,որ այդ այգում միասին մենք շատ եղանք ,ես այնտեղ շատ վազեցի ու ծիծաղեցի։Ո՞րն էր այդ այգին,ես չգիտեմ,ես գիտեմ-դա իմ մանկությունն էր...
Այգին արդեն ծաղկում էր,փորձում էր հագնել իր կանաչ հագուստը,որը զարդարված էր սպիտակ նախշերով`փոքրիկ ձնծաղիկներով։Հիշում եմ,հայրս բաց թողեց ձեռքս և ես վանդակից պոկված թռչնակի նման վազեցի դեպի նրանց...Խնամքով մի քանիսը պոկեցի,գեղեցիկ դասավորեցի,ապա այդ փոքրիկ փնջիկը մոտեցրի քիթիկիս ու ամբողջ հոգիս լցրեցի ձնծաղիկների բույրով։Այդ պահին ամբողջ աշխարհը միայն ձնծաղիկներն էին ու նրանց բույրը։Հետո,երբ սթափվեցի,վեր կացա ու մանկական մի ուրախ ճիչով վազեցի հորս մոտ և տրվեցի նրա ամուր ձեռքերին ու ջերմ գրկախառնությանը`ձեռքումս ամուր պահած փոքրիկ փունջը։
Այդ օրից ի վեր շատ բաներ անցան ու փոխվեցին։Շատերը եկան ու գնացին,ծաղիկներս վաղուց թոռոմել էին։Ձմեռներն էլի եկան ու անցան,ծաղիկներ հազարավոր ծաղկեցին ու անհետացան,սակայն ես երբեք չեմ մոռանա հենց այդ ձնծաղիկների բույրը։Ես երբեք չեմ մոռանա,թե ինչ բույր ուներ իմ մանկությունը։...

Մենք ուժեղ ենք...

Դեռ սկսած 13 տարեկանից մինչև 16-17,երբեմն նույնիսկ մինչև 21-22 տարեկան շատ ու շատ երիտասարդներ,այդ թվում նաև ես,սկսում ենք մեզ մեծ ու հասուն զգալ,կարծել թե ծովը մեր ծնկներից է,կյանքը մեծահասակներից լավ ենք հասկանում և  որ վերջիվերջո շատ բան տեսած ու հաղթահարած մարդիկ ենք։Ինչ խոսք,կյանքի 16 տարիները (նշված տարիքների միջինը) քիչ չեն,մենք իրոք այդ տարիքում շատ հուզումնալից ենք դառնում,որի պատճառով էլ հենց սկսում ենք վիճել ծնողների հետ մեր ուզածով շարժվելու համար,կռվում ենք,վիրավորվում,սիրահարվում,տրվում սիրուն,վիճում ընկերների հետ,ինքնահաստատվում ու կամք ցուցաբերում...մի խոսքով ամեն ինչ լի է անկեղծ ու իրական էմոցիաներով։Երևի հենց սա է պատճառը,որ այդ էմոցիոնալ պիկից դուրս գալով մենք մեզ շատ հասուն,ուժեղ ու կայացած ենք զգում։
Վերջերս ինձ մոտ մի հարց ծագեց,որին հաջորդեց իր պատասխանը։Երբ մենք`դեռահասներս,խոսում ենք նրա մասին,որ շատ ուժեղ ենք ու շատ դժվարություններ ենք հաղթահարել,մտածու՞մ ենք արդյոք այս երեխաների մասին։Մտածու՞մ ենք,որ նրանք դեռ մանկուց պայքարում են ապրելու,արժանապատիվ ապրելու,հաստատվելու,իրենց մեր շրջապատում լիիրավ մա~րդ զգալու համար։Ես հասկացա,որ իմ հարցը շատ հաճախ բացասական պատախան կգտնի։
Ես չէ որ պետք է ձեզ ասեմ,թե ինչ ծանր կյանք են նրանք ապրում։Նրանց տեսնելով այլևս ինչպե՞ս մենք կարող ենք խոսել կամքի ուժի մասին։Ի՞նչ ենք մենք հաղթահարել 16 տարի ապրելով։Շատ դժվարություններ։Բայց նրանց չափ-երբեք։
Սիրտս ինչ-որ աննկարագրելի ուրախությամբ և նույնիսկ կասեի անսահման բարությամբ է լցվում,երբ մարդկանց,ամենահասարակ մարդկանց մեջ տեսնում եմ ֆիզիկական և մտավոր թերություններ ունեցով մարդկանց։Պատկերացնու՞մ եք,նրանք իրենց ամբողջ կյանքն անցկացնում են պայքարի մեջ և դեռ այդքանից հետո կամքի ուժ ու եռանդ ունեն առանց արտաքին թերությունների մարդկանց հետ փողոցում քայլելու համար։Ես սիրում եմ նրանց։Շատ չէ,բայց շփվել եմ հաշմանդամների հետ։Նրանց մեջ այնքա~ն կյանք կա։Մի հաշմանդամ մարդու կողքին 5 րոպե անցկացնելը իմ կյանքը երկարեցնում է 5 տարով,հաստատ։Նրանք ապրելու այնքա~ն ցանկություն ունեն...Հաշմանդամները հաճախ քեզանից ու ինձանից ավելի շատ են գնահատում կյանքը...
Իսկ մեր ուժեղ լինելու մասին խոսելիս մտածու՞մ ենք արդյոք մանկատների գոյության մասին։Նրանք կրում են որբ անունն ու պիտակը։Նրանք երբեք մայրական սեր ու հայրական աջակցություն չեն տեսել։Նրանք երբեք հնարավորթյուն չեն ունեցել հասունացման շրջանում ծնողների հետ վիճելու,իսկ ընկերների հետ վիճելու դեպքում մոր գրկի մեջ արտասվելու։Նրանց առաջին քայլերը ոչ ոք չի նկարահանել տեսախցիկով,որ մեծանալիս նայեն իրենց ու ծիծազեն։Նրա թաթիկը մոր նուրբ,բայց ամուր ձեռքը չի բռնել`նրան կյանքի ճանապարհին կանգնեցնելու համար։Նրանք մանկություն,քաղցր ու անհոգ մանկություն չեն ունենում։Նրանք չեն ապրում ծնողների հետ առաջին դասարան գնալու բերկրանքը,որը մենք էլ այդ պահին երբեք չենք զգում,բայց մեծանալիս միայն`հասկանում։Նրանք երբեք ամոթխած չեն նայել մոր բարի աչքերի մեջ`ներում խնդրելով կոտրած բաժակի համար։
Նրանց համար ոչ ոք այնքան անսահման սիրով օրորոցային չի երգել,հեքիաթ չի պատմել ու քնելուց առաջ այտը չի համբուրել...նրանք ստիպված են եղել մեծ ու հասուն լինել դեռ մանուկ ժամանակվանից...Կյանքի օրենքները այլ ու դաժան են նրանց համար։Մանկատան երեխաներն էլ գիտեն վայելել կյանքի իրական հաճույքներն ու գնահատել իրական արժեքները։Այդ երեխաները ընկերությունը գնահատել գիտեն։Նրանք գիտեն`ինչպես մտնել անծանոթ կյանք լրիվ մերկ ու ոտաբոբիկ։Նրանք գիտեն ոչնչից ստեղծել ամեն ինչ։Նրանք չափից դուրս մեծ են...
16 տարեկանում կարելի է տեսնել ու վերապրել շատ դժվար պահեր...Բայց երանի նրա~ն,ում այդ դժվարությունները հաշմանդամության ու որբության ճանապարհին չեն հանդիպի...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...