вторник, 23 июля 2013 г.

18 տարեկան Մարիամ, ոչ թե Նեո

Բարև՛ իմ ընթերցող։ Այնքան ժամանակ է անցել բլոգումս կանոնավոր գրառումներ դնելու օրերից, որ կարծում եմ ընթերցողներիս 99,9%-ով կորցրել եմ։ Իհարկե ես գիտեի, որ այդպես էլ լինելու էր։ Մեկ ու կես տարի է գրեթե ,ինչ ոչինչ չեմ գրել։ Ու շատ եմ փոխվել։ Մեծացել։ Շատ եմ ուրիշը դարձել հատկապես վերջին տարվա ընթացքում։ Այնքան եմ փոխվել, որ նույնիսկ երկմտանքի մեջ էի` նոր բլո՞գ բացել, թե՞ այնուամենայնիվ շարունակել գրել հին, սիրելի բլոգում։ Չգիտեմ։ Որոշեցի շարունակել։ Երևի կոնտրաստային տարբերությունը շատ լինի՞։ Դա էլ չգիտեմ։ Մի տարվա ընթացքում սովորել եմ չամաչել չգիտեմ բառից, որովհետև չափից դուրս շատ բան կա, որ չգիտեմ։ Տենց ամաչելով ու՞ր կհասնեինք :))
Մի տարվա մեջ ես հասցրեցի ինքս ինձ ավելի լավ ճանաչել, ինձ հետ ավելի մոտիկից ծանոթանալ։ Մի քանի շաբաթից կլրանա ուղիղ մեկ տարի, ինչ ես Բեռլինում եմ, մենակ, առանց ընտանիքի, առանց հին ընկերների։ Երբեմն ամեն ինչ շատ հեշտ էր թվում, երբեմն չափից դուրս շատ 17-ամյա բարակ ուսերի համար։ Իսկ այսօր ես նորից ունեմ համարձակություն բլոգս բացելու ու գրելու` իմանալով հանդերձ, որ ո՛չ ընթերցող ունեմ, ո՛չ էլ սպասող բլոգսֆերայում։ Ֆեյսբուքում հիմա միակ հետաքրքրող թեման հասարակական տրանսպորտի գնի բարձրացումն է (վերջապես զգում եմ, որ իրոք կարողանում ենք ինչ-որ հարցի շուրջ համախմբվել, չէի ցանկանա մի անգամ էլ հուսախաբ լինել)։ Այնպես որ գրառմանս անհաջողակ լինելը իր ծնվելուց առաջ էլ դեռ պարզ էր, բայց զարմանալիորեն դա ինձ չի տխրեցնում։ Ու դա էլ մի ապացույց ինձ համար, որ ես մեծացել եմ։
Մի երկու ժամ առաջ գլխի ընկա, որ մի տարի առաջ ֆեյսբուքի չատումս մի 20 հոգի առնվազն օնլայն էր, կեսի հետ շատ ակտիվ նամակագրական կապ կար, մյուս կեսի հետ էլ` բավականին ակտիվ։ Իսկ հիմա չատս անջատված է ընդհանրապես, իսկ կյանքումս շատ քիչ մարդիկ կան։ Կարող եմ մատներիս վրա հաշվել անգամ։ Պատճառները մի քանիսն ու միանման.շատ ծանր տարի եմ ունեցել` չհասցնելով ծանոթանալ շատ մարդկանց հետ Գերմանիայում/Բեռլինում, Երևանից հեռանալու պատճառով շատերն ատագ մոռացան ինձ, ես էլ` շատերին։ Հասցրեցի օտար դառնալ երևանյան շրջապատիս ու չհասցրեցի դեռ հարազատներ գտնել Բեռլինում։ Հիմա մի տեսակ "կիսա" եմ։ Բայց մի տարվա ընթացքում դրան էլ եմ սովորել։ Սովորել եմ, որ ինչ էլ լինի, ես եմ իմ սխալների, անպատասխանատվության պատասխանատուն, որ եթե խնդիր ունենամ, հույսս կարող եմ միայն ինձ վրա դնել ու նկատել եմ, որ սկսել եմ շատ ավելի շատ մտածել։ Երբեմն չափից դուրս շատ։
Սովորել եմ նաև հանգիստ ընդունել մարդկանց ապշած հայացքները, երբ լսել են տարիքս և լսել են, թե որ երկրից եմ (ինձ հաճախ շփոթում են գերմանացու կամ ֆրանսիացու հետ, այնպես որ չեն հավատում իմ արևելյան ծագմանը)։
Մեկ էլ քիմիա եմ սովորել։ Տարվա մեջ երևի ամենամեծ նվաճումներիցս մեկն էր։ Նաև այն, որ ավարտական քննությունը ընտրեցի քիմիա ու 20 ստացա։ Այդ պահին ես հպարտ էի ինձով։
Հա, մեկ էլ իմացա, որ մարդ չի կարող անընդհատ երջանիկ կամ դժբախտ լինել։ Երջանկությունն ու դժախտությունը կարող են լինել մի պահ, մի ակնթարթ ու հետո տպավորվել շատ երկար ժամանակ։ Ասում են, որ մեր երջանկությունը հաճախ գիտակցում ենք միայն այն ժամանակ, երբ այն այլևս չկա։ Ես դրան չեմ հավատում։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև երջանկությունը եթե կա, դու կզգաս դա։ Մի պահ։ Մի ակնթարթ։ Բայց կիմանաս, որ կա։ Իսկ եթե դու դա մինչև այդ չես զգացել, ուրեմն մնացած ամեն ինչը սուտ հորինվածք էր։

Տարիս հաջողակ էր բավականին։ Ու շատ ծանր։ Բայց ես սիրում եմ այս մի տարվա ընթացքը։ Բեռլինի հետ ունեցած ծանր հիշողություններս։ Հատկապես Բեռլինի անվերջանալի ձմեռը։ Բեռլինն ինձ մի տարվա մեջ չափից դուրս շատ բան սովորեցրեց։

Մի խոսքով, ես վերադառնում եմ իմ բլոգ։ Ես Նեոն չեմ, չէ։ Ես Մարիամն եմ։ Ուղղակի Մարիամը։ Ոչ մի կեղծանուն, ոչ մի գրական անուն։ Ես Մարիամն եմ, արդեն 18 տարեկան, ապագա կենսաբան, ով նստած Բեռլինի հանրակացարաններից մեկի իր սենյակում թույլ լույսի տակ վերաբացում է իր բլոգը։

Գնացինք :)

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...