среда, 17 августа 2011 г.

Show Must Go On

Ընկերները երբեք հրաժեշտ չեն տալիս,ու ես վերադարձել եմ կարճատև դադարից հետո։Վերադարձելի ահռելի մեծ տպավորություններով,անսպառ մուսայով(չնայած երբեք էլ մուսայի պակաս չեմ ունեցել),նոր բազմաթիվ թեմաներով ու հետազոտություններով,որոնցով պիտի կիսվեմ ձեզ հետ։


Չնայած ընդամենը 12 օր է անցել,թվում է`անցել է մի հավերժություն։Իրոք,թվում է ,թե այնքան երկար ժամանակ եմ բացակայել,սոցցանցերում նորությունների անվերջանալի հոսք,էլեկտրոնային հասցես լի նամակներով,բլոգս`այցելուներով։Մի խոսքով`ես վերադարձել եմ։Վերադարձել եմ ծովի մեծ ալիքի նման ուժգին,ավազի նման այրող ու արևի նման պայծառ։Եկել եմ,որ ամեն ինչին մի նոր զարկ տամ,շարունակեմ քայլել նոր ուժ ստացած,ավելի ոգևարված ու նպատակներիս հասնելուն անսասան կարծրությամբ։
Կցանկանայի այսօր այնուամենայնիվ պատմել մի փոքր մեր արկածների մասին։Անկեղծ ասած ուզում եմ ճանապարհի մասին լռել,քանզի մինչև հիմա դեռ գլխապտույտ ունեմ մեր ահավոր ճանապարհների պատճառով։Մի պահ ինձ նույնիսկ թվաց,թե կուշաթափվեմ,բայց բարեբախտաբար առանց զոհերի գնացինք ու առանց զոհերի եկանք։Սակայն ոչ առանց վիրավորանքների։Հասանք Վրաստան թե չէ,սկսվեցին իրար չհաջորդող հիվանդությունները։Փսխում,գլխացավ,գլխապտույտ,ստամոքսի ցավ,ջերմություն,անգինա,հազ,ականջի ցավ,դռների արանքում թողնված մատներ,անքնություն,ալերգիա,քոր և այլն։Մի խոսքով,կարծես ամեն պայման ստեղծված էր մեր հանգիստը խաթարելու համար,սակայն այնուամենայնիվ մենք մեր 12 օրն այնքան լավ անցկացրեցինք,այնքան առատ,որ չեմ հավատում,որ ընդամենը գրեթե 2 շաբաթվա արկածներ են դրանք։Պարզապես արտակարգ ժամանակ անցկացրենք,աներևակայելի,երբեք չեմ մոռանա 2011 թվականի ամառը։Ու գիտեք,թե ինչ հպարտություն ու ուժ եմ զգում,երբ նայում եմ հետ`դեպի անցյալ,տեսնում եմ ցավ,կորուստ,դժվարություններ,ու երբ նայում եմ հայելու մեջ,տեսնում եմ փայլող աչքեր ու իրական ժպիտ։Յուրաքանչյուր մարդ չէ,որ կարող է այդքանից հետո կամ ընդհանրապես հպարտանալ փայլող աչքերով...

Չնայած Վրաստան գնալու ճանապարհին բավականին վատ ինքնազգացողություն ունեինք բոլորս,դա չէր խանգարում մեզ մեքենայի մեջ պարելուն։Մենք յոթ հոգի էինք`քեռիս,քեռակինս,մի հարազատ,երկու ոչ հարազատ քույրերս,մի ոչ հարազատ եղբայրս ու ես։Ու հիանալի է,երբ քեռիդ իր երիտասարդ տարիներին քեզ նման հիպպի է եղել,ու դու նրա հետ ռոք լսելով ու գոռգռալով գնում ես Վրաստան։ :)
Վրաստանում բոլորով տարված էինք հայկական ու վրացական մեքենաները տարբերակելով։Ու քանի որ Վրաստանում հայերն ավելի շատ էին,քան վրացիները,հաստատ հիմա այս գրառումս ընթերցողների մեծամասնությունը կհամաձայնի,որ Վրաստանը հիանալի բնություն ունի։Մի փոքրիկ լեգենդ կա։Ասում են,երբ Աստված ազգերին բաժանել է հողակտորներ,վրացիներն ուշացել են հերթից ու մնացել են առանց հողի։Աստված,նրանց խղճալով,վրացիներին նվիրում է իր հողակտորից`դրախտից մի կտոր...
Իրոք,լինելով Վրաստանում,կարելի է համոզվել այդ լեգենդի իրականությանը։Եղանք Բաթումիի բուսաբանական այգում։Բառերը պարզապես շատ աղքատիկ են այդ դրախտը նկարագրելու համար։Անթիվ ծառեր,բույսեր,ծաղիկներ,թթվածնի առատություն,մաքուր օդ,ամենուրեք կանաչ գույնի տարբեր երանգներ...Այնտեղ մի պահ հասկանում ես,որ դու~ էլ ես բնության մի մասնիկ,դու էլ ես այդ հրաշքի մի մասնիկը,ու դու քեզ այնքա~ն հիանալի ես զգում։
Աննկարագրելի զգացողություն է,երբ հասկանում ես,որ դու ոչ միայն ավերող,ջարդող ու սպանող մարդկային ցեղին ես պատկանում,այլ նաև այն ցեղին,որ ծնվել է այդ հրաշքից,որ եղել է ու կա~ դրա մասնիկը...Այդ այգին ընդհանուր կազմում էր 124 հա տարածք,եթե հաշվենք 124 հա-ն հավասար է 1.240.000 մետր քառակուսիի։Կային նույնիսկ 300 տարեկան ծառեր։Մի ծառ կար անգամ,որն ընկել էր`դառնալով կամուրջ,ու այդ ծառի վրայից երեք նոր ծառեր էին աճել,որոնք սնվում էին ընկած ծառի արմատներից եկող սննդանյութերով։
Դե պատկերացրե՛ք,մենք այդ այգում(մարդ չգիտի էլ ոնց այդ հսկա հրաշքին պարզապես այգի անվանի) քայլել ենք մի քանի ժամ`անցնելով ընդամենը 3 կմ ճանապարհ։Տեղի աշխատողներն ասացին,որ այդ ամբողջ հրաշքին ճանաչելու համար անհրաժեշտ է մեկ շաբաթ ժամանակ։Մենք քայլել ենք միայն գլխավոր ճանապարհով,սակայն այնտեղ կար մեքսիկական ճանապարհ,չինական ուղի և այլ առանձնացված ճյուղեր։Դրա~խտ։

Մեր հարևանությամբ ապրում էին մի քանի վրացի տղա,որոնց մենք անվանում էինք սեկտա։Այդ տղաները միշտ դեմքի նույն արտահայտությամբ շրջում էին տան տարածքում,մեր սենյակի կողքով անցնելիս անպայման մի հայացք էին նետում ներս`մանրազննին ուսումնասիրելով ներսի պարունակությունը։Երբեք չէին խոսում,չէին ժպտում,ոչ մի միմիկա,երբեք չտեսանք,որ խմբով տանից դուրս գան,որևիցե տեղ գնան։Կարճ ասած այնպիսի տպավորություն էր,որ նրանք այդտեղ եկել էին ոչ թե հանգստանալու,այլ աշխատելու։Մի գիշեր էլ,երբ դեռ նոր էինք եկել ու շատ հոգնած էինք,խնջույք էին կազմակերպել։Իսկ սենյակները փայտից էին,ու յուրաքանչյուր ձայն այնպես էր հնչում,կարծես  մեր իսկ սենյակում էր դրա աղբյուրը։Խենթանում էինք,արդեն ժամը երեքն էր կամ չորսը։Քեռակինս գնաց հարցրեց,թե երբ կվերջացնեն,տղաները անկեղծաբար պատասխանել էին.
-3-4 ժամից։
Մի քիչ էլ դիմացանք,ու վերջիվերջո հոգնածությունը հաղթահարեց մեզ ու քնեցինք։Մի խոսքով շատ տարօրինակ սեկտա էին։) Ու բավականին կոպիտ էին,ասես ուշադրություն էին ցանկանում գրավել։Կամ էլ իսկականից այդպիսին էին։Պատշգամբում նստած գիրք էի ընթերցում,տղաներից մեկը կողքովս այնպես անցավ,որ ընկա աթոռից`չնայած քայլելու բավականին տարածք կար։Ինչ-որ բան քթի տակ մրթմրթաց ու հեռացավ։Մի խոսքով,նրանք մեզ համար մնացին սեկտա։

Լավ,եթե խոսեմ,կխոսեմ շա~տ երկար։
Այսօր թերևս այսքանը,չգիտեմ էլ,թե վաղն ինչի մասին եմ պատմելու ձեզ,այնքա~ն բան կա պատմելու։Ու ոչ միայն Վրաստանից,այլ նաև բազում ուրիշ բնագավառներից ու եզրահանգումներից,որոնց ես հանգել եմ այս օրերի ընթացքում։Իսկ այսօր այսքանը։Եվ ևս մեկ անգամ հիշե՛ք։Ընկերները երբեք հրաժեշտ չեն տալիս...ու ես վերադարձել եմ...
Այնպես որ..
Show Must Go On

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...