понедельник, 25 июля 2011 г.

Մի նոր երանգ իմ պնակում

Էննին փոքրիկ մի աղջնակ էր,լուսադեմ ու ժպտերես աղջնակ։Էննին այնքան~ն երջանիկ փոքրիկ էր։Նա իր ձեռքում ուներ ներկերի մի մե~ծ պնակ,որի վրա տեսակ-տեսակ գույների կային ու կային բազում երանգներ.ժպիտագույն,ծիծաղագույն,փայլագույն,ուրախագույն ու նաև տխրագույն։
Էննին գիտեր,որ մարդիկ տխուր էլ են լինում,սակայն նա այդ գույնը թերևս ամենաքիչն էր օգտագործել։Իսկ Էննին միշտ էր ուրախ ։Բայց երբ փոքրիկ աղջնակին զգուշաբար հարցնում էին,թե ուր է դժբախտագույնը,նրա մեծ արտահայտիչ աչքերում անմիջապես զարմանքն էր դրոշմվում։Նա չէր ճանաչում այդ գույնը։Էննին միամտորեն թոթվում էր ուսերն իր ու շարունակում էր իր կյանքը ներկել տարբեր-տարբեր գույներով ու երանգներով։
Սակայն աղջնակին այլ կյանք էր վիճակված։Երբ նա հերթական անգամ իր վրձնի հարվածներն էր անում,բախտի բերմամբ,թե պատահմամբ կամ էլ հենց Էննիի անզգուշությամբ մե~ծ ներկապանակը սահեց իր փոքրիկին ձեռքի միջից։Նա տեսավ իր վայր ընկնող պնակը,այն օդում էր`իր աչքի առաջ ու հիմա բախվելու էր սառը հատակին։


Սակայն Էննին միայն այնժամ գիտակցեց կատարվածը,երբ հատակին տեսավ պնակի կտորտանքները ու իր լղոզված գույները`ժպիտագույնը,ծիծաղագույնը...Էննին ձեռքերն առաջ պարզած խուլ,սակայն զրնգուն ճիչով ցատկեց դեպի այն,ինչ արդեն չկար։





Արդեն ուշ էր։Էննին չհասցրեց,Էննին կորցրեց...կորցրեց իր կյանքի գույները,այլևս չկային,պատկերացնու՞մ եք,չկային ուրախագույնն ու տխրագույնը,ժպիտագույնն ու ծիծաղագույնը...Ու Էննին,գիտակցելով իր կորուստը,սկսեց արտասվել։Նրա մաքուր արցունքի շիթերը մաքրեցին տարան մնացած,սակայն լղոզված ու խառնված բոլոր գույները։Այլևս ընդհանրապես ոչինչ չկար։Ու Էննին ծանոթացավ դժբախտագույնի հետ։Շատերի կողմից այնքան երազած մի հանդիպում,սակայն ոչ Էննիի։Սակայն ակամայից ամեն ինչ ներկվել էր դժբախտագույնով։Այն նման չէր տխրագույնին։Վերջինի մեջ կային տխուր հույզեր,մի քիչ էլ ցավ կար,սակայն այն լի էր լուսավոր հույսով։Իսկ դժբախտագույնը մռայլ էր,դժբախտագույնը դատարկ էր։Անցնում էին օրերն,ու Էննին մոռանում էր,թե ինչ երանգ ունի ժպիտն,ու ինչպես է շողում ծիծաղը։Էննին դժբախտ էր...


Անցնում էին Էննիի դժբախտագույն ու միօրինակ օրերը,երբ Էննին մի օր հանկարծ հեռվում մի լուսավոր կետ նկատեց։Նա փոքր-ինչ ճիգ գործադրելուց հետո հիշեց,Էննին հասկացավ,դա ժպիտագույնն էր,այդպես էր փայլում ժպիտը։Նրա ներսում տակնուվրա եղավ ամեն ինչ,նա հուզվեց ու խճճվեց,ինչպե՞ս վարվել։Էննին անմիջապես ոտքի կանգնեց ու փորձեց վազել նրան ընդառաջ,հասնել ժպիտին...սակայն Էննին վախեցավ,ամեն ինչ  այնքան պայծառ էր,նրա մեծ աչուկները սովորել էին խավարին,այդ վառ ժպիտագույնն արդեն խորթ էր իր գորշ հոգուն...Էննին դժբախտ էր...

Սակայն...սակայն այդ լուսավոր կետը ավելի էր մոտենում։Նա...այո՛,նա մի տղա էր,ով ուներ ներկերի մի մե~ծ պնակ։
"Երևում է,նա ժպիտագույն էլ ունի,իմ ժպիտագույնը,-մտածեց Էննին,-նա փայլում է այդ գույնով"։
Էննին վախենում էր,նա պարզապես սկսել էր սարսափել մարդկանցից։Նրանք կա՛մ հպարտությամբ ցուցադրում էին իրենց գույներն ու արհամարհանքով հեռանում,կա՛մ էլ իրենց դժբախտագույնով ավելի էին սևացնում նրա մռայլ աշխարհը։Էննին փակ էլ էր իր հոգին մարդկանց առջև։Սակայն տղայի քայլերն իրոք Էննիին էին ուղղված։Էննին փոքրիկ սառած թռչնակի նման նստել ու ցնցվում էր ամբողջ մարմնով։Էննին սպասում էր...Նա եկավ,նստեց փոքրիկ աղջնակի կողքին։Նա Ռալֆն էր,մի տղա,ով ուներ ներկերի մի մե~ծ պնակ,որի վրա կային ժպիտագույնն ու ծիծաղագույնը,ուրախագույնն ու տխրագույնը։Էննին ճիշտ էր,Ռալֆը հենց ժպիտով էր փայլում,իսկ Էննիի`գորշությանը սովոր աչքերը ցավում էին այդ չափից դուրս պայծառ երջանկությունից։
Էննին այժմ արհամարհված չէր,չէ՛...իսկ եթե Ռալֆը եկել էր իրեն ծաղրելու համա՞ր...Չէր դիմանա Էննիի փխրուն հոգին ևս մի ծաղրանքի։Սակայն Ռալֆը ուրիշ էր,Ռալֆը Էննիին անխոս հասկացավ...Նա փոքրիկ աղջնակին թաքցրեց իր տաքուկ գրկում,ամուր սեղմվեց ու ջերմացրեց Էննիի սառած մարմինը։Ու Էննին վստահեց Ռալֆին,հավատաց նրան,սակայն դժվարացավ պատմել իր դժբախտության մասին,ցավու~մ էր Էննիի սիրտը։Բայց Ռալֆը նրան կրկին անխոս հասկացավ։Ռալֆը,այժմ շողալով,իրոք շողալով մի նոր գույնով,Էննիին մեկնեց իր մե~ծ ներկապնակը ու խնդրեց նրան միասին օգտագործել դրա վրայի բոլոր-բոլոր գույները։Ու պահել պնակը միասին`երկուսով,որ հանկարծ իրենց ձեռքից երբեք բաց չթողնեն ներկերի այդ մե~ծ պնակը։Էննին հասկացավ Ռալֆին անխոս ու համաձայնեց։Ռալֆն ուրիշ էր,Ռալֆը լավն էր ու Ռալֆը Էննին ներկեց ժպիտով...
Էննին մի փոքրիկ աղջնակ էր,իսկ Ռալֆը բարի մի տղա,նրանք ունեին ներկերի մի մե~ծ պնակ,որի վրա կային ժպիտագույնն ու ծիծաղագույնը,ուրախագույնը,տխրագույնն ու...սիրագույնը...


LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...