суббота, 24 сентября 2011 г.

Հիասթափություն

Հերթական անգամ տիկին Էլիզաբեթը հանձնարարել էր տնային շարադրություն "Իմ մտերիմ ընկերուհին" վերնագրով։Ճիշտն ասած մենք ամեն տարի(չնայած ընդամենը երրորդ տարին էր,ինչ դպրոց էինք հաճախում) ստանում էինք նույն հանձնարարությունը,բայց այնուամենայնիվ մեր բոլորիս կողմից սիրված դասվարուհին ամենայն բարեխղճությամբ բացատրում էր,որ շարադրության մեջ մենք պետք է նկարագրենք մեր մտերիմ ընկերոջը կամ ընկերուհուն,պետք է գրենք տարիքն ու նկարագրենք արտաքինը,պատմեք դպրոցում սիրելի առարկաների մասին։Մի խոսքով ամեն անհետաքրքիր բան։
Այդ շարադրությունները գրելիս մենք երբեք չէինք պատմում մեր մտերիմ ընկերոջ սիրած գույնի կամ հագուստի մասին,որովհետև բոլորս էլ մեր կարճ խելքով հասկանում էինք,որ ուսուցիչներին այդ չէ պետք։Ու ընդհանրապես տիկին Էլիզաբեթը միշտ մեղմ ակնարկով հասկացնում էր,որ ցանկալի կլինի մեր մտերիմ ընկերոջ պատիվը ստանա որևիցե մեկը մեր դասարանից։Թերևս այդպես ավելի հետաքրքիր կլիներ հենց ի՞ր համար։Չգիտեմ էլ,հա...

Կարճ ասած,երբ լսեցի արդեն սպասվող շարադրության թեման,ես գիտեի,թե ում մասին եմ գրելու։Նա իմ դասընկերուհին էր,ու չնայած որ ես բացարձակապես չէի հասկանում ընկեր,մտերիմ ընկեր ու առավել ևս չընկեր բառերի իմաստը,ես իմ մանկական բնազդով զգում էի,որ պիտի գրեմ հենց այդ աղջկա մասին,որովհետև նա իմ մոր մտերիմ ընկերուհու (մայրս,փաստորեն,գիտեր այդ բառի իմաստը) աղջիկն էր ու դրան էլ համալրած իմ դասընկերուհին։Մանկական այդ տարիքիս պատկերացումների համար մտերիմ ընկերուհի իդեալական մարմնավորում։
Նույն սկզբունքն էլ բարեբախտաբար գործում էր նաև Աննա-Մարիայի մոտ։Երրորդ տարին շարունակ նա գրում իմ,իսկ ես`իր մասին։Իմ մայրը նրա մոր մտերիմ ընկերուհին էր,հետևաբար իր մայրն էլ`իմ մոր մտերիմ ընկերուհին։Ու բնականաբար,եթե նա իմ մտերիմ ընկերուհին էր,ուրեմն ես էլ նրա մտերիմ ընկերուհին էի(Ճիշտն ասած ես դեռ մանկուց մաթեմաթիկա շատ եմ սիրել)։Այսպիսի գեղեցիկ օրինաչափություն...




Երբ տուն եկա,արդեն գլխումս մոտավոր ունեի շարադրությանս սխեման,պարզապես փորձում էի մի քանի ելք գտնել այն կես էջից մոտավորապես գոնե մեկ էջ դարձնելու համար։
Ու երբ գրիչն առա ձեռքիս ու սկսեցի գրել,իմ փոքրիկ ուղեղում փնտրում էի բոլոր ճոխ ու ամպագոռգոռ բառերը մտերիմ ընկերուհուս հնարավորինս գեղեցիկ նկարագրելու համար(կամ էլ թե կեսի փոխարեն մի ամբողջ էջանոց շարադրություն ստանալու համար)։

Մի էջանոց գեղեցիկ շարադրությունը պատրաստ էր։Արդեն պատկերացնում էի,թե ինչպես եմ վաղը ձեռք բարձրացնելու ու տիկին Էլիզաբեթին ու Աննա-Մարիին ապշեցնելու իմ գեղեցիկ շարադրությամբ։Հրճվանքի ինձ ծանոթ,բայց մի տեսակ տարօրինակ զգացում էր ինձ պատում,երբ ամեն անգամ պատկերացնում էի իմ`դասարանում ղողանջող ձայնի արտասանած շարադրությունը։Կարճ ասած արդեն սպասում էի հերթական հինգ գնահատականիս "Իմ մտերիմ ընկերուհին" վերնագրով  հերթական շարադրությանը...

-Նստե՛ք,երեխաներ։Եթե չեք մոռացել,իսկ ես հույսեր եմ փայփայում,որ չեք մոռացել,ապա այսօր մենք պետք է ընթերցենք մեր շարադրությունները։Բացե՛ք տետրերը,տեսնենք,թե ում մտերիմ ընկերոջ հետ ենք մենք այսօր ծանոթանալու...
Ես,ինչպես առաջ մղվելու անհագ ցանկությամբ լցված ամեն մարդ,արդեն քիչ էր մնում տեղիցս թռչեի,որ ուսուցչուհին տեսներ իմ`օդում հավասարաչափ արագացող արագությամբ թափահարվող ձեռքը։Սակայն այս անգամ ես անհաջողություն ունեցա,բայց այդքան էլ չէի ափսոսում։Ուսուցչուհին նախապատվությունը տվեց Աննա-Մարիային,ու ես հարմարավետ տեղավորվեցի աթոռիս մեջ`նախապատրաստվելով Մարիայի`իմ մասին հյուսած շարադրությունը լսելուն։

"Իմ մտերիմ ընկերուհին շատ գեղեցիկ ու խելացի է(ասեմ ձեզ բավականին հաճելի էր նման բան լսելը),նա շատ հնչեղ ձայն ունի(Օ,այո,դա իրոք իմ մասին է),նա մեր դիմացի տանն է ապրում(ի՞նչ,նա կարծես թե շփոթել է մեր հասցեն) ու նրա անունը Լիզա է։"

Ինչ կատարվեց այդ պահին ինձ հետ,ես չգիտեմ,որովհետև գիտեմ,որ ուղեղս մթագնեց։Մի պահ ուզում էի տեղիցս վեր թռչել ու բացականչել,որ Աննա-Մարին շփոթել է իմ անունը,իմ անունը Լիզա չէ,իմ անունը Կլարա է,որն ամենևին ոչ մի կապ չունի այն մյուս անվան հետ։
Իսկ հաջորդ վայրկյանին,որն ավելի արագ եկավ,քան առաջինը,հասկացա,որ իմ մաթեմաթիկական գեղեցիկ օրինաչափությունը միշտ չէ,որ գործում է։Այդ հաջորդ վայրկյանին ես հասկացա,որ եթե ինչ-որ մեկը թանկ է քեզ համար կամ էլ թե քեզ գոնե այդպես է թվում,դա դեռ չի նշանակում,որ դու նույնն արժես դիմացինիդ համար...Ես այլևս չլսեցի,թե ինչեր պատմեց Աննան իր նոր կամ էլ թե արդեն հնացած ընկերուհու մասին...Երկինքն ասես փուլ եկավ գլխիս,ու ես հասկացա,թե մեծերը "գետինը ոտքի տակից կորնցել" արտահայտությունը ասելով ինչ էին հասկանում։

Երբ սառը քրտինքը պատեց ճակատս,իսկ սիրտս սկսեց աշխատել կրծիքցս դուրս թռչելու նպատակով,ես հայացքս հառեցի առաջ ու իմ իննամյա կարճ կյանքի ընթացքում առաջին անգամ նայեցի հիասթափության աչքերի մեջ...


-Ապրե՛ս Աննա-Մարիա,հիանալի շարադրություն էր։Այսօր շատ գոհ եմ քեզանից։Եվ այսպես,ո՞վ է էլ ցանկանում ընթերցել իր շարադրությունը։
Այս անգամ իմ ձեռքն այևս հավասարաչափ արագացող արագությամբ չեմ ճոճվում ձեռքում,ու ճիշտն ասած ես ընդհանրապես ձեռքերս պահել էի,գլուխս կախել պայուսակիս մեջ ու իբր անձեռոցիկ էի փնտրում,միայն թե ուսուցչուհին չնակտեր իմ ներկայությունը...Իսկական ջայլամի քաղաքականություն էի վարում,որն ինձ այդ պահին ամենաապահովն էր թվում...
Սակայն ոնց հասկացա,դասվարիս ենթագիտակցության մեջ պատճենահանվել էր իմ`հավասարաչափ արագացող արագությամբ թափահարվող ձեռքը։
-Կլարա՛,ես մեծ հաճույքով կցանկանայի լսել քո գրած շարադրությունը։Կանե՞ս մեզ նման պատիվ։
Տեր Աստվա՛ծ,այդ պահին մի օրվա ընթացքում ու թերևս նաև ամբողջ կյանքիս ընթացքում երկինքը երկու անգամ գլխիս փուլ եկավ։Ես պիտի շարադրություն ընթերցեի իմ մտերիմ ընկերուհու մասին,որի համար ես ամենևին մտերիմ չէի։Կորավ Կլարայի այն նախկին հնչեղ ձայնն ու առոգանությունը,կորավ իր մի էջանոց շքեղ շարադրությունն ընթերցելու ու հերթական հինգ գնահատակնը ստանալու անհագ ցանկությունը։Ուղղակի կորավ։
Ինչ ընթերցեցի ես,անգամ չեմ էլ հիշում,չեմ էլ հիշում տիկին Էլիզաբեթն ինչ ասաց,ինչ ստացա։Չեմ հիշում անգամ լրիվ կարդացի՞,թե ոչ։Ու ճիշտն ասած միայն հիշում եմԱննա-Մարիայի`ինձ վրա սառած հայացքն եմ սիրում....

Այսօր Աննա-Մարիային տեսնելիսես գրկում ու ջերմ ողջունում եմ նրան,հարցնում եմ որպիսությունն ու մեղմ ժպիտը դեմքիս հեռանում։
Ու սրտիս խորքում նրան շնորհակալություն եմ հայտնում,որ սովորեցրեց ինձ ճիշտ գնահատել մտերիմ ընկեր,ընկեր ու չընկեր բառերի իմաստները...


Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...