вторник, 19 июля 2011 г.

Նյուտոնը ես եմ կամ մանկական տարօրինակություններ

Ինչպես ցանկացած մարդ,ես նույնպես ունեցել եմ մանկություն(:D),որին շուտ հրաժեշտ տալ երբեք չեմ շտապել։Կարծում եմ,որ ինչ-որ տեղ հիմա էլ եմ գտնվում այդ շրջանում,սակայն այսօր ցանկանում եմ ձեզ պատմել իմ ավելի խոր մանկության և իմ մանկական տարօրինակությունների մասին։Կարծում եմ յուրաքանչյուր երեխա ունի հենց իրեն հատուկ որոշ առանձնահատկություններ։Դրանք քիչ չէին նաև ինձ մոտ,այնպես որ գնացինք...

    1.Սկսեմ հնարավորինս չափ սկզբից։Երբ դեռ անգիտակից էի,ես արդեն բավականին նպատակասլաց էի։Դեռ 1 տարեկանս չբոլորած ես ցանկանում էի անպայման հնարավորինս շուտ քայլել սովորել,քազնի քույրս արդեն քայլում էր։Բայց վերջիվերջո ես հասա իմ նպատակին և սկսեցի քայլել։:D

    2.Դեռ անգիտակից տարիներիս ես երբեք մայրիկի գրկից չէի պոկվում։Հայրս միշտ պատմում էր,որ նույնիսկ իրեն թույլ չէի տալիս ինձ գրկել,մնում էի միայն մայրիկին կպած այնպես,որ մարդիկ իրենց մեր հայկական ձևով ինձ կոչում էին "դոշի բռոշկա"։Իսկ հետո,երբ մեծացա,շատ կապնվեցի պապայիս հետ։Այդպիսի փոփոխություններ։

    3.Մանուկ ժամանակ ես ահավոր,չափից դուրս շատ էի հիվանդանում։1,3 և 5 տարեկան հասակում ամեն անգամ Նոր Տարվա շեմին թոքերի բորբոքում էի ունենում։Ծնողներս շատ հետևողական էի ու ուշադիր,սակայն ինձ բավական էր մեկ անգամ մրսել,և թոքաբորբը պատրաստ էր։Բացի այդ բացարձակապես ոչ մի ձմեռ չէի անցկացնում առանց բարձր տաքության ու ահավոր զզվելի հազով։Սա պարզապես շատ վատ հատկություն էր։Հարկավոր է նշել,որ 5 տարեկանում,երբ քույրս 6 տարեկան էր ու դպրոց էր հաճախում,ես թոքաբորբով հիվանդացա ոչ թե մրսածության,այլ այն պատճառով,որ շատ տենդագին ցանկանում էի քրոջս նման դպրոց գնալ։Այդ միտքն այնքան էր հզորացել մեջս,որ ինձ թուլացրեց`հասցնելով անկողին։ :D

    4.Մանուկ ժամանակ մինչև 7 տարեկանը ես կարողանում էի ձեռքերով բժշկել ցանկացած ուժեղ ցավ։Մայրիկս այդ տարիներին շատ ուժեղ գլխացավեր`նույն միգրեն ասվածն էր ունենում,ու եթե այն սկսվում էր,կարող էր բավականին երկար տևել։Սակայն երբ բացահայտեցինք իմ ձեռքերի ուժը,հարկավոր էր միայն ծնկի գալ պառկած մայրիկի անկողնու կողքին,ձեռքերս դնել նրա ճակատին մոտ 2 րոպե,և ցավն անհետանում էր։Ցավոք այդ կարողությունս իր ուժը կորցրեց մոտավորապես 7 տարեկան հասակում,չնայած ես համոզված եմ,որ վարժանքները կարող են դա ետ վերադարձնել։

    5.Մինչև 9 տարեկանը ես կարողանում էի փակ աչքերով տեսնել։Ինձ մինչև այդ հնարավորությանս ուժի թուլացումը թվում էր,թե բոլորի մոտ այդպես է,այդ իսկ պատճառով ոչ ոքի դրա մասին ոչինչ չեմ ասել`ընդունելով դա,որպես մարդկային ամենասովորական հատկություն։Այդ իսկ պատճառով ես դրա համար ոչ մի ապացույց չունեմ,սակայն կարծում եմ առանց ապացույցի կհավատաք ինձ։Թերևս դրա միակ ապացույցն այն է,որ փակ աչքերով տեսնելու հնարավորության պատճառով գիշերը քնելն ինձ համար շատ բարդ էր.պառկում էի քնելու,աչքերս փակում էի,սակայն շարունակում էի տեսնել հյուրասենյակից ննջասենյակ ընկնող լույսը,որի պատճառով քունս փախչում էր։Այդ իսկ պատճառով ես բավականին ուշ էի քնում ու մինչ օրս արդեն սովորության համաձայն անկողնում պառկելուց միայն 20 րոպե հետո ինձ հաջողվում է քնել։

    6.Ինչպես արդեն նշել եմ այստեղ,մանուկ ժամանակ իմ ամենասիրելի խաղը կախարդ-կախարդն էր։Ես սիրում էի ինձ պատկերացնել գեղեցիկ կախարդուհի,անգամ "կախարդական բաղադրատոմսեր" ու "թուրմեր" ունեի։Այդ տարիներին մենք տանը տարբեր գեղեցիկ բույսեր ունեինք,որոնք մերթ չորանում էին,մերթ ծաղկում։Ես էլ վերցնելով մեր մանկական խոհանոցային սպասքից մի ափսե անցնում էի սենյակներով ու հավաքում էի բույսերի չորացած տերևները,խառնում ու մանրացնում էի դրանք ու ասում "կախարդական" բառեր`ստանալով շատ կարևով մի թուրմ։ :)

    7.Այդ տարիքում ես սովորություն ունեի տանից գնալու:DԵս վերցնում էի այդ ժամանակահատվածի իմ ամենասիրելի տիկնիկին (որն ամեն տարի փոխվում էր:D),մի ցանցի մեջ դնում էի տիկնիկիս զգեստները և մայրիկին ասում,որ գնում եմ տանից։Մայրս արդեն սովոր էր իմ այդ տարօրինակ պահվածքին,այդ իսկ պատճառով նա ժպիտով պարզապես պատասխանում էր`լավ։Ես տանից դուրս էի գալիս,կանգնում էի դռան առջև մի քանի րոպե,իսկ հետո թակում էի դուռը։Մայրս,մտնելով իմ խաղի մեջ,դուռը բացելով ասում էր,արդյո՞ք լավ հանգստացա ճամբարում,ինչպե՞ս էր այնտեղ առանց ընտանիքի։Ես պատասխանում էի ամենայն հանգստությամբ ու անցնում էի ներս։ :D

    8.Մի շատ տարօրինակ սովորություն էլ եմ ես ունեցել,որի մասին հենց նոր հիշեցի,մոտավորապես 10 տարեկանում ես սիրում էի դռների ծխնիների փայտերի վրայով վերև բարձրանալ։Ինչպե՞ս էի կարողանում,դժվար է պատկերացնել։Պարզապես ես միշտ շատ ճկուն եմ եղել,կանգնում էի դռան փայտերի միջև և ձեռքերով ու ոտքերով հենվելով`բարձրանում վեր։Հաճելի էր ու հետաքրքիր,սակայն կհասկանաք ինձ,թե`ոչ,չգիտեմ :D

    9.Մի հատկություն էլ ես ունեի,որի պատճառով քույրս մասամբ տուժում էր։Ես սիրում էի պատուհանից դուրս նետել մեր քաղալիքները :DՉէ՛,չէ՛,իմ հոգեկան աշխարհի հետ ամեն ինչ կարգին էր,ես երբեք "նեռվայն" երեխա չեմ եղել,պարզապես ինձ չափից դուրս շատ հետաքրքրում էր,թե ինչպես են առարկաներն ընկնում,ինչ անկյան տակ,ուժի քանակից կախված ինչքան հեռու են թռչում և որ ամենակարևորն է,ինչպես են բախվում գետնին և բախվելուց հետո արդյո՞ք կրկին օդ են թռչում,թե կոտրվում են։Ցավոք,ես այդպես շատ խաղալիներից եմ զրկել քրոջս ու ինձ,բայց դե փորքիկ Մարիամիս  հետաքրքիր էր առարկաների անկումը։Երբ հայրս մեր պատշբամգբում վարդերի մեծ ծաղկաման պատրաստեց,ես սկսեցի ծաղկամանի միջի հողի քարերը պատշբամգից դուրս նետել(անկեղծ ասած ես մինչև այսօր էլ սիրում եմ բարձր տեղից ինչ-որ բան ցած նետել ու հետևել դրա շարժմանը)։

    Այնպես որ ծանոթացե՛ք,Նյուտոնը ես եմ։
    Այս շարքը դեռ էլի կարելի է շարունակել,սակայն այստեղ նշվածներն իմ ամենավառ տարօրինակություններն էին,որոնք կարծում եմ միայն ինձ են հատուկ: Եթե դուք նույնպես տարբերվող եք եղել,նշե՛ք դրանք մեկնոբոնություններում,այդպես ավելի հետաքրքիր կլինի։ :D


    Комментариев нет:

    LinkWithin

    Related Posts Plugin for WordPress, Blogger...