среда, 24 июля 2013 г.

Մի (մեծ) բաժակ սուրճի շուրջ


-Սթարբաքս-էտո պապսա։

Միշտ տենց էր արտահայտվում ուկրաինացի ընկերուհիս Սթարբաքսի ու հատկապես նրա գների մասին։ Երկուսս էլ ավելի մեծ հաճույքով օգտվում էինք ու ենք Բալզակ սրճարանից, որ իր ցանցի և քաղաքականության ու ընդհանրապես տեսակի առումով Սթարբաքսի եղբայրն է, բայց ինձ ավելի հաճելի է ու շատ ավելի էժան։
Եթե շարժվենք "եթե հեռախոս, ապա iPhone" տրամաբանությամբ, ուրեմն "եթե սրճարան, ապա Starbucks"։

Այսքանի հետ մեկտեղ հիմա Սթարբաքսում եմ, որովհետև Բալզակ մոտակայքում չկա, իսկ ես մեծ բաժակ սուրճի կարիք ունեի։ Ու պատանեկական այդ կամակորությունն ու "պրինցիպի ընկնելը" անցել է մոտս։ Ինչպես ասենք մի քանի տարի առաջ "յաղք" ու "ֆու" էի ասում բարձրակրունկներով աղջիկներին, իսկ հիմա պետք եղած ժամանակ լավ էլ հագնում եմ բարձրակրունկներ։ Նենց որ մի քանի տարի առաջ սպանեին, Սթարբաքս չէի մտնի, որովհետև "էտո պապսա", իսկ հիմա եթե սուրճի կարիք կա, լավ էլ կմտնեմ, կառնեմ։ Թվում է, թե դա անսկզբունքայնություն է ու հաստատուն կարծիք չունենալու արտահայտում։ Իսկ ինձ թվում է, դա պարզապես ինքնահաստատվելու անհագ ցանկության բացակայություն է։ Ինչ-որ տեղ թքած ունեմ տենց անհիմն սկբունքների վրա։ Ոչ այն մարդկանց եմ հասկանում, ովքեր վազում են ֆիրմայի, անունի, մոդայի ետևից, ոչ էլ նրանց, ովքեր շատ ակտիվ ու վառ կերպով հակամոդա ու հակա-անունի-հետևից-վազել են քարոզում։ Եսիմ։


Ու մեկ էլ ինձ թվում է, թե վաճառողը ինչ-որ բան շփոթեց, որովհետև եսս պատվիրեցի միջին չափի կապուչինո, ինձնից գանձեց փոքր կապուչինոյի գումարը ու տվեց մեծը։ Ես միայն գոհ եմ :D Մի քանի պտղունց անուշահոտ դարչին ու ստացվում է հիանալի ըմպելիք։ Հիշեցի, որ գարնանը մոտս թունավորում էր կոֆեինի մեծ քանակությունից։ Աշնանը մոտս գլխացավեր էին սկսել ճնշումիս անկումների պատճառով, բժիշկը գլխացավի դեղ էր նշանակել, որի մեջ կոֆեինի քանակը սովորականից բարձր էր։ Հերթական գլխացավի ժամանակ կուլ տվեցի մի կոճակ ու կես ժամ հետո արդեն սուրճ էի խմում։ Այնքան էլ մտածված արարք չէր իմ կողմից... :D

Դարչինը ձմեռվանից հետո միացած միակ մանրուքներից է, որ ինձ մոտ դեպրեսսիվ հիշողություններ չի առաջացնում։ Անգամ նոր եփած, ֆիլտրված սուրճի բույրն է ինձ ձմեռ հիշեցնում։ Վատ ձևով։ Ընդհանրապես ողջ ուսումնական տարվա ընթացքում պետք է ժամը վեցին արթնանայի, որ հասցնեի ավտոբուսիս։ Եթե բաց թողեի այդ ավտոբուսը, ուշանալու էի դասիցս, որը սկսում է ժամը ութին։ Իսկ ձմռանը ժամը վեցին արթնանալ նշանակում էր քոռ-քոռ վիճակում սենյակում լույսի անջատիչը գտնել, տանը շատ կամաց ու զգույշ քայլել, քանի դեռ տնեցիները քնած են, խոհանոցում թերմոբաժակի մեջ տաք ֆիլտրված սուրճ սարքել ու արագ-արագ մի քիչ կաթ խառնել մեջը, հետո տնից քոռ-քոռ դուրս գալ հենց էն ժամանակ, երբ եկեղեցու զանգերը սկսում են ղողանջել։ Տենց կիսավախեցած (դրսում մութ, երկու հարյուր մետ այն կողմ եկեղեցու զանգեր են հնչում, միանգամից Օմեն 666 կինոն էի հիշում), մենակ գնում հասնում էի կանգառ։
Այդ շրջանում սովորեցի քնել ավտոբուսում ու գնացքում` մեջս զարգացնելով բնական  զարթուցիչ։ Առաջին ավտոբուս-յոթ րոպե, գնացք-14 րոպե, երկրորդ ավտոբուս-32 րոպե։ Ու տենց ինձ համար հանգիստ քնում էի ու ճիշտ կանգառում արթնանում էի։ 
Հա, Բեռլինը շատ մեծ քաղաք է։ Հանրակացարանիցս մինչև համալսարան լավագույն դեպքում մի ժամվա կարիք կար։ Իսկ ավտոբուս բաց թողնելու վախը բավականին մեծ էր։ 





Դրա պատճառով սովորել եմ լողանալ երեք րոպեում (168 սմ հասակիս պարագայում մազերս հասնում եմ մինչև մեջքիս ներքևի հատվածը, բայց ոչ նստատեղիս), սովորել եմ լողանալ, եթե անգամ ջուրը սառն է, հագնվել կես րոպեում։ Ու այդ ամեն ինչը նրա համար էր, որ քսան րոպե ավել քնեմ։ Ողջ տարվա ընթացքում եթե հանկարծ այնպիսի օր էր լինում, որ կարող էի 8 ժամ քնել, ապա այդ օրը տոնական էր։ Հիմնականում հասնցում էի չորս ժամ քնել, լինում էր որ ժամը 4-ին կամ 5-ին էի արթնանում, որովհետև պետք էր ինչ-որ նյութ սովորել, մտապահել, կրկնել։ Այդ շրջանից սկսած դեմքիցս անպակաս են աչքերի տակի մեծ, սև պարկերը։ Անգամ հիմա։ Արդեն մոռացել եմ, թե դեմքս ինչ տեսք ունի առանց դրանց :(
Ու տարվա ծանրաբեռնվածությունը զգում եմ մինչև հիմա։ Արդեն երկու ամիս է, ինչ արձակուրդի մեջ եմ, իհարկե հունիսի կեսերից աշխատել եմ, բայց դե նորմալ հասցնում եմ քնել։ Այնուամենայնիվ, եթե օրը "առանց զարթուցիչ" է, ապա կարող եմ մեռածի նման 12 ժամ քնել և ավելի, այն դեպքում, երբ առաջ ութ ժամ քնելուց հետո միանգամից արթնանում էի։ Այսօր էլ հենց քնել եմ տասը ժամ, արթնանալուց հետո մի ժամ փորձել եմ ուշքի գալ, ի վերջո հայտնվեցի Սթարբաքսում մեծ բաժակ կապուչինոյով։ Ի դեպ, կապուչինոն գրվում է cappucchino. Ինձ համար դա տարօրինակ բացահայտում էր։

Հա, մեկ էլ շաքարավազից արդեն երկու ամիս է, ինչ ալերգիա ունեմ։ Ոմանց թվում է, թե դա դիաբետի առաջին կարգ է, բայց չէ, ինձ մոտ հենց ալերգիա է։ Շատ հազվադեպ եմ քաղցրավենիք ինձ թույլ տալիս, թե չէ հետո մաշկս պլոկելու եմ քորելուց։ Մի անգամ Բալզակում smoothie էի ուզում պատվիրել, ասացի կարո՞ղ եք առանց շաքարավազի սարքել, երիտասարդ վաճառողը փորձեց հաճոյախոսություն անել ու ասաց, որ ինձ նման կառուցվածք ունեցող աղջիկը կարող է իրեն մի քիչ էլ շաքարավազ թույլ տալ, ժպտացի ու բացատրեցի, որ ալերգիկ եմ շաքարից։ Ելնելով էն փաստից, որ դա բավականին հազվադեպ հանդիպող ալերգիա է, նորմալ էր տղայի ապուշ կտրած հայացքը :D

Հա, այսօր վերջապես սկսեցի էլի հայերեն լեզվով գիրք կարդալ։ Ռեյ Բրեդբերիի "451 աստիճան ըստ ֆարենհայտի" գիրքը, որը տատիկի տնից եմ թռցրել դեռ մի տարի առաջ, երբ Հայաստանում էի ապրում։ Իսկ թռցրել, որովհետև տատիկը չէր թողնի հետս իր գրքերից մեկը Գերմանիա տանեի :D

Գրառումս ստացվեց էլի ամեն ինչի մասին, առանց օրենտացիայի, կողմնորոշման ու հստակության։ Հուսով եմ ձանձրալի չէր։ Այնքան բան կա պատմելու ու ասելու, որ չգիտեմ կոնկրետ ինչից սկսել, այնպես որ ակամա ստացվում է, որ տարվա մասին քիչ թե շատ պատմում եմ, որ հետո կարողանամ ավելի հստակեցված գրառումներ անել։
Այնուամենայնիվ պատուհանից այն կողմ հաճելի արևային օր է, աչքերիս միջի ծանրությունը վերջապես անհետացավ, սուրճս գրեթե վերջացրի, համ էլ սթարբաքսի wifi-ի երկու անվճար ժամերը նույնպես մսխեցի։ Գնամ փռվեմ մոտակա այգում, գիրք կարդամ։ Հուսով եմ չեմ քնի։
Ձեզ էլ հաճելի օր։

Սիրով, Ձեր Մարիամ։

(Դե արի ու այս գրառմանը համապատասխան վերնագիր մտածիր)

2 комментария:

Анонимный комментирует...

ինչպես միշտ հիասքանչ! ^_^
p.s. կապուչինոն գրվում է cappuccino

♥Նեո комментирует...

Շնորհակալ ^_^
Հա, ճիշտ է, տպագրական սխալ էր, հիմա կուղղեմ ^_^

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...