четверг, 25 июля 2013 г.

100 դրամի հաղթանակ, որ միլիոններ արժի

Երբ ցերեկը աշխատանքի էի գնում, արդեն մոտավոր պատկերացնում էի, թե ինչի մասին կցանկանայի այսօր գրառում անել։ Աշխատանքից հետո մտա վկոնտակտե-13 նամակ, արագ ֆեյսբուք էլ մտա. բոլորի գոռում էին`  հաղթել եենք։



Ամենամեծ ափսոսանքս այն էր, որ Երևանում չէի ու ոչ մի կերպ ֆիզիկական մասնակցություն չկարողացա ունենալ։ Նույն կերպ էլ ափսոսում էի Բարև, Երևան պայքարի ժամանակ։ Ես հավատում էի, որ կարելի է ինչ-որ բան փոխել, որ ժողովուրդը կարող է հասնել իր նպատակին։ Ես հերթական հուսախաբ եղողներից էի։

Մի քանի օր տևացող այս պայքարի ընթացքում ես հասկացա, թե որն էր Բարև, Երևան ու հասարակակն տրանսպորտի թանկացման դեմ պայքարի տարբերությունը։



Առաջինի դեպքում ժողովուրդը պատկերացում չուներ, թե ինչ պետք է արվի, ում պետք է հավատալ, ում հետևել, ում լսել, ինչով զբաղվել և վերջապես որ ուղղությամբ գնալ, որ նպատակին հասնել։ Ի՞նչ նպատակի։ Դա էլ դեռ հստակ չէր։ Ժողովուրդը չէր հավատում, որ հնարավոր է ինչ որ բան փոխել։

Երկրորդ դեպքում առաջնորդ չկար, առաջնորդը երիտասարդությունն էր։ Մեզ պետք չեկան երդումներ, խոստումներ, երկար ճառեր, բազմաբովանդակալից մամլո ասուլիսներ, ժամեր տևող հավաքներ, տարբեր տեսություններ։ Պրակտիկան տեսությունից միշտ էլ ավելի հետաքրքիր է։ Ու հենց այդ պատճառով էլ բեմ բարձրացան տաքարյուն երիտասարդները, ովքեր հավատալով միայն սեփական ուժերին ու սեփական դիմացկունությանը մղվեցին առաջ` հստակ իմանալով, թե ինչ են ուզում։ Իսկ հստակ պահանջն էր` վերադարձնել հին ուղեվարձը։ Բացի այդ ուղեվարձի նախկին սակագինը վերադարձնելն ավելի ռեաալ էր թվում, քան ՀՀԿ-ի ձեռքից իր գլխավոր դերը վերցնելը, որովհետև...պարզապես իջնում ես տրանսպորտից ու վճարում 100 դրամ։ Ուրիշ ոչինչ։ Բայց հենց դրանով էր պայքարը դժվար ու կարևոր։ Կարևոր էր ցանկացած քաղաքացու հույսը, հավատը, պայքարը։ Կարևոր էր, որ ցանկացածի մեջ կոտրվեր հնազանդվելու ու սեփական լուծը լուռ քաշելու լռությունը։ Կարևոր էր, որ հայը հասկանա, երկիրը պիտի կողմնորոշվի ու առաջնորդվի ժողովրդի ցանկությամբ, ժողովրդի օրենքով։ Եթե նույնիսկ երկրի գլխին նստած է մի իշխանություն, որին ժողովուրդը չի ընտրել։



Ես ապշած եմ։ Հաճելիորեն զարմացած։ Ես չէի սպասում նման համախմբվածություն, բազմակողմանի աջակցություն, բարեսրտություն։ Ու ամենահաճելի կողմերից մեկն էն էր, որ պայքարը դրական էր, ոնց որ կասեր Նավակ ճոճողը` դոբռիի մեջ։ Անձամբ ներկա չեմ եղել, բայց այն ինչ տեսել վիդեոներով, կարդացել եմ, լսել եմ, ինձ մոտ միայն դրական էմոցիաների տպավորություն է ստեղծել։ Պարզապես համատարած հուսալքության մեջ, երբ տեսնում ես, որ մենք կարող ենք համախմբվել ու միմյանց օգնելով, աջակցելով հասնել նրան, որ ժողովրդի խոսքն օրենք լինի, դրական զգացմունքներից բացի ուրիշ ոչինչ չես կարող զգալ։

Ֆեյսբուքում հերթական շնորհավորանքի ու ուռա-յի տակ մի կին գրել էր` իսկական հաղթանակ չեք տեսել։
Չգիտեմ կինը ինչ նկատի ուներ, թերևս ավելի շուտ պատերազմական մասշտաբով ինչ-որ հաղթանակ։ Իհարկե գլոբալ առումով թվում է, թե պատերազմի ժամանակ տարածք ետ բերելը շատ ավելի մեծ հաղթանակ է` ելնելով մարդկային և ֆինանսական ռեսուրսների կորուստներից։ Սակայն եթե անալիզ անենք, որ Երևանը` ՀՀ մայրաքաղաքը, հինգ օր առաջ լրիվ ուրիշ քաղաք էր, այսօր` լրիվ ուրիշ։ Ու պայքարողների հաղթանակը ոչ միայն պարզապես ուղեվարձը հին սակագինը չէ, այլ նաև այն ապացույցը, որ հայերը դեռ կարող են համախմբված լինել ու պայքարել, կարող են ստրկամիտ չլինել ու կառավարության պորտը տեղը դնել։ Ու հուսով եմ, որ այս հաղթանակի կարևորությունը նաև այն կլինի, որ սկիզբ կդնի ավելի լավ Հայաստանի համար մյուս պայքարներին։ Հուսով եմ, որ պայքարի ու հաղթանակի համն առած երիտասարդներն այլևս երբեք վայր չեն դնի իրենց զենքերը։ 

Ու ի վերջո, ինչպես շատերն էին նկատել, Տարոն Մարգարյանի մի խոստում այնուամենայնիվ ճիշտ էր. Երևանն այսօր ավելի լավն է։ :)

Ու վերջում մնում է միայն մի բան ասելու` ցավներդ տանեմ! :)


Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...