вторник, 17 июля 2012 г.

ԵՊՀ ես չեմ գնա

Այսօրվա լողի պարապմունքից հետո սիրտս մի տեսակ զզվելի կերպով էր աշխատում, այնպես,որ դրա պատճառով շնչառությունս ահավոր խորացել էր,տրանսպորտի միջի մարդիկ վրաս վախեցած հայացքներ էին նետում։ :D Հիմա էլ անտանելի գլխացավ ունեմ։ Երևի շոգն է մեղավոր։ Մեր տունն այնպես է դասավորված,որ եթե երկնքում կա Արև,այն կա նաև մեր տանը։ Ձմռանը գրեթե վառելիք չենք օգտագործում։ Հրա~շք։ Բայց այ ամռանը..խոսքը մեր մեջ շոգեխաշվում ենք։ Այ հիմա էլ,կիսաեփ վիճակում նստած,գլխացավս գրկած,սրտիս հետ կռիվ արած ձեզ եմ գրում։ Վարդավառի օրն էլ այնքան մեծ էնտուզիազմով եմ խաղացել,որ մինչ օրս աջ ոտքս բռնված է, այսօր ոնց կարողացա լողի տեղը դիմանալ...զարմանում եմ ինքս ինձ վրա :D Հա~, կարճ ասած, թքած ունենալով բոլոր այս ցավերի վրա ես շարունակում եմ լսել իմ սիրելի ծանր Ռոքն ու Մետալը ու ցանկանում եմ ձեզ հետ ուղղակիորեն խոսել նրա մասին,ինչ հիմա զգում եմ...


Դպրոցական եք,ուսանող,թե արդեն ավարտել եք,կապ չունի,հաստատ գիտեք, որ մի քանի օր առաջ կախվեցին համալսարանների ցուցակները,և շատ շրջանավարտներ չսպասեցին էլ օրվա լուսանալուն,գիշերով գնացին տեսնելու,թե որ Համալսարանի որ բաժինն են անցել։ Իսկ ես պարզապես ժպիտով հետևում էի այդ անցուդարձին։ Ասես ոչ մի կապ չունենայի այդ ամենի հետ.. Չէ,իհարկե ես էլ եմ միասնական քննություններ հանձնել,բայց միայն նրա համար,որ Ավարտական Դիպլոմիս մեջ Ա մակարդակից գնահատական գնա և որ ուղղակի ուժերս փորձեմ։ Հուլիսի 12-ից մինչև 14-ը ինձ անընդհատ զանգահարել են ԵՊՀ-ից`ասելով,որ ես անցել եմ ուսուցման անվճար համակարգ և որ եթե Ատեստատս չտանեմ ԵՊՀ,դուրս կմնամ մրցույթից և կզրկվեմ ԵՊՀ-ում սովորելու իմ իրավունքից։ Բնականաբար ես չէի տանելու Ատեստատս,նախ ես կարիք չունեի մրցույթին մասնակցելու,երկրորդ`անիմաստ տեղը անվճար տեղ էի զբաղեցնելու և ինչ-որ մեկին զրկելու էի անվճար սովորելու հնարավորությունից և հետո ես Ատեստատս պետք է հետս Գերմանիա տանեմ։ Երկու օր անընդմեջ ես միևնույն հարցին տալիս էի բացասական պատասխան։ Զանգերն այնքան էին կրկնվել,որ երբ ասում էի`Հարգելի՛ Տիկին,ես իմ ավարտական Դիպլոմը չեմ բերելու ԵՊՀ,որովհետև Օգոստոսին մեկնում եմ Գերմանիա...Հեռախոսի հակառակ կողմում գտնվող տիկինը արձագանքում էր`ախ Դուք Գերմանիայի Մարիա~մն եք... :D

 



Այնուամենայնիվ երեկ գնացի ԵՊՀ`կախված ցուցակները տեսնելու համար։ Նայելով իմ նշած ֆակուլտետի միավորներին`ես հասկացա,որ Ատեստատս տանելու պարագայում ցուցակի մեջ առաջինն իմ անունը գրած կլիներ :) Բայց ինձ բախտ էր վիճակված իմ անունն ուրիշ ցուցակների մեջ փնտրելու։

Գիտե՞ք,հետաքրքիր զգացողություն է,երբ նայում ես քո բոլոր հասակակիցներին,դասարանցիներին,ծանոթներին,ովքեր քեզ նման մի տարի կամ ավելի պարապում էին,վախում էին քննություններից,ծուլանում էին ու հետո զայրանում էին սեփական ծուլության վրա կամ էլ ոչ այնքան..նայում ես ու հասկանում ես,որ կներեք,բայց դու նրանց նման չես։ Այնքան շատ եմ հանդիպել ֆեյսբուքում մոտավորապես նմանատիպ գրառումների`"Անհամբերությամբ սպասում եմ սեպտեմբերի գալուն,որ վայելեմ ուսանող լինելը,որ անցնեմ ԵՊՀ-ի շեմն ու ինձ Երկրիս լավագույն Համալսարանի ուսանող ինձ զգամ"։

ԵՊՀ-ը ես չեմ գնա։ ԵՊՀ-ի ուսանող ես չեմ լինի։ Երբ քույրս առաջին անգամ գնաց ԵՊՀ,ես էլի Հայաստանում չէի։ Կրկին Գերմանիայում էի։ Երբ ետ վերադարձա ու աննորմալի նման սկսեցի պրպտել դարակները`իր ուսանողական տոմսը գտնելու նպատակով,մի բան էի մտածում. ես էլ եմ ունենալու սրանից։ Բոլոր սոցկայքերի տեղեկատվական բաժինների ուսումնական հատվածում միշտ նշել եմ ԵՊՀ-ն որպես իմ ԲՈՒՀ։ Կներեք,բայց ես երևի այն հազվադեպ մարդկանցից եմ,որ համոզված էի`ես կընդունվեմ ԵՊՀ։ Ու ընդունվելուց զատ`անվճար համակարգում սովորելու իրավունք կունենամ։ Թող մեծամտորեն չհնչի,բայց դա այդպես էլ կլիներ,եթե ես Ավարտական Դիպլոմս տանեի Համալսարան։ Ցուցակի մեջ ես առաջինը կլինեի.. :)

Չէ,չեմ ուզում կրկին խոսել օրեցօր մոտեցող մեկնումիս մասին։ Դրա մասին առանձին կզրուցենք..Գիտե՞ք, երբ հուլիսի 14-ին առավոտյան կրկին զանգահարեցին ԵՊՀ-ից և հարցրին,հաստա՞տ չեմ ցանկանում մասնակցել մրցույթին և հաստա՞տ չեմ տանելու Ավարտական դիպլոմս,բացասական պատասխան տալուց և անջատելուց հետո մի պահ քարացա։ Հասկացա`ես Երևանի Պետական Համալսարան չեմ գնալու։ Ու անմիջապես մտածեցի`բա ո՞ր Վիզաս չստանամ։ Խենթ միտք էր,ես գիտեի,որ դա անհնար է։ Պարզապես Հուլիսի 14-ի առավոտն ինձ հասկացրեց,որ ԵՊՀ-ն իմը չէ,Ես էլ`ԵՊՀ-ինը։ Երեկ էլ տաքսու վարորդն ասաց`կարող էի Խանջյան-Ռոսիա ճանապարհով գնալ, ծիծաղելով պատասխանեցի,այն է թե`դե հա,մեր`քրոջս ու իմ  Համալսարանի ճանապարհով։ Հետո հասկացա,որ մեր չէ..

Ներիր ինձ ԵՊՀ,բայց ես քեզ մոտ չեմ գա։ Քո շեմը չեմ անցնի,քո ուսանողը չեմ լինի։ Ներիր,ես գնում եմ։

Իսկ հիմա թույլ տվեք շնորհավորել բոլոր նրանց,ովքեր արդեն ուսանող են։ Իսկ նրանք,ովքեր ինչ-ինչ խնդիրների պատճառով այսօր պատիվ չունեն ուսանող կոչվելու,ունեն պատիվ էլի պայքարելու ու չհանձնվելու։ Ձեզ մեծ ուժ ու համարձակություն`նորից նույն փորձություններով անցնելու համար`այս անգամ պատվով դուրս գալու նկատառումներով։ Իսկ մեզ`ուսանողներիս, մի քիչ ավելի շատ խելք "ուսանող" անունը չչարաշահելու ու մեր Համալսարաններին արժանի սան լինելու համար։ ԵՊՀ-ի ուսանողներ ջան,Երևանի Պետական Համալսարանին լավ կնայեք...մեր Երևանի Պետական Համալսարանին :) 




9 комментариев:

Анонимный комментирует...

Ներողություն եմ խնդրում անտակտ հարցիս համար, բայց մտքի փայլատակում եղավ մոտս, հիշեցի Ձեր անունը մարզային օլիմպիադայում ` ընդամենը 15 էր 20-ից: 3-4 ամսում եք հասցրել այդպես տիրապետել լեզվին? օ.Օ չեմ հասկանում

♥Նեո комментирует...

Թող մտքի փայլատակումները Ձեզնից անպակաս լինեն :)
Պատկերացրեք,ես Գերմաներեն լեզվի տիրապետման ամենաբարձր մակարդակն ունեմ որպես արտասահմանցի ու այդ նույն օլիմպիադան ես հասել եմ մինչև Միջազգայինի :) Պատիվ չունեմ հիշելու,թե մարզային փուլում ինչքան եմ հավաքել, բայց գերմաներեն լեզուն սովորել եմ երկու տարում,իսկ ձմռանը Ձեր իսկ նշած օլիմպիադայից մի քանի անգամ բարդ քննություն եմ հանձնել :) Հուսով եմ բավարարեցի Ձեր հետաքրքրասիրությունը Անանուն ջան

Анонимный комментирует...

15 չէր այլ 18:
Իրականում ես "կծելու" համար չհարցրի: Հնարավոր է շփոթում եմ, խոսքս այս տարվա օլիմպիադայի մասին էր: Ես էլ եմ գերմաներեն սովորում ու գրառումը հենց այդպես էլ գտա, դրա համար հարցրի:

Анонимный комментирует...

http://olymp.am/hy/node/124

Анонимный комментирует...

Ա լավ ինձ չար բոբո զգացի: Ես կատարելագործեմ իմ գերմաներենը, Ձեզ էլ եմ հաջողություն ցանկանում:

♥Նեո комментирует...

Անանուն ջան,գուցե և մենք իրար հետ ծանոթացե՞լ ենք օլիմպիադայի ժամանակ։ Ես օլիմպիադաների սկսելուց առաջ հաճախ եմ շփվում մյուս աշակերտների հետ։ Չէ,ես բնավ չեմ ժխտում այն,որ կարող էի 15 ստացած լինել մարզային փուլում։ Ամեն ինչ էլ հնարավոր է,և ոչ մի գիտելիք էլ բացարձակ չէ։ 18,2 հանրապետական փուլում էի ստացել։ Ցավոք սրտի Ձեր ուղարկած հղումով անցնելուց ու ֆայլը բեռնելուց հետո այն ինձ մոտ չբացեց :(

Анонимный комментирует...

Անկեղծ ասած` ես ինձ վատ զգացի:
Կարևոր չէ:
Կարևորը Ձեր բլոգն եմ կարդում ու հետաքրքիր բաներ եմ գտնում ^_^

♥Նեո комментирует...

Անանուն ջան,ես բնավ չեմ ցանկանում,որ իմ ընթերցողն իրեն վատ զգա։ Շատ շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար։ Եվ հատկապես շնորհակալ եմ,որ կարդում եք Բլոգս։ :)

Анонимный комментирует...

Մարիամ ջան, ինչ լավն ես դու )))

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...