воскресенье, 19 февраля 2012 г.

Առռըհա առաջադեմ երիտասարդություն։

Չէ,սերունդը փոխվել ա։

Երեխեքը լավն են։
Հայաստանի ապագան վստահելի ձեռքերում ա։
Խելացի,զարգացած սերունդ ա գալիս։



Առռըհա,թե մենք առաջադեմ երիտասարդություն ունենք։Երևի արդեն հասկացաք,թե ինչի մասին է խոսքը։
Ինչքան տկար ենք մենք,որ անուն հանած ինչ-որ մեկի ասելով միանգամից հանդարտվում ու ընկրկում ենք։ Էլի հասկացաք չէ՞`ինչ նկատի ունեմ...



Իհարկե,կա մի ստվար զանգված,որն անկախ ամեն ինչից կշարունակի պայքարել ու հասնել իր նպատակին։ Բայց ես մեր երիտասարդներից ավելիին էի սպասում։ Չեմ սիրում այդ արտահայտությունը,բայց պիտի էս անգամ ասեմ։ Մաշտոցի այգում պայքարողներ ջան,ցավներդ տանեմ,դուք այն մարդիկ եք,որոնք կանեն առաջին քայլերը սեփական կարծիքն ամրապնդելու։ Ցույց տալու,որ հայերն էլի համախմբվելու ունակ են,ցույց տալու,որ մեր անտեր ու դուզ կառավարությունն իրականում մեր ծառան է,ոչ թե մենք նրանց ճորտը։ Դուք վերջապես պիտի էս ազգին հասկացնեք,որ հերիք է մկան նման մարդ ա իր ծակը մտնի ու քիթը դուրս չհանի։ Ես մի անգամ արդեն ասել եմ,որ մենք`հայերս,մինչև անձնական ու հենց մեզ հետ ֆիզիկական կապ ունեցող խնդիր չունենանք,չենք էլ փորձվի ինչ-որ բան անել։ Հավես չկա,ալարում ենք,ցուրտ ա,ամոթ ա,փորս ա ցավում և այլն։ Ու իրականում պատճառն էն ա,որ մենք էնքան կամքի ուժ չունենք,որ պայքարենք նրա համար,որը ոչ թե "իմն ա", այլ "մերն ա"։ 
Ախր էգոիստ էլ եմ չեմ կարող է էտ մարդկանց ասել։ Որովհետև իրանց ուղեղն էնքան չի էլ պտտվում,որ հասկանան`այգու պահպանությունը հենց մեր օգուտն է։ Վաղը-մյուս օրը բուտիկ ենք շնչելու,ծառերից էլ շո՞ր ենք քաղելու։



Գիտեք ինչ,ես մեր կառավարության վրա այլևս չեմ զայրանում։ Մենք բոլորս վաղուց գիտենք,որ բոլորն էլ մի սանրի կտավ են,մի աղբամանի աղբ,մի զուգարանի...լավ չխորանանք։ Ես ավելի շատ զայրանում եմ էն երիտասարդների վրա,որոնք միշտ ցույց են տվել,թե ինչքան խելացի են,ազատամիտ,առաջադեմ,որոնք միշտ բարձր-բարձր խոսացել են իրենց նպատակների և երկիրը Երկիր դարձնելու մասին,իսկ էսօր պայքարող մարդկանց անուն են կպցնում։ Ու դա ինձ զայրացնում է։ 

Հարգելիներս,եթե ձեր ամենամեծ պայքարը մարդաշատ տրանսպորտում ձեր հարևանից շուտ ձեր հետույքը նստատեղին քցելն ու այսպիսով մինչև ձեր կանգառ նստած երթևեկելն ու ուրիշների հաղթանակած նայելն է,ապա դա դեռևս չի նշանակում,որ պիտի անուն կպցնենք նրանց,ովքեր ապրում են ապրելու,իրենց կյանքի,առողջության ու Երկրի համար։ ՎԱղը մյուս օրը,եթե ձեր երեխեն գա ու ձեզ հարցնի,թե էն եվրոպական գրքերի մեջ էն ինչ մեծ կանաչ բաներ են,դուք պիտի ձեր գլուխները կախեք ու ասեք`բալես,գիտես,էտ ծառեր են,մեր երկրում հիմա դրանցից չկա,որովհետև ժամանակին ես էշի ականջում քնած լոխ եմ եղել,ու իմ երկրի կառավարությունը մեզ քշել ա ինչքան,որ ուզել ու որ կողմ որ ուզել ա։ Այ հենց էտ ենք մենք մեր երեխեքին ասելու,եթե իհարկե մինչև էտ օրը Հայաստան երկիրը մնա ֆիզիկապես,ոչ թե ապրի մեր սրտերում։



Ես էլի եմ ասում,կառավարությունը բնավ մեղք չունի։ Մենք արժանի ենք էս նախիրին,որ մեր գլխին կանգնած ա,որովհետև էնքան ուժ ու թասիբ չունենք,որ դրանց հանենք ու համապատասխան բանն անենք կառավարությունից։ Որովհետև էնքան թուլամորթ ենք,որ մեզ ինչ ասում են,սուսուփուս ընդունում ենք,կուլ ենք տալիս,հարմարվում ենք կամ մաքսիմումը մեր տան պայմաններում բողոքում ենք։Վերջ։Նենց որ եկեք իրանց վրա մեր բոլոր պրոբլեմները չբարդենք։ Մեր ամենամեծ խնդիրը մենք ենք,որ կանք։





Ու ես էսօր ամենաշատը վրդովված եմ հենց մեր երիտասարդներից,որոնցից շատերով ես հիացել եմ,հավատացել եմ։ Ու այսօր ես նրանցից լսում եմ այնպիսի բառեր ու արտահայտություններ,որոնք կսպասեի ասենք անմակարդակ ու այբբենարանով բավարարված մեկից։ Ու երբ կրթված մարդիկ(համենայն դեպս ինձ այդպես էր թվում) չեն մտածում առանց այգի քաղաքի ապագայի մասին,էլ ի՞նչ ուզեմ ես էս երիտասարդությունից...





Ու ի՞նչ,եթե Արա Երնջակյանին լավ չդիմավորեցին։ Բա ի՞նչ պիտի անեին։Ինքն արվեստագե՞տ ա։ Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը կոչվել արվեստագետ,եթե տիկնիկ է մեկ ուրիշի ձեռքում։ Այդպիսի արվեստագետ գոյություն չունի։ Ու՞ր մնաց նրա հպարտությունը։ Վախեցա՞վ,որ իր քիփիլիկ թատրոնը ձեռքից կառնե՞ն։ Թող առնեն։ Չէ,բա իր օրվա փողը։ Այ էտ են մեր արվեստագետները։ Իրանք ոչնչով չեն տարբերվում մեզ նման հասարակ մահկանացուներից,այն ինչ նրանք պիտի ապրեն ավելի վեհ կյանքով։ Բայց չէ,մեր սիրելի Երնջակյանը դուրս է գալիս պայքարող,իր նպատակին ձգտող,կյանք ցանկացող ժողովրդին թափթփուկ է անվանում։ Կներեք,բայց թափթփուկն ինքն ա։ Ու ինձ քֆուր-քյաֆարով գրելուց առաջ մի հատ նորից կարդացե՛ք ու մանրազնին հասկացեք,թե ես ինչ եմ գրել ու ինչ պատճառով,նոր որոշեք ինչ-որ բան ասել։ Որովհետև եթե ինքը արվեստագետ չէ,իսկ ինքն ինձ համար այլևս արվեստագետ չէ,ուրեմն ինձ ոչ ոք չի կարող խանգարել նրան վիրավորելու այնպես,ինչպես ինքն ինձ վիրավորեց։ Ինքն ինձ չի հարգում,ես էլ նրան։ Պարզ մարդկային հարաբերություններ անմարդկային արարքների շուրջ։

Չնայած ի՞նչն ա անմարդկային։Սերը,ներելը,զղջալը,հավատալը,մաքրելը,արարելը։Այ դրանք են անմարդկային։ Որովհետև կեղտն էնքան ա ներծծվել մեր մեջ,որ էտ մաքուր զգացմունքներն էլ մերը չեն կարող լինեն։

Ուրեմն,եթե էսքանից հետո էլի քեզ պատասխանաու չես զգում քո քաղաքում կատարվող իրադարձությունների մասին,ուրեմն,ախպերս,դու անհուսալի վիճակում ես։ Իսկ եթե քո մեջ ինչ-որ բան տեղաշարժվեց,եթե հասկացար,որ դու էլ պիտի պայքարես,անցի՛ր այս հղումով ու միացի՛ր պայքարին։ Մենք ունենք քո պայքարի կարիքը...




Ու ես էսօր կքնեմ էն մտքով,որ ես էս անգամ իրոք սխալվել եմ մեր երիտասարդության հարցում։Էն երիտասարդության,որը չի անում,իսկ անողներին էլ ծաղրում ու վիրավորում է։

Հ.գ. իմ մշտական ընթերցողներ,հասկանում եմ,որ իմ այսօրվա բառապաշարը մի քիչ ինձ նման չէր։ Ձեզնից հատուկ ներողություն եմ խնդրում։Բայց սենց էր պետք։


Հ.հ.գ. լավ եմ արել,ասել եմ,ինչ մտածել եմ,դա էլ գրել եմ։ Իմ տարիքը դրոշակ սարքած չգաք տանս մոտ ցույցի։

Վաղը` երկուշաբթի, փետրվարի 20-ին, 13:00, հավաքվում ենք Քաղաքապետարանի դիմաց!!! Եթե Տարոն Մարգարյանը չի գալիս մեզ մոտ, մենք ենք գնում նրանց այցելելու!!

Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...