четверг, 16 февраля 2012 г.

Դու հաղթում ես..դու մենակ ես


Ես լեռնագնաց եմ,ու սառը եղանակն ինձ չի վախեցնում։ Ես սովոր եմ ինձնից բարձր տեղեր կանգնելուն,ես սովոր եմ առաջ քայլելուն,որովհետև որպես լեռնագնաց այլ ճանապարհ չկա։ Ինձ համար ետ տարված ամեն քայլը հավասար է դեպի մահ կատարած մի կետի։ Ես շարժման միայն մի ուղղություն ունեմ`դեպի առաջ...
Երբ դեռ երեխա էի,իմ ամենամեծ ձգտումը հորիզոնական հարթության վրա ուղիղ և կայուն կանգնելն էր։ Իսկ այսօր ես նվաճում եմ ուղղահայաց հարթությունները։ Ու դա հիմա այնքան դժվար է թվում,ինչպես այն ժամանակ երկու փոքրիկ ու փխրուն թաթիկների վրա կանգնելը։ Բայց ես դա անում եմ։ Դժվարությամբ։ Բայց անում եմ։ 




Ինձ համար շատ կարևոր են նաև ձեռքերս։ Առանց դրանց ես կորած էի։ Որովհետև ինչքան էլ լեռ բարձրանալը նման լինի բարձունք հաղթահարելուն,միևնույնն է,դու երբեմն ստիպված ես սողալ։ Այլապես կգլորվես անծայրածիր ազատության մեջ,որի վերջնական արդյունքը մահն է։ Ձեռքերս..դրանք ամենածանր պահին գտել են բռնվելու մի հույս,փայփայելու մի սեր,կռվելու ուրիշ`օտար ձեռքեր։ Երբեմն էլ սխալմամբ փշերին են ապավինել ու փորձել բռնվել`չընկնելու համար։ Ոչինչ։ Վերքոտ ձեռքերին այլևս ոչինչ չի սպառնում։ Ձեռքս մտած ամեն մի փուշ դանդաղ հանելիս ու վերքերի միջից հոսացող արյունը մաքրելիս ես մտապահում էի,որ հաջորդ անգամ այս կամ այն բանին հենվելուց առաջ կամ դրանից բռնվելուց պետք է համոզվել դրա իրական լինելու մեջ։ Ոչինչ։ Արնոտ ձեռքերն էլի կբռնեն։ Ու ավելի ամուր,քան տաք ձեռնոցի մեջ պահած,խնամված փափուկ թաթիկները։
Լեռնագնացին ոչ էլ փափկասուն սեր է պետք։

Նրան անհրաժեշտ է պայքարող ու կոպիտ ու կոփող ու դաղող սեր։ Որովհետև փափուկ սերը չի դիմանա այդ խրթին ճանապարհին։ Փափուկ սերը բնավ չի ցանկանա բռնել իմ կոպտացած ու չոր ձեռքերը։ Չափազանց վայրի կլինեմ ես նրա համար։ Իմ սերն ուրիշ սեր կլինի։ Որովհետև ամեն մի սեր տվող չի անցնի ինձ հետ իմ ճամփան։ Յուրաքանչյուրը չէ,որ կշնչի բարձր լեռների նոստ օդը,ամեն մեկը չէ,որ կհամաձայնի ոտքերն արնոտել,մարմինը թաղել սպիերի մեջը,ետ չգնալ,քայլել միայն առաջ։ Իսկ համաձայնելուց հետո էլ,ավա~ղ,քչերի ուժն է պատում։

Ես լեռնագնաց եմ,ու աչքիս դիմաց ներքև գլորվող մարդկանց պատկերն ինձ այլևս չի սարսափեցնում։ Նրանք շատ են,հատկապես դեռ ստորոտում։ Շատերն են սկսում,փորձում,մեկնարկում,բայց առաջին իսկ քարից հետո,գրողը տանի,ցած են նետվում..Նրանք,ովքեր շուտ են գիտակցում,որ լեռնագնացի գործն իրենց չէ,շուտ են իջնում,վնասվածքներն էլ քիչ են լինում։Բայց կան նաև այնպիսինները,որոնք ճանապարհի կեսից սայթաքում են...Ու երբ փորձում ես արագ ձեռք մեկնել,շուտ վերև քաշել...միշտ չէ,որ հասցնում ես...Չափազանց շատ է շրջակա սառնությունը ներծծվել արյանս մեջ..Այլ ճանապարհ մենք չունենք...



Ես լեռնագնաց եմ ու ես հաճախ եմ կանգնում ընտրության առաք։ Մնալ նրա հետ,ով այլևս չի ցանկանում շարունակել ճամփան,ով հոգնել է,ով առաջ գնալ այլևս չի կարող։ Թե շարունակել,քայլել,բարձրանալ`առանց ետ նայելու։ Եթե ետ նայես,դժվար չէ պարանոցը կոտրելը կամ սայթաքելը։ Այն,ինչ կա ետևում,եղել է քո ճամփան,ու դու անցել ես դրա միջով։ Ետ նայելու իմաստը բնավ չկա...
Ու երբ կանգնում եմ թաղված ձյան մեջ,հոգիս ներարկվում է սառնությամբ ,իսկ սիրտս թրթռում է նվաճածս հաղթանակից,ես միայնակ եմ,կողքիս ոչ ոք չկա,որովհետև սայթաքեցին,որովհետև ատեցին ինձ այդ ճանապարհի վրա,որովհետև նախանձեցին ու չհասկացան։ Որովհետև ուղղակի լքեցին ու վախեցան փորձություններից։ Ես կանգնած եմ միայնակ,իսկ ոտքերիս տակ երկար մի ճանապարհ,քարքարոտ,փշոտ...Ես երջանիկ եմ...որովհետև ես ունեմ նպատակ։ Ես լեռնագնաց եմ ու իմ ճամփան տանում է միայն դեպի առաջ։ Կոտրվելիս`կսողամ,հոգնելիս`կգոռամ,հավատալիս`կկանգնեմ,ցանկանալիս`կհաղթեմ...Ու կհասնեմ նպատակիս։
Ինձ այլևս ոչինչ չի վախեցնում...համենայն դեպս հիմա...


1 комментарий:

Hasmik Charkhchyan комментирует...

Նեոնիտա ջան, հզոր էր, ապրես,,.միշտ էդպես ուժեղ եղիր, ու կհասնես "գագաթին"....

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...