вторник, 10 июля 2012 г.

Անոթազարկ


Եվս երկու քայլ արեց դեպի ինձ։ Երբեք այսքան մոտիկ կանգած չէր եղել։ Հայացքն առանց աչքերիցս կտրելու իրար ամուր սեղմած ցուցամատն ու միջնամատը հպեց ձախ քունքիս։ Այնուհետև մատներն  սկսեց անփութորեն սահեցնել այտերովս.ասես պատահաբար սկսեց շոյել ծանրացած շնչառությունից կիսաբաց շուրթերս և ի վերջո մատները հասցրեց պարանոցիս`դանդաղ շարժելով,ասես երբևէ այդ նույն մատներով չէր շոշափել զարկերակս… Ճկուն շարժումներով գտնելով զարկերակս` սկսեց մատներով շրջանագծեր անել պարանոցիս վրա։ Նա գիտեր,դա իմ թույլ տեղն է։ Առաջ ձգելով պարանոցս`անհույս փորձ էի անում շուրթերովս ավելի մեծ քանակութամբ օդ գրկել։ Խեղդվում էի։ Փոքր-ինչ դողացող ձայնով ասաց.
-Սիրտդ բավականին արագ է աշխատում…

Հայկն ու ես հին ընկերներ էինք։ Իսկական ընկերներ։ Անկեղծ ասած մի ժամանակ այնքան անպատասխանատու կերպով էի օգտագործում այդ բառը,որ մի օր քիթս բավականին ուժեղ գետնին քսվեց։ Այդ օրվանից հասկացա,որ ամեն ծանոթ ընկեր չէ։ Ու սկսեցի տարբերակել այն մարդկանց,ովքեր իմ բարեկամներն են,հարազատները,ծանոթներն ու ընկերները։ Հայկն իմ ընկերն էր։ Մնացած բաժիններում գերակշռում էին ծանոթները,ապա հարազատները,որովհետև ես մի քիչ շուտ եմ մարդկանց կապվում ու նրանք շատ արագ ինձ համար հարազատ են դառնում։ Բայց այն մարդիկ,ովքեր իմ բարին են ցանկանում,իրոք քիչ են։ Թվում է,թե ընկերն իր մեջ պիտի ներառի այդ բոլոր հատկանիշները։ Այդպես էլ կար։ Ուղղակի այդ ամենից զատ ընկերներն այն մարդիկ էին,ում ես վստահում էի։ Միակ ընկերս Հայկն էր։ Նրա հետ կարող էի խոսել բացարձակապես ամեն ինչի մասին։ Կանացի խնդիրներից մինչև ընտանեկան վեճերը։ Ես նրան չէի նայում որպես Հայկի,ես նրան նայում էի որպես իմ մի մասնիկի։ Երկար շփման ընթացքում մեր շատ հատկանիշներ իրար էին ձուլվել։ Մի անգամ ծանոթներիցս մեկը հետս երկար խոսելուց հետո ասաց`այ հենց այս պահին թվաց,թե իմ դիմաց Հայկն էր նստած։



Մենք կրկնօրինակում էինք մեկս մյուսի շարժումները։ Դա նորմալ էր։ Ասում են,որ զույգի մեջ ռեցեսիվ կողմն ուղղակիորեն փորձում է կրկնօրինակել դոմինանտի շարժումները։ Բայց մեր մեջ թույլ ու ուժեղ կողմ չկար։ Մենք պարզապես իրար շատ էինք սիրում։ 


Հայկը միակ մարդն էր,որ գիտեր,թե ես պահարանի որ կողմում եմ դասավորում վերնաշապիկներս,ու թե որ ժամին եմ նախընտրում սուրճ խմել։ Նա միակ մարդն էր,որ գիտեր`ես հողաթափեր չեմ սիրում։ Նա նույնիսկ գիտեր, որ երբեք կանացի բժշկի մոտ չեմ գնացել,որովհետև սարսափելի ամաչում եմ այդպիսի զննումներից։


Հայկն ու ես մի տարօրինակ սովորություն ունեինք։ Մենք սիրում էինք ասմունքել։ Երկուսս էլ բավականին շատ բանաստեղծություններ գիտեինք։ Մենք հաճախ էինք մեր ասելիքը բանաստեղծություններով փոխանցում։ Երբեմն էլ մեր ամբողջ դիալոգը կազմվում էր տարբեր բանաստեղծություններից ու ստեղծագործություններից վերցված տողերով ու ցիտատներով։
Մի անգամ մեր ծանոթ-բարեկամներով,մեծ շրջապատով հավաքվել էինք, երբ խոսակցության թեման այնպես շրջվեց,որ Գրիգորը`Հայկի մանկության ընկերը,ինձ ասաց.
-Դու ախր շատ սպիտակ մաշկ ունես։ Ոնց որ թափանցիկ լինես։
Չհասցրի էլ շուրթերս իրարից հեռացնել`ինչ-որ բան արտաբերելու համար,երբ հանկարծ Հայկը կողքի սենյակից արագ վազելով ներս մտավ ու ինձ առնելով ձեռքերի վրա սկսեց առանց վարանելու արտասանել`
-Լուսամփոփի պես աղջիկ,աստվածամոր աչքերով,
 Թոքախտավոր,թափանցիկ,մարմինի պես երազի։






Ես զրնգուն ծիծաղով լցրի ամբողջ տունը`միաժամանակ ձեռքերով հրվելով ու ծիծաղի հնչյունների արանքից արտաբերելով`
-Բա՛ց թող,Հա՛յկ,ծանր եմ, կցավեցնես ձեռքերդ։
Իհարկե իմ բառերը հազիվ լսելի էին։ Նա դրանց ուշադրություն էլ չդարձրեց։ Ոչինչ ու ոչ ոք չէր կարող խանգարել նրան,որ ընդհատի սկսած բանաստեղծությունը։ Զարմացա,թե ինչպես կարողացավ մի ակնթարթում ձուլվել բանաստեղծությանն ու մտնել դրա էության մեջ։


-Ես ինչ անեմ,որ մնա ծիածանը երեք գույն,
 Որ չմարի,չցնդի իմ հոգու հեռուն։


Ծիծաղս արդեն դադարել էր,իսկ նա ուշադիր,մանրազնին հայացքով աչքերիս մեջ էր նայում ու շարունակում էր հյուսել բանաստեղծության բառերն այնպես,ասես դրանք հենց ինքն էր գրել։ Ասես հենց ինձ համար էր գրել։








Երբ արտասանեց վերջին բառը,բոլոր հավաքվածները սկսեցին ծափահարել։ Իսկ նա չկորցրեց իրեն ու վարակիչ ծիծաղով սկսեց իմ առաջ գլուխ տալ`ասելով,որ իմ զարմացած-վախեցած աչքերից ավելի զիլ տեսարան չկա։ Փորձեցի հնարավորինս խիստ հայացք անել,չնայած հազիվ էի ինձ զսպում,որ չփռթկամ ծիծաղից։ Հաջողված ջղայն հայացքից հետո շատ լուրջ տոնով ասացի`
-Ես վախեցա։ ՉԷ,իսկականից վախեցա։ Չի կարելի,չէ՞։
Տեսնելով այծիկի կամակորությունս`կրկին ծիծաղեց`ասելով.
-Ես գիտեմ,ես շատ լավ գիտեմ։
Աչքերն այնպես էին փայլում,ասես երեխա լիներ։


Ծիծաղելիս Հայկի ուսերը փոքր-ինչ առաջ էին գալիս,իսկ պարանոցի մկանները հատիկ-հատիկ ձգվում էին։ Նա շատ գեղեցիկ ատամներ  ուներ,որոնք էլ ավելի հմայիչ էին դարձնում նրա ծիծաղը։ Նրա նախկին սերերից մեկը մի օր ինձ ասաց,որ եթե չլիներ Հայկի ծիծաղը,նա այդքան գրավիչ չէր լինի…
Հայկի կյանքում աղջիկները շատ են եղել։ Նա հաճախ էր ինձ պատմում նրանց մասին։ Ես լուրջ,տղայական դեմք էի անում,որ ընկալեմ իր ասածի ամբողջ իմաստը։ Բայց մեծ սեր նա այդպես էլ չունեցավ։ Չնայած հաճախ էի նրան ասում,որ երբ իսկական,մեծ սեր ունենա, ես ամեն ինչ կանեմ,որ օգնեմ։ Չէ՞ որ ես աղջիկ եմ ու ինձնից լավ ոչ ոք չի կարող նրան հուշել,թե ինչն է աղջկան հաճելի…….Անկեղծ ասած իմ այդ պատրաստակամությամբ ես փորձում էի ինձ ապահովագրել նրան կորցնելուց։ Ես գիտեի,երբ նրա կյանքում իսկական,մեծ Սեր հայտնվի, Նա չի ցանկանա Հայկի կողքին ինձ տեսնել։ Չափազանց շատ բան գիտեի ես Հայկի մասին։ Չափազանց շատ էր Հայկն իմ կյանքում։ Չափազանց շատ էր Հայկը իմը։ Իսկ եթե Հայկն ունենար իմ կարիքը,ես նրան չէի կորցնի։ Էգոիստ եմ ես։ Չնայած մտքում միշտ էլ ինքս ինձ խոստովանել եմ,որ Հայկի երջանկությունից կարևոր ոչինչ չկա։ Իսկ թե ինչով երջանիկ կլինի Հայկը`մեր ըկերությամբ,թե իր սիրով,դա արդեն երկրորդական է...












Տարիներ շարունակ մենք ընկերներ ենք եղել։ Իրար աչքի առաջ մեծացել ենք։ Երեխայից պատանի ու օրիորդ ենք դարձել… Մեր ընկերությանը հաճախ շատերն էին նախանձում,այնպես էին նախանձում,որ անգամ չէին էլ թաքցնում։ Մենք իրար մասին ամեն ինչ գիտեինք։ Հաճախ թվում է,թե ինչ-որ մեկի մասին ամեն ինչ իմանալուց հետո նա քեզ այլևս հետաքրքիր չպիտի լինի,որովհետև բոլոր կատակների վրա արդեն ծիծաղել եք,բոլոր խնդիրներով տանջված արտասվել եք։ Այլևս ոչ մի նոր բան չկա այդ հարաբերությունների մեջ։ Ակամա ամեն ինչ ձանձրալի է դառնում։ Բայց մենք ուրիշ էինք։ Մենք մեր մասին խոսելիս ասում էինք`մենք ցնդած ենք…


Մենք իրար նայում էինք ու հետաքրքիրն այն էր,որ այդպես իրար աչքի առաջ մեծանալով,իրար դիմաց պատանի ու օրիորդ դառնալով երբեք մեկս մյուսի մեջ տղամարդ ու կին չի տեսել։ Նրան նայելիս ես երբեք չեմ մտածել,որ նա գեղեցիկ ու նախանձելի տղամարդ է։ Ու վստահ եմ,որ նա էլ իմ մեջ հմայիչ կնոջ չի տեսել..


Մի անգամ,երբ Գրիգորի ծնողները քաղաքում չէին,նա համարձակվել էր այնպես հիվանդանալ,որ Հայկն առանց վարանելու գնացել էր մոտը։ Հայկն արդեն երկու տարի էր,ինչ մենակ էր ապրում, ծնողները մեկնել էին Հայաստանից,այդ իսկ պատճառով,հենց հիվանդանում էր, շուտափույթ գործերս թողնում ու վազում էի իր մոտ։ Երբ նա հիվանդ էր լինում,ես խենթանում էի։ Ու ամենագժվեցնողն այն էր,որ ջերմաչափը հանելիս ու 40 աստիճան ջերմությունը տեսնելիս այնպիսի անմեղ հայացք էր անում,որ չէի կարողանում մի ծանր բանով հասցնել գլխին.որ հաջորդ անգամ ավելի ուշադիր լինի ու հետևի իրեն։
Կարճ ասած Հայկը գնաց Գրիգորի մոտ ու չգիտեր էլ,թե ինչ է հարկավոր անել։ Միայն հիշում էր,որ ես իրեն մի քանի անգամ թեյ եմ տվել։ Ճարահատույց ինձ զանգահարեց։ Երբ տեղ հասա,Գրիգորին մի քիչ սպիրտով մերսումներ արեցինք,դեղ տվեցինք։ Բարեբախտաբար շուտ քնեց։ Նրա քունը չխաթարելու համար տեղափոխվեցինք կողքի սենյակ։ Փռվեցինք մեծ անկողնու վրա ու սկսեցինք ժամերով քչփչալ։ Ինչքան ժամը ուշանում էր,այնքան ավելի էր ցրտում։ Հիշում եմ,դժգոհ-բողոքական հայացքով Հայկին կիպ կպա`նեղացած տոնով մի ծածկոց պահանջելով։ Բողքիս Հայկն արձագանքեց նրանով,որ ձեռքով ուղղակի ամուր գրկեց մեջս։ Այդպես գոնե ավելի տաք էր։ Մրսելուս գաղափարը ցրելու համար զվարճալի խաղ մտածեցի։ Գլուխս դրած նրա կրծքին հետևում էի սրտի աշխատանքին։ Այնքան հանգիստ էր աշխատում։ Հենց հոգնում էի սրտի այդ անտարբեր հանգստությունից,սկսում էի մատներով գտնել նրա որովայնի վրայի խուտուտի պահեստը, որ ծիծաղից շնչառությունը խորանա,սրտի աշխատանքն էլ արագանա։ Հիշում եմ,հանկարծակի տեղիցս վեր թռա,ձեռս երկար նրան պարզեցի ու ասացի.
-Տե՛ս,այնպես եմ մրսում,որ ձեռքիս վրա անգամ անոթազարկս զգալ չես կարող։






Մի խեթ հայացք նետեց վրաս,ապա նայեց ձեռքիս,հետո էլ`աչքերիս մեջ։ Ասես մեխանիկորեն մատներով սկսեց փնտրել նախաբազկիս վրայի երակը`անոթազարկս բռնելու համար։ Վայրկյան առ վայրկյան դեմքն ավելի էր խոժոռվում։ Ես հո գիտեի,որ չի գտնի։
Նկատեցի,որ դեմքիս արտահայտությունը բավականին չարաճճի էր։ Ըստ երևույթի դա նրան ավելի էր զայրացնում։ Ասես տարվել էր գրազը։ Մի պահ մաները կտրեց ձեռքիցս,հարցական հայացք նետեց վրաս ու նորից սկսեց փնտրել այդ կորած անոթազարկը։ Բայց այս անգամ ասես ես պարտվողի դերում լինեի։ Չէ, նա այդպես էլ այդ զարկերը չգտավ։ Պարզապես երկրորդ անգամ այնպես սկսեց վրաս նայել ու մատներն այնպես այսուայն կողմ անել,որ այնպիսի զգացողություն էր,ասես վրայովս մրջյուններ են վազում։ Նա իմ ձեռքերին հարյուրավոր անգամներ դիպչել էր։ Թե՛ բռնել էր ձեռքս,թե՛ քաշել էր,թե՛ հարվածել էր ձեռքիս։ Բայց այդ պահին օդի մեջ ինչ-որ ուրիշ`նոր բան կար կախված։ Այդ պահին մենք ուրիշ թթվածին էինք շնչում… Չհասկացա ես նրա հայացքն այդ պահին…


Կամ էլ աշխարհում այդ պահին միայն իր հայացքը հասկացա..


-Բարձրանա՞նք տանիք,-թեթևակի դողացող ձայնով ասաց նա։
-Գնացինք։


Լուսաբացը դիմավորեցինք իրար գրկում կուչ եկած,որովհետև տանիքի վրա ցուրտ էր։


Մի անգամ անկողնում թավալ էի գալիս անգործության մատնված,երբ հեռախոսս զանգեց։
-Ի՞նչ ես անում։
-Բացարձակապես ոչ մի բան։ Ինչուուուու՞։
-Արի գնանք կորենք էլի..
-Հա՞յկ։ Ինչ-որ բա՞ն ա եղել։
-Չէ,արի էլի։ Ուղղակի արի։


Հեռախոսով ձայնդ միշտ այնքան կոպիտ էր հնչում։ Բայց ես դրան սովոր էի։ Սովորեի,որ այդ կոպտությունը պետք է վերագրեմ ոչ թե իմ հասցեին,այլ քո անփութությանը։ “Արի կորենք” արտահայտությունն ասելիս մենք..ու երևի միայն մենք նույն բանն էինք հասկանում`արի գնանք ոչ մարդաշատ տեղ զբոսնելու,ուզում եմ կտրվել աշխարհից։


Մենք կորելու մեծ մասնագետներ էինք։ Առանց փողոցների անուններին ուշադրություն դարձնելու այնքան էինք շրջում,մինչև ի վերջո մեզ համար անծանոթ անուն էինք գտնում։ Հիշում եմ,որ մի անգամ բավականին երկար ժամանակ ծիծաղում էինք այդպիսի փողոցներից մեկի անվան վրա…Մենք շատ-շատ ենք միասին ծիծաղել…
Մի քիչ բամբասեցինք դեսից-դենից, քչփորեցինք սրա-նրա կյանքը, պատմերց մի երկու բան, մի քիչ էլ ծիծաղեցինք,երբ հանկարծ Հայկը կանգ առավ թթի ծառի տակ ու ասես վերջապես ասաց այն նախադասությունը,ինչի համար հանդիպել էինք։ Համենայն(ա) դեպս ինձ այդպես թվաց։








-Լսի՛ր,ես այն օրը Գրիգորենց տանն այդպես էլ չգտա ձեռքիդ անոթազարկը։ Այդ ի՞նչ կախարդանք էր։
-Էէէ.Ցնդածի մեկը,ոչ մի կախարդանք էլ չկար։ Ձեռքիս անոթազարկը միշտ էլ չափազանց թույլ է եղել։ Դա երևի այն բացառիկ բաներից էր,որ չգիտես իմ մասին։
-Բայց ես չգիտեմ էլ,թե որտեղ է անոթազարկդ ուժեղ։
-Այ  տղա,այդքան կարևո՞ր է։
-Եթե կարևոր չլիներ,չէի հարցնի։
-Տեսնու՞մ ես քունքիս վրա ընդգծված երակը։ Տեսա՞ր։ Այ եթե մատներդ դնես դրա վրա,անպայման կզգաս այդ զարկերը։ Մեկ էլ պարանոցի վրա ունեմ շատ ուժեղ։ Բայց պարանոցիս չդիպչես։ Դու հո գիտես,որ դա իմ թույլ տեղն է։


Եվս երկու քայլ արեց դեպի ինձ։ Երբեք այսքան մոտիկ կանգած չէր եղել։ Հայացքն առանց աչքերիցս կտրելու իրար ամուր սեղմած ցուցամատն ու միջնամատը հպեց ձախ քունքիս։ Այնուհետև մատներն  սկսեց անփութորեն սահեցնել այտերովս.ասես պատահաբար սկսեց շոյել ծանրացած շնչառությունից կիսաբաց շուրթերս և ի վերջո մատները հասցրեց պարանոցիս`դանդաղ շարժելով,ասես երբևէ այդ նույն մատներով չէր շոշափել զարկերակս… Ճկուն շարժումներով գտնելով զարկերակս` սկսեց մատներով շրջանագծեր անել պարանոցիս վրա։ Նա գիտեր,դա իմ թույլ տեղն է։ Առաջ ձգելով պարանոցս`անհույս փորձ էի անում շուրթերովս ավելի մեծ քանակութամբ օդ գրկել։ Խեղդվում էի։ Փոքր-ինչ դողացող ձայնով ասաց.
-Սիրտդ բավականին արագ է աշխատում…


Այդ պահին մեր հատկանիշներից,շարժումներից ու ժեստերից զատ ձուլվեցին նաև մեր շուրթերը…


Ընկերությունից դեպի սեր ճանապարհ կա,սիրուց դեպի ընկերություն`երբեք…




3 комментария:

Ed Osipov комментирует...

shat klavn eer misht hetevum em

Liana Keleshyan комментирует...

shat lavna dzer grac amen mi tox@ mec sirov 2ntercum aprum em drancov

Liana Keleshyan комментирует...

shat lav es grum shat em sirum u misht hetevum em

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...