воскресенье, 8 июля 2012 г.

Սեր կես դրույքով






Երբ դեռ շատ փոքր էի,ինձ հաճախ ասում էին,որ Լուսնին երկար չնայեմ,այլապես ցածրահասակ կմնամ։ Փոքրիկ երևալու վախից հինգ րոպե ժամկետով թեքում էի գլուխս այդ շքեղ տեսարանից,հետո,շատ կարճ հիշողություն ունենալու պատճառով,նորից հետ էի վերադառնում նախկին զբաղմունքիս։ Երբ Լուսնի`Արևից գողացված շողերը շաղակրատելով քսմսվում էին տղամարդու նման մռայլ ու սև Երկնքին,թվում էր,թե սիրային փոքրիկ խաղ է աչքիդ դիմաց ընթանում։ Իհարկե,այն ժամանակ ես դա չէի հասկանում։ Պարզապես բնազդաբար նայում էի դրան։ Ձգում էր,հասկանու՞մ եք…




Մի օր բակում խաղալիս խոսքի մեջ օգտագործեցի “բնազդաբար” բառը։ Իսկ տարիքով ինձնից մեծ մեկն սկսեց ծիծաղել`նկատելով,որ ես կենդանի չեմ`բնազդով ինչ-որ բան անելու համար։ Ըստ երևույթի փորձում էր խելացի ինչ-որ բան ասել…


Գիտությունը պնդում է,որ բնազդ համարվում է մի քանի ոչ պայմանական ռեֆլեքսներից բաղկացած համալիրը,որն օգնում է օրգանիզմին ճիշտ կողմնորոշվել և հնարավորինս լավ կյանք ստեղծել թե՛ իր,թե՛ սերունդների համար։


Մի քանի ամիս առաջ այսպիսի մի արտահայտություն ինձ թույլ տվեցի. “Սերն ընդամենը ներքին պահանջ է,բնության կանչ։ Մենք ցանկանում ենք սիրել ու սիրվել մեկ տրամաբանական ելքով`սերունդ տալու նպատակով։ Իրականում դրա մեջ ոչ մի գերբնական բան չկա։ Իրականում որքան էլ ցիվիլիզացված լինենք,մեր մեջ խոսում է մեր բնազդը,այն է թե`իրագործել բնության կողմից մեզ տրված գլխավոր նպատակը`ցեղը շարունակելու գաղափարը։Սերն ուղղակի գործիք է։”






Բավականաչափ տրամաբանական և սենտիմենտալությունից զուրկ ակնարկ էր։ Փոքրիկ բացատրություն էր այն ամբողջ ռոմանտիկային,որն ինձ այդպես էլ հասու չդարձավ։
Սերն ուղղակի ճշգրիտ հաշվարկ էր բնական գիտություններում։
Չգիտեմ էլ հա~,ես ավելի շատ գիտնական եմ,թե աղջիկ։ Թերևս տարօրինակ հարց է,բայց ախր իմ միջի աղջիկն ուրիշ տեսակետ,ուրիշ տեսություն,ուրիշ տեսողություն ու ուրիշ տեսք ունի…


Նա`այդ աղջիկը,մի օր ականջիս մեջ կամացուկ շշնջաց,որ իմ այդքան սիրելի գիտակցությունն այնքան էլ զորեղ չէ իր Սիրելիի կերպարը կոծկելու համար։Նույն հանգստությամբ նա ավելացրեց,որ որքան էլ լարեմ ուղեղս,մտքերս,որքան էլ փորձեմ կենտրոնանալ փորձանոթերում եռացող կյանքի վրա,միևնույնն է,նա թույլ չի տա,որ սիրտս այդժամ հագնիստ,բնականոն բաբախի։ Նա`ոչ թե այդ աղջիկը,այլ նա`աղջկա Սիրելին։


Գիշերներն ինձ չեն սիրում…
Երբ տանջալից օրվանից հետո միջիս հոգնած գիտնականն իր լուրջ ու խելացի մտքերն  առնում,գրողի  ծոցն է գնում ու անուշ քուն է մտնում,ուղեղիս և սրտիս վրա սկսում է իշխել ինքը`նորին մեծություն Սիրահարվածությունը,որն օրվա ընթացքում`որպես չար կախարդի կողմից անիծված մի արքայադուստր,որ պահում էր հեռու-հեռավոր իմ սրտում`յոթ կապանքների տակ։ Բայց գիշերն անույշ է,գիշերն հեշտագին…


Այն քնեցնում է այդ կապանքների վրա նստած հրեշին`միջիս այն սառը,կոպիտ ու ռեալիստ Գիտնականին, ու բաց է թողնում այդ քնքուշ էակին։ Թույլ է տալիս,որ իր անմեղ հրեշտակային հայացքով խրի իր սուր ճիրանները հոգուս մեջ ու ծծի այնտեղ կուտակված այն ամբողջ դրականը,որին պիտի առավոտյան ապավիների։ Բայց չէ~,նա դատարկում է ներսս`կուլ տալով ամեն ինչ..Դատարկում է,բայց ներսս դատարկ չի թողնում։ Բնավ։ Այլ ներարկում է իր թույնը,որն աստիճանաբար քայքայում է ներսում գտնվող ամեն ինչ։ Կուլ է տալիս այն,ինչ դեռ մնացել է։ Քայքայում է, սպանում, պլոկում,քերում ու քերթում..Այդ փրկարար Թույն աստիճանաբար ներծծվում է արյանս մեջ ու ամեն 27 վայրկյանը մեկ արյան հունով խառնվում է սրտիս հետ`աստիճանաբար սեղմելով նրան ու ճնշելով այնպես,որ սիրտս սկսի նվաղել..Թուլանում եմ…



Այդ փրկարար Թույնը… այն ստիպում է հիշել այն ամենը,ինչ կարող է ինձ ցավ պատճառել։ Այն ստիպում է հիշել Նրա ասած բոլոր “ծուռ” բառերը,նրա բոլոր այն քնքուշ ու սիրով լցված հայացքները,որոնք բնավ ինձ չեն ուղղված։ Այն ստիպում է հիշել Նրա`անհատակ ու ծովի ալիքների նման կանչող ու գայթակղող աչքերն այն պահին,երբ խոսում էր իր միակի`Սիրելիի,բայց բնավ ոչ իմ մասին…


Քո Աչքերը..Հա,դրանք են նման են Ծովի դանդաղ շարժող ու սեթևեթող այն ալիքներին,որոնք կանչում են քեզ իրենց գիրկը, կանչում են`խոստանալով իրենց սերն ու քնքշանքը,խոստանալով,որ իրենց գրկում կլինես ազատ,երջանիկ, երկրպաագված ու…
Իրականում նրանց հմայքով գայթակղված դու խելագարի նման առանց հասկանալու քայլում ես դեպի նա`դեպի ծովը,դեպի նրա աչքերը,չհասկանալով,որ դեպի այդ կողմ կատարվող ամեն քայլով մոտենում ես մի փոթորիկի,որը քեզ ողջ չի թողնելու։ Այլ ամբողջ ուժով հարվածելու է մոտակա այն ժայռերին, որոնք քիչ մահ չեն տեսել…Իրականում դու վաղուց արդեն հայտնվել ես Ծովի հատակին`նրա աչքերի խորքում։ Իրականում դու արդեն հոգեվարքի մեջ ես..


Հոգեվարքի մեջ ես,բայց ոչ մահացած,քանզի դու սիրում ես…Սերը սրտում մահանալն անհնար է։ Իրականում այդպես սիրելն ավելի քիչ պարտավորեցնող է,իրականում այդպես սիրելն էլ ուղղակի հիանալի է։ Դժվար է,բայց ախր այնքան գեղեցիկ..երբ ուրախանում ես ամեն պարզ բառից,երբ աշխարհը քոնն է հանկարծակի կամ էլ ոչ այնքան,բայց արտաբերված քնքուշ բառից։ Իրականում դա է իսկական սերը,զի անպատասխան սիրուց այն կողմ բոլոր սերերն ունեն պարտականություններ ու իրավունքներ։ Կներեք,դա արդեն սահմանադրություն է…Իսկ ես սիրում եմ..ու կապ չունի թե ինչպես..կարևորն այն է,որ ես ապրում եմ… Ուղղակի գիշերը..դաժան գիշերը…ու նրա թույնը…



Թերթում եմ այն ամենն,ուր կարող եմ քեզ գտնել։ Նամակներս, էլեկտրոնային հասցես, տետրերս, կյանքս, անգամ մատներս եմ թերթում,զի դրանք քեզ զգացել են։ Թե կարողանայի աչքերս էլ կթերթեի…Թե կարողանայի…

Գիշերը դաժան է,գիշերը նենգ…

Ու երբ արդեն լուսանում է,հասկանում եմ,որ շուտով պիտի սկսի առօրյայիս մյուս մասը։ Այն մասը,որտեղ դու չկաս,որտեղ ես քեզ իբր թե չեմ սիրում,որտեղ սերն ընդամենը բնության կանչ է,որտեղ ամեն ինչ ունի իր տրամաբանական և հաշվարկային բացատրությունը։ Կյանքիս այդ էջում կարելի է քեզ տեսնելիս անընդհատ աճող արագությամբ աշխատող սրտիս կարգավիճակը բացատրել նրանով,որ քո բույրն իմ օրգանիզմում ինչ-ինչ հորմոններ է առաջացնում։ Բայց այ ինչու հենց քո բույրը…դրա պատասխանը ես փնտրում եմ կյանքիս երկրորդ հատվածում։ Ինքս ինձնից թաքուն,մեղմիվ թաքցրած ու զգույշ պահված երկրորդ հատվածում..Քո հատվածում...Սիրում եմ քեզ։  Անպատասխան,տանջված, ցնդած,թե չհասկացված..կապ չունի…ես գոհ եմ..Ես սիրում եմ…






1 комментарий:

Анонимный комментирует...

Շնորհակալ եմ, ես կարդացի այս նյութը և այնքան էի ընկղմվել դրա մեջ, որ երբ ավարտվեց ես մի պահ լռեցի... այնքան խորն էին ապրումները, այնքան ծանոթ... նույնիսկ թվաց ես ներկա էի, ես տեսնում էի, ես գիտեի... շարունակեք գրել.. գիշերը դուք դառնում եք հեքիաթ ու բացվում ծաղկի նման... բացվեք խնդրում եմ...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...