суббота, 30 июня 2012 г.

Օրագիր

6:47
Գրողը տանի~,կլինի՞ գեթ մի օր,որ կարողանամ գոնե մինչև յոթը քնել։ Չեմ ուզում այսքան շուտ ամեն ինչ սկսվի..

6:52
Բարի գալուստ գլխացավ։ Արդեն հինգ րոպե է,ինչ քեզ եմ սպասում։ Ապրես,որ եկար։ Ես այլևս մենակ չեմ։

7:00
Ու թե ինչու այսքան արագ պատրաստվեցի,որ հիմա պարապ նստեմ։ Չէ,լավ,պարապ նստել հնարավոր չէ, հազարավոր գործեր կան անելու։

7:14
Խնդրում եմ քեզ,ի սեր բոլոր սրբերի,գոնե հինգ րոպե լքիր միտքս,թող գործերիս վրա կենտրոնանամ։ Աղերսում եմ,հինգ րոպե մենակ թող ինձ..Ատում եմ քո սին ներկայությունն իմ կյանքում։ Սին,դատարկ։ Ատում եմ քո աններկա առկայությունն իմ մտքում։ Խանգարելուց զատ ուրիշ ոչինչ չես անում։ Սիրում եմ քեզ..

7։43
Հա,իհարկե քնած կլինես։ Հանգիստ,հրեշտակային քնո~վ։ Փակ աչքերդ,կիսաբաց շուրթերդ,որ պիտի թույլ տան քեզ ավելի խորը շնչել...Քնած ես..սիրու~ն։ Բայց չէ, դուրս արի ուղեղիցս թեկուզ քո աստվածային գեղեցկությամբ։ Չեմ ուզում այն տեսնել։ Գնա,գնա գրողի ծոցը։ Հանգիստ թող ինձ...Գնա~..







7:64
Գնամ սուրճ եփեմ...

8:24
Իսկ հետաքրքիր է,մարդիկ մահացած ժամանակ հիշողություններ ունենու՞մ են։ Արդյո՞ք նրանք տեսնում են այն ամենը,ինչ ապրել են։ Իսկ տեսնու՞մ են այն,ինչ ցանկացել են տեսնել,բայց այդպես էլ չի ստացվել։ Չէ,ես հասկանում եմ,որ մի քիչ անհասկանալի բան եմ հարցնում։ Բայց ախր եթե այդպես է,ես դեռ չեմ կողմնորոշվել,մահացած ժամանակ նախընտրում եմ քեզ հետ ունեցած հիշողություններս վերապրել,թե՞ քեզ լրիվ դուրս հանել դրանց միջից։ Չնայած այն հիշողությունները,որտեղ դու անձամբ կաս,չափազանց երջանիկ են։ Մնացածները,առանց քո գլխավոր դերակատարության,ամբողջական տանջանք են։ Այս առավոտը վկա։ Փիլիսոփայում եմ արդեն։

8:35
Դասից ուշանում եմ։ Ուշանու՞մ եմ։ Արդեն ուշացել եմ։ Լավ,ոչինչ,կդիմանամ։ Տեղիցս հազիվ վեր կենալով հասնում եմ ննջասենյակ..Շողք եմ տեսնում։ Սեփական արտացոլումը հայելու մեջ։ Գրողը տանի,այս ի՞նչ եմ դարձել։ Ես օրինակ ինձ նայելիս հաճույք չեմ զգում։ Գարշելի եմ։ Միակ ուրախացնող բանը արտաքինիս մեջ բնության կողմից տրված մազերիս զվարթ գույնն է։ Ոչինչ,սենց մի քիչ էլ շարունակեմ,դրանք էլ կսփրթնեն։ Ինչ էլ գոհ եմ արածիցս։ Աչքերս աստիճանաբար փոսերի մեջ են ընկնում։ Գարշելի եմ,գարշելի։ Ու ինչու՞ եմ զարմանում,որ չեն սիրում ինձ..Չնայած չէ~,դրա վրա ես չեմ զարմացել։ Ես զարմացել եմ,որ ունակ եմ դեռ սիրելու։ Ու ես ընդհանրապես չեմ էլ պահանջում,որ ինձ սիրեն։ Հա,հենց այդպես։ Ես պահանջում եմ,որ նա լքի իմ միտքը,սիրտը կամ չգիտեմ էլ ինչպես են ասում տափակ մելոդրամաներում...Դիմագծերս..նախկին տեսքիցս պահպանված միայն կողմն են։ Դասից ուշացա..





9:45
-Լսի՛ր,դու թուլություններ էլ ունե՞ս։
-Ե՞ս։ Ես չափազանց մեծ կամքի ուժ ունեմ ինձ թուլություններ թույլ տալու համար։

Ու մարդիկ ինձ միշտ են հրեշավոր պատկերացրել։ Մի անգամ էլ մեկը իմ արած ամբողջ պատմությունից նկատել էր "զայրացել էի" արտահայտությունն ու ակամա զարմացած ու պլշած աչքերով հարցրել էր."Ինչպես թե,դու զարյանում է՞լ ես։ Ես կարծում էի միշտ հավասարակշիռ վիճակում ես"։ Բայց ես հո չէ՞ի ասի,չէ գիտես, իմ միակ ու ամենամեծ թուլությունը հիմա դեռ քնած է իր տանը,իսկ զայրանլիս երբեմն այնպես եմ քերթում սեփական մաշկս, որ եղունգներիս տակ արյուն է հավաքվում..

12:07
Պիտի որ արդեն արթնացած լինես։ Գիտե՞ս,դու օրս ակամա բաժանում ես երկու մասի։ Երբ դու քնած ես,երբ դու արթուն ես..

13:44
Բայց ախր դու ինձ երբեք էլ չես ստորացրել,որ քեզ հետ "հպարտություն-հպարտություն"խաղամ։ Ու չես էլ վիրավորել կամ նեղացրել։ Դու մեղավոր չես իմ աղջկական թուլության համար։ Իմաստ չունի քեզ մտքի մեջ հայհոյելը։ Իրականում պիտի սեփական Ես-ս փնովեմ։ Դու մեղավոր չես խելացի ու գեղեցիկ լինելուդ համար։Հա-հա,հենց այդպես...Գրողը տանի։ Դու արթնացար,ես սկսեցի արդարացնել քեզ..






15:02
Չեմ գրելու։ Վերջ։ Թող ինքը գրի։ Ես չեմ գրելու։

15:05
Բայց ախր շատ-շատ կարևոր բան ունեմ հարցնելու...

15:07
Ու՞մ եմ խաբում։ Ի՞նձ։ Ինչ էլ լինի,ես հաստատ մի "շատ-շատ կարևոր" հարց կգտնեմ քեզ տալու համար։

15:13
Ես ասում էի չէ,դու իմ միակ թուլությունն ես։ Իմ միակ մեղքը։ Իմ միակը ճակատագրով..

16:42
Մի՞թե իրոք չէիր լսել հաղորդագրության ձայնը։ Չէ~,ես քեզ հավատում եմ։ Դու ինձ չէիր խաբի։ Ասում ես,որ նամակս ուրախացրեց քեզ։ Էլի հավատում եմ։ Միամի~տ։ Էհ,թույլ տվեք միամիտ լինել։ Բայց ես նրան հավատում եմ։ Նա չափազանց մաքուր է հետս խաղալու համար...

17:38
Լսիր,երիտասարդ,գուցե մի քանի րոպե էլ հեռանաս գլխիցս ու թույլ տաս տնայիններս վերջացնել։ Կանխավ շնորհակալ եմ։ Հարգանքներով`միշտ քո...

18:45
Ու եթե դու չլինեիր,ու՞մ հետ էի մտքում այսքան կռիվ տալու։ Լավ է,որ կաս դու..

19:42
Ու թվում է,թե չկա անպատասխան սիրուց ավելի մեծ զգացմունք։ Որովհետև այն չի պահանջում,չի սպասում,չի ենթարկում ու ենթարկվում։ Որովհետև այն ուղղակի գոյություն ունենալու իրավունք է ակնկալում։ Այն պարզապես ցանկանում է ապրելու հնարավորություն ունենալ,իսկ թե ինչպես թթվածին կհայտնաբերի շնչելու համար,դա արդեն երկրորդային է։ Անպատասխան կոչված այդ սերը չի պահանջում պատասխան,չի սպասում բարեհամբույր վերաբերմունքի, չի ցանկանում լինել փայփայված ու խնամված։ Պարզապես ցանկանում է լինել..Այն չի նեղանում ու չի վրդովվում։ Որովհետև դրա իրավունքը չունի։ Զի նա հազիվ գոյություն ունենալու իրավունքն է ստացել.. Հաճախ է նա թաքուն ապրում,խնամքով պահված կյանքի կամ սրտի մի մութ անկյունում։Խորը թաքցված։ Էլի փիլիսոփայում եմ..




20:14
Վայ,ես մոռացել էի ընթրելու մասին...

22:46
Գնա էլի։ Կգնա՞ս։ Չէ՞։ Դե լավ,մնա...

00։01
Լավ է ես սիրեմ անպատասխան,միակողմանի, բայց սիրեմ։ Թող ներսս լի լինի։ Գրողը տանի,թող տանջանքով,սեփական ու անձայնացված տանջանքով, բայց գոնե լցված լինի։ Թող հոգիս լցված լինի մի բուռ արցունքով, կուտակված մի ցավով, չարտահայտված մի կույտ բառերով կամ ներսից կրծող կասկածներով ու երկմտանքով։ Բայց թող լցված լինի։ Չեմ ուզում ես դատարկ լինել.. Լավ է մտքում հետդ անընդհատ վիճեմ, քո մի բառից ոգևորվեմ,մի չասած տողի պատճառով նեղանամ ամբողջ աշխարհից,բայց թող ապրեմ։ Ապրեմ քեզնով,բայց առանց քեզ։

02:78
Մե՛կ դու,մե՛կ գլխացավը..ասես աշխարհ եք եկել,որ ինձ մենակ չզգամ։ Լավ,գլխացավը գոնե ֆիզիկապես էլ է կողքիս,ինձ հետ։ Դու այդ էլ չես անում։ Գալիս,"ծիկ" ես անում,խառնում ես ամեն ինչ իրար ու գնում ես։ Գո՞հ ես արածիցդ։

03։12
Հետաքրքիր է,եթե մի օր իմանաս մտքերիս մասին,կնեղանա՞ս։ Բայց ախր ես քեզ չեմ փնովել։ Ընդհամենը հեռվից-հեռու սիրել եմ։ Մմմ..դու դեռ ոչինչ չգիտես,իսկ ես արդեն արդացանում եմ ինձ։ Ու եթե զայրացել էլ եմ վրադ,լավ եմ արել։ Հենց այդպես..

04:23
Անպատասխան կոչված այդ սերը չի նեղանում ու չի վրդովվում։ Որովհետև դրա իրավունքը չունի...Գնամ,քնեմ...

05:96
Ինչքան էլ թվա,որ օրս տանջանք է,քունս կիսատ,մտքերս`խառը,միևնույնն է գոհ եմ բոլոր երկրային ու երկնային ուժերից,որ քեզ`ինձ են տվել։ Ինձ են տվել միայն մի շնչով,փոքրիկ մի մասունքով,որ պահեմ մտքումս,ներսումս։ Բայց ես երջանիկ եմ,որ ունեմ քեզ։ Թեկուզ և այսպես։ Գոհ եմ,որ կաս։ Այսպես ես դատարկ չեմ։ Այսպես ես ապրում եմ։ Չեմ գոյատևում։ Այլ ապրում եմ..վառվում եմ։ Չեմ ցամաքում։  Ուզում եմ հեռվից գոնե տեսնել քեզ`մեկին,ում կյանքում գոյություն ունենալու գաղափարն արդեն հարստացնում է ինձ։ Շնորհակալ եմ։ Բարի գիշեր,Սիրելի՛ս։ Սիրում եմ քեզ..




3 комментария:

Knarch комментирует...

իսկ ես ամեն անգամ թաքուն հետևում եմ ես բլոգին ու ամեն անգամ ապրում եմ բոլոր պոստերը, սիրուն ես գրում ...:)))

♥Նեո комментирует...

վաաա~խ,շնորհակալ եմ շատ :)

Анонимный комментирует...

շատ հետաքրքիր է շատ սիրուն է գրված ամեն ինչ...))))

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...