суббота, 19 ноября 2011 г.

Նրանք միշտ ժպտում են կամ գերմանական սովորույթներ մաս 2

Առաջին գրառումս կարող եք ընթերցել այստեղ։
Չէի կարողանում շարունակել առաջին մասը,քանզի այլ բառեր էին գալիս ու խեղդում ինձ`չթողնելով,որ խոսեմ հենց Գերմանիայի մասին։ Այսօր ձեզ եմ ներկայացնում վաղուց սպասված գրառումը :)

1. Նրանք անխուսափելի բնապահպաններ են
Յուրաքանչյուր գերմանացի իր կյանքի պարտավորությունների առաջին շարքերում կանգնեցնում է բնապահպանությունը։ Գերմանիայում գրեթե հնարավոր չէ տեսնել մեկին,ով իր կերակուրի մնացորդները,անձեռոցիկը կամ առավել ևս այրվող ծխախոտը կնետի պարզապես փողոցում։ Բացի այդ նրանք տարբերակում են աղբարկղերը`թղթի,մետաղների,փաթեթավորման,սննդի մնացորդների...


Ու ըստ աղբարկղերի "մասնագիտության" դրանք ուղարկվում են համապատասխան գործարաններն ու վերարտադրում են`խուսափելով աղբի հսկայական քանակից։ Գերմանացիները անում են հնարավոր ամեն ինչ,որպեսզի հասարակական տրանսպորտի փոխարեն հեծանիվ օգտագործեն կամ քայլեն։Նախ դա օգտակար է առողջությանը,իսկ երկրորդ`բնությանը։
Գերմանիայում ամեն տարի անցկացվում են բնապահպանական հարյուրավոր կոնֆերանսներ և դասընթացներ։Բազում կամավորներ շրջում են երկրներով`արտասահմանում քարոզելով մաքրությունն ու բնապահպանությունը։ Նրանք նաև անհույս կենդանասերներ են։ Գերմանիայում ԱՆՀՆԱՐ Է տեսնել թափառող ու փողոցային շուն։ Եթե ինչ-որ մեկը շուն է գնում,ապա այդ շան մաշկի տակ փոքրիկ չիպ են տեղադրում,որը պարունակում է շան տիրոջ մասին ամբողջ ինֆորմացիան։ Ու եթե հանկարծ շունը հայտնվի փողոցում կամ կորի,նրա տիրոջը կարելի է մի քանի րոպեի ընթացքում գտնել։Իսկ եթե ինչ-որ մեկը հրաժարվելով իր շնից`նրան տանում է ոչ թե համապատասխան կացարան,այլ ուղղակի դուրս է քցում,ապա նրան սպասում է տուգանք`իր աշխատավարձի քառապատիկի չափով կամ մինչև մեկ տարի ազատազրկում...


2.Նրանք միշտ ժպտում են
Ես ինքս էլ Գերմանիայում հաճախ էի հեծանիվով զբոսանքներ կազմակերպում։ Հաճախ ընթրիքից հետո վերցնում էի հեծանիվն ու մեկ ժամ  շարունակ ուղղակի քշում էի`վայելելով հիանալի բնությունն ու...մարդկանց ժպիտները։ Հատկապես հեծանիվով զբոսնելիս հաճախ ստիպված ես լինում մարդկանց խնդրել,որ ճանապարհ տան,կամ զգուշացնել սեփական ներկայության մասին։ Ու հենց այդ պահերին,երբ դու հայացքով հանդիպում ես ամենասովորական հետիոտնի հետ,նա այնպես ջերմ ու բարյացկամ է ժպտում,որ հոգիդ մի տեսակ տաքանում է։Ուզում ես նրանց ամուր գրկես ու սեղմես կրծքիդ։ Ու դա միշտ է այդպես։ Ու ոչ միայն հեծանվավորդների հետ։ Պարզապես երբ հեծանիվ ես քշում,մարդկանց հետ հայացքներով ավելի շատ ես հանդիպում`հասկանալու,թե նրանք որ կողմ են շարժվելու..Հանդիպեց ձեր հայացքը ինչ-որ մեկի հե՞տ։Ուրեմն դու կվայելես նրա ժպիտը։Դա ինձ համար այնքան զարմանալի երևույթ էր մեր համատարած մունաթների ու ֆնչոցների կողքին։Մի անգամ,երբ Հայաստանում մի աղջկա ժպտացի,ետևիցս բացականչեց.
-Էս գիժն ո՞վ էր։
Ու ես ափսոսացի նրան շռայլած ժպիտս..


3. Գերմանիայում ուսուցումը խիստ է
Գերմանիայում գոյություն ունեն բազմապիսի դպրոցներ,Գիմնազիաներ,քոլեջներ,բարձրագույն հաստատություններ։Հետաքրքիրն այն է,որ յուրաքանչյուր համալսարան կամ բարձրագույն հաստատություն ունի իր հստակ կողմնորոշվածությունը։ Այսինքն,եթե մեր ԵՊՀ-ում կարող եք ուսել լեզուներ,ծրագրավորում,իրավագիտություն ու տնտեսագիտություն,ապա Գերմանիայում դրանցից յուրաքանչյուրն ունի իր մասնագիտացված համալսարանը`այն էլ ոչ միայն մեկը։ Այնտեղ անվճար սովորելը բավականին խրթին գործ է։Սակայն հենց գերմանացիների համար ավելի դժվար է ավարտել համալսարանն ու ստանալ դիպլոմ։ Նրանք իրենց համալսարական վերջին տարին կարող են ձգել մինչև տասը տարի,քանզի հաճախ դժվարանում են իրենց դիպլոմային աշխատանքները գրելու մեջ։ Այսինքն,այդտեղ համալսարանից դուրս մնալն էլ հեշտ գործ չէ :)
Ու մի հետաքրքիր փաստ էլ։Գերմանական ուսանողների մեջ շատ հաճախ հանդիպում են ոստիկանության,ազգային անվտանգության և տարբեր խոշոր կազմակերպությունների անդամներ,որոնց իրական դեմքը ոչ ոք չգիտե։Այսինքն նրանք ամենասովորական ուսանողների նման հաճախում են համալսարան`ուսումնասիրելով իրենց "կուրսեցիներին" և յուրաքանչյուրի մասին որոշակի ինֆորմացիա հավաքելով։Ու այդ նույն տեղեկություն ելնելով այս կամ այն կազմակերպությունը կգտնի իր համար ձեռնտու ուսանողներին..

4. Գերմանացիները գարեջրի սիրահարներ են
Չնայած Գերմանիայում խմիչք գնելու համար առնվազն պետք է տասնութ տարեկան լինել(մինչ անցած տարի գարեջուր գնելու համար պետք էր լինել տասնվեց,սակայն օրենքը փոխվեց),այնուամենայնիվ գերմանացի պատանիները ինչ-որ կերպ հաղթահարելով հզոր պաշտպանությունը կարողանում են գնել իրենց սիրելի գարեջուր։ Ոչ մի ֆեստիվալ չի անցնում առանց գարեջրի։ Իսկ այ մեծահասակներն իրենց երեկոները հաճախ անցկացնում են մի բաժակ գարեջրի շուրջ։ Դեռ միջնադարում գերմանացիները հաճախ կազմակերպում էին գարեջրի մատուցողուհիների մրցույթներ։ Նրանք իրոք պետք է մասնագիտացված լինեին իրենց գործում,որովհետև հատկապես կնոջ համար մեկ ձեռքով գարեջրի հսկայական վեց բաժակ բռնելը հեշտ գործ չէ։ Այդ մրցույթներն,ինչ խոսք,էլի ուղեկցվում էին գարեջրով։
Ի դեպ Գերմանիայում գարեջուրն այնքան էժան է,որ հիմա քննարկման է դրված խմիչքեղենի գինը բարձրացնելու օրենք,որպեսզի այն երեխաների գրպաններին այլևս հասանելի չլինի...

Գերմանիան,ինչ խոսք,աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է։Նրա մշակույթ տարբեր է ու բազմազան։Փորձեցի ձեզ ներկայացնել նրա ջերմ արևից մի կտոր,որպեսզի ցրեմ այն թյուր կարծիքն այդ հիանալի ազգի մասին։ Վերջիվերջո առանց տեսնելու կարծիք ձևավորել պետք չէ..


3 комментария:

Mane комментирует...

hetaqrqirer....shaaat chisht baneres asum Mariam jan

♥Նեո комментирует...

Շնորհակալ եմ շատ Մանե ջան

Unknown комментирует...

Lavn er , Hastat.

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...