понедельник, 24 октября 2011 г.

Գերմանիան իմ աչքերով կամ գերմանական սովորույթներ

Վաղուց խոստացել էի,որ մի գրառում կնվիրեմ գերմանացիներին և նրանց հին ու բարի և նոր ու անսովոր սովորույթներին։

Ինձ տրվող հաճախ հարցերի շարանում առաջին հորիզոնականը զբաղեցնում է իմ ծագմանը վերաբերող հարցը։Շատերը,ուսումնասիրելով իմ արտաքինն ու մտածելակերպը,հաճախ հանգում են այն եզրակացությանը,որը ես կա՛մ արտասահմանցի եմ,կա՛մ էլ լավագույն դեպքում ոչ զտարյուն հայուհի։Ու ամենահետաքրքիրն այն է,որ արտասահմանցիներից ամենահաճախ ինձ հենց գերմանացիների հետ են նմանեցնում,ո՞րն է պատճառը,հիմա կհարցնեք դուք,սակայն շտապեմ ձեզ հիասթափեցնել։Չգիտեմ։Ասեմ նաև,որ ես այն ձևավորներից չեմ,որ խոսքիս մեջ գերմաներեն բառեր օգտագործեմ,որ ցույց տամ`տեսե՛ք,տեսե՛ք,ես լեզվին այնքան եմ տիրապետում,որ ամեն երկրորդ բառս այդ լեզվով է հնչում։Քավ լիցի։



Անցնենք բուն Գերմանացիներին։Սակայն մինչ նրանց սովորույթներն ուսումնասիրելը կցանկանայի ասել,որ բոլոր կետերն իմ ուսումնասիրություններից ու իմ բարեկամ-ընտանիքի պատմածներից ստացված ուսումնասիրություններն են։Ես եղա դպրոցում գերմաներեն ուսանող խմբի լավագույն աշակերտներից մեկը,և Գերմանիայի Դաշնության դեսպանությունը գտավ,որ ես վաստակել եմ իրենց հայրենիքում մի անգամ երկու շաբաթ,իսկ մյուս անգամ երկու ամիս ապրելու և գիմնազիա այցելելու համար`նույն դեսպանության հաշվին։
Այսպիսով,սկսեցինք.

1.Գերմանացիները սառը ազգ չեն
Այո՛,այո՛։Սրա մասին կարելի է ասել մի առանձին գրառում ունեմ`Գերմանական ջերմություն անունով։Սակայն այդտեղ ես ավելի շատ խոսել եմ այն ընտանիքի մասին,որտեղ ես երկու ամիս և երկու շաբաթ ապրեցի։Հիմա ավելի մանրամասնորեն կներկայացնեմ ազգի ընդհանուր պատկերը։
Համաշխարհային պատերազմից հետո մեր տատիկ-պապիկերի մոտ տպավորված գերմանացիներն ամենևին էլ այն մարդիկ չեն,ովքեր կան հիմա իրականում։Եթե պատմության դասընթացին ուշադիր եք եղել,ապա կիմանաք,որ Գերմանիան բաժանված է եղել Արևմտյան և Արևելյան հատվածների։Ու քանի որ Արևմտյան հատվածը եղել է աշխարհի "պապաների" ձեռքի տակ,պատերազմից հետո շատ արագ է վերականգնվել ու ձևավորել հզոր տնտեսական համակարգ,երբ Արևելյան Գերմանիայում մի տանը յոթից-ութ հոգի էր բնակվում։Այսքանն ասացի,որպեսզի պատկերացնեք,թե ինչպիսի տարբերություն կա Արևմտյան և Արևելյան հատվածների ժողովրդների մեջ։Եվ այսպիսով այդ սոցիալական և քաղաքական տարբերությունն էլ իր ազդեցությունն է թողնել մարդկանց հարաբերությունների վրա։Քանի որ Արևելյան հատվածում մարդիկ ավելի ցածր խավի են պատկանել(հիմա այդ տարբերությունը գրեթե այլևս նկատելի չէ),ավելի շփվող և ավելի մարդամոտ են,քանզի նրանք միշտ ունեցել են մեկը մյուսի աջակցության կարիքը։Ու չնայած.որ նրանց մեջ կա այդ տարբերությունը,պետք է հանգիստ սրտով ասեմ,որ նախկին Արևմտյան Գերմանիայի ժողովուրդը նույնպես բարեհամբույր և ժպտերես է(ուղղակի Արևելյան հատվածում ապրելով տեղի բնակչությունն ավելի սիրեցի)։

2.Գերմանացիները ճշտապահ են
Գերմանացիների մասին տարածված այդ կարծրացած կարծիքն իրոք համապատասխանում է իրականությանը։Գերմանացիներն ատում են ուշացումները,նրանք միշտ ճշտապահ են և սիրում են նաև ճշտապահներին։Նրանք պատրաստ են մարդու մասին իրենց կարծիքը փոխել կամ անգամ անծանոթ մարդու մասին կարծիք կազմել`հենվելով նրա ուշացումների կամ ճշտապահության վրա։Ասեմ նաև,որ գերմանացիները աշխատանքի չեն ընդունի այն մարդուն,ով ուշացավ առաջին ժամադրությունից։Եվ այսքանը համեմենք մի վերջին խոսքով,որ գերմանացիների համար լինել ճշտապահ նշանակում է լինել նշանակված տեղում լինել պայմանավորված ժամանակից տասը րոպե շուտ։Իսկ հանդիպումից չուշանալ նշանակում է ներկայանալ պայմանավորված ժամանակից հինգ րոպե շուտ կամ հենց տվյալ պահին։Ի դեպ,գերմանացիների նաև չեն սիրում ուղղակի "չուշացողներից"։Միայն ու միայն ճշտապահություն։

3.Գերմանացիներն ատում են աղմուկը


Գերմանիայում իմ դասարանում դասավանդող քիմիայի ուսուցչուհին`նույն մեր դասղեկը,այնքան ցածր էր խոսում,որ մենք,ինչպես գերմանացիներն են ասում,ամբողջությամբ ականջ էինք դառնում,որ ոչ մի բառ բաց չթողնեինք։Բացի այդ նրանք գրեթե երբեք բարձր ձայնով երաժշտություն չեն լսում և չեն սիրում բարձր ծիծաղ(դա ինձ այնքան էլ սրտով չէր,ես շատ բարձր եմ ծիծաղում),իսկ վիճելիս միշտ փորձում են սահմանափակվել ցածրաձայն խոսակցություններով։Նրանք աղմուկը տանել չեն կարողանում հատկապես հանգստյան օրերին և գիշերը`ժամը տասնմեկից սկսած։

4. Գերմանացիների համար հանգստյան օրերը սուրբ են
Քանի որ խոսեցի հանգստյան օրերի ընթացքում գերմանացիների վերաբերմունքի մասին հատկապես բարձր ձայների,աղմուկի և երաժշտության վերաբերյալ,չեմ կարող չասել,որ նրանց համար հանգստյան օրերն ուղղակի սուրբ են։Նրանք գրեթե երբեք չեն աշխատում այդ օրերին`անգամ բարձր վարձավճարի դիմաց։Ուրբաթ երեկոյան արդեն բոլորը միմյանց մաղթում են հաճելի ժամանց ու գեղեցիկ հանսգտյան օրեր,որոնք նրանք սկսում են վայելել արդեն ուրբաթ երեկոյից։Ամբողջ շաբաթ օրը նրանք միայն հանգստանում ու վայելում են հանիգստ։Իրոք վայելում են,ոչ թե մեզ նման փռվում են անկողնում կամ բազմոցին ու ամբողջ օրը հեռուստացույց նայում։Նույնիսկ այդ օրերին նրանք ամենաուշն արթնանում են ժամը իննին-տասին(աշխատանքային օրերին`ժամը վեցին) և նախաճաշից հետո շտապում են գեղեցիկ պլանավորել օրն ու երեկոյան ժամանցը։Իսկ արդեն կիրակի օրվա ընթացքում աստիճանաբար վերականգնվում են և պատրասվտում են աշխատանքային ծանր շաբաթին։

Այսօր թերևս այսքանը։Չնայած գերմանացիների մասին պատմելու դեռ շատ նյութ ունեմ,կարծում եմ,որ այսօր պետք է բավարարվենք այսքանով,այլապես գրառումս շատ կերկարի,իսկ ես չեմ ցանկանում,որ այն կարդալիս շատերը մտածեն,թե երբ է վերջանալու այս գրողի տարած նյութը։Ընդամենը այս չորս կետը պատմեցի շատ բան գերմանացիների մասին,սակայն այնումանեայնիվ դեռ շատ ու շատ կետեր կան,որոնք դեռ պիտի բացահայտվեն...Հուսով եմ,որ կսիրեք իմ Գերմանիան..

Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...