Ու հիմա ես շների դրախտում եմ։
Այստեղ ես հայտնվել եմ մոտ երեք տարի առաջ`աշնանը։Մահիցս հետո պարզեցի,որ այնուամենայնիվ դրանից հետո էլ կյանք գոյություն ունի,սակայն արդեն երկնքում։Ու գիտեք,եթե կա դրախտ,կա նաև դժոխք։Ինձ համար դժվար է ասել այս բառերը,որովհետև և ոչ մի շուն արժանի չէ դժոխքի։Մեզ վատը մարդիկ են դարձնում,մեզ կծան ու չարակամ կյանքն ու ճակատագիրն է դարձնում...գիտե՞ք,մենք նման ենք,մարդիկ էլ երբեք չար չեն ծնվում,նրանց այդպիսին դարձնում են,իսկ նրանք էլ մեր մեջ են սպանում ամեն գեղեցիկն ու բարին...Բայց,փա՛ռք Աստծո,ես այդ կյանքին չարժանացա։Աստված ինձ հետ ավելի քան մեծահոգի գտնվեց։Ինձ հետ`մի շան,որը ամենևին մաքուր ցեղատեսակի չէր պատկանում,որն առնաձնապես իր շքեղությամբ չէր տարբերում,որն ընդամենը սուս ու փուս մի Կեծի էր...
Կյանքիս առաջին պահերից հիշում եմ մի մեծ ու սև տոպրակ,որի մեջ ինձ դրեցին ամուր տղամարդկային ձեռքեր։Գիտե՞ք,ցուրտ էր,ես էլ մրսում էի,ապրիլն էր,կյանքը նոր էր սկսել արթնանալ,անկեղծ ասած,ես էլ,որովհետև խորը քուն էի մտել..Ինձ դրեցին ինչ-որ փափուկ բանի վրա,ու ես ցանկացա ավելի լավ հարմարվել`հանգիստ քնելու համար։Սակայն կարծես թե իմ շարժումները վախեցրին այն կնոջը,որը հավանաբար նույնպես նստած էր այդ նույն փափուկ իրի վրա ու երևի ինքն էլ ուզում էր քնել։Նա ճիչով վեր թռավ...ապա մի քանի ակնթարթ անց,երբ ես ինքս էլ ուշքի եկա այդ վախեցած գոռոցից,ինձ կամաց դուրս հանեցին սև տոպրակի միջից ու իմ աչքերն առաջին անգամ բացվեցին(երևի),ու ես տեսա նրան`իմ մամային,մեծ գեղեցիկ աչքերով,ժպտերես..Ես էլ փորձեցի նրան ժպտալ,բայց հետո հիշեցի,որ դեռ ատամ չունեմ ու ամաչեցի...Ես շատ փոքր էի,ու նա իմ մաման էր...
Նա ինձ ամեն օր կաթ ու մածուն էր տալիս,ես օր օրի մեծանում էի..Բարեբախտաբար ես կարող էի կարիքներս հոգալ մեր տան պատշգամբում,ստիպված չէի լինի ցուրտ երեկոներին արագ-արագ վազվզել դրսերում,վերջիվերջո ես փխրուն աղջիկ էի։Բացի այդ մամաս ժամանակ էլ չուներ ինձ հետ զբոսնելու,որովհետև ես ինչպես հասկացա նա միայն իմ մաման չէր։Ես երկու քույրիկ ունեի,ու չնայած ես նրանց ամենևին նման չէի,ես ինձ որբ չէի զգում,չէ՞ որ առաջինը ես էի մամային գտել(գոնե ինձ համար) ու առաջինը ես էի նրան մամա ասել (գոնե մտքում)...Մարիամը դեռ շատ փոքր էր ու ինչ-որ ցանցապատ մեծ արկղի կամ էլ փոքրիկ սենյակի մեջ նստած "լյա-լյա-լյու-լյու" անելով խաղում էր,իսկ այ Անուշը..նա ավելի շատ ինձ հետ էր զբաղվում։Նա հաճախ իր ոտքն ինձ էր մեկնում ու ասում էր.
-Կեծի,-երևի նա դրանով ուզում էր,որ ես իր ո՞տքը կծեի։Հնարավոր է,չէ՞ որ նա էլ երեխա էր։Նրա այդ մանկական թոթովանքով էլ ինձ կնքեցին`Կեծի։Ու ես երբեք չարդարացրեցի իմ անունը։Ես ոչ ոքի երբեք չեմ կծել,որովհետև ինձ այդպես դաստիարակեցին ու մեծացրին...
Ինձ մեծացրին համեստ ու խելացի աղջկա նման,սակայն այդ խելացի աղջկա մեջ մի հզոր պաշտպան էր ապրում։Ոչ ոք իրավունք չուներ առանց իմ թույլտվության ներս ու դուրս անել,ոչ ոք իրավունք չուներ առանց իմ թույլտվության մոտենալ իմ մամային,իմ պապային,իմ քույրերին...
Ասում են շունը մարդը լավագույն ընկերն է։Այդպե՞ս է,թե՞ ոչ։Ես չգիտեմ։Սակայն ես գիտեմ,որ շուն լինելով ես ունեցա ընտանիք։Ունեցա ընտանիք,որն ինձ մեծացրեց սեփական երեխայի,սեփական ձագուկի նման...
Սակայն բախտի բերմամբ,թե պատահմամբ շները մարդկանցից քիչ են ապրում,ու ինչպես շատ կանայք,այնպես էլ ես տառապում էի կրծքի քաղծկեղով,որի մասին,սակայն,ոչ ոք չգիտեր...Այս ճակատագրական օրվանից դեռ մի ամիս առաջ արդեն ցավեր էի ունենում,ճիշտն ասած ախորժակս փակվում էր,ուտել չէի ուզում։Իսկ Մարիամիկը,որն արդեն վաղուց այն լյա-լյա-լյու-լյու անող փոքրիկը չէր ու հասկանում էր,թե ինչ է կատարվում,ետևիցս ընկած մի կտոր հաց էր ստիպում ուտել։Եթե անգամ թաքնվում էի անկողինների տակ,գալիս պառկում էր սառը գետնին,շոյում էր այնքան,մինչև ցավերս անցնում էին ու կերակրում էր...Հաճախ եմ ես նրան այդպես տանջել...տանջել թե՛ ֆիզիկապես,թե՛ հոգեպես...որովհետև նա այլևս այն երեխան չէր,նա ամեն ինչ արդեն հասկանում էր...
Անցավ մեկ ամիս ու մի օր։Այդ մի օրվա ընթացքում ցավերս կրկնապատկվեցին։Արդեն ոտքի վրա էլ չէի կարողանում կանգնել...Մի օրում ես միանգամից տապալվեցի...Աչքերս էլ մշուշով ու փառով էին պատվել։Այդ օրվանից հիշում եմ,որ մայրս ու Մարիամը սրտի խորքում մի հույսի լույս վառելով դիպչում էին չոր քթիս`սպասելով,որ այն ակամայից կթրջվի...սակայն արդեն ուշ էր...նաև հիշում եմ,որ մաման ինձ գրկեց,իսկ Մարիամը բերանիս մեջ ինչ-որ դառը դեղ դրեց...ու սկսեցին ինձ շոյել..Անուշն էլ տխուր աչքերով վրաս էր նայում...սակայն մինչ դեղը կսկսեր թուլացնել ցավերս,դռան թակոց լսեցի...ու բոլոր ուժերս հավաքելով էլի հաչացի...Ես դեռ կամ...տունը դեռ պաշտպանված է,որովհետև Կեծին դեռ ողջ է...ու նա պիտի հաչի...հաչի վերջին անգամ...
Հիշում եմ,որ դեղը թողեց իր հրաշագործ ազդեցությունը,ցավերս թուլացան,մարմինս հանգստացավ,ուղեղս թմրեց,ես քնեցի...
Ու արթնացա շների դրախտում...
Իսկ շների դրախտ գոյություն ունի՞
Комментариев нет:
Отправить комментарий