воскресенье, 4 сентября 2011 г.

Ժիզելի նոր կոշիկները

-Ժիզե՛լ,ե՛կ,տե՛ս,քեզ համար նոր կոշիկներ եմ գնել։
Փոքրիկ Ժիզելի միտքը սկսեց տենդագին աշխատել..նոր կոշիկներ...գնել։Սրտի անընդհատ արագացող դոփյունով Ժիզելը փոքրիկ տան մի անկյունից սկսեց վազել մորն ընդառաջ`գլխում շարունակ վերլուծելով մոր ասածը։Մարդու միտքը շատ արագ է աշխատում,այդ իսկ պատճառով այդ անվերջ փոքր տան մի ծայրից մյուսին հասնելու անվերջ քիչ ժամանակահատվածում Ժիզելը հացրեց ընկալել "գնել" բառը,որն իր համար հոմանիշ էր "նոր" բառին։Մայրիկը չասաց բերել եմ,նա ասաց գնել եմ...
-Դե,շուտ մոտեցի՛ր,փորձի՛ր,տե՛ս,հարմա՞ր է։
-Մա՞մ։
-Ասա՛։
-Սրանք Մոնեի կոշիկնե՞րն են։
-Չէ՛,աղջիկս,ես սրանք գնել եմ,փորձի՛ր,որ հանգստանամ։
Ժիզելին թվում էր,թե հիմա ուր որ է սիրտը դուրս կթռչի,դողացող ձեռքերով վերցրեց կոշիկն ու բնազդաբար հագավ,նա գրեթե ոչինչ չէր գիտակցում։Ինչպե՞ս էր մայրիկը գումար հայթայթել,որտե՞ղից էր գնել...Ժիզելի փոքրիկ գլխում միայն այս երկու հարցն էին տեղավորվում։
-Ոտքիդ շատ գեղեցիկ է նստում,իսկ հավանու՞մ ես։
Այս ի՞նչ հարց է տալիս մայրիկը Ժիզելին։Իհարկե հավանում է։Եվ դրա համար կա ամբողջ երեք պատճառ։Այդ ճտքավոր կոշիկները նոր են,հետո`դրանք Մոնեինը երբեք չեն եղել,իսկ վերջում Ժիզելը կարող են հպարտանալ տաք մորթիով ու Ի՛ր ճտքավոր կոշիկներով։Նա այլևս չէր ամաչի իր դասընկերներից։Չէ՞ որ նա այլևս չի կրում Մոնեի հին հագուստը։
-Հա՛,մա՛մ,բա ոնց։Ախր շատ սիրուն են,համ էլ շատ փափուկ։
Մայրիկի անկեղծ ժպիտը թույլ տվեց Ժիզելին այլևս այնքան արագ չմտածել այն երկու հարցի մասին։Նա կախել էր գլուխն ու նայում էր այդ մեծ ճտքավոր կոշիկներին,որոնց այնքան փոքր էին,սակայն Ժիզելի համար էին։Փոքրիկը հանեց դրանք,մեկ-երկու րոպե անթարթ հայացքով նայեց,ապա կրկին հագավ ու հանեց։
Երբ աղքատիկ ընթրիքից հետո նա իր քայլերն ուղղեց տան միակ անկողնուն (մայրը գետնին էր քնում,իսկ հայրիկը չգիտեմ որ գրողի ծոցն էր,համենայն դեպս Ժիզելի մայրը միշտ այդպես էր արտահայտվում),սկսեց մտածել հաջորդ օրվա մասին։Նա դասարան կմտնի ոչ թե հին,ոչ թե մաշված ու արդեն մի քանի տարած ու լրիվ քրքրված ճտքավոր կոշիկներով,այլ կմտնի իր ոտքերը լրիվ թարմ ու փափուկ կոշիկներով զարդարած։Իհարկե,բոլորը կզարմանան,կշնորհավորեն,կնախանձեն։Ու Ժիզելի բարալիկ շուրթերը թրթրացին`մի փոքր ժպիտ պատկերելով։

Իսկ քանի դեռ Ժիզելը քնած է,կցանկանայի մի քիչ պատմել նրա մասին։
Աղջիկն ընդամենը երկու տարեկան էր,երբ հայրը `տան միակ աշխատողը լքեց նրանց։Ժիզելը հորից գիտեր այնքան,ինչքան մենք.նա գրողի կամ գուցեև ուրիշ ինչ-որ մեկի ծոցում էր։Այդ օրվանից սկսեցին մոր ու զավակի ծանր օրերը։Ժիզելի մայրն ուներ անընդհատ անհանգստացնող սրտի ցավեր,սակայն անհրաժեշտ դեղեր խմելու դեպքում դրանք չքվում էին։Սակայն ցավերի փոխարեն չքվեց Ժիզելի հայրը,ու մայրը սկսեց աշխատանք փնտրել։Երեխային թողնում էր հարևան կնոջ մոտ,ում երեխաները Ժիզելին օգտագործում էին որպես խաղալիք,ծառա և այլն։Սական ո՛չ աղջիկը,ո՛չ մայրը ուրիշ ելք չունեին։Մայրը`Քեթրինը,իր անվանը չդավաճանելով անցավ բարոյապես մաքուր,սակայն ֆիզիկապես կեղտոտ աշխատանքի։Նա մաքրություն էր անում մի մեծահարուստի տանը,և բնականաբար և ոչ մի պատվածքում մեծահարուսները բարի չեն լինում։Սա էլ բացառություն չէր։Քեթրինը կոպեկներ էր ստանում,որոնք հազիվ էին բավարարում առօրյա սնունդ գնելու համար։Ժիզելը ստիպված էր կրել իր զարմուհու`Մոնեի հագուստը։Մոնեն իրոք գեղեցիկ էր հագնվում,սակայն երբ նրա իրերը հասնում էին Ժիզելին,դրանցից և ոչ մեկ գրեթե պիտանի չէր։Գրեթե,որովհետև Քեթրինն ինչ-որ կերպ դրանք կարկատում ու վերականգնում էր,որպեսզի իր դստրիկը գեթ մի ձեռք հագուստ ունենա։Ժիզելը մեծանում էր,ու օրօրի տեսնելով իր հասակակիցների փարթամացող տեսքը,գեղեցիկ ձեռագործ հագուստը անընդհատ ավելի ու ավելի կաշկանդվում ու ինքնամփոփ էր դառնում։Սակայն մոր բերած նոր ճտքավոր կոշիկները դուռ էին Ժիզելի համար,դուռ`դեպի կյանք,այն կյանք,որտեղ նա տեղ չուներ...Սակայն կոշիկները Ժիզելին սխալ կյանք պատմեցին...

Ժիզելն արթնացավ վատ տրամադրությամբ ու սրտի տարօրինակ ցավով։Մի պահ նրան թվաց,թե մահանում է,ու լուռ պառկած սպասում էր։Սակայն երբ հասկացավ,որ տարօրինակ ոչինչ տեղի չունեցավ,ու նա դեռ ոչ մի թունել ու առավել ևս դրա վերջում լույս չի տեսնում,որոշեց վեր կենալ։Պետք էր շուտ հագնվել ու դուրս գալ`դպրոց գնալու համար։Մայրիկը գումար չունի ավտոբուսին վճարելու համար։Բայց Ժիզելն այնքան էլ չէր այրվում դպրոց գնալու ցանկությունից։Բացի այդ տանը ցուրտ էր,փայտը վերջացել էր,իսկ մայրիկի աշխատավարձին դեռ շատ կար։Վերմակի տակ գոնե մի քիչ տաք էր..ու ապահով։Բայց արեգակի հետ մեկտեղ Ժիզելի գլխում ծագեց հիշողությունն,ու նա խելապատառ արագությամբ սկսեց հագնվել։Մոնեի տաբատն ու բլուզն արդեն հագին էին,հասել է ճտքավոր կոշիկներ հագնելու հանդիսավոր պահը...Երբ կոշիկներն արդեն ամուր ու տաք նստած էին Ժիզելի ոտքերին,միայն այդ պահին փոքրիկը նկատեց մոր կոշիկները։Բացի նրանից,որ դրանք հին էին,մաշված ու պոկված,դրանք նույնիսկ ճտքավոր չէին։Ժիզելն անմիջապես անհանգստացած ասաց.
-Մամ,ախր քո կոշիկները բոլորովին հին են,ու համ էլ մորթի չունեն։Բա չե՞ս մրսի։
-Չէ,սիրունս,մի՛ մտածիր,եթե ես իմանամ,որ քո ոտերը տաք են ու չոր,իմ ոտքերն էլ ապահով կլինեն։
-Հաստա՞տ։
-Իհարկե,իսկ հիմա հագի՛ր վերնահագուստդ,թե չէ կուշանանք։
Մոնեի վերնահագուստը...
Նրանք սկսեցին քայլել ձյան հաստ շերտի վրայով։Դեռևս շատ մութ էր,մարդիկ դեռ քնած էին,իսկ Ժիզելը երեխային հատուկ ոգևորությամբ իր նոր կոշիկներով հետքեր էր թողնում ձյան մեջ,խաղում էր դրանց հետ,թռվռում էր։Առաջին անգամ աղջիկն այսպիսի գոհունակությամբ կմտներ դասարան։
-Ժիզե՛լ,ամուր բռնի՛ր ձեռքս։
Նրանք փողոցն էին անցնում։Սա այն վերջին բաժանիչ հատվածն էր Ժիզելի նոր կոշիկների ու դպրոցի միջև։Նա իր ամբողջ ուժով բռնել էր մոր ձեռքը,նայում էր դպրոցին,սակայն պատկերացնում էր իր դասընկերների հիացած հայացքները։Վերջապես Ռենեն ուշադրություն կդարձներ իր վրա,իսկ Մարսելն այլևս չէր ծաղրի...
-Զգու՛յշ կլինես,-բղավեց Քեթրինը դպրոց վազող Ժիզելի ետևից,սակայն նա արդեն վաղուց ոչինչ չէր լսում...
(Կարող եք շարունակել ընթերցանությունն այս երաժշտության ներքո։)
-Բարև Ձեզ,Տիկի՛ն Մոռեն,-ասաց Ժիզելը անթարթ հայացքով նայելով ուսուցչուհուն ու սպասելով մի հիացական խոսքի։
Սակայն տիկինն անգամ չնկատեց փոքրիկին։Ժիզելը չվհատվեց,նա հասավ դասարան,մի հստակ քայլ արեց դեպի ներս ու բոլորին բարևելով`ասաց.
-Ողջու՛յն։
Ոչ ոք անգամ չշրջվեց,բոլորը խիստ զբաղված էին Ժիզելին անգամ մի վայրկյան ուշադրություն դարձնելու ու ողջյունին պատասխանելու համար...
Դժբախտաբար Ժիզելը նստում էր Ռենեի կողքին ու Մարսելի դիմաց։Փոքրիկն անընդհատ ապարդյուն փորձեր էր անում Մարսելի ծաղրանքներից խուսափելու ու Ռենե ուշադրությանն արժանանալու համար...
-Քրջոտիկն եկավ,հապա մի սրան նայեք,-ու լսվեց Մարսելի նողկալի ծաղրական ծիծաղը։
Ժիզելը,կրկին հուսահատվելով,սակայն ոչ հուսալքվելով,փորձեց անմիջապես պատասխանել Մարսելին ու ասել,որ ինքը քրջոտ չէ,որ ինքը նոր կոշիկներ ունի,այն էլ`ճտքավոր։
Սակայն այն օդը,որը Ժիզելը քաշեց ներս համարձակություն հավաքելու ու հանդիսավոր կերպով Միշելին վերջապես պատասխանելու համար,պատռեցին ու ճեղքեցին ինչ-որ սուր ձայն ու սիրտ կեղեքով մի ճիչ։Բոլորը հետաքրքրությունից դրդված նետվեցին պատուհանի մոտ։Ժիզելը,որպես դասարանի աքսորյալ,երեխաների խմբի ետևից փորձում էր մի կերպ առաջ գնալ ու տեսնել`այդ ինչ պատահեց։Հանկարծ լսվեց Ռենեի Ժիզելին կանչող ձայնն,ու վերջինս մոռացավ աշխարհում ամեն ինչ,սուր ձայնն ու վախեցնող ճիչն անմիջապեց չքվեցին,ու աշխարհի երեսին մնացին միայն Ռենեն ու Ժիզելը..Ռենեն ու Ժիզելը։Առաջին բանը,որ անցավ Ժիզելի մտքով այն էր,որ Ռենեն փաստորեն գիտե իր անունը։Այնուհետև Ժիզելը փորձում էր այնպես կանգնել,որ իր նոր կոշիկները հնարավորինս լավ երևան,ու Ռենեն նկատի դրանք։Մարդկային միտքն այնքան արագ է աշխատում։
-Ժիզե՛լ։
-Հա,Ռենե։
-Ժիզել,մեքենան մայրիկիդ է հարվածել։
Մի պահ Ժիզելը,տարված լինելով Ռենեի գեղեցիկ ձայնով,չհասկացավ,թե ինչ նկատի ուներ նա։Բայց...բայց երբ հասկացավ,որ Ռենեն իրեն դիմեց,ոչ թե մյուս աշակերտների զբաղվածությունից օգտվելով իր`փոքրիկ Ժիզելի հետ թաքուն խոսելու համար,այլ պարզապես ասելու...որ իր մայրը վթարի է ենթարկվել։Մարդու միտքը վտանգի պահին մթագնում է...ու երբ

Ժիզելը գիտակցեց,թե ինչ է նշանակում "մեքենան մայրիկիդ է հարվածել" արտահայտությունը,նա անմիջապես դուրս թռավ սենյակից ու սկսեց գլխապատառ կուլ տալ աստիճանները տենդագին մտածելով.

"Եթե պարոն Բոգարտը անգամ չհամաձայնի վաղաժամ վճարել մամայի աշխատավարձը,ես կվաճառեմ իմ կոշիկները,դրանց համար հաստատ վատ չեն վճարի,գոնե հիվանդանոցի գումարը կտանք։Ու բացի այդ մայրիկին հարվածող պարոնն էլ ստիպված կլինի վճարել ծախսերի համար,չէ՞ որ նա է մեղավոր վթարի համար"։
Երբ Ժիզելն արդեն ձյան վրա էր վազում,առավոտվա նման այլևս ուշադրություն չէր դարձնում դրա ուրախ ճրթճրթոցին։Նա նկատեց փողոցի մի ծայրում հավաքված մարդկանց,ու մտքի մեջ շարունակ ծախսերը հաշվելով,գումարել-հանելով արագացրեց վազքն ու հասավ մարդկանց ամբոխին։
-Հապա մի այս կնոջ կոշիկներին նայեք,դրանք լրիվ մաշված են։Ուրեմն,պարոն ոստիկան,արձանագրե՛ք։Կինը,մաշված ու պոկռտված կոշիկների պատճառով սայթաքել է սառցապատ փողոցի վրա։Սառույցի շերտի պատճառով մեքենայի վարորդը չի հասցրել արգելակել ու կնոջը ենթարկել է վրաերթի։Գործը փակված է։
Փոքրիկ Ժիզելը,հասկանալով,որ մայրը սայթաքել է ու ընկել է մեքենայի տակ,սայթաքել է պոկռտված կոշիկների պատճառով,անմիջապես մի որոշում կայացրեց։Նա ճեղքեց մարդկանց ամբոխը,խցկվեց նրանց արանքը,նստեց փակ աչքերով մոր կողքին ու բարձր ձայնով ասաց.
-Մա՛մ,չլացես,ես իմ կոշիկները կտամ քեզ,Մոնեի ճտքավոր կոշիկները դեռ կարելի է հագնել,միայն չտխրես,ես իմ նոր կոշիկները քեզ կտամ,ախր դրանց գումարով դու քեզ պետք է կոշիկ գնեիր,բայց չտխրես հանկարծ,ես մեծ սիրով կհագնեմ Մոնեինը,ես դրանք շատ եմ սիրում։
Կանայք սկսեցին արտասվել,տղամարդիկ`լուռ մրթմրթալ։Ժիզելը շարունակում էր մորը համոզել...չցանկանալով գիտակցել ու հասկանալ,որ նա իր կյանքում երբևիցե ամենաշատը կատի այդ ճտքավոր կոշիկներն ու իր հորը,որ գրողի կամ էլի ինչ-որ մեկի ծոցում էր...


15 комментариев:

Анонимный комментирует...

սիրտս կտոր-կտոր եղավ..

Հայկ комментирует...

հրաշք էր.իսկական հրաշք..

Նանի комментирует...

լացեցի.. =(

♥Նեո комментирует...

Շնորհակալ եմ..

Unforgiven комментирует...

կարող էի ավելի դաժան լիներ... օրինակ լուրը իմանալու ժամանակ արագ վազում է ու ճտքավոր կոշիկները պատառոտվում են...(կամ չի պատառոտվում , բայց երբ լաց է լինում մոր վրա եդ ժամանակ հանում է իր հագից եդ նոր կոշիկները ու կագցնում մոր ոտքերին...:(( ) մեկ էլ գոնե մի փոքր շնչելու հույս տաիր աղջկան, եսպես ավելի սիրուն է ,բայց շատ ընթերցողների ուղղակի անհրաշեշտ է մի փոքր հույս , են էլ վերջում... p.S.ես Մեսչյանի Համընկնումներն էի լսում ես պահին ... ու լավ էլ էֆֆեկտ տվեց... Ապրիս

♥Նեո комментирует...

Երբ մարդ կորցնում է,այդ պահին նա հույս չունի և ոչ մի բանի,ու ճիշտն ասած չի էլ ուզում ունենալ։Այնպես որ հույս չկար,ու պետք չէր զուր խաբել ընթերցողին..
Շնորհակալ եմ

Դավիթ Ավետիսյան комментирует...

Մաար լավն էր շատ, սիրտս ճմրթվեց, նամանավանդ էտ երգի տակ կարդալուց :Ճ ապրես :Ճ

♥Նեո комментирует...

Շնորհակալ եմ Դավիթ ջան :)

Анонимный комментирует...

Սպանեց...

Բժշկական նորություններ комментирует...

Իսկապես շատ լավն էր...հուզիչ...ապրես:Ճ

Анонимный комментирует...

Ոնց որ մի մեծ գրողի ստեղծագործություն կարդայի,ուղղակի բրավո

Arnela комментирует...

perfect :)

Анонимный комментирует...

հզոր գործ էր...Դու՞ք եք հեղինակը..

Էդգար комментирует...

ես,որ երբեք չեմ լացում պատմվածքներ ընթերցելիս,հուզվեցի...

Анонимный комментирует...

Մա՛մ,չլացես,ես իմ կոշիկները կտամ քեզ,Մոնեի ճտքավոր կոշիկները դեռ կարելի է հագնել,միայն չտխրես,ես իմ նոր կոշիկները քեզ կտամ,ախր դրանց գումարով դու քեզ պետք է կոշիկ գնեիր,բայց չտխրես հանկարծ,ես մեծ սիրով կհագնեմ Մոնեինը,ես դրանք շատ եմ սիրում։
Կանայք սկսեցին արտասվել,տղամարդիկ`լուռ մրթմրթալ։Ժիզելը շարունակում էր մորը համոզել...չցանկանալով գիտակցել ու հասկանալ,որ նա իր կյանքում երբևիցե ամենաշատը կատի այդ ճտքավոր կոշիկներն ու իր հորը,որ գրողի կամ էլի ինչ-որ մեկի ծոցում էր...

Այ էս մասի վրա սիրտս պատառոտվեց...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...