четверг, 25 августа 2011 г.

Ես երջանիկ եմ

"Կար-չկար մի կին կար։Նա ուներ մինուճար որդի։Կնոջ կյանքը շատ ծանր էր,նա արդեն ծեր էր,սակայն ոչինչ չէր խնայում սեփական տղային երջանիկ տեսնելու համար։Ծանրաքարշ աշխատանքը նրան ստիպել էր խեղճանալ,սակայն նա ապրում էր իր մինուճարի համար։Իր կյանքի միակ իմաստն ու համն իր փոքրիկ տղան էր։
Բայց կյանքը դաժան գտնվեց կնոջ նկատմամբ։Նրա տղան հիվանդացավ ու գամվեց անկողնուն։Կինն ընկավ բոլոր բժիշկների ոտքերի մոտ,աղատեց ու պաղատեց մի բուժում գտնել։Սակայն բժիշկբերը բոլոր անսասան էին։Բուժում չկա։
Արցունքների առատությունից փքված աչքերով կինը նստել էր տղայի կողքին ու անիծում էր իր բախտը,ճանկրում էր մաշկն ու Աստծուց մի օգնություն էր աղերսում։Տղան,չդիմանալով մոր տառապանքին ու զգալով մոտալուտ վախճանը,կամաց շշուկով ասաց.
-Մա՛յր իմ,իմ թանկագին մայրդիկ,դու քո ամբողջ կյանքն ինձ նվիրեցիր,իսկ ես այսօր աներեսաբար լքում եմ քեզ,բայց ոչ իմ կամքով։Աստված այդպես ցանկացավ,մի՛ անիծիր ոչ ոքի։Սակայն ես մի վերջին ցանկություն ունեմ։Երբ մեր ծանոթ-բարեկամները,հարևանները գան հոգեհացիս,կասես,որ սեղանի մոտ միայն այն մարդիկ նստեն,ովքեր դարդ ու ցավ չունեն։
Մայրը մի պահ այլայլվեց,չհասկացավ տղայի միտքը,մի պահ նույնիսկ կարծեց,թե տղան զառանցում է,սակայն այդ մտքերի տարափն անմիջապես կտրվեց,ու մթագնեց կնոջ գլուխը։Տղան իր հոգին հանձնեց Տիրոջը։
Աստված,կնոջը տալով աներևակայելի ծանր մի բեռ,նրան նաև ամրություն ու ուժ էր տվել,կինն այդ օրը,այդ պահին ապրում էր միայն իր տղայի վերջին ցանկությունը կատարելու համար։Ու այսօր բազում մարդիկ եկել էին,որ մի թաս օղի խմեին,մի կտոր հաց ուտեին ու օղորմային իր տղայի հիշատակը։Իր տղայի...սակայն պետք էր դիմանալ։
Երբ հյուրերն արդեն տեղավորվում էին սեղանի շուրջ,կինը մտաբերեց իր տղայի վերջին ցանկությունը։
-Ժողովուրդ ջան,բալես մի խնդրանք ուներ։Չհասկացա,զառանցում էր,թե հասկանալով էր ասում,բայց խնդրում էր,որ իր հոգեհացի սեղանի շուրջ միայն այն մարդիկ նստեն,ովքեր դարդ ու ցավ չունեն։
Մարդիկ հարցական հայացքով նայեցին միմյանց,ապա նորից նայեցին կնոջ փոքր-ինչ այլայլված,սակայն իր տղայի վերջին կամքը կատարելու հստակ համոզմունքով հայացքին,սկսեցին հերթով դուրս գալ տանից։Կինը խառնվեց,վախեցավ,ամաչեց,փորձեց նրանց ետ կանչի։Սակայն ոչ ոք չմնաց։Բոլորը գնացին։
ՈՒ կինն այդ պահին հասկացավ այն,ինչ,թերևս,ցանկանում էր տղան իր մայրիկին հասկացնել։
Առանց դարդի ու ցավի մարդ չկա,բոլորն էլ մի ցավ կամ խնդիր ունեն իրենց սրտում,մոր ցավն էլ դարձավ տղայի մահը։Սակայն այդքան մարդ իր մեջ ուժ էր գտնում իր խնդիրներին դիմակայելու համար,տղան ցանկանում էր,որ իր մայրը այդքան մարդ տեսնելուց հետո,հասկանար կյանքի ճշմարտությունն ու մյուսներից ուժ ստանար կյանքը շարունակելու համար..."

-Մա~մ։
-Ասա՛,բալես։
-Մա~մ,շարադրությունս բերեմ,կստուգե՞ս։
-Բե՛ր։
Դպրոցում միշտ ատում էի շարադրություն գրելը,հատկապես ավելի կրտսեր դասարաններում։Որովհետև միշտ մի տեսակ խոհափիլիսոփայական բարբաջանք էր ստացվում։Անգամ հիշում եմ իմ կազմած առաջին նախադասությունը։Տվել էին հալումաշ բառը,իսկ ես անգամ չէի պատկերացնում,թե այդ բառն ինչ է նշանակում։Գրել էի.
Ես հալումաշ եմ լինում գազանանոցի կենդանիների առաջ։
Հալումաշ ասելով ես նկատի ունեի խղճալ։
Սակայն այդ օրը չգիտես ինչու սրտիս խորքում փոքր հույս էի փայփայում,որ այդ օրվա շարադրությունս խոհափիլիսոփայական ու առավել ևս բարբաջանք չի ստացվել։Տասնամյա երեխային հատուկ անհանգստությամբ տետրակս հանձնեցի մամային։
Երբ արդեն լիովին տարբել էի խաղով ու մոռացել էի բոլոր այն մարդկանց մասին,որոնք դարդ ու ցավ ունեն,մայրս ձայնեց։
-Մա՛ր։
-Եկա։-Հա՞,Մա՛մ։
-Մա՛ր,սա դու՞ ես գրել։
(Աչքիս էլի վատ է ստացվել։)
-Հա՛,Մա՛մ։
-Ոչ մի տեղից չե՞ս արտագրել։
(Թե՞ լավ է ստացվել։)
-Չէ,ազնիվ խոսք։
Միայն այդ պահին նկատեցի,որ մամայի աչքերը թաց էին։Առաջին պահին մտածեցի,թե խայտառակ վատ շարադրություն եմ գրել ու մայրս ինձանից կտրել է իր հույսը,սակայն նրա վերջին խոսքերն ինձ հույս ներշնչեցին։
-Մարիամ,բալե՛ս,երջանիկ մարդ կան,կան խնդիրներ,կան պրոբլեմներ,մարդիկ վիճում են,արտասվում,տխուր էլ են լինում,բայց երջանկությունը վեր է ամեն ինչից։Տե՛ս ինձ,ես երբեմն զայրանում եմ ձեր վրա,զայրանում եմ Կեծիի վրա,երբեմն անտրամադիր եմ լինում,բայց,բալե՛ս,ես երջանիկ եմ,որովհետև ձեզ ունեմ կողքիս,որովհետև այսպիսի հիանալի ընտանիք ունեմ։
-Հա՞,Մա՛մ։
-Հա՛,բալե՛ս։
Ու գրկեց մայրս ինձ։Փաստորեն մարդիկ երջանիկ լինում են...
Ես այդ շարադրությունս չտարա դպրոց,մայրս խնդրեց,որ ուրիշ մի շարադրություն գրեմ։Նա կարծեց,որ ուսուցչուհիս,չի հավատա,որ ես եմ գրել,իսկ դա ամենևին հաճելի չէ։Շարադրությունը,թերևս,մայրիկիցս ու ինձանից բացի ոչ ոք չկարդաց։Բայց այդ օրվանից հետո ես հասկացա։

Ես երջանիկ եմ։

3 комментария:

nunitta комментирует...

Շաաաատ շատ լավն էր :)

♥Նեո комментирует...

Շնորհակալ եմ շատ

Sly комментирует...

shat lavner Mar))u mamayit xosqer@ amenashat@ durs ekan

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...