воскресенье, 22 января 2012 г.

Սարսափի դիագնոզ (Մաս 1)


“Ընդհանրապես ասում են, եթե հոգեկան հիվանդն հասկանում  է իր անհավասարակշիռ կարգավիճակը, ապա առողջանալու հույս կա։ Իսկ կյանքում ամեն ինչ այնքան համաչափ է։ Ու սա էլ բացառություն չէ։ Ուրեմն, եթե մարդ գիտակցում է իր մեղսավոր լինելը, ուրեմն մաքուր կյանքով ապրելու հնարավորություն էլ կա: Կամ էլ եթե մարդ հասկանում է, որ պիտի մահանա,ուրեմն փրկվել էլ կարող է..

Ես ապագա հոգեբան եմ, ինչը բնավ հոգեբուժության հետ ոչ մի կապ չունի: Այսինքն մոտավոր այնքան ինչքան մարդն ու պատերազմը։ Սակայն միշտ էլ հոգեկան հիվանդների վերաբերյալ իմ կարծրատիպն եմ ունեցել։ Կարծում եմ, որ հոգեկան հիվանդ կարելի է անվանել այն մարդուն, ում շրջապատի մարդկանց համար անհասկանալի է դառնում վերջինիս ասածը. արածը կամ ընդհանրապես լինելը։ Իսկ մենք` մարդիկս, վախենում ենք մեզ համար անհասկանալի ու անբացատրելի ամեն ինչից: Այնպես որ մեզ համար թերևս ավելի ապահով կլինի, որ մեզ համար անհասկանալի և հետևաբար նաև վտանգավոր մարդիկ փակվեն հիվանդասենյակներում և պիտակավորվեն որևէ ախտանիշով։ 


Այսինքն մարդու հոգեկան հիվանդ լինելը կախված է նրանից, թե ում հետ համեմատելով ենք մենք նրան ախտորոշում տալիս։ Ու թե ով է դատողություններ կատարում նրա հոգեկան կայունության վերաբերյալ։
Իսկ ու՞մ հետ համեմատության մեջ են մարդիկ նրանց անվանում շիզոֆրենիկ։ Մե՞զ։ Իսկ միգուե մենք բնավ չենք տեսել այն, ինչի մասին անդադար խոսում են շիզոֆրենիկները։ Իսկ միգուցե մենք այնքան ենք խլացել, որ չենք լսում այն խուլ ճիչերն ու խորը բացականչությունները, որ հանգիստ չեն տալիս հոգեպես անհավասարակշիռ մարդկանց։ Իսկ միգուցե մենք չափից դուրս հավասարակշի՞ռ ենք…
Մի խոսքով, ինձ համար գոյություն ունեն ոչ թե հոգեպես անհավասարկշիռ մարդիկ, այլ այնպիսի էակներ, որոնք ծնվել են սխալ ժամանակին և սխալ տեղում։ Կամ էլ ունեն ժառանգաբար փոխանցվող և մեզ` սովորական մահկանացուներիս համար անբացատրելի կարողություններ։ Չէ՞ որ շիզոֆրենիան, ինչպես և հոգեկան անհավասարակշռյության այլ դրսևորումներ ծնողից երեխային փոխանցվելու հատկություն ունեն…




                                                                     
                                                                      ***
- Եվա,  վերջերս այնքան ցրված ես դարձել,որ նույնիսկ վախենում եմ քեզ մենակ դուրս թողնել։
- Մենակ չեմ, Չապիի հետ եմ։ 
- Դա ոչինչ չի փոխում։ Դեռ մի բան էլ ավելի վատ էլ։
- Վախենու՞մ` ես շանը կորցնեմ։
- Մի խոսքով։  Զգույշ կլինես։

Ինչքան էլ փորձեի ձևացնել ու խուսափել իրականությունը տեսնելուց, միևնույնն է, ես գիտակցում էի, որ վատառողջ եմ։ Աչքերիս տակ ծանրացած պատկերը հետզհետե ինձ հեռացնում էին իմ նախկին տեսքից։ Բացի այդ աչքերիս ներսում ասես ինչ-որ մշուշ լիներ, որի պատճառով էլ սկսել էի վատ տեսնել։ Ընդհանրապես շատ հոգնած էի։ Ու դա էլ իմ ցրվածության պատճառներից մեկն էր։ Մոտ էին քննությունները, ուղեղս էլ զբաղված էր։ Այնպես որ առողջությանս վրա կենտրոնանալու մեծ ցանկություն չկար։ Հատկապես երբ գրեթե համոզված էի, որ այնքան էլ հաճելի նորություններ չեմ լսելու։

Ժամը տասն անց էր, ու դա ամռանը  բացարձակապես ոչինչ չէր նշանակի։ Սակայն այսօր ձմռան առաջին ամսվա վերջին օրերից էր, այնպես որ բոլոր մարդիկ տանը նստած ինչ-որ բանով էին զբաղված. մեկը սիրով, մեկը թխվածք թխելով, մեկն էլ երևի կռվելով։ Ես ու Չապիս դանդաղ քայլում էինք փողոցներով, որոնց վրա մարդկանց միակ հետքը իրենցից հետո անփութորեն թափված տոպրակներն էին, որոնք ասես քամու շուրջը պար էին բռնել։ Կամ էլ հակառակը։ Կարևոր էլ չէ։ Գոհ էի, որ փողոցները գոնե աղոտ լուսավորված էին բարձր ձգվող լուսամփոմփներով։ Իհարկե լույսն այնքան թույլ էր, որ աչքերս պատող մշուշի միջից գրեթե ոչինչ չէի տեսնում, բայց միևնույնն է, կատարյալ մթությունից գոնե լավ էր։
- Չապի, արագացրո՛ւ, տուն եմ ուզում։
Փողոցները երբեք այդքան միայնակ չէին եղել, ինչպես այսօր։ Ու այդ միայնությունն ու դատարկությունն ինձ այնքան խորթ ու անծանոթ թվաց, որ ինչ-որ ներքին դիսկոմֆորտ էի զգում։
Երբ Չապին տեղավորվեց և դիրքավորվեց իր կարիքները հոգալու համար, միայն այդ պահին զգացի, որ փողոցներն իրականում ոչ թե լուսամփոմփերով էին լուսավորվում, այլ Լուսնի լույով։ Թե չէ մեր թաղամասի համար մի քիչ տարօրինակ կլիներ այդ ժամին լուսավորություն ունենալը։ Ու հենց այդ պահին, երբ նկատեցի լուսնի ներկայությունը, թվաց, թե ինչ-որ մեկը կանգնած է ետևումս։ Երևի ծանոթ զգացողություն է, երբ չես տեսել, որ ինչ-որ մեկը եկել է, բայց զգում ես ներկայությունը։ Ես համոզված էի, որ փողոցի վրա ոչ ոք չկար։ Ու ճիշտ էի։ Հետևումս էլ ինչ-որ մեկը բնավ կանգնած չէր։ Միգուցե և իրոք ոչ ոք կանգնած չէր, բայց լիովին բացառել նրա ներկայությունը ես չէի կարող։ Չէ՞ որ զգում էի։
Պարզապես այդ զգացողությունը վերջերս ինձ հաճախ էր այցելում։  Արդեն ուշադրություն չէի էլ դարձնում։ Ուղղակի ներքին անհանգստությունս մի քիչ էլ աճեց։ 
Վերջապես Չապիի հետ շտապ քայլերով տուն էինք գնում։ Այդ ծանոթ զգացմունքն ինձ ուղեկցում էր։ Մի պահ նույնիսկ ուզեցա վազել, բայց վախեցա,թե վազեմ,ապա ետևիցս եկող երևակայական էակը կհասնի ինձ ու կբռնի։  
Այնպես որ հանդարտ,բայց մի քիչ անհանգիստ քայլում էի։ Շենքին մի քանի քայլ մնաց, երբ հանկարծ ինչ-որ տարօրինակ ձայն լսեցի։ Այնքան կենտրոնացա ձայնի վրա, որ մի պահ մոռացա իմ անբաժան ընկերոջ մասին։ Հետո ինձ ոգեշնչեցի, որ դա ընդամենը թռչող ինքնաթիռի ձայն էր (ասես չթռչող ինքնաթիռն էլ կարող է ձայն հանել)։ Բայց իրականում հասկանում էի, որ այդտեղ ոչ մի ինքնաթիռ էլ չկար։ Ձայնն ավելի հեռվից էր գալիս, ավելի խորքից ու ավելի մութ հեռուներից։ Շատ ավելի մութ,քան երկինքը.. ու շատ ավելի խուլ կերպով էր գալիս, քան ինձ հետապնդող անէն։

Սիրտս արդեն պայթում էր։  Ուզում էի տուն շուտ հասնել։  Իհարկե տանը լինելու պայմանն ինձ չէր ազատում այդ բոլոր տարօրինակություններից,որոնք ես վերագրում էի իմ հոգնածությանը, բայց դե գոնե գիտեի, որ Լիլիթը տանն է, իսկ դա արդեն կարևոր նշանակություն ունի։ Սակայն մինչ տուն հասնելը պետք է անցնեի միջանցքով։ Վերջին աստիճանահարթակի աստիճանները ոտքերով կուլ տալուց թվաց, թե ներքևում սև բաճկոնով ինչ-որ մեկն է կանգնած։ Բարձրահասակ, թիկնեղ։ Հաջորդ վայրկյանին, երբ տեսողությունս լարեցի, բնականաբար ոչ ոք չկար։ Իսկ եթե լիներ, ամեն ինչ այդքան սարսափելի չէր թվա։ Չդիմանալով վերջապես վազեցի ու հասա դռանը` փորձելով այն հնարավորինս հանդարտ թակել, որ չվախեցնեմ Լիլիթին…

Комментариев нет:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...