Սենյակում գրեթե ոչինչ չէր նկատվում,բացի մի կիսատ անկողնուց։ Այդ խեղճուկն էլ նկատվում էր պատուհանից ներս թափանցող Լուսնի աղոտ լույսի պատճառով,որն ասես դեռ ինչ-որ կերպ ուզում էր հիշեցնել,որ էլի առավոտ է գալու,որ միշտ չէ օրն այդքան մռայլ ու մութ լինելու։ Ու եթե ես լինեի փողոցի անդադար վազքի մեջ մտած ու հևիհև վազող հարյուր հազարավորներից մեկը,չէի էլ նկատի,որ անկողնու վրա փոքրիկ մանկիկի նման կուչ էր եկել մի մարդ։ Կուչ էր եկել այնպես,ինչպես իր դեմքի կնճիռներն էին հավաքվել իրար վրա,կպել իրար,ասես պատմելով կյանքի մի պատմություն,հիշելով մի մանկություն,այգուց թռցրած մի խնձոր,չհանձնած մի քննություն,սիրած մի կին,հաջող մի դեր,միայնակ ծերություն...Ծերուկի կենդանությունը հուշում էին պահի տակ մանկական խանդավառությամբ խառնվող ակոսները դեմքի։Ու ժպիտը։ Երևի երազ էր տեսնում։Լա՞վ,թե՞ վատ։Չգիտեմ էլ,հա~։Բայց երազ էր տեսնում։ Նա դեռ երազում էր,լա՞վ,թե՞ վատ,կարևոր չէ,գրողը տանի։ Նա դեռ կարողանում էր երազել,ուրեմն ապրում էր։ Սիրտս թեթևացավ։ Դանդաղ քայլելով մոտեցա անկողնուն ու կքանստեցի կողքին։ Ախ այդ Լուսինը,որը երբեք չէր պահում խաղի կանոնները,անխղճաբար լուսավորում էր Քնածի դեմքը.ասես դիտմամբ լույսի շողեր քցելով նրա հենց աչքերին,որ այդ միակ հաճույքից էլ զրկի նրան։ Բայց երևի Ծերուկի դեմքի մեղմիվ ժպիտը հենց այդ լույսի՞ց էր խաղում շուրթերի վրա։Վաղու~ց լույս չէր տեսել,մի պահ նույնիսկ վախեցա,թե աչքերը արդեն կուրացե~լ են,չեն տեսնում։ Բայց չէ~,եթե այդ աչքերն այդքան շուտ հանձնվողներից լինեին,այսօր ես դրանց չէի էլ տեսնի։ Չէի էլ նայի այս դեմքին,չէի էլ ընթերցի այդ կնճիռները,չէի էլ գրի այս տողերը։
Ինչե~ր ասես,որ չեն տեսել այդ աչքերը։ է՛լ հանդիսատեսից պայթող դահլիճներ,էլ արտասվող աչքեր, էլ չարաճճի հայացքով նայող անմեղ աղջիկներ,էլ կյանքի զրկանքից ծանրացած ու սևացած ձեռքեր են տեսել։ Մի կույր ժպիտ ու անխոս մի սեր են տեսել այս աչքերը։ Իսկ հիմա այնքան մեծ երջանկությամբ փակվել են,որ մի քանի ժամ ու րոպե չտեսնեն,չզգան,չցավեն։ Որ մի քանի ժամ երազեն,մի քիչ էլ,մի պտղունց էլ տեսնեն այն կյանքը,որ չեն տեսել..Որ մի բուռ էլ սեր ու երջանկություն տեսնեն,որ մի քիչ էլ իրենց հեռվում,այնտե~ղ`երազում,մի կյանք ուրվագծեն ու սիրեն։ Որ ուղղակի մի քիչ սեր ապրեն...
Որ փորձեն հագենալ այն սիրուց,որից չկշտացան ամբողջ կյանքում։ Այդ Ծերուկը,այդ մարդը,ում ես,առանց ինչ-որ բան հասկանալու,Ծերուկ եմ կոչում,երբեք չհոգնեց իր միակից,իր գեղեցկուհուց։ Ինձ նման ամենահասարակ ցանկացած մահկանացու էլ կերազի սիրել այդքան տաք ու կրքոտ,սիրել միշտ այդքան հավատարիմ ու անկեղծ,չհոգնել,չկորել,չծերանալ նրա`այն միակի կողքին։ Այլ երիտասարդանալ ու տասնիննամյա պատանու նման խնդալ ու վազել,գոռալ,որ սիրում ես։ Նա փոքրիկ մի Ծերուկ էր,ով անհույս ու անվերադարձ սիրահարված էր իր բեմին։ Ու բնավ կարևոր չէ~ր այն,որ այդ բեմն աշխարհի ամենագեղեցիկ ու ամենաշքեղ բեմը չէր։ Ու բնավ կարևոր չէր այն,որ նա կարող էր աշխարհի լավագուն բեմերը նվաճել։ Բայց չէ~,նա իր խարխլված,անկայուն հիմքով ու լուռ արտասվող պատերով բե~մն էր սիրում։Նա իր բեմն էր սիրում`բոլոր թերություններով ու առավելություններով։ Սիրում էր իրե~ն այդ բեմի վրա։ Քանի-քանի անգամ են իր ջահել ոտքերը կուլ տվել դեպի այդ բեմ տանող մի քանի հատիկ աստիճանները։ Ու հենց այդ նույն աստիճանների վրա էլ նրա անզգույշ ու վախվորած քայլերը դարձան ծանրակշիռ,դանդաղ,մտացված։ Հենց այդ աստիճանների վրա կոփվեց ու կոփեց,սիրեց ու սիրվեց,հենց այդ աստիճանների վրա երազկոտ մի պատանուց վերածվեց իմաստուն մի Ծերուկի։Բայց երազկոտ ծերուկի։
Ու հենց այդ աստիճանները եղան ջատագովը բեմի ու իր հանդիպման։ Մի քայլ,մի խոսք,մի դեր,մի խաղ ու կապված էր կյանքը նրա առհավետ այդ աստիճաններին,այդ փոքրիկ մի բեմին...
Մի քայլ,մի խոսք,մի դեր,մի խաղ...
Ու բնավ ոչ ոք չգիտեր էլ,թե ինչ է կատարվում այնտեղ`նրա ներսում։ Երբ դահլիճը պայթում էր ծիծաղից,մի ծանր հառաչ էր պոկվում սրտից նրա։ Երբ մենք մաքրում էինք մեր աչքերը`արցունքից ուրախության,նա թաքցնում էր վերքոտ ձեռքերը,որ գլխի չընկնենք`սիրտն էլ է վերքո~տ։ Ու ոչ ոք չգիտե,թե ինչ է կատարվում մեծ դերասանի ներսում։ Ու նույնիսկ ես,որ այսքան շատ ու անիմաստ խոսում եմ,չգիտեմ,թե ինչ կար հոգում նրա։ Չգիտեմ,թե հոգու որ պատառիկն էր ցավում,գլխում որ հիշողությունն էր պտտում,մտքում ում բառերն էր հիշում։ Չգիտեմ էլ,թե ինչու էր այդքան խոնավ աչքերով նայում իր հանդիսատեսին։ Աչքերը խոնավ էին,հա,բայց մենք լիաթոք ծիծաղում էինք։ Երևի նա հրաշագործ էր կամ էլ կախարդ։ Կամ էլ ուղղակի տաղանդ։ Չնայած "ուղղակի" տաղանդն էր չեն լինում։ Նա հանճարեղ էր։
Հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր,իսկ նա ձեռքերն ու ափերը լայն բացած ժպտում էր։Թվաց,եթե հնարավորություն ունենար,բոլորիս մեկիկ-մեկիկ կգրկեր։ Կամ էլ միանգամից`բոլորին։ Կգրկեր,որ լցներ կյանքն էլի ինչ-որ բանով։ Այդքան հարուստ կյանք ունենալով հանդերձ նա դեռ փնտրում էր,հարցնում,մոլորվում։ Ու սիրում էր..
Երբեք չեմ մոռանա նրա այդ խոնավ աչքերն ու լայն բացած ձեռքերը,որոնք ասես ասում էին.
-Ու կանցնեմ հիմա ես անդարձ անհետ ճամփաներով։ Կփառավորվեմ եթե ոչ այս,գուցե այն նախորդ խաղի համար։ Կքայլեմ ցաված մեջքս առաջ ուղղած,մի քիչ հոգնած,բայց հասկացած,որ այս կյանքից ոչինչ չտարա։ Հա,կգնամ ես էլ մի օր,կհիշեն,երևի,եթե ոչ նախորդ,ապա գոնե այս խաղի համար։ Կգնամ անհետ,չեմ երևա այլևս այստեղ`ծափահարություններիս ետևում թաքնված։ Կգա մի օր,ու ես էլ չեմ գա։ Կգա մի օր,երբ կքնեմ,կերազեմ այն,ինչ երբեք չտեսա։ Այնժամ կժպտամ ես այնպես,ինչպես երբեք չժպտացի։ Այնժամ կսիրեմ ես իմ կյանքն այն ամենասուրբ ու վեհ սիրով,որով երբեք ոչ մի մարդ չի սիրում իր անցնող օրերը արդ։ Հենց այդ պահին կփառավորեմ կյանքն իմ իսկական,ու կգնամ,կերազեմ,կհանգստանամ...
Անկեղծ ասած չգիտեմ էլ,թե որտեղ է թաղված նրա մարմինը։ Ու բնավ պետք էլ չէ իմանալ,թե որտեղ է հանգչում նրա մարմինը,որովհետև հանճարները չեն հանգչում...Նա հանճարեղ էր։
1 комментарий:
Ապրես, պուճուրս:
Отправить комментарий