четверг, 7 июля 2011 г.

Ո՞վ սպանեց մետրոյին...

Ինչպես գիտենք,քաղաքապետարանի ընդունած որոշումը մետրոյի թանկացման վերաբերյալ հուլիսի 1-ից մտավ ուժի մեջ։Ֆեյսբուքյան "Դեմ ենք մետրոյի թանկացմանը" խումբը ուղարկեց իր Բաց նամակը ՀՀ նախագահին և քաղաքապետին,պարոն քաղաքապետի պատին գրվեցին բազում բողոքներ,իսկ վերջապես հուլիսի 1-ին նույն խմբի անդամները բողոքի ցույցով հանդես եկան Երևան քաղաքի քաղաքապետարանի  շենքի դիմաց։
Կցանկանայի անդրադառնալ այս խնդրին և կատարել դիտարկումներ իմ տեսանկյունից։
Կային մարդի,ովքեր կողմ էին մետրոյի թանկացման`միամտորեն կարծելով,որ այդ գումարը տրամադրվելու է մետրոյի բարելավվմանը։Կային մարդիկ,ովքեր ասացին,որ կվճարեն մետրոյի համար 100 դրամ`ապահով երթևեկելու համար և վերջապես,որ եվրոպական երկրներում մետրոն շատ թանկ արժե...Եվ կար ևս մի աբսուրդ կարծիք։Մարդիկ ասում էին,եթե թանկանա մետրոն,մարդիկ ավելի շատ կսկսեն օգտվել մետրոյից։
Ես արդեն սպառել եմ ամբողջ հույսս,որ մեր կառավարությունը գումարն անհրաժեշտ տեղում կօգտագործի`այն իր գրպանում տեղ հատկացնելու փոխարեն։Չեմ ցանկանում շատ մանրանալ և տարբեր օրինակներ բերել։Պարզապես կասեմ,որ մետրոյի բարելավման համար վերցվել է ոչ քիչ քանակությամբ վարկ։Ասե՛ք խնդրեմ,դուք անձամբ ի՞նչ բարեփոխումներ եք տեսել մետրոյում։Միակ աչք ծակող փոփոխությունը Զորավար Անդրանիկ կայարանի պատերի վրայի նոր մատերիալն էր,որի շնորհիվ բոլոիս ծանոթ այդ սպիտակ փոշին չի դիպչում հագուստին։Ուրիշ ոչինչ ես չեմ նկատել,անկեղծ եմ ասում։Եթե դուք տեսել եք,գրե՛ք խնդրեմ,մեկնաբանություններում։Իսկ եթե կան էլ,ապա այնքան չնչին են,որ աչք չեն ծակում։Ապա ու՞ր կորավ այդ ամբողջ վարկը։
Երբ օրինակ ենք բերում եվրոպական երկրները,պետք է հիշենք,որ եվրոպայի կենսամակարդակը շատ ավելի բարձր է,քան մերը։Միայն նրանց նվազագույն աշխատավարձը ամեն ինչ պարզ է դարձնում։
Ես բացարձակապես չհասկացա մետրոյի թանկացման և դրանից օգտվելու քանակի բարձրացման կապը։Ինչպե՞ս կարող է ժողովուրդը մեր այս կարգավիճակում սկսել ավելի շատ օգտվել մի բանից,որն անմիջապես թանկանում է 100 տոկոսով։Այս մտածելակերպը ինձ համար պարզապես հանելուկ մնաց...
Չորրորդ։Ըստ ՀՀ կայուն զարգացման ծրագրի`գներն ու արժեքները կարող են բարձրանալ և աճել միայն 4.5%-ով,իսկ մետրոն թանկացավ անմիջապես 100%-ով։
Ո՞րն է Մետրոպոլիտենի արդարացումը։
Մետրոպոլիտենն ասում է,որ գնացքների համար ներկրված պահեստամասերը,նվազագույն աշխատավարձի ու թոշակների բարձրացումն իրականացվել է հենց այս ծրագրի հիմքով,որ պետք է մետրոն թանկանա։Բացի այդ նրանք նշում են,որ մետրոն յուրաքանչյուր անձի համար վճարում է 160 դրամ,այսինքն 110 դրամ ավելի,քան վճարում է հաճախորդը։
ՀՀ միակ պետությունն է Կովկասում,որ չունի էլեկտրաէներգիայի խնդիր,այդ պատճառով այս ենթակետի մասին լռում եմ։
Ինչպե՞ս մետրոյի թանկացումն անդրադարձավ մեզ`հասարակ մարդկանց վրա։
Ինչպես նշեցի վերևում "Դեմ ենք մետրոյի թանկացմանը" խմբի անդամները բազում մամլո ասուլիսներից,հարցազրույցներից,բողոքներից և անգամ բաց նամակ ուղարկելուց հետո դեռ պատասխան չեն ստացել։
Այսօր ես`մի մարդ,որը շատ էր սիրում մետրոն և սիրում էր դրանից օգտվել,որոշեցի մտնել մետրո։Ահա առաջին տպավորություններս։Երբ մոտեցա դրամարկղին,անմիջապես հայացքս գցեցի վերևի ցուցատախտակին`հույս ունենալով,որ մետրոն վերջիվերջո չի թանկացել։Սակայն ես հուսախաբվեցի։
Ես գծուծ չեմ,բայց մինչև ձեռքիցս այդ երկրորդ հիսուն դրամը պոկեցի,ներսս ամեն ինչ տակնուվրա եղավ։Չեմ կարող բացատրել,պարզապես այնքան խորթ էր,դեռ մանկուց մայրիկի հետ շատ էինք լինում մետրոյում ու մետրոն ինձ մոտ միշտ դրական էմոցիաներ է առաջացնում(Ձեզ ծանո՞թ է),իսկ այսօր մետրոն ինձ խորթ էր։Սկսեցի իջնել ներքև և հանդիպեցի երկրորդ հիասթափությանը։Չնայած դա հիասթափություն չէր,ես սպասում էի այդպիսի պատկերի։Մետրոն դատարկ էր,մետրոն դատարկ էր խայտառակ ձևով։Օրվա պիկ ժամին`14։00-ին,մետրոյում հազիվ հնարավոր լինել հաշվել 15 հոգի,այն ինչ մի ամիս առաջ մետրոն այդ ժամին լեփ-լեցուն էր։Իհարկե դասերը վերջացել են,և ուսանողներն էլ բնականաբար չեն օգտվում մետրոյից,սակայն ես հիշում եմ,թե անցած տարի ինչպիսի տեսք ուներ մետրոն այս շոգ եղանակին։
Ամռանը շոգ է,շատերը ցանկանում էին մտնել մետրո և բացի զովանալուց հանգիստ երթևեկել`զերծ մնալով երթուղայինների և ավտոբուսների տոթ ու անօդ մթնոլորտից։
Բայց ի՞նչ ենք մենք այսօր տեսնում։Ո՞վ սպանեց մեր սիրելի մետրոյին։Ո՞վ է մեղավոր նրա մահվան մեջ։Մե՞նք,որ լռեցինք ու չընդդիմացանք անհիմն թանկացման դեմ,թե՞ մեր պետությունը,որ մեզ կրկին օգտագործում է այնպես,ինչպես ցանկանում է։Չգիտեմ։Բայց մետրոյին սպանեցին...իսկ ես սիրում էի նրան...
Այլ աղբյուրներ և նյութեր.

«Դեմ ենք մետրոյի թանկացմանը»

«Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին»

Դեմ ենք մետրոյի թանկացմանը». «Facebook»-ում մտադիր են բոյկոտել մետրոն

Ֆեյսբուքցիները մետրոյի թանկացման դեմ

 Չհանդուրժել ուղեվարձի թանկացման Կարապետյանի դրայվը

 Ֆեյսբուքցիները բողոքում են մետրոյի թանկացման դեմ

ՖԵՅՍԲՈՒՔՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՄԵՏՐՈՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ

среда, 6 июля 2011 г.

Ես վնասակար չեմ շրջակա միջավայրին։Իսկ դու՞ք

Մենք հայերով նենց հետաքրքիր ժողովուրդ ենք։Ասածս ոչ մի գրամ սարկազմ կամ ծաղրանք չի պարունակում։Ուղղակի իրոք հետաքրքիր ազգ ենք։Նշեմ մեր առանձնահատկություններից միայն մեկը։
Երբ մենք իչ-որ նոր տեխնիկա ենք գնում,մենք գրեթե երբեք չեն ընթերցում դրա հետ տրված գրքույկն ու ցուցումները։Օրինակ եթե գնել ենք լրիվ նոր տեսակի հեռուստացույց,երբեք չենք բացի Ցուցումն ու չենք նայի,թե ասենք "այ էն կանաչ կնոպկեն" ինչի համար է կամ ինչպես անջատել հեռուստացույցը միացնելու ժամանակ լսվող կարճ երաժշտությունը։
Եթե գնել ենք նոր DVD նվագարկիչ,գրեթե երբեք չենք նայի`ինչպես կարելի է միացնել DVD-ի Կարաոկե ֆունկցիան և այսպես շարունակ։
Մենք միշտ "բզբզալով" մեր ուզածը գտնում ենք։Բայց հազվադեպ չէ լինում,որ բզբզալու ընթացքում ինչ-որ ծրագիր փոխում ենք,մեզ ոչ անհրաժեշտ բան ենք փոխում ու դե արի մի հատ էլ դա վերադարձրու նախնական ձևին։Կարճ ասած`ունքը սարքելու փոխարեն աչքն ենք հանում։
Ահա այսպիրի մի խնդիր կա նաև աղբի հետ։
Աղբամանների վրա շատ պարզ պատկերված է,որ աղբը պետք է թափել անմիջապես աղբամանի ՄԵՋ,ոչ թե շրջակայքում կամ 10 մետր հեռավորության վրա։Նույնիսկ պատկերած է ամենահարմար դիրքը`աղբը աղբամանի մեջ ճիշտ նետելու համար։Կանգնում ենք աղբամանի կողքին,պարզում ենք մի ձեռքը ու ափի միջի եղած աղբը բաց ենք թողնում,որ ընկնի արկղի մեջ։Պարզ և հասարակ։Պարտադիր չէ կանգնել մի քանի մետր հեռավորության վրա,մի քանի րոպե նշան բռնել,որի արդյունքում աղբը կհայտնվի աղբարկղի կողքին։Այդ դեպքում հաստատ գրեթե ոչ մեկը չի մոտենա աղբամանին,չի կռանա փողոցի մեջտեղում և գետնից աղբը չի վերցնի`այն իր ճիշտ նշանակետին հասցնելու համար։Լավագույն դեպքում շատերը աղբը վերջապես վերցնելուց հետո կրկին կվերադառնան իրենց նախկին դիրքին ու կփորձեն աղբը նորից ճիշտ նետել աղբարկղի մեջ։Ու կրկին ապարդյուն։
Երբ ես փոքր էի,ու մայրիկիս հետ որևիցե այգում էինք լինում,պաղպաղակ ուտելուց հետո մայրս ինձ միշտ ստիպում էր բռիս մեջ պահել պաղպաղակի փաթեթավորումն այնքան ժամանակ,մինչև կհասնեինք մոտակա աղբարկղին։Այդ տարիներին փողոցում ամեն 10 մետրի հնարավոր չէր մի աղբարկղ գտնել,այդ իսկ պատճառով ես ամուր պահում էի աղբն ափիս մեջ`հայացքով մի աղբարկղ փնտրելով։Այսօր էլ եմ ես այսպիսին։Եթե նույնիսկ մենք ընկերներով նստած ենք այգում,իսկ ես աղբը չեմ ցանկանում պահել ձեռքումս կամ պայուսակիս մեջ,ես այնպայման կգնամ,կմոտենամ աղբամանին և կնետեմ ձեռքիս աղբը աղբամանի ՄԵՋ։

Ամբողջ աշխարի բոլոր քաղաքակիրթ երկրների պայքարում են աղբի մեծ քանակի դեմ,իսկ մենք դեռ բզբզում ենք`աղբը ճիշտ տեղ հասցնելու համար։
Դուք իհարկե գիտեք,որ պոլիեթիենային տոպրակները,պլաստմասայից շշերը,բաժակաները,ափսեները,հագուստը,խաղալիքներն ու այլ իրերն ընդհանրապես չեն "մարսվում" հողի կողմից։Դրանք պարզապես կարող են տարիներ շարունակ մնալ արտաքին միջավայրում և չքայքայվել։ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի և Հավայան Կղզիների միջև գոյություն ունի աղբից կազմված հսկայան մի կղզի,որն իր չափերով մի քանի անգամ գերազանցում է մեր պետությանը։Ինչպե՞ս պայքարել այդքան մեծ քանակով աղբի դեմ։
Գերմանիան դրա դեմ պայքարում է իր միջացներով։Գերմանիայում յուրաքանչյուր տուն ունի 4 տեսակի աղբարկղ թե՛ տանը,թե՛ տան բակում։Այդ աղբարկղներից յուրաքանչյուրում հավաքվում է միայն մի տեսակի աղբ։Դրանք են`Բիո-աղբ,մետաղներ,թուղթ,փաթեթավորումներ։
Մետաղներն ու թուղթը պարզ են,Բիո-աղբը սննդից մնացած,ծառերից պոկված ճյուղերի ու տերևների աղբն է։Այս աղբն ուղարկվում է մի գործարան,որտեղ այն ամբողջությամբ վերամշակվում է և որպես պարարտանյութ հանձնվում հողին։
Թուղթը նույնպես հանձնվում է որպես բոլորիս հայտնի մակուլատուրա։
Մետաղների վերամշակումից հետո դրանք օգտագործվում են զանազան ապրանքների պատրաստության մեջ։
Իսկ պլաստիկայից փաթեթավորու՞մները։Ինչպե՞ս պայքարել դրանց դեմ։Աշխարհի պլաստիկայի ընդամենը 1%-ն է վերամշակվում`դրա չափազանց թանկ լինելու պատճառով։Պարզապես թողնե՞լ բախտի քմահաճույքին։Պլաստիկան հաճախ այրում են և այրումից առաջացած էներգիան օգտագործում են մոտակա գործարանները։Սակայն այրումից առաջանում են բազմաթիվ թունավոր գազեր,որոնք արտազատվում են շրջակա միջավայր և վերջապես մասնիկն են դառնում այն օդի,որը մենք`մարդիկս ենք շնչում։Ինչպե՞ս վարվել այս պարագայում։
Պլաստիկան հաճախ շատ է վնասում նաև ծովի կենդանական աշխարհին։Ինչպես նշեցի վերևում,Խաղաղ օվկիանոսի հենց մեջտեղում գոյություն ունի աղբի հսկայական կղզի,որտեղից հաճախ աղբը պարզապես լողում է և անցնում է ջրի տակ։Եվ գոյություն ունի ահա այսպիսի մի լուրջ խնդիր։Ձկները կուլ են տալիս պոլիեթիլենային տոպրակները,նրանք ստամոքսում լիության զգացողություն են ունենում,սակայն տոպրակը չի մարսվում և վերջիվերջո կենդանին մահանում է սովից։Ձկների այդպիսի անկումը թաքցնելու համար այդ նույն ձկները վաճառվում են մեզ,իսկ մենք հանգիստ գնում ենք և սնվում։
ԱՄՆ-ն և Բանգլադեշը(զարմանալի է,այնպես չէ՞) դրան տվել են իրենց լուծումը։Այդ երկու պետությունները հրաժարվում են պլաստիկայից`անցնելով թղթի և կտորի տոպրակների։Գերմանիայում մարդիկ գնումների են  գնում հիմնականում միայն արկղներով ու կտորից տոպրակներով,բացի այդ նրանց մոտ պոլիեթիլենային տոպրակները վճարովի են։Դա արվել է նրա համար,որ մարդիկ տոպրակի համար վճարելով`դրան ավելի խնամքով վերաբերվեն և ամեն անգամ գնումներից հետո դեն չնետեն։
Իսկ մե՞զ մոտ։Կարծես մեր Սուպերմարկետների մեջ պայքար կամ էլ ցուցամոլթյուն լինի,այն է`ինչքան շատ տոպրակ հրամցնես հաճախորդիդ,այնքան բարձր է սուպերմարկետիդ պատիվը`առանց հասկանալու,որ այդ տոպրակները մենք ստիպված ենք դեն շպրտել ու վնասել ինքներս մեզ։
Մի անգամ Մոսկվիչկա սուպերմարկետում գնել էի միայն մի Kit-Kat և դրամարկղի մոտ ուղիղ 4 անգամ ասացի,որ չդնեն տոպրակի մեջ։Մինչև ես գումարս հանեցի դրամապանակիցս,տեսա,որ այումանեայնվ դրել են տոպրակի մեջ։Ու իմ հարցին,թե ինչու միևնույնն է դրեցին տոպրակի մեջ,վաճառողուհին պատասխանեց.
-Դե կքցես էլի,հո առանց տոպրակ չէինք տա։
Մի անգամ էլ ՍԱՍ սուպերմարկետում 3 հաց գնելու դիմաց ես ստացա 4 տոպրակ`յուրաքանչյուր հացը մի տոպրակի մեջ.իսկ երեքը միասին մեկ այլ տոպրակի մեջ։
Հիմա կհետաքրքրի ձեզ,թե ինչ կապ ունեին իմ առաջին և երկրորդ գրվածքները։Ահա թե ինչ.ամբողջ աշխարհը պայքարում է աղբի քանակի քչացման դեմ,պոլիեթիլենային տոպրակների քանակի նվազման դեմ,իսկ մենք դեռ "բզբզում ենք"`աղբը ճիշտ տեղը նետելու համարլ։Էլ ուր մնաց խոսենք կամ մտածենք աղբի քչացման մասին։Այսպես եթե շարունակվեց,մենք կկորենք աղբի մեջ։Պետք չէ ոչ ոքի մեղադրել,պարզապես յուրաքանչյուրս պետք է իր ներդրումն ունենա`բողոքելու փոխարեն։
Անձամբ ես փորձում եմ իմ ներդրումն ունենալ շրջակա միջավայրի պաշտպանության մեջ և ես օգտագործում եմ միայն կտորից տոպրակ,որը միշտ ինձ հետ ման եմ ածում։Իսկ դուք ի՞նչ ենք անում ձեր և ապագայում ձեր երեխաների համար...

понедельник, 4 июля 2011 г.

Ծնունդս շնորհավո~ր

Ըհըն,այսօր իմ ծննդյան օրն է,և ես դարձա 16 տարեկան...
Հմմմ,հետաքրքիր էր,երբ ինձ հարցնում էին,թե ինչ կցանկանայի ստանալ ծննդյանս օրվա կապակցությամբ,ես հասկանում էի,որ ես ունեմ այն ամենն,ինչ ցանկանում եմ։Թե նյութական,թե մարդկային առումով...Գիտե՞ք,իրոք հետաքրքիր էր,նման բան զգացե՞լ եք։Ես հիմա հասկանում եմ,որ ես պարզապես ցանկանում եմ հասնել իմ նպատակներին`մնալով ինձ շրջապատող մարդկանց ընկերակցությամբ։Ես այնքան երջանիկ էի այսօր։Չէ~,սովորական,հասարակ օրերին էլ եմ ես երջանիկ,քանզի գնահատում եմ իրական երջանկությունը(չնայած իմ կյանքում երբեք սովորական և առավել ևս հասարակ օրեր չեն լինում)։Գնահատում եմ ինձ շրջապատող ընկերներիս,ընտանիքիս ու սիրելիիս սերը,ես գիտակցում եմ,որ անպայման չէ որևիցե բան կորցնել,դրա արժեքը գնահատելու համար։Ես անցել եմ այդ ուղով ու ծանոթ եմ դրա փշերի ու քարերի պատճառած ցավին։Ես ամեն ինչը ճիշտ ժամանակին գնահատել գիտեմ։Ես ունեմ այն,ինչ ինձ հարկավոր է երջանիկ լինելու համար...
Շատ դժվարություններ հաղթահարեցի,մարդկային վերաբերմունքի շատ տարբեր կողմեր տեսա,կյանքը տեսա ուրիշ լույերով ու գունավորմամբ,բայց ես այսօր արդեն 16 տարեկան եմ,ինձ ոչ ոք չկարողացավ երբեք կոտրել ու ես ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա,ես-ես եմ։Ես շփվում եմ շատ հեշտ ու ազատ,բայց ինձ քչերն են ճանաչում։Շատ քչերը։Շատ ստորություն և անարդարություն տեսա,գոռոզությունն ու եսասիրությունը տեսա շատերի,բայց ես ինձ այսօր այնքան բարձր ու վեհ եմ զգում այդ ամեն ինչից,բոլոր այդ ճղճիմ էակներից ու փոքրոգի արարքներից,երբ ինձ շնորհավորելիս ասում են.
-Միշտ այսպես բարի ու ժպտերես կմնաս...


23։50 րոպեից հեռախոսս ականջիս ամուր պահած խոսում էի սիրելիիս հետ,նա հաշվում էր րոպեները,խոսում էր ինձ հետ,պատմում էր իր զգացմունքների մասին,սիրտս լցնում էր իր սիրով,պատմում էր,թե ինչքան երջանիկ է,որ կողքիս է ու ինչքան երջանիկ է,որ սիրում է ինձ։Ո՞վ կհասկանա իմ զգացմունքների տարափն այդ պահին;Գուցե միայն նա...Ես ցնցվում էի ամբողջ մարմնով.տարօրինակ զգացողություն էր...
8
7
6
Մնաց մի քանի րոպե,ես շարունակում էի լսել նրա քաղցր ձայնն ու մտածել,որ մեկ օրվա ընթացքում չէ,որ մենք մեծանում ենք։Այդ դեպքում ինչու՞ եմ ես հենց այսօր դառնալու 16 տարեկան...
5
4
3
Նա այնքան քնքուշ էր,նրանից սիրո մի ամբողջ ալիք էր հորդում..
2
1
Ահա քույրս ինձ սեղմված նստել էր ու անթարթ հայացքով նայում էր համակրգչի էկրանին`ժամը բաց չթողնելու համար։Իսկ Նա լռում էր,և նրա լռությունն էլ էր քաղցր։Ես ցնցվում էի ամբողջությամբ,իսկ քույրս ամբողջ մամնով լարված էր մի վագրի նման,որը կարծես սպասում է հարմար պահի`իր նպատակակետին հասնելու համար թռիչք կատարելու։
0...
Մառ,շնորհավոր ծնունդդ,սիրելի՛ս..
Աաաաաաա,Մառ,շնորհավոոոոր...
Շնորհավոր ծնունդդ,բալե՛ս...
Քույրի՛կս,շնորհավոր ծնունդդ...
Նրանք իմ կողքին են,իմ ամենաթանկ մարդիկ,նրանք ինձ սիրում են,ինձ ուրիշ ոչինչ ու ոչ ոք պետք չէ։Նրանց ես երբեք չեմ կորցնի,գիտեմ։Այսօր իմ ծննդյան օրն է,նրանք ինձ սիրում են,ես շրջապատված եմ ինձ իրոք գնահատող,հարգող ու սիրող մարդկանցով։Այսօր իմ օրն է,սակայն ես յուրաքանչյուրիդ ցանկանում եմ այնպիսի երջանկություն,ինչպիսին ես զգացի երեկ 00։00,սիրո այնպիսի մի անձրև,ինչպիսին ես զգում եմ հենց հիմա ու այնպիսի հավատարիմ,հարազատ ընկերներ,ինչպիսիք իմ կողքին են։Ընկերները իսկական կամ սովորական չեն լինում ինձ համար։Եթե ինչ-որ մեկին ես կոչում եմ ընկեր,ապա նա ԸՆԿԵՐ է`առանց որևիցե այլ ածականների։
Անդավաճան ընկերներով շրջապատված լինելուց ավելի մեծ հարստություն չկա,դրա մասին դեռ շատ վաղուց ժողովրդական առածներն են վկայում...
Այսօր ես իրոք հասկացա այդ ասույթների իմաստը։
Այսօր իմ ծննդյան օրն էր,և ես երջանիկ եմ։

воскресенье, 3 июля 2011 г.

Ո՞րն է տարվա մեր եղանակը...



Ես սիրում եմ ձմեռն ու շատ եմ սիրում։Սիրում եմ ձմռան սառը շունչս,սիրում եմ ձյունը։Ես սիրում եմ քայլել ձյան վրայով ու զրուցել նրա հետ։Ես պատմում եմ,իսկ նա`լուռ խրթում է ոտքերիս տակ։Նա նստում է ուսերիս,ծածկում է գլուխս,համբուրում է շուրթերս իր սառը շունչով..Ես սիրում եմ ձմռան խաղաղությունն ու ըմբոստությունն ու սիրում եմ նրա պարզությունը։Ես սիրում եմ ձմեռը...
Սակայն ձմռանը ես երբեմն կարոտում եմ գարնան ջերմությունը,կարոտում եմ ծաղիկների խայտաբղետ գույները...
Ես սիրում եմ գարունը։Սիրում եմ արևի`հոգիս լուսավորող ու սիրտս ջերմացնող ճառագայթները։Ես սիրում եմ գարնան կանաչը,պարզապես խենթանում եմ այդ գույների համար։Ես սիրում եմ գարնան ձնծաղիկները,ես սիրում եմ գարնան ծաղիկները։Լցնում եմ հոգիս ծաղիկների բույրով։Նրանք ողջունում են ինձ իրենց կյանքով լի աչուկներով ու ես սիրում եմ գարունը...
Սակայն գարնանը ես կարոտում եմ ամառվա ազատությունը,ընկերների հետ զբոսանքներն ու գրքերի հետ առանձնանալու հնարավորությունը։
Ես սիրում եմ ամառը։Ես սիրում եմ նրա կիզիչ արեգակը,սիրում եմ սիրելիիս հետ ամեն օր հանդիպել,նստել կանաչ-կանաչ խոտերին,թավալ գալ ծառերի տակ,զգալ բնության շունչը...Սիրում եմ վերցնել գրքերս,նստել հով պատշգամբում ու վայելելով զով քամին`տեղափոխվել մի նոր`գրքերի աշխարհ...Ես սիրում եմ ամառային մրգերն ու ես սիրում եմ ամառվա բույրը...
Ես սիրում եմ ամառը։
Սակայն այս երեք եղանակներից ամբողջովին տարբեր սիրով ես սիրում եմ..աշունը։Ես պարզապես անզօր եմ բացատրելու իմ զգացմունքները,ես աշնանն ապրում եմ ուրիշ կյանքով,աշնանը ես-ուրիշ ես եմ...Աշնանը ես սիրում եմ նրա գույները,բայց ոչ այնպես,ինչպես գարնանայինը։Ես սիրում եմ աշնան սառը շունչը,բայց ոչ այնպես,ինչպես ձմռանը։Ես սիրում եմ աշնանը նստել չոր տերևների վրա,ես պարզապես սրտիս տրոփյունով սպասում եմ աշնանը։Ա~խ,այնքան եմ ես կարոտել նրան,կարոտել եմ անգամ աշնանային հագուստս,աշնանային անձրևը,ամպոտ եղանակը...Կարոտում եմ աշնան խոր մռայլը։Ամենից շատ ես սիրում եմ Նոյեմբերը...Աշնան ամենագեղեցիկ շրջանը։Աշու~ն,ես սիրում եմ քեզ այնքա~ն շատ,դու երբեք ինձ համար միայնության խորհրդանիշ չես եղել,դու ինձ համար կյանքի մի նոր դուռ,ապրելու մի նոր ուժ ես տալիս։Աշուն,դու ես տարվա իմ եղանակը,տարվա մե~ր եղանակը։
Աշնանը ես`ես եմ..
Աշու՛մ,ես սիրում եմ քեզ...

Քուչի մասշտաբով լավ տղեք



Եկե՛ք մի կողմ թողենք հայ քյարթերի մասին արդեն բավականին լավ ծեծված թեման։Ես չեմ պատրաստվում այժմ նրանց քննադատել,պայքարել նրանց դեմ,գոռգռալ։Ես պարզապես ամենայն անկեղծությամբ զարմանում եմ։Հա-հա,իրոք զարմանում եմ։Հիմա կպատմեմ երկու դեպք,ու դուք ինձ կհասկանաք։
Սկսել է ամառը և արդեն ավելի շատ ազատ ժամանակ ունենալով`հաճախ ընկերներով երեկոյան գնում ենք զբոսնելու։Մեր զբոսանքը հաճախ ավարտվում է մոտավորապես ժամը 23-ին,և բնականաբար իմ սիրելին և իմ ու քրոջս ընկերները ճանապարհում են մեզ մինչև մեր միջանցի մուտքը։Որպես կանոն "մեր քուչի լավերը" նստած են լինում մոտակա տաղավարի մոտ և ամեն անգամ այդ օրերին նրանք մոտենում են մեր ընկերներին և ամեն անգամ տալիս են միևնույն հարցը.
-Ախպեր,դուք էս աղջկեքի ախպերնե՞րն եք,թե՞...
Հիմա ինձ մոտ առաջանում է առաջին հարցս։Նրանց ի՞նչ գործն է,թե ինձ ով է ճանապարհում տուն,եթե ես այդ լավ տղերքի նույնիսկ անունները չեմ հիշում։Ո՞վ են նրանց ինձ համար։Ի՞նչ է,մտածում են իրանց քուչի աղջկա մասին։Ախր ինձ համար անհանգստացողների պակաս չկա~,նրանց ո՞վքեր են ինձ համար։Հետաքրքիր է...
Լա՛վ հիշեք հատկապես այս հատվածը,մենք դեռ էլի ենք զարմանալու :)
Եվ երկրորդ հարցը։Նրանք այդքա՞ն դժվար են ճանաչում դեմքերը,որ ամեն անգամ մոտենում են նույն մարդկանց և ամեն անգամ տալիս նւոյն հարցը`սպասվող նույն պատասխանով։Կամ էլ մեր հայ երիտասարդության նոր մոդայիկ սանրվածքը թույլ չի տալիս իրենց աչքերին լավ զննել մարդուն,որ միշտ նույն կարգավիճակում չհայտնվեն(Ի դեպ,երբ հայ տղաները տեղը տեղին չեն հարդարում իրենց մազերին,բայց այնուամենայնիվ պահում են որոշակի երկարությամբ,բավականին նմանվում է հանրահայտ Բիթլզյան սանրվածքին,բայց նրանք հաստատ դրանից տեղյակ չեն:D)։
Լավ,իրոք ենթադրենք "քուչի մասշտաբով լավ տղերքը" նայում են իրանց քուչին ու նայում են,որ հանկարծ ոչ մի "գյադա" իրենց "քրերին" բան չասի...
Շարունակենք.
Երեկ ես,քույս և մայրիկս վերադառնում են Սուպերմարկետից։Յուրաքանչյուրիս ձեռքին կա ամենաքիչը երկու տոպրակ։Ահա տեսնում ենք,որ մեր "լավ տղերքը" դուրս են եկել մեր տեղանքից և կանգնած են "օտարի քուչում"։Զարմանալի էր։Երբ եկանք հավասարվեցինք նրանց,տղերքը մեզ մի մարդու նման բարևեցին։Եկանք,շրջանցեցինք նրանց ու շարունակեցինք քայլել։Սկսեց անձրև,և որպեսզի նրանց գեղեցիկ հարդարված սանրվածքները չփչանան,նրանք վազելով գնացին մտան մի ծառի տակ։Եվ,պատկերացրե՛ք,"լավ տղերքից" գոնե մեկի մտքով չանցավ գա գոնե մայրիկի ձեռքից տոպրակները վերցնի։Հետաքրքիր է,այնպես չէ՞։Մե՛կ մտածում են "աղջկեքի պատվի" մասին,մե՛կ էլ իրենց մոր տարիքի կնոջը օգնելու մասին չեն էլ մտածում։Ա~յ քեզ լավ տղա։Հիմա հասկացա՞ք`ինչու էի զարմանում։
Ու այստեղ խնդիրը միայն քյարթ "սկուլբտուրային"(:D) պատկանող տղաները չեն։Այ "ժամանակակից մտածելակերպ" ունեցող շատ ու շատ տղաների մոտ հաճախ կարելի է հանդիպել ամոթի և հարգանքի բացարձակ բացակայություն։Ժամանակակից մեր տղաները,և ոչ միայն տղաները,մոռանում են,որ յուրաքանչյուրիս ազատությունը վերջանում է այնտեղ,որտեղ սկսում է դիմացինի ազատությունը։Իսկ հարգա՞նքը։Լավ տղուն հարիր չէ՞ իրենց մոր տարիքի կնոջն օգնելը,թե՞ ժամանակակից տղան այնքան ազատ է,որ կարող է իր ծնողների տարիքի մարդկանց մոտ իրեն ամենավերջին լկտիի պես  պահել...
Ես սիրում եմ տրամաբանությունը,ես սիրում եմ տրաբանել և վերլուծել,սալայն երևի նրանց տրամաբանությունը հասու չէ իմ ուղեղին..
Ես իրոք զարմանում եմ...

суббота, 2 июля 2011 г.

Ինչու՞ եմ այսքան ուրախ...

Ես
Նրա հետ ես ծանոթացա համացանցի`Mail.ru Агент ծրագրի միջոցով։Սկզբում քույրս էր նրա հետ ծանոթացել։Երբ ես նկատեցի,թե ինչ հետաքրքրությամն են միմյան հետ շփվում,ինչ-որ թաքուն ցանկություն առաջացավ նրա հետ անձամբ ծանոթանալու։Ես արեցի դա։Մենք ընկերացանք այդ նույն չատի միջոցով։Իմ բոլոր հարցերը կապված համակարգչի և համացանցի հետ ես նրան էի հրամցնում,իսկ նա շատ սիրով պատասխանում էր։ացի այդ նա շատ էր սիրում ինձ համար երգեր գտնել համացանցում և ուղարկել այդ չատով։Կարճ ասած նա ընդհանրապես թույլ չէր տալիս,որ ես որևիցե նեղություն քաշեմ։ :) Ժամանակը վազում էր,և մենք աստիճանաբար ընկերներ դարձանք։Իսկական ընկերներ։Նա միակ մարդն էր,ում ես վստահում էի,ում հետ շփվում էի...Նա թանկ էր ինձ համար...Բայց միայն որպես ընկեր...թե՞

Ապրիլին նրա ծննդյան օրն էր,սակայն դեռ հունվարից սկսել էր մայրիկիս համողել,որ թույլ տա այդ օրն իր կողքին անցկացնենք`քույրս ու ես։Ախր դեռ 14 տարեկան չէի բոլորել,մաման անհանգստանում էր մեզ համար...Բայց նա ավելի համառ գտնվեց,քան ես կարծում էի...
Ապրիլի 19-ն էր`նրա ծննդյան հաջորդ օրը,,այսօրվա պես հիշում եմ,ժամը 12-ին Մարկո Պոլոյի դիմաց։12.02 էր,տեսա նրան կանգնած դռների դիմաց,կանգնած ընկերոջը հեռախոսով գլուխը կախած ինչ-որ բան էր ցույց տալիս։Սիրտս սկսեց լույսի արագությամբ բաբախել,կարծում էի`հիմա դուրս կթռչի։Մոտեցա նրան,գլուխս կախեցի,որ տեսնեմ դեմքն ու ժպտացի ասելով "Բարև" ու ձեռքս մեկնեցի`ողջունելու համար։Ահա զգացի իմ փորքիկ մատները նրա ամուր ձեռքի մեջ,ի՞նչ կատարվեց այդ պահին...ես չգիտեմ...բայց ինչ-որ բան կատարվեց..."

Նա
"Ես ծանոթացա նրա քրոջ հետ և անպիջապես մտնելով նրա պրոֆիլը նրա ընկերների ցանկի մեջ ես նկատեցի լուսավոր դեմքով ու բարի հայացքով մի աղջնակա.նրա քույրն էր։Նա այնքան փոքրիկ ու նուրբ էր,ես ցանկացա անմիջապես նրա հետ էլ ծանոթանալ,բայց վախեցա,թե կցավեցնեմ..ես չկարողացա ինքս ինձ բացատրել այդ զգացողությունը...
Անցավ ժամանակ,և ահա տեսա նրա ընկերանալու առաջարկը։Սիրտս սկսեց թփրտալ։Նա էլ է ինձ նկատել...
Նա կարծես թե լրիվ անտարբեր չէր իմ նկատմամբ։Ես ամեն ինչ անում էի նրա ուշադրությունը գրավելու համար։Ցանկացած երգ,ֆիլմ,նկար,կայք ես գտնում էի նրա համար,կարճ ասած ամեն նարավոր ճանապարհ էի գտնում նրա հետ ավելի մտերմանալու համար...
Ապրիլին իմ ծննդյան օրն էր։Ես անպայման ցանկանում էի նրան տեսնել իմ կողքին իմ 15 ամյակի ժամանակ։Նա պետք է իմ կողքին լիներ,սակայն նրա մայրիկն անհանգստանում էր...Բայց ես բավականին համառ էի...Ներսից ինչ-որ ուժ ինձ անընդհատ առաջ էր մղում,ստիպում էր ավելի համառել ու համոզել...
Ապրիլի 19-ն էր`ծննդյանս հաջորդ օրը։Ես Մարկո Պոլոյի դիմաց ընկերոջս հետ կանգնած նրանց էի սպասում,երբ հանկարծակի մի լուսավոր դեմք ժպտաց ինձ ու մի քնքուշ ձայն ինձ ասաց "Բարև"։Եվ հանկարծ նա իր ձեռքը մեկնեց ինձ և ես հասկացա,որ երբեք ոչ մի աղջկա ձեռքով չեմ ողջունել։Ես մի պահ վախեցա։Նրա մատներն այնքան փոքրիկ էին ու նուրբ,իսկ եթե ցավացնեի...Ահա ես առա նրա ձեռքն իմ ափի մեջ ու հետս ինչ-որ բան կատարվեց...մի հզոր հոսանք անցավ ամբողջ մարմնովս...ի՞նչ էր դա...Ես սիրահարվեցի..."

Շատ օրեր են անցել այդ օրվանից ի վեր,այսօր ամեն ամսվա երկրորդ օրը մի տոն է մեզ համար`նրա և իմ...Շնորհավո~ր,սիրելի՛ս...Ես սիրում եմ քեզ...

пятница, 1 июля 2011 г.

Մի մարդ-հարյուր կյանք


Խոսքն իմ մասին։Իմ և գրքերիս։
Ես սիրում եմ,կարելի է ասել խենթանում հին գրքերի բույրի համար։Ես խենթանում եմ գրադարանների,գրքերի ծովի համար,ես կարող եմ ժամեր շարունակ նստել գրադարանում`ֆրքերի ընկերակցությամբ...
Մանուկ ժամանակ ես գրքեր շատ չէի սիրում։Նույնիսկ մի անգամ ամռանը մայրիկս առաջադրանք էր տվել,այն է`օրական ամենաքիչը կարդալ 20 թերթ։Գիրքը հաճույքով էի կարդում,սակայն կարծում էի,թե ավելի հետաքրքիր և պետքական բաներ կան աշխարհում։Մանկական խորամանկությամբ փորձում էի արագ-արագ կարդալ,որ զբաղվեի իմ "լուրջ" գործերով։Բայց այ հեքիաթները կլանում էի ջրի պես,այնքան էի սիրում,հեքիաթներ կան,որ հաստատ 20 անգամ կարդացել եմ,եթե ոչ ավել։Այսօր դարակս դասավորելիս գտա իմ մանկության օրերի սիրելի հեքիաթների գրքերը`բելառուսական հեքիաթների ժողովածու,Սուտլիկ Որսկան,Ճամփորդներ,Արևելյան հեքիաթների հավաքածու,Կացին ախպեր,Հայկական հեքիաթների հավաքածու և այսպես շարունակ։Նույնիսկ մեկ-երկուսը վերցրեցի և սկսեցի կրկին կարդալ։Ես մինչև այսօր էլ սիրում եմ այդ հեքիաթները ու չնայած,որ այսօր զգացի դրանց պարզությունը,բայց և միաժամանակ դրանց իմաստը։Հեքիաթներից շատ բան կարելի է սովորել,հեքիաթն այն առաջին դուռն է,որ տանում է մեզ դեպի կյանք։
Հիշում եմ իմ առաջին գիրքը,որն ըստ իր ժանրի հեքիաթ չէր։Խոսքը "Գանձերի կղզի" գրքի մասին է։Իմ մանկական վատ սովորության պատճառով ես այսօր չեմ հիշում հեղինակի անունը,բայց հիշում եմ,որ շատ էի ուրախացել,որ արդեն "մեծերի" գիրք եմ կարդում(Անկեղծ ասած այդ գրքից հետո անգամ չէի դադարել հեքիաթներ կարդալը)։
Հաջորդ զոհս Ռոբինզոն Կրուզոն էր,մինչև այսօր էլ հիշում եմ,թե ինչպես էր պատսպարվում և պաշտպանվում վայրի կենդանիներից։Ես սիրեցի այդ գիրքը։
3-րդ գիրքս արդեն իրոք մի փոքր ավելի մեծահասակների համար էր,ասենք այժմյա իմ տարիքի։Խոսքը Բուլգակովի "Վարպետն ու Մարգարիտան" գրքի մասին է։Երբ ես տեսա դրա հեռուստասերիալը,ես պարզապես սիրահարվեցի այդ գրքին։Ու չնայած,որ մերոնք ասում էի,թե դեռ փոքր եմ այդ գրքի համար,ես այն կարդացի։Կարդալը թույլ է ասված-ես այն կուլ տվեցի։ :)
Այդպիսի մի "արգելված" գիրք էլ է եղել.Ջեյն Էյր։11կամ 10 տարեկան էի,երբ այդ գիրքն ընկավ ձեռքիս։Մայրս ասաց,որ դեռ փոքր եմ այդ գրքի համար և որ պետք չէ այն կարդամ։Բայց երբ մենք ամառանոցում էինք,ես այդ գիրքը ձեռքիս սողում էի մի անկյուն ու արագ-արագ հափշտակում։Ես սիրում եմ Ջեյնին։
Անցավ մի փոքր էլ ժամանակ և եկավ նոր ամառ։Ես գրանցվեցի մեր մոտակա գրադարանում ու...ու 2 օրվա ընթացքում մի գիրք էի վերջացնում։Ամբողջ օրը տարված էի միայն գրքով։Գրադարանավարուհիները հավանաբար կարծում էին,որ գրքերը հենց այնպես տանում-բերում եմ։Իսկ ես կարդում էի,այն էլ այնքան արագ։
Ես այնքան կյանք ապրեցի։Ես Թոմ Սոյերը,Հեքլբերի Ֆինը,Պրոֆեսոր Դոուելը,Անտեսանելի մարդն եմ,ես ապրեցի նրանց կյանքը,ես ապրեցի ուրիշ հարյուրավոր կյանքեր։Ես դարձա անճոռնի դերասան ու տաղանդավոր բժիշկ,ես դարձա Պուարոն ու Շերլոկ Հոլմսը։Ես ապրեցի զինվորի ծանր ու անբարոյականի թեթևաբարո կյանքով։Ես լիանաներից բռնված ճախրեցի ջունգլիներում ու կախարդանքի դպրոցում կռվեցի չարի դեմ։Ես դարձա անգլուխ,ես սիրեցի Մարգարիտային,ես ստեղծեցի հիպերբոլոիդ,ես բացահայտեցի սպանություններ։Ես ապրել եմ 16 տարվա,բայց հարյուրավոր կյանքեր։
Գրքերն ինձ համար նոր դռներ են`կյանքի նոր ակնկալիքներով։Եթե ինձ համար գոյություն ունի վիրտուալ կյանք,ապա դա գրքերն են։Գիքր,որտեղ կա նոր կյանք,նոր զգացմունքներ,նոր մարդիկ ու էմոցիաներ...որտեղ կամ նոր-ես։

четверг, 30 июня 2011 г.

Ես երազել եմ...Հնդկաստանի մասին

Վերնագիրս նմանեցված է մի հիանալի ֆիլմի վերնագրին`ես երազել եմ Աֆրիկայի մասին։
Իմ պարագայում ճիշտ կլինի "իմ ֆիլմը" կոչել ես երազել եմ Հնդկաստանի մասին։Հնդկաստան-մի բառ և մի ամբողջ աշխարհ ինձ համար։Ես երբեք այնտեղ չեմ եղել,ոչինչ իմ սեփական աչքերով չեմ տեսել,բայց ես երազում եմ նրա մասին։Հնդկաստանն ինձ համար "լուսնի" մյուս կողմն է,կյանքի մյուս հայացքը,ապրելու նոր շունչը։Ինչ խոսք,ես գիտեմ,թե կյանքն ինչքան բարդ է Հնդկաստանում,թե դրա շատ հատվածներ ինչքան հեռու են քաղաքակրթությունից ու մարդիկ ինչ աղքատ են ապրում։Ես ցանկություն չունեմ մեր այս քաղաքակրթության մեջ ապրելու,չեմ սիրում ես մեր այս կյանքը,չեմ սիրում մեր այս խնդիրները։Ես բնությունն եմ ուզում...ես Հնդկաստանն եմ ուզում...մի երկիր,մի մշակույթ ու բազում գաղտնիքներ...ես ուզում եմ կեղտոտ բաժակով ջուր խմել,որաբոբիկ քայլել փողոցներում,ոտքերս լվալ գետի ջրի մեջ ու վազել կապիկների ետևից։Ես կյանքի շունչը զգալ եմ ուզում։Ես ցանկանում եմ ապրել ջունգլիներում։
Անվանե՛ք ինձ մաուգլի,խենթ,գիժ,կյանքից հոգնած..անվանե՛ք ինչպես ուզում եք,ես միևնույնն է երազում եմ Հնդկաստանի մասին։Երազում եմ վազել տաք ավազի վրայով,վազել արագ ու ձեռներս քսել ծառերի փափուկ տերևներին։Ամեն անգամ մեր չոր ասֆալտի վրայով քայլելիս ձեռներս քսում եմ ծառերի տերևներին`աչքերս փակելով ու ինձ պատկերացնելով այդ պահին Հնդկաստանում...
Ջունգլիներ,անտառներ կան իհարկե նաև այլ երկրներում։Բայց Հնդկաստանն ուրիշ է։Հնդկաստանն արդեն իմն է։
Ես երազում եմ ջունգլիների մեջ վազել այնքան արագ ու այնքան երկար,որ ուժասպառ եղած ընկնեմ հողի վրա,դառնամ նրա մի մասնիկը։Ես երազում մարմնիս,հոգուս ու մտքերիս կատարյալ ազատություն տալու մասին...
Հնդկաստանը վաղուց արդեն իմն է։Հնդկաստանի փղերն ու ծառերն էլ են իմը։Ես երազում եմ տեսնել,թե ինչպես է մայր փիղը ոտքի կանգնեցնում իր ձագուկին,երազում եմ տեսնել ծառի վրայով գալարվող օձի,երազում եմ քնել լիանաներով ծածկված,արթնանալ խայտաբղետ թռչունների ծլվլոցից,լվացվել գետի ջրով,սնվել ծառերի պտուղներով,հոգիս լցնել անտառի բույրով։
Ցանկանում եմ ծանոթանալ հնդկական ցեղերի հետ,շփվել այն մարդկանց հետ,ովքեր չգիտեն,թե ինչ է քաղաքակրթությունը,չգիտեն ինչ է համացանցն ու համակարգիչը,չգիտեն ինչ է մեգապոլիսը..չեն ճանաչում մարդկային մե~ր ցեղը։Ես երազում եմ ամբողջ մարմնով դիպչել կուսական ծառին ու միաձուլվել նրա հետ։Ես երազում եմ համբուրել ծաղիկներին ու խմել նրանց անուշ նեկտարը։Ես երազում եմ կյանքի այդ կողմի մասին։Ես երազում եմ կյանքի այդ թարմ շունչը զգալու մասին...Ես երազում եմ բնության մի մասնիկը դառնալու մասին...
Ես երազում եմ Հնդկաստանի մասին...

Ձնծաղիկների բույրը

Ճերմակ ու գեղեցիկ ձմռան մոտալուտ մահվանն էինք սպասում։Արեգակի ջերմ ճառագայթներն արդեն հայտարարում էին գարնան գալուստը,իսկ ձյունը մեղմ արտասվում էր։Ես սիրում էի այդ ձմեռը,գարունը`նույնպես,քանզի ձմռան վերջին ու գարնան սկզբին իրենց գլխիկներն են ձյան հաստ շերտի տակից հանում ձնծաղիկները։Փոքրիկ այդ ծաղիկները ինձ ժպտում էին`ողջունելով այնքան ջերմությամբ։Ձնծաղիկների այդ ջերմությունը մինչ այսօր ջերմացնում է հոգիս...
Հորս հետ քայլում էինք մի այգում,որի անունը ես այդ ժամանակ չգիտեի։Այսօր էլ միայն գիտեմ,որ այդ այգում միասին մենք շատ եղանք ,ես այնտեղ շատ վազեցի ու ծիծաղեցի։Ո՞րն էր այդ այգին,ես չգիտեմ,ես գիտեմ-դա իմ մանկությունն էր...
Այգին արդեն ծաղկում էր,փորձում էր հագնել իր կանաչ հագուստը,որը զարդարված էր սպիտակ նախշերով`փոքրիկ ձնծաղիկներով։Հիշում եմ,հայրս բաց թողեց ձեռքս և ես վանդակից պոկված թռչնակի նման վազեցի դեպի նրանց...Խնամքով մի քանիսը պոկեցի,գեղեցիկ դասավորեցի,ապա այդ փոքրիկ փնջիկը մոտեցրի քիթիկիս ու ամբողջ հոգիս լցրեցի ձնծաղիկների բույրով։Այդ պահին ամբողջ աշխարհը միայն ձնծաղիկներն էին ու նրանց բույրը։Հետո,երբ սթափվեցի,վեր կացա ու մանկական մի ուրախ ճիչով վազեցի հորս մոտ և տրվեցի նրա ամուր ձեռքերին ու ջերմ գրկախառնությանը`ձեռքումս ամուր պահած փոքրիկ փունջը։
Այդ օրից ի վեր շատ բաներ անցան ու փոխվեցին։Շատերը եկան ու գնացին,ծաղիկներս վաղուց թոռոմել էին։Ձմեռներն էլի եկան ու անցան,ծաղիկներ հազարավոր ծաղկեցին ու անհետացան,սակայն ես երբեք չեմ մոռանա հենց այդ ձնծաղիկների բույրը։Ես երբեք չեմ մոռանա,թե ինչ բույր ուներ իմ մանկությունը։...

Մենք ուժեղ ենք...

Դեռ սկսած 13 տարեկանից մինչև 16-17,երբեմն նույնիսկ մինչև 21-22 տարեկան շատ ու շատ երիտասարդներ,այդ թվում նաև ես,սկսում ենք մեզ մեծ ու հասուն զգալ,կարծել թե ծովը մեր ծնկներից է,կյանքը մեծահասակներից լավ ենք հասկանում և  որ վերջիվերջո շատ բան տեսած ու հաղթահարած մարդիկ ենք։Ինչ խոսք,կյանքի 16 տարիները (նշված տարիքների միջինը) քիչ չեն,մենք իրոք այդ տարիքում շատ հուզումնալից ենք դառնում,որի պատճառով էլ հենց սկսում ենք վիճել ծնողների հետ մեր ուզածով շարժվելու համար,կռվում ենք,վիրավորվում,սիրահարվում,տրվում սիրուն,վիճում ընկերների հետ,ինքնահաստատվում ու կամք ցուցաբերում...մի խոսքով ամեն ինչ լի է անկեղծ ու իրական էմոցիաներով։Երևի հենց սա է պատճառը,որ այդ էմոցիոնալ պիկից դուրս գալով մենք մեզ շատ հասուն,ուժեղ ու կայացած ենք զգում։
Վերջերս ինձ մոտ մի հարց ծագեց,որին հաջորդեց իր պատասխանը։Երբ մենք`դեռահասներս,խոսում ենք նրա մասին,որ շատ ուժեղ ենք ու շատ դժվարություններ ենք հաղթահարել,մտածու՞մ ենք արդյոք այս երեխաների մասին։Մտածու՞մ ենք,որ նրանք դեռ մանկուց պայքարում են ապրելու,արժանապատիվ ապրելու,հաստատվելու,իրենց մեր շրջապատում լիիրավ մա~րդ զգալու համար։Ես հասկացա,որ իմ հարցը շատ հաճախ բացասական պատախան կգտնի։
Ես չէ որ պետք է ձեզ ասեմ,թե ինչ ծանր կյանք են նրանք ապրում։Նրանց տեսնելով այլևս ինչպե՞ս մենք կարող ենք խոսել կամքի ուժի մասին։Ի՞նչ ենք մենք հաղթահարել 16 տարի ապրելով։Շատ դժվարություններ։Բայց նրանց չափ-երբեք։
Սիրտս ինչ-որ աննկարագրելի ուրախությամբ և նույնիսկ կասեի անսահման բարությամբ է լցվում,երբ մարդկանց,ամենահասարակ մարդկանց մեջ տեսնում եմ ֆիզիկական և մտավոր թերություններ ունեցով մարդկանց։Պատկերացնու՞մ եք,նրանք իրենց ամբողջ կյանքն անցկացնում են պայքարի մեջ և դեռ այդքանից հետո կամքի ուժ ու եռանդ ունեն առանց արտաքին թերությունների մարդկանց հետ փողոցում քայլելու համար։Ես սիրում եմ նրանց։Շատ չէ,բայց շփվել եմ հաշմանդամների հետ։Նրանց մեջ այնքա~ն կյանք կա։Մի հաշմանդամ մարդու կողքին 5 րոպե անցկացնելը իմ կյանքը երկարեցնում է 5 տարով,հաստատ։Նրանք ապրելու այնքա~ն ցանկություն ունեն...Հաշմանդամները հաճախ քեզանից ու ինձանից ավելի շատ են գնահատում կյանքը...
Իսկ մեր ուժեղ լինելու մասին խոսելիս մտածու՞մ ենք արդյոք մանկատների գոյության մասին։Նրանք կրում են որբ անունն ու պիտակը։Նրանք երբեք մայրական սեր ու հայրական աջակցություն չեն տեսել։Նրանք երբեք հնարավորթյուն չեն ունեցել հասունացման շրջանում ծնողների հետ վիճելու,իսկ ընկերների հետ վիճելու դեպքում մոր գրկի մեջ արտասվելու։Նրանց առաջին քայլերը ոչ ոք չի նկարահանել տեսախցիկով,որ մեծանալիս նայեն իրենց ու ծիծազեն։Նրա թաթիկը մոր նուրբ,բայց ամուր ձեռքը չի բռնել`նրան կյանքի ճանապարհին կանգնեցնելու համար։Նրանք մանկություն,քաղցր ու անհոգ մանկություն չեն ունենում։Նրանք չեն ապրում ծնողների հետ առաջին դասարան գնալու բերկրանքը,որը մենք էլ այդ պահին երբեք չենք զգում,բայց մեծանալիս միայն`հասկանում։Նրանք երբեք ամոթխած չեն նայել մոր բարի աչքերի մեջ`ներում խնդրելով կոտրած բաժակի համար։
Նրանց համար ոչ ոք այնքան անսահման սիրով օրորոցային չի երգել,հեքիաթ չի պատմել ու քնելուց առաջ այտը չի համբուրել...նրանք ստիպված են եղել մեծ ու հասուն լինել դեռ մանուկ ժամանակվանից...Կյանքի օրենքները այլ ու դաժան են նրանց համար։Մանկատան երեխաներն էլ գիտեն վայելել կյանքի իրական հաճույքներն ու գնահատել իրական արժեքները։Այդ երեխաները ընկերությունը գնահատել գիտեն։Նրանք գիտեն`ինչպես մտնել անծանոթ կյանք լրիվ մերկ ու ոտաբոբիկ։Նրանք գիտեն ոչնչից ստեղծել ամեն ինչ։Նրանք չափից դուրս մեծ են...
16 տարեկանում կարելի է տեսնել ու վերապրել շատ դժվար պահեր...Բայց երանի նրա~ն,ում այդ դժվարությունները հաշմանդամության ու որբության ճանապարհին չեն հանդիպի...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...