среда, 17 августа 2011 г.

Show Must Go On

Ընկերները երբեք հրաժեշտ չեն տալիս,ու ես վերադարձել եմ կարճատև դադարից հետո։Վերադարձելի ահռելի մեծ տպավորություններով,անսպառ մուսայով(չնայած երբեք էլ մուսայի պակաս չեմ ունեցել),նոր բազմաթիվ թեմաներով ու հետազոտություններով,որոնցով պիտի կիսվեմ ձեզ հետ։


Չնայած ընդամենը 12 օր է անցել,թվում է`անցել է մի հավերժություն։Իրոք,թվում է ,թե այնքան երկար ժամանակ եմ բացակայել,սոցցանցերում նորությունների անվերջանալի հոսք,էլեկտրոնային հասցես լի նամակներով,բլոգս`այցելուներով։Մի խոսքով`ես վերադարձել եմ։Վերադարձել եմ ծովի մեծ ալիքի նման ուժգին,ավազի նման այրող ու արևի նման պայծառ։Եկել եմ,որ ամեն ինչին մի նոր զարկ տամ,շարունակեմ քայլել նոր ուժ ստացած,ավելի ոգևարված ու նպատակներիս հասնելուն անսասան կարծրությամբ։
Կցանկանայի այսօր այնուամենայնիվ պատմել մի փոքր մեր արկածների մասին։Անկեղծ ասած ուզում եմ ճանապարհի մասին լռել,քանզի մինչև հիմա դեռ գլխապտույտ ունեմ մեր ահավոր ճանապարհների պատճառով։Մի պահ ինձ նույնիսկ թվաց,թե կուշաթափվեմ,բայց բարեբախտաբար առանց զոհերի գնացինք ու առանց զոհերի եկանք։Սակայն ոչ առանց վիրավորանքների։Հասանք Վրաստան թե չէ,սկսվեցին իրար չհաջորդող հիվանդությունները։Փսխում,գլխացավ,գլխապտույտ,ստամոքսի ցավ,ջերմություն,անգինա,հազ,ականջի ցավ,դռների արանքում թողնված մատներ,անքնություն,ալերգիա,քոր և այլն։Մի խոսքով,կարծես ամեն պայման ստեղծված էր մեր հանգիստը խաթարելու համար,սակայն այնուամենայնիվ մենք մեր 12 օրն այնքան լավ անցկացրեցինք,այնքան առատ,որ չեմ հավատում,որ ընդամենը գրեթե 2 շաբաթվա արկածներ են դրանք։Պարզապես արտակարգ ժամանակ անցկացրենք,աներևակայելի,երբեք չեմ մոռանա 2011 թվականի ամառը։Ու գիտեք,թե ինչ հպարտություն ու ուժ եմ զգում,երբ նայում եմ հետ`դեպի անցյալ,տեսնում եմ ցավ,կորուստ,դժվարություններ,ու երբ նայում եմ հայելու մեջ,տեսնում եմ փայլող աչքեր ու իրական ժպիտ։Յուրաքանչյուր մարդ չէ,որ կարող է այդքանից հետո կամ ընդհանրապես հպարտանալ փայլող աչքերով...

Չնայած Վրաստան գնալու ճանապարհին բավականին վատ ինքնազգացողություն ունեինք բոլորս,դա չէր խանգարում մեզ մեքենայի մեջ պարելուն։Մենք յոթ հոգի էինք`քեռիս,քեռակինս,մի հարազատ,երկու ոչ հարազատ քույրերս,մի ոչ հարազատ եղբայրս ու ես։Ու հիանալի է,երբ քեռիդ իր երիտասարդ տարիներին քեզ նման հիպպի է եղել,ու դու նրա հետ ռոք լսելով ու գոռգռալով գնում ես Վրաստան։ :)
Վրաստանում բոլորով տարված էինք հայկական ու վրացական մեքենաները տարբերակելով։Ու քանի որ Վրաստանում հայերն ավելի շատ էին,քան վրացիները,հաստատ հիմա այս գրառումս ընթերցողների մեծամասնությունը կհամաձայնի,որ Վրաստանը հիանալի բնություն ունի։Մի փոքրիկ լեգենդ կա։Ասում են,երբ Աստված ազգերին բաժանել է հողակտորներ,վրացիներն ուշացել են հերթից ու մնացել են առանց հողի։Աստված,նրանց խղճալով,վրացիներին նվիրում է իր հողակտորից`դրախտից մի կտոր...
Իրոք,լինելով Վրաստանում,կարելի է համոզվել այդ լեգենդի իրականությանը։Եղանք Բաթումիի բուսաբանական այգում։Բառերը պարզապես շատ աղքատիկ են այդ դրախտը նկարագրելու համար։Անթիվ ծառեր,բույսեր,ծաղիկներ,թթվածնի առատություն,մաքուր օդ,ամենուրեք կանաչ գույնի տարբեր երանգներ...Այնտեղ մի պահ հասկանում ես,որ դու~ էլ ես բնության մի մասնիկ,դու էլ ես այդ հրաշքի մի մասնիկը,ու դու քեզ այնքա~ն հիանալի ես զգում։
Աննկարագրելի զգացողություն է,երբ հասկանում ես,որ դու ոչ միայն ավերող,ջարդող ու սպանող մարդկային ցեղին ես պատկանում,այլ նաև այն ցեղին,որ ծնվել է այդ հրաշքից,որ եղել է ու կա~ դրա մասնիկը...Այդ այգին ընդհանուր կազմում էր 124 հա տարածք,եթե հաշվենք 124 հա-ն հավասար է 1.240.000 մետր քառակուսիի։Կային նույնիսկ 300 տարեկան ծառեր։Մի ծառ կար անգամ,որն ընկել էր`դառնալով կամուրջ,ու այդ ծառի վրայից երեք նոր ծառեր էին աճել,որոնք սնվում էին ընկած ծառի արմատներից եկող սննդանյութերով։
Դե պատկերացրե՛ք,մենք այդ այգում(մարդ չգիտի էլ ոնց այդ հսկա հրաշքին պարզապես այգի անվանի) քայլել ենք մի քանի ժամ`անցնելով ընդամենը 3 կմ ճանապարհ։Տեղի աշխատողներն ասացին,որ այդ ամբողջ հրաշքին ճանաչելու համար անհրաժեշտ է մեկ շաբաթ ժամանակ։Մենք քայլել ենք միայն գլխավոր ճանապարհով,սակայն այնտեղ կար մեքսիկական ճանապարհ,չինական ուղի և այլ առանձնացված ճյուղեր։Դրա~խտ։

Մեր հարևանությամբ ապրում էին մի քանի վրացի տղա,որոնց մենք անվանում էինք սեկտա։Այդ տղաները միշտ դեմքի նույն արտահայտությամբ շրջում էին տան տարածքում,մեր սենյակի կողքով անցնելիս անպայման մի հայացք էին նետում ներս`մանրազննին ուսումնասիրելով ներսի պարունակությունը։Երբեք չէին խոսում,չէին ժպտում,ոչ մի միմիկա,երբեք չտեսանք,որ խմբով տանից դուրս գան,որևիցե տեղ գնան։Կարճ ասած այնպիսի տպավորություն էր,որ նրանք այդտեղ եկել էին ոչ թե հանգստանալու,այլ աշխատելու։Մի գիշեր էլ,երբ դեռ նոր էինք եկել ու շատ հոգնած էինք,խնջույք էին կազմակերպել։Իսկ սենյակները փայտից էին,ու յուրաքանչյուր ձայն այնպես էր հնչում,կարծես  մեր իսկ սենյակում էր դրա աղբյուրը։Խենթանում էինք,արդեն ժամը երեքն էր կամ չորսը։Քեռակինս գնաց հարցրեց,թե երբ կվերջացնեն,տղաները անկեղծաբար պատասխանել էին.
-3-4 ժամից։
Մի քիչ էլ դիմացանք,ու վերջիվերջո հոգնածությունը հաղթահարեց մեզ ու քնեցինք։Մի խոսքով շատ տարօրինակ սեկտա էին։) Ու բավականին կոպիտ էին,ասես ուշադրություն էին ցանկանում գրավել։Կամ էլ իսկականից այդպիսին էին։Պատշգամբում նստած գիրք էի ընթերցում,տղաներից մեկը կողքովս այնպես անցավ,որ ընկա աթոռից`չնայած քայլելու բավականին տարածք կար։Ինչ-որ բան քթի տակ մրթմրթաց ու հեռացավ։Մի խոսքով,նրանք մեզ համար մնացին սեկտա։

Լավ,եթե խոսեմ,կխոսեմ շա~տ երկար։
Այսօր թերևս այսքանը,չգիտեմ էլ,թե վաղն ինչի մասին եմ պատմելու ձեզ,այնքա~ն բան կա պատմելու։Ու ոչ միայն Վրաստանից,այլ նաև բազում ուրիշ բնագավառներից ու եզրահանգումներից,որոնց ես հանգել եմ այս օրերի ընթացքում։Իսկ այսօր այսքանը։Եվ ևս մեկ անգամ հիշե՛ք։Ընկերները երբեք հրաժեշտ չեն տալիս...ու ես վերադարձել եմ...
Այնպես որ..
Show Must Go On

четверг, 4 августа 2011 г.

Ես հեռանում եմ...






Ես հեռանում եմ
Թող ինձ սիրող ու առավել ևս չսիրող մարդիկ չայլայլվեն,ես հեռանում եմ,որ վերադառնամ։Ես չեմ հոգնել բլոգիցս,իհարկե,ինչպե՞ս կարող եմ ձանձրանալ,եթե մոտ մեկ ամսվա ընթացքում հինգ հազարից ավելի ընթերցող եմ ունեցել ու երբ զգում եմ,որ մարդիկ սկսել են ինձ սիրել...
Պարզապես գնում եմ,որ գամ ծովի մեծ ալիքի նման ուժգին,ավազի նման այրող ու արևի նման պայծառ։Ես գնում եմ,որ տրվեմ ջրի քնքուշ ու նուրբ համբույրներին,որ խաբվեմավազով,այրվեմ արեգակով ու լցվեմ ջրով...
Ես լքում եմ ձեզ,ինչքա՞մ...չգիտեմ,բայց կգամ։Գնում եմ,որ ևս մեկ անգամ համոզվեմ,թե ինչքան եմ սիրում ծովին...
Երկու օր առաջ,երբ ես ու սիրելիս զբոսնում էինք,նրան խնդրեցի կանգնել ինձանից մոտ մեկ մետր հեռավորության վրա և շիշն այնպես թափահարել,որ ջուրը սկզբում բարձրանար օդ,ապա անկում կատարելով իր հանգրվանը գտներ ինձ վրա։Ու ես տեսա հրաշք։Ջրի կաթիլները այնքա~ն փոթորկոտ պոկվեցին շշից։Ես օդում տեսա ջրի զուլալ կաթիլներ,որոնք պար էին բռնել արեգակի փայլն իրենց վրա առնելու համար։Նրանք ճախրում էին,գեղեցիկ ու դանդաղ ճախրում էին,և այդ հիպնոսից ասես ուշքի էի գալիս միայն այնժամ,երբ զգում էի նրանց սառը ու զով համբույրը...Ու խնդրում էի կրկնել էլի ու էլի։Դա իրոք որ մի հիպնոս էր...
Քավ լիցի։Առաջին անգամ ծով տեսել եմ անցած տարի։Այն Բալթիկ ծովն էր։Պատմեմ այդ ճանախարհորդության մասին։
Բալթիկ ծովի ափին եղել եմ Գերմանիայի կողմից։Այն քաղաքից,որտեղ ես էի ապրում,մինչև Ռոստոկ ութժամյա ճանապարհ էր։Ընթացքում մուշ-մուշ քնել էի,միայն Համբուրգում արթնացա,քաղաքին նայեցի ու էլի քնեցի։Տեղ հասանք միայն երեկոյան։Քանի որ այդքան ժամ նստել էինք մեքենայում,որոշեցինք զբոսանքի գնալ։Անցնում էինք անտառով,մի քիչ վախենալու էր,քանզի անտառը բնականաբար մութ էր,իսկ այդտեղ բազմատեսակ կենդանիներ կային,ծառի մի ճրթոց,ու վեր էինք թռչում։
Ետ վերադառնալիս որոշեցինք փողոցի ճամփան ընտրել։Որտեղից որտեղ ճամփին տեսանք մի գորտ,որը փորձում էր անցնել փողոցը։Սակայն հեռվից մեքենա էր մոտենում։Չգիտեմ ոնց համարձկվեցի,բայց մոտեցա և շտապ վերցի փոքրիկ գորտին ու տեղափոխեցի անտառի ճամփի վրա։Այնքան ուրախացա,որ փրկեցի փոքրիկի կյանքը։
Հաջորդ օրը երկար զբոսանք էր մեզ սպասում։Մոտավորապես ութ կիլոմետր և ավելի քայլել ենք Բալթիկ ծովի ափին։Ասեմ,որ բավականին դժվար էր,քանզի ոտքերը խրվում էին փափուկ ավազի մեջ,ու ամեն անգամ քայլ անելիս պետք էր ավելի մեծ ուժ գործադրել։
Ճանապարհին բազմաթիվ քարեր ու խեցիներ հավաքեցի ու տոպրակով ավազ։Այնքա~ն գեղեցիկ էր,միջի աղի շնորհիվ նաև շատ փայլփլուն։
Հետո հասանք “FKK”,ինչը թագմանաբար նշանակում է հագուստի աղատ ընտրություն։Իսկ դա միայն մի բան էր նշանակում։Թույլտվություն առանց լողազգեստի լողալու համար։ J
Այնքան մերկ մարդիկ կային շրջակայքում,սակայն ոչ ոք չէր անհանգստանում,քանզի ոչ ոք ոչ ոքի վրա նույնիսկ հայացք չէր գցում։Հատկապես եթե հաշվի առնենք,որ այդտեղ կամ մեծահասակ կանայք էին,կամ տարեց տղամարդիկ,կամ էլ մի քանի երիտասարդ տղա,որոնք տարեց կանանց ուղղությամբ չէին էլ նայում։Մեզնից նաև ընտանիքի մայրը`Վիբկեն մերկացավ ու մտավ սառույց ջրի մեջ։Մի քիչ թռվռաց մեջ,ու շարունակեցինք մեր ճանապարհը։Հասանք արդեն սովորական լողափին,որտեղ նաև արեգակն էր փայլում։Ամենավառ տպավորություններիցս մեկը մնացել է ճայերից։Նրանք այնքան հետաքրքիր թռչուններ են։
Դեմքի բավականին լկտի արտահայտությամբ։Երբ հանգիստ նստած էիր,կարող էին զգուշությամբ,առանց դեմքի անլուրջ արտահայտությունը կորցնելու,մոտենալ և պայուսակից մի բան թռցնել։Իսկ երբ փորձում էիհետևել,խորամանկորեն սկզբում դանդաղ էին քայլում ու հետևում էին իմ քայլքի արագությանը։Հենց արագացնում էի,սկսում էին թևերը լայն բացած արագ վազել,ու եթե հանկարծ շատ էի մոտենում,անմիջապես թռչում էին։Ու ի դեպ ճայերին շատ հեշտ կարելի է միմյանցից տարբերել։Այնքան լավն էին…
Հա,մոռացա ասել,որ այդ ժամանակ սեպտեմբերի վերջն էր,իսկ Գերմանիայում այդ տարի օգսոտոսից արդեն անձրևներ էին։Այնպես որ բավականին սառն էր։Սակայն ես չդիմացա գայթակղությանը։Ինչպե՞ս կարող էի լինել ծովափում ու չմտնել ջրի մեջ։Ու արհամարհելով ջրի սառնությունը,հագա լողազգեստս ու առա~ջ ջրի մեջ։Բնականաբար երկար չկարողացա մնալ,բայց շատ հաճելի էր։Հա,մի բանից էի շատ վախենում։Փոքրիկ ութոտնուկներից,որոնք այնքան շատ էին,որ ջրի մեջ լողալիս պետք է ուշադիր լինեիր,որ հանկարծ ճանապարհատրոնսպորտային վթար չլիներ։ J





Հիանալի էր։Նույն օրը տուն վերադարձանք փոքրիկ ու հին գնացքով,շտապ տնից վերցրինք տաք հագուստ,գինի մեծահասակների համար,քաղցրավենիք մեզ համար ու շտապեցինք կրկին լողափ։Սակայն այս անգամ արևմուտքը դիմավորելու համար։Ասեմ,որ ծովափի արևմուտքը անչափ հաճելի տեսարան էր։Երկինքն ասես այրվեր։Մի պահ նույնիսկ մի փարոս բարձրացանք`վառվող արեգակին ավելի լավ տեսնելու համար...Հրաշալի օր էր...Իսկ հաջորդ օրը վերադարձանք տուն...
Հա,մոռացա ասել,որ այդ ամբողջ երեք օրվա ընթացքում անընդհատ տեսակ-տեսակ ծովային բարիքներ ենք ըմբոշխնել։Մի անգամ նույնիսկ հում,բայց մարինացված ձուկ կերանք։Մինչև հիմա համը հիշում եմ...
Դեռ էլի բան կա պատմելու,սակայն պետք է պատրաստվել,այսօր վերջին գիշերն է,անկեղծ ասած չգիտեմ,թե երբ կվերադառնամ,գուցե մի քանի օրից,գուցե և միայն տասը օր հետո տեսնվենք։Սակայն խոստանում եմ վերադառնալ վառ տպավորություններով։ J
Հա,ու կոկոսի մեջ մտնելուց առաջ մտածե՛ք,արդյո՞ք կարող եք կոկոիս դուրս գալ..
Իսկ ես գնացի կյանքին զուգահեռ,կյանքի հետ...կյանքի հետքերով J

Հ.գ. Ինչպես կասեր Էլթոն Ջոնը...
Friends never say Goodbye...

среда, 3 августа 2011 г.

Let it be կամ թող ամեն ինչ բիթլզ լինի մաս 2


Ինչպես նշել եմ նախորդ գրառման մեջ,ես շատ կցանկանայի ձեզ հետ կիսվել բիթլզյան ամենահայտնի երգերի ստեղծման պատմություններով։Ինչ էլ ու ինչպես էլ պատահած լինի,յուրաքանչյուրս այդ երգերը պիտի որ լսած լինենք։Իսկ դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը`մեկը`կարճ,մյուսը`երկար։

Իսկ ես,քանի որ դեռ չեմ տիրապետում անգլերեն լեզվին,ինձ սովորություն եմ դարձրել ուսումնասիրել իմ սիրելի երգերի բառերն ու կյանքը։Այսպիսով,ներկայացնում եմ ձեզ Բիթլզի ամենասիրված ու ամենագեղեցիկ ստեղծագործությունները։Գնացինք...

Կարծեմ Բիթլզից ամենաառաջին երգը,որ լսել եմ,սա է եղել։Yesterday…Այս երգը լսելիս ու այս գրառումը գրելիս ուղեղումս մի միտք ծագեց..այն է թե`
Ամեն ինչ դեռ կորած չէ,քանի դեռ այսօրը`երեկ չի դարձել...

Մի գեղեցիկ առավոտ Պաուլը արթնանալիս զգում է,որ իր մտքում մի թեթև երաժշտություն է սավառնում։Պաուլի համար դա զարմանալի չէր,քանզի նա որևէ երգ գրելիս միշտ սկզբում ստեղծում էր ապագա երգի երաժշտությունը։Սակայն այդ երևույթը,այն է թե`արթնանալ գլխում մի ամբողջ երգի երաժշտությամբ,նորույթ էր։Ինչպես պատմում է Պաուլը,նա անմիջապես վեր է թռչում անկողնուց և նստում է իր մահճակալի կողքին դրված դաշնամուրի դիմաց և սկսում է պարզապես նվագել։
-Երաժշտությունը կարծես մտքիցս հոսում էր մատներիս մեջ,ես ինքնաբերաբար նվագում էի։Այն ուղղակի իմ մեջ էր...
Սակայն այնուամենայնիվ Պաուլը վախենում էր այդ երգը թողարկելուց։Բավականին երկար ժամանակ նա այն կարծիքին էր,որ այդ երաժշտությունը ինչ-որ մի ռադիոյով լսել է,այն տպավորվել է իր մեջ,սակայն ռադիոյի գոյությունը մոռացության է մատնվել։Բայց մի որոշ ժամանակ անց բոլոր ռադիոկայաններում հետաքրքրվելուց հետո նա համոզվեց,որ այդ երաժշտությունն իր ուղեղի մեջ գիշերն էր դրել...
Իսկ երգի բառերը գրվեցին գնացքում`համերգի ճանապարհին։Պաուլն այդպիսի մի սովորություն ուներ։Նա իրենց ճանապարհորդությունների ընթացքում երբեք անգործ չէր մնում։ 

Սա իմ ամենասիրելի երգերից մեկն է...He~y,Jude..Սակայն այս երգի կյանքի մասին ընթերցելիս փոքր-ինչ տխրեցի։Բոլոր նրանք,ովքեր պարզապես գիտեն,թե ինչ է հայրական սերն ու նաև սիրում են Ջոհն Լեննոնին,կհասկանան ինձ..
Այս երգը նույնպես պատկանում է Պաուլի գրչին։




Hey Jude, don't make it bad.
Take a sad song and make it better.
Երգի այս առաջին երկու տողը ծնվել է Պաուլի մտքում,երբ նա առաջին անգամ տեսել է Ջոն Լեննոնի որդի Յուլիանին։Պարզապես այդ ժամանակ նա արտասանեց ոչ թե «Հեյ Ջուդ»,այլ «Հեյ,Յուլիան»։
Հետագայում`երկար տարիների ընթացքում,Պաուլի և Յուլիանի մեջ շատ մեջ կապվածություն է առաջանում։Յուլիանը Պաուլի համար թե՛ որդի էր,թե՛ ընկեր։Երգն ունի իր խորհուրդը։
Պաուլը,հիշելով Յուլիանին տեսնելուց իր մտքում առաջացած տողերը ,որոշում է շարունակել դրանք`դարձնելով գեղեցիկ մի երգ։Սակայն Յուլիան անունը նա կրճատում է`սարքելով Ջուդ,որպեսզի համապատասխանի երաժշտության հնչերանգին։
Երբ Պաուլն ասում է Յուլիանին,որ փորձի կյանքին ավելի ուրախ նայել,նա նկատի ունի Յուլիանի և իր հոր հարաբերությունները։Քանզի ինչպես մի անգամ նշեց Յուլիանը.
-Պաուլի ու իմ հարաբերություններն ավելի ջերմ ու ընտանեկան են,քան իմն ու հորինս։Կարելի է ասել,որ ես նրան բացարձակ չեմ ճանաչում։Հայրս`Ջոնը,մի անգամ նույնիսկ ասաց,որ ես նրա գիշերային մի բաժակ վիսկիից եմ դուրս եկել։Հավատացե՛ք,դա ցավոտ էր…


Այս երգը,թերևս դարձավ Հիպպիների նոր խորհրդանիշը։Իհարկե,հասկացաք,թե որ երգի մասին է խոսքը…All You Need is Love 

Արդեն հանրահայտ բրիտանական Բիթլզ խումբը պետք է առաջին անգամ մասնակցեր միջազգային հեռուստահաողրդման,որի ընթացքում պետք է ներկայացներ այնպիսի մի երգ,որը հասկանալի կլիներ յուրաքանչյուրի,այդ թվում նաև արտասահմանցիների համար։Այն պետք է հասանելի լիներ թե՛ առողջին,թե՛ հիվանդին,թե՛ հարուստին,թե՛ աղքատին։Կարճ ասած`բոլորին։

Պոլի ու Լեննոնի երկար մտորումներից հետո Լենոննը ներկայացրեց All You Need is Love երգը,որն անմիջապես ընդունվեց խմբի անդամների կողմից։(Եթե չեմ սխալվում,ապա այս տեսահոլովակը այդ հաղորդումից մի հատված է)Երգի բառերը պարզ էին ու հասկանալի յուրաքանչյուրի համար։Ահա թե ինչպես Լեննոնը մեկնաբանեց այդ երգի իմաստը.
-Սերն ամեն ինչ է։
Ինչպես նշեցի վերևում,երգը դարձավ Հիպպիների նոր խորհրդանիշը։Այդ տարիներին Ամերիկայի ամենամութ էջը`Վիետնամական պատերազմը հասել էր իր թեժ գագաթնակետին։Բնականաբար պատերազմին զուգահեռ ակտիվացել էր հիպպիական շարժումը,որի համար Բիթլզի նոր երգը դարձավ ներշնչանքի ու ուժի նոր աղբյուր։

Let it be… Սա միակ բանն էր,որ կարող էր բրիտանացի հանրահայտ քառյակը այդ պահին։Թող որ լինի…Համանուն ալբոմում տեղ գտած այս երգի հաջողությանը ոչ ոք չէր հավատում։Սակայն ալբոմի թողարկումից մի քանի ամիս անց երգը գտավ հանրային ճանաչում ու սեր…Ու այդժամ ոչ ոք չէր մտածում,որ  Let it be ալբոմին վիճակված էր լինել վերջինը...
Տղաների մեջ իսկզբանե համաձայնություն կար,որ իրենց սիրելիներին ու կանանց չպետք է բերեին ձայնագրման ստուդիա։Սակայն Ջոն Լենոննը,պատանու նման մինչև ականջների ծայրը սիրահարվելով Յոկոյին ու չցանկանալով գեթ մի րոպե բաժանվել սիրելիից,խախտում է երկար տարիների ուժ ունեցող պայմանավորվածությունը։Իսկ խմբի մյուս անդամներին ամենևին հաճելի չէր աշխատել օտար մարդու ընկերակցությամբ։Բիթլզի հիմքերը խախրխլվում էին,սական պատճառը միայն Յոկոն չէր։Ինչպես նշում էր Պաուլը.-Մենք զգում էինք,որ այլևս սպառվել էինք,ստեղծագործելու ցանկություն էլ չկար արդեն։Բիթլզը մահանում էր...
Բիթլզը մահանում էր,և նրանք որոշեցին ասել...
..Թող որ լինի...

Հ.գ. Կցանկանայի ավելի շատ երգերի մասին ձեզ պատմել,սակայն շատ երկարեց։Եթե կան հատուկ երգեր,որոնց մասին կցանկանայիք ինֆորմացիա իմանալ,գրե՛ք մեկնաբանություններում,անպայման կպատմեմ...



понедельник, 1 августа 2011 г.

Թող ամեն ինչ բիթլզ լինի...

Այս գրառումը արդեն մի քանի օր է ցանկանում եմ անել։Եթե ընթերցել եք "Գերմանական ջերմություն" գրառումը,ապա գուցե հիշեք,որ վերջում գրել էի գերմանական ընտանիքիս կողմից ստացված տիպիկ նեոյական նվերներով։Դրանց թվին էր պատկանում նաև Բիթլզը։Այսպես,ես ստացել էի Բիթլզին վերաբերող երկու գիրք,որոնցից մեկը ֆոտոսլայդ էր,իսկ երկրորդը Բիթլզի ամենահայտնի ալբոմների երգերի պատմություններով ու նկարներով հիանալի մի գիրք էր։Ու ես սկսեցի ընթերցել իմ ամենասիրելի երգերի արարման պատմությունները։Կցանկանայի դրանցից մի քանիսը պատմել ձեզ,սակայն այսօր կպատմեմ իմ ու Բիթլզի ծանոթության մասին...
Ռուսական Mail.ru կայքում ծանոթների որոշակի քանակություն ձեռք բերելուց հետո որոշեցի այնուամենայնիվ գրանցվել ռուսական Одноклассники սոցիալական կայք։Ես ձեզ արդեն պատմել եմ Տիգրանի և իմ ծանոթությունը այդ կայքում,այն վերհիշելու համար այցելեք այստեղ,իսկ ես շարունակեմ իմ պատմությունը։Մի անգամ,մտնելով Տիգրանի խմբերի ցուցակի մեջ,տեսա The Beatles անունը։Բնականաբար ես այդ անունն էլի էի լսել,նույնիսկ մի քանի երգ էի ճանաչում այդ խմբից,բայց միևնույնն է տարօրինակ սանրվածք ունեցող այդ տղաներն ինձ խո~րթ էին։Տիգրանին հարցրի,արդյո՞ք նա սիրում է Բիթլզին։Նա այնպիսի հիացմունքով սկսեց խոսել այդ խմբի մասին,որին Բի~թլզ էին կոչում։Ես ինքնաբերաբար միացա այդ խմբին։Ու մոռացա նրանց։Հիշում եմ 14 տարեկանս դեռ նոր էր լրացել,ես ավելի շատ ծանր ու դասական ռոք էի լսում,իսկ Բիթզին`մոռանում։
Անցավ մի տարի,շատ հազվադեպ,սակայն այնուամենայնիվ Բիթլզի երգերը հայտնվում էին իմ բջջայինի փլեյերին։Ընդամենը մի քանի երգ էի լսում,բնականաբար բոլորի կողմից սիրվածները`Let it be,Yesterday։
Եկավ ամառը,մեկնեցի Գերմանիա։Ու մեջս կարծես մի բան փոխվեց։Մի բա՞ն։Ներսումս շատ բան փոխվեց։Շատ ժամանակ էի անցկացնում օրագրիս հետ,գրում էի օրերիս անցուդարձի մասին,հոգեվիճակիս մասին...Սենյակումս փոքրիկ նվագարկիչ ունեի...ու Բիթլզից մի սկավառակ։Նույնիսկ սկավառակի վրայի պատկերն եմ հիշում,նրանք էին`լեգենդար քառյակի դեմքերը։Revolver ալբոմն էր։Օրեր ու ժամեր շարունակ ես պտտում էի այդ սկավառակը`շարունակելով գրել ու գրել...
Վերադարձա Հայաստան ու սկսվեց բիթլզյան էպոխան։Տենդագին լսում էի բրիտանացի տղաների բոլոր երգերը,ուսումնասիրում էի նրանց կյանքը։Ի՞նչ էր փոխվել...
Սկսեցին գերմաներեն լեզվի դիպլոմային աշխատանքներն ու ծրագրերը։Իմ դիպլոմի թեման պատերազմն էր,իսկ եթե ավելի ճիշտ`Ռեմարկի ձայնը պատերազմի դեմ։Իսկ որտեղ պատերազմ,այնտեղ հիպպիներ...Ծրագիրս էլ,որին մոտ մեկ ամիս պատրաստվում էի,հիպպիների մասին էր։Իհարկե չի կարելի ասել,որ Բիթլզը Ջանիսի,Ջիմ Մորրիսոնի ու Ջիմի Հենդրիքսի նման հիպպիների իդոլն է եղել,սակայն այնուամենայնիվ շատ մարդիկ հիպպի ասելիս Բիթլզ էին հասկանում...Բիթլզն աստիճանաբար թմրանյութի նման սողոսկում էր արյանս մեջ...Սակայն պատճառն էլ միայն սա չէր...
Երբ ես այնտեղ էի`Գերմանիայում,երբ ես երկու ամիս գրում ու խոսում էի օրագրիս հետ,Բիթլզն ինձ պատմում էր իր կյանքի մասին։Ես արդեն վաղուց խոսում էի ոչ թե օրագրիս,այլ այդ տղաներից յուրաքանչյուրի հետ։Նրանք ամեն երգի ամեն մի հնչյունը մի պատմություն ունի,ունի իմ պատմությունը։Revolver`իմ ամենասիրելի ալբոմը,գիտի ամեն ինչ իմ բոլոր հույզերի մասին,Taxman-ը գիտի,թե ես ինչ զգացի Գերմանիայում առաջին դպրոցականս օրվա ընթացքում,Love you to-ն գիտի,թե ինչ ուժեղ էր գլուխս պտտվում գիշերային խնջույքից հետո։Yesterday-ը գիտեր,թե ինչքա~ն էի ալարում առավոտյան ժամը վեցին արթնանալ,իսկ All You Need is love-.ը գիտի,որ այն ամենը,ինչի կարիքը ես ունեմ,սերն է...
Այսօր էլ,լսելով Բիթլզի այս կամ այն երգը,վերհիշում եմ իմ բոլոր հույզերն ու օրերը,Բիթլզը երգում է Ջուդի մասին,սակայն իմ ականջի մեջ փսփսում է լրիվ այլ մի պատմություն...Նրանց յուրաքանչյուր երգ արդեն պատունակում էր մեկ այլ`ի~մ պատմությունը...Բիթլզը ի~մն էր դարձել,իսկ ես`Բիթլզինը...
Պարզապես իմ կյանքում ամեն ինչ բիթլզ էր դարձել...
Ու թող որ ամեն ինչ բիթլզ մնա...

воскресенье, 31 июля 2011 г.

Ապյես մլութ

Այսօր տոն է,և ես առավոտյան որոշել էի գրառումս անել հեթանոսության ու քրիստոնեության մասին։Բայց ո՛չ,մենք այնքան զարգացած ու այնքան լայն մտահորիզոնով երիտասարդություն ունեք,որ նրանք շեղեցին իմ բոլոր մտքերը։Չգիտեմ էլ ինչպես զայրույթս արտահայտեմ,անկեղծ եմ ասում...
Ինչ մեր փոքրածավալ ուղեղով երիտասարդության ձեռքի տակ ընկավ սայթ`ավելի ճիշտ օդնոկլասսնիկի կայքում անձնական էջ ունենալու հնարավորությունը,մենք սկսեցին ծավալվել բոլոր հնարավոր և անհնար ձևերով։
Չեմ ցանկանում շատերի նման կիսվել զարմանքովս.որ մարդկության այդքան հոծ զանգված այդպես էլ օգտանունն ու էլեկտրոնային հասցեն չտարբերեց իրարից,որ չհասկացավ,որ "ստատուս" ասվածը նշանակում է մարդու ներկայիս կարգավիճակ,ոչ թե աֆորիզմների,բազարների,սիրային խոստովանությունների ու "նամիկատների" դաշտ։Լավ,ընդունում եմ,տղաների ուղեղն արդեն բավականին զբաղված է փողոցային բազարներով,ճշտի կոդեքսով,իսկ աղջիկներինը`տղա կպցնելու բազում-բազմաթիվ մեթոդներով։Ու այստեղ առաջանում է պատմական վիշտ պարունակող մի հարց։
Ինչու՞ է մեր ազգը իրեն կամովի դեգրադացնում։
Հարցս ավելի լուսավորելու համար փոխեմ ձևակերպումը։
Ինչու՞ դարերի խորքից եկող ազգը իրեն կամովի հիվանդ ու մտավոր հետամնաց դարձնում։
Կրկի՞ն չըմբռնեցիք մտքիս թռիչքը։

Ապլես,մյութ,ես էլ քյեզ եմ շյատ սիյում։

Ու դե արի այդ մարդուն մի հատ պատմական ապտակ մի տուր։Ախր ինչու՞։Հասկացանք տղաները սիրում են դեբիլներին,բայց ո՞վ ասաց,որ նրանք սիրում են հիվանդներին։
Բայց հուշեմ,ձեր երազած աղջկա տեսքը լրիվ ստանալու համար գունափոխում եք ձեր մազերը`բնականաբար դառնալով շիկահեր,կապում եք երկու պոչիկ,ընդունում եք դեմքի մաքսիմալ ապուշ արտահայտություն(համոզված եմ,այն ձեզ մոտ առանց ճիգ գործադրելու կստացվի),կապում եք երկու հատ պուպուշ պոչիկ,չէ՞,ու հագնում եք մաքսիմալ կարճ տաբատ։Դե իհարկե,դու փոքրիկ միամիտ աղջնակ ես,ով դեռ այնքան հասուն չէ,որ երեխայի նման լեզվական արատներով է խոսում ու չի գիտակցում,որ այդ տարիքի ավանակին հարիր չէ նման տաբատը։Ավելի ճիշտ դրա բացակայությունը։Չէ՞ որ մենք ամենաիրական հիմարիկն ենք,որոնց սիրում են տղաները։
Տե~ր Աստված,իրենք իրենց ձեռքով դարձնում են իրենց սեփական անձը նվաստ,անմակարդակ ու Արատավոր։Չեմ հասկանում,նրանք իրո՞ք չեն նկատում,թե ինչքան տգեղ է հնչում այդ խոսքը։Մի՞թե չեն ըմբռնում,որ ուրիշներին հաճելի չէ կարդալ մի հիմար աղջնակի բարբաջանք,այն էլ արատավոր լեզվով։Ինչի՞ են ուզում դրանով հասնել,բացատրե՛ք ինձ,խնդրում եմ։Գուցե ե՞ս այնքան հին եմ,որ չեմ հասկանում մեր նոր երիտասարդության արատավոր լինելու վեհ միտքը։
Ցավոք այսօր իմ ֆեյսբուքյան էջում էլ կան շատ մարդիկ,ովքեր վիրտուալ կյանքում իրենց պատկերացնում են իրենց երազած հիմարիկը։Ու գիտեմ,որ հիմա նրանք կկարդան այս գրառումը,այդ իսկ պատճառով,շարունակելով չհուսահատվել`կրկնում եմ,աղջիկներ,դա տգեղ խոսք է,այն էլ`շատ տգեղ։
Նրանցից շատերի հետ եմ խոսել,փորձել հասկանալ նրանց,սակայն բացատրություն չեմ ստացել,բացի`

-տենց կայֆ ա։

Ախր ի՞նչն է կայֆ,առանց այդ էլ անմակարդակ էության վրա տգիտության մի նոր շերտ ավելացնե՞լը։
Մի անգամ մեկ ուրիշը շատ ունիկալ պատասխան տվեց։Այն է թե`
-Հա,ես էլ չեմ սիյում,որ մենակ տենց գրում են,օրինակ ես կյանքում էլ եմ տենց խոսում,կայֆ ա...
Այդ աղջկա նորմալ խոսակցական լեզուն ես ճանաչում եմ ու գիտեմ,որ նա ամենևին խնդիրներ չունի։Պարզապես նա կարծես թե որոշել էր իր երազած վիրտուալ հիմարիկին կյանքի կոչել։
Չգիտեմ.թե այլևս ինչպես նրանց կարելի է բացատրել,որ տգեղ է այդ խոսքը,հասկացե՛ք։
Տղաներին չեմ էլ ցանկանում անդրադառնալ։Երբ հանկարծ որևիցէ մի տղայի հետ համացանցում զրուցելիս լյավ պատասպան եմ ստանում,չգիտեմ էլ շարունակել հարգել այդ տղային,թե ոչ...Բայց ամեն դեպքում թարմ հիասթափությունը պատրաստ է...

Եթե իմ մշտական ընթերցողներից եք,գիտեք,որ ես չեմ սիրում քննադատել ու մեղադրել,բայց այնուամենայնիվ ես փորձում եմ հասկանալ,թե որն է անմակարդակ ու հիմար երևալու հաճույքը...Չնայած ես երջանիկ եմ,որ ես կյանքին այլ աչքերով եմ նայում...

суббота, 30 июля 2011 г.

Իսկ դու ի՞նչ ես դառնալու

Դեռ 2010 թվականից անընդհատ նույն հարցն եմ լսում։Երբ դասարանցիներս դասընթացն օգտագործում էին պարապմունքների տնայիններն անելու համար,ես դասարանում նստած գիրք էի ընթերցում,քանզի ուսուցիչներից գրեթե ոչ ոք ցանկություն չէր հայտնում մի հոգու հետ դաս աներ,իսկ մնացածների դրության մեջ էլ մտնելով`չէին ստիպում դաս լսել։Իսկ երբ ընկերներս հարցնում էին,թե ինչ եմ ցանկանում դառնալ`պատասխանում էի ծրագրավորող։Չնայած սրտիս խորքում ես գիտակցում էի,որ դա իմ վերջնական ընտրությունը չէ...Երեկ լոգանքի ժամանակ հիշեցի բոլոր այն մասնագիտությունները,որոնք երբևէ անցել են իմ մտքով կամ նույնիսկ արձագանք են գտել...Սկսենք ամենասկզբից։
Ամենաառաջին մասնագիտությունը,որի մասին երբևէ մտածել եմ,եղել է ատամնաբույժը։Մեր Նորք-Մարաշում գտնվող ատամնաբուժարանի մանկական բաժնի իմ բժշկին այնքան սիրեցի,որ որոշեցի անպայման ատամնաբույժ դառնալ նրա նման։Դեռ նոր էի երկրորդ դասարան փոխադրվել,երբ սկսվեց "Իսկ որ մեծանաս,ի՞նչ ես դառնալու" հարցի աստղային ժամը։Ես էլ հպարտությամբ ասում էի`ատամնաբույժ։
Անցավ որոշ ժամանակ,դպրոցում հանձնարարվող բոլոր նմանատիպ շարադրություններում ես շարունակում էի մնալ իմ կարծիքին`ատամնաբույժ։
Սակայն սրտիս խորքում մի ուրիշ երազանք ունեի։Արդեն 3-րդ դասարանից ես երազում էի որևէ ամսագրում գլխավոր խմբագիր լինել։Համա թե ախորժակ ունեի 8 տարեկանի համար։Հանգստյան օրերին միշտ ինչ-որ տեղից 12-թերթանոց տետր էի գտնում,վրան մեծ-մեծ գրում "Օմեգա" օրաթերթ ու լրացնում տան անցուդարձը։Չգիտեմ էլ,թե ինչու հենց Օմեգա։Երևի թե գեղեցիկ անուն էր,իսկ ուրիշ հնարավոր տարբերակ մտքովս չէր անցնում։Մի խոսքով,երազում էի դառնալ լրագրող,սակայն այդ երազանքս պահում էի սրտի խորքում,ոչ ոքի չէի ասում ու շարունակում էի մնալ ապագա ատամնաբույժ։
Սակայն ժամանակը շարունակում էր սողալ,իսկ ես դեռ չէի կողմնորոշվում։Ատամնաբույժն արդեն անցած տարբերակ էր,այլևս չէի էլ մտածում դրա մասին։Ու կրկին նույն հարցը։Ես ի՞նչ մասնագիտություն ընտրեմ։Երբ արդեն եկավ ժամանակը,որ քույրս կողմնորոշվի,նա անկասկած գիտեր իր ապագա մասնագիտությունը`ծրագրավորող։Իսկ ես դեռ չէի կողմնորոշվում...Ու երբ հարցնում էին,թե ինչ եմ ցանկանանում դառնալ,պատասխանում էի`նույնպես ծրագրավորող,կրկին համոզված չլինելով իմ իսկ պատասխանի մեջ...

Լեզուների ասպարեզում բավականին հաջողություն ունեցա։Արդեն ասել եմ,որ դպրոցս առանց ինձ օլիմպիադաների ուղարկելու կյանք չունի։Ահա այդպես էլ մասնակցեցի հայոց լեզվի օլիմպիադային։Քաղաքային փուլում գրավեցի առաջին կարգ,հանրապետական փուլում`երկրորդ։Բոլոր ծանոթներս զարմացել ու ուրախացել էին։Իսկ զարմացել էին,որովհետև երբեք ոչ մի առարկայով դպրոցից դուրս չեմ զբաղվել։Բոլորը սկսեցին հորդորել,որ ընտրեմ բանասերի ճանապարհը։Ես կարճ պատասխանում էի`ոչ։
Հետո վրա հասան հաջողությունները գերմաներեն լեզվում։
Գերմաներեն լեզվին բավականին վարժ տիրապետելու համար երկու անգամ եղա Գերմանիայում,ապրեցի այնտեղ,կատարելագործեցի լեզուս,այժմ էլ շարունակում եմ ինքնուրույն ու դպրոցի միջոցով ուսուցանել գերմաներեն`եվրոպական ստանդարտին համապատասխան դիպլոմ ստանալու համար։Եվ բոլորը սկսեցին խորհուրդ տալ`ընտրել լեզվաբանի կամ թարգմանիչի ուղին`ընդունվել Բրյուսով։Դա հաստատ ոչ։Լեզուներն իհարկե ես սիրում եմ,նույնիսկ ինձ նպատակ եմ դարձրել անգլերեն սովորելը,սակայն ես ամբողջ կյանքս չեմ նվիրի միայն լեզուներին,ի սեր Աստծո...

Ու կրկրին նույն հարցը...ես հուսահատված,բայց ոչ հուսալքված շարունակում էի պատասխանել`ծրագրավորող։Մաթեմատիկա,ֆիզիկա...երկուսն էլ իմ առարկաներն են,կգնամ,ծրագրավորող կդառնամ։Լավ է...Բայց այնուամենայնիվ ներքուստ ինչ-որ բան խանգարում էր,դա իմը չէր,ծրագրավորողի կյանքն էլ ինձ չոր էր թվում։Այսպես ինձ շարունակում էր մտատանջել իմ ապագա ու չընտրված մասնագիտոթյունը մինչև 11-րդ դասարանի առաջին կիսամյակը։Կիսամյակի վերջում ես հասկացա երկու բան։Ես սիրում եմ ֆիզիկա ու շատ եմ սիրում։Հայրս ֆիզիկ է եղել և նա հաստատ շատ կուրախանար`տեսնելով,որ ես շարունակում եմ իր ճանապարհով։Սակայն միաժամանակ ես գիտակցում էի,որ միայն ֆիզիկան իմ կյանքում դատարկ տեղ կթողնի։Բացի այդ չէի պատկերացնում,թե ֆիզիկան ընտրելուց հետո որտեղ եմ աշխատելու ու ինչպես։Տարբերակներ շատ կան,իհարկե,սակայն միայն ֆիզիկան ինձ համար չէ։ՈՒ այդտեղ ես հասկացա երկորդ բանը։Ես սիրում եմ կենսաբանություն,դեռ 6-րդ դասարանից այն իմ ամենասիրելի առարկաներից էր,ու սիրելուց զատ այն ինձ մոտ վատ չէր ստացվում։8-րդ դասարանի ատեստատում կենսաբանություն առարկաս փակվեց 10 գնահատականով։Ու...Օ-լա-լա...Ես իմացա։Ես գտա այն,ինչ փնտրում էի արդեն վաղուց,գտա այն,ինչին պատրաստ էի նվիրել ամբողջ կյանքս,ուղեղս ու աշխատանքային բոլոր ժամերս։Կենսաֆիզիկա...
Շատերը փորձեցին համոզել,չգիտեմ էլ ինչու,որ այդ ֆակուլտետը չընտրեմ։Ասում էին,թե թույլ ֆակուլտետ է,ափսոս է ուղեղս,դասախոսները դաս չեն անում և այլն և այլն։Բայց ես հաստատուն էի։Կենսաֆիզիկա։Սկսվեց համոզելու երկորդ ալիքը։Ում ասում էի,որ որոշել եմ վերջնական,ընդունվելու եմ կենսաֆիզիկա ֆակուլտետը,գրեթե բոլորը միաձայն ասում էին.
-Կենսաբանությու՞ն...ֆիզիկա՞...է հա,գնա բժշկական։
Ու այդտեղ ես չգիտեի այդ մարդկանց ինչպես բացատրեի,որ եթե նույնիսկ մեր բժշկական համալսարան միայն իրոք խելացիներն են ընդունվում ու միայն լավ մասնագետներ են դուրս գալիս,որ եթե այն նույնիսկ աշխարհի ամենաազնիվ  ֆակուլտետն է,որտեղ աշխատում են ամենալավ մասնագետները,ես չեմ մտնի մի լսարան,որը խցված է գլամուր աղջիկներով ու ջիպոտ տղաներով։Ո՛չ։Ես չեմ ցանկանում բժիշկ դառնալ`հատկապես մեր հայկական իրականության մեջ։
Առաջարկներ եղան նաև դառնալու կենսաինֆորմատիկ`այսինքն բժշկական սարքավորումների ծրագրավորող-նախագծող։Բայց ո՛չ,ես դա էլ չեմ ուղում։Ես կդառնամ կենսաֆիզիկ,ես դրանում համոզված եմ։Ու ես իմ առջև պարզ տեսնում եմ բոլոր այն հետագա քայլերը,որոնք կհասցնեն ինձ իմ նպատակին։Իսկ իմ նպատակների մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ։
Ու վերջապես "Իսկ դու ի՞նչ ես դառնալու" հարցին ես կպատասխանեմ....
Կենսաֆիզիկ...

пятница, 29 июля 2011 г.

Թաց գրառում...

Մեկ ու կես օրվա դադարից հետո ես վերադարձա։Վերադարձա կրկին համոզվելով մի փաստի մեջ։Իմ բոլոր խելացի մտքերը ծնվում են ջրի տակ։Ահա.հենց ջրի տակ`լոգանքի ժամանակ։

Երբ կա մաթեմաթիկային կամ ֆիզիկայից բարդ խնդիր,դրա լուծումը ես անպայման կգտնեմ ջրի հետ հաղորդակցվելից...
Երբ ինձ թույլ կամ հիվանդ եմ զգում,միայն ջրի տաք շիթերն են ունակ ինձ կրկին կյանքի կոչելու։
Երբ ինձ տխուր եմ զգում,միայն ջրի հետ,ջրի մեջ կարող եմ կրկին լցվել ուրախությամբ։
Երբ թույլ եմ,այլևս պայքարելու ուժ չկա,միայն ջրի տակ նստելով,միայն ջրի տաք գրկախառնությունը զգալով կարող եմ ինձ ամուր ու ուժեղ զգալ։
Երբ հուսահատված եմ,կարծում եմ,որ ելք չկա,ամեն ինչ ահավոր է,միայն պարանոցիս հայտնված ջրի տաք համբույրները կարող են իմ առջև բացել լուսավոր դռներ,միայն այդ ջերմ համբույրները կարող են ինձ լցնել հույսով ու հավատով։
Երբ թվում է,թե կյանքումս ամեն ինչ ալեկոծվում է,ահա ուր որ է այն ամենը,ինչ թանկ է ինձ համար,կխորտակվի,միայն ջրի կողքին եմ կարողանում գտել միակ նավահանգիստը։
Երբ միտքս մթագնում է,միայն ջրի թարմ շնչի տակ կարող եմ կյանքի մասին դատողություններ անել։


Быть оригинальным,ни значит не любить тот цветок,который любят все.А любить его 
так,как никто...




Երբ հոգնածությունն է իջել ուսերիս,միայն ջրի բույրը կարող է ինձ կյանքի կոչել։
Երբ չկա մուսաս,միայն ջրի հետ զրուցելիս կարող եմ հասկանալ նոր շատուշատ բաներ...
Երբ թվում է,թե այլևս երբեք չեմ կարողանա ստեղծագործել,միայն ջրի տակ կարող է գրվել այն չուղարկված նամակը,ու միայն ջրի տակ կարող են ծաղկել Ձնծաղիկները...


Բարությունը իրոք ճանաչել կարող են միայն այն մարդիկ,ովքեր գիտեն,թե ինչ է դաժանությունը։


Երբ թվում է,թե կորցրել եմ ամեն ինչ,ինձ համար թանկ ամե՛ն ինչ,ապա միայն ջուրն իր քնքուշ ձայնով կարող է համոզել,որ ոչինչ կորած չէ,քանի դեռ ես կարող եմ պայքարել...

Միայն ջրի շիթերի տակ ստրկանալիս,միայն ջրի շշուկները լսելիս ես կարող էի ես հասկանալ,որ առանց ջրի ես կյանք չունեմ։Ես սիրում եմ ջուրը,առանց դրա ապրելն ինձ համար բարդ կլիներ...կամ նույնիսկ անհնար...Ու ամեն անգամ ջրի ու իմ կապը զգալիս հասկանում եմ,որ առանց ջրի կյանքս դատարկ կլիներ ու անիմաստ...

Թե սերը ամենաազնիվ,ամենանենգ,ամենավեհ ու ամենաստոր զգացմունքն է,ապա բարությունն անվիճելի խոր փիլիսոփայություն է...


среда, 27 июля 2011 г.

Արևմտյան հատվածում նորություն չկար...

Կարող եք ընթերցել այս երաժշտության ներքո..
Կարմիր կակաչները ծածկել են դաշտերը...
Երիխ Մարիա Ռեմարկ,մի գրող,ով հանուն իր խոսքի ազատության լքեց իր հայրենիքը`ապրելով ահ ու սարսափի մեջ,դողալով ամեն վայրկյան գերմանացի ֆաշիստների կողմից բռնվելու վախից,մի մարդ,ով իր զտարյուն գերմանական անունը`Կրամերը,դարձրեց տիպիկ ֆրանսական կեղծանուն,մի մարդ,ով հաղթահարեց պատերազմում իր բոլոր ընկերների մահը տեսնելու զարհուրելի պատկերը,մի մարդ,ով լքեց իր հայրենիքն ու հաստատվեց մի նոր հայրենքիում,էմիգտանտների հայրենիքում...
Ռեմարկ,Պաուլ,Ռավիկ,Շվարց,անվանե՛ք նրան ինչպես ուզում եք,այս շարքը դեռ էլի կարելի է շարունակել,կարելի է շարունակել բոլոր այն դիմակների անունը,որոնք կրեց նա,որոնցով ապրեց ու տառապեց,տառապեց ամենադաժան,բայց ամենահնարավոր ու անհնար կերպով։Կերտվեց կյանքի կողմից,թրծվեց թեժ պատերազմում ու չկոտրվեց երբեք,չնայած,որ նա եղավ Պաուլ,Ռավիկ,Շվարց...


"Երիտասա՞րդ,երիտասարդնե՞ր,տղանե՞ր,մենք դեռ նոր ենք դարձել 18 տարեկան,սակայն դա վաղուց արդեն ետևում է։Մենք արդեն ծեր մարդիկ ենք"...
Պաուլի դեմքին դեռ նոր էր սկսել մազ հայտնվել,երբ նա հայտնվեց այնտեղ,ռազմի դաշտում,երբ նա զենք պահեց իր ձեռքերի մեջ։Պաուլն ընդամենը մի երեխա էր,երբ նետեց իր առաջին նռնակը,որն ավելի խոր հետք թողեց իր սրտի,քան հողի վրա։Այդ նռնակը Պաուլի առաջ բացեց կյանքի դռները։Պաուլը հասկացավ,որ պատերազմ իրականում այն չէ,ինչպիսին ներկայացնում էր,նա`իր ուսուցիչը։
Իրականում պատերազմում միայն հաղթանակներ չէին լինում։Իրականում պատերազմում Պաուլը կարող էր տեսնել իր ընկեր Հայեի կտրված ոտքը,իրականում Պաուլը կարող էր նստել մահացող ընկերոջ կողքին ու նրան պատմել,որ Հայեն կվերադառնա տուն,կնստի իր դաշնամուրի դիմաց,կտեսնի`ինչպես են թափվում ծառերի տերևները,առավոտյան կարթնանա իր անկողնում ու կլսի թռչունների դայլայլը,այն թռչունների,որոնք չկային այնտեղ`ռազմի ճակատում։Պաուլը նկարագրում էր Հայեին իր տուն դարձի ճանապարհը,այն ինչ թե՛ նա,թե՛ Հայեին գիտեին,որ վերջինը գտնվում է Աստծուն տանող ճանապարհի վրա։Վերջին բանը,որ տեսավ Հայեին,Պաուլի արցունքով լի կարմիր աչքերն էին ու կեղծ ժպիտը։Կեղծ ժպիտը,որը պատնեշի նման պահում էր Պաուլին չհեկեկալու համար...Հայեն մահացավ,նա առաջինն էր։Մահացավ նա,մահացավ մի մոր սիրտ...
Ու Կարմիր կակաչները ծածկել են դաշտերը...
Հեշտ է սպանել թշնամուն,երբ նա հեռու է,մի քանի մետր այն կողմ,թաքնված,հեշտ է նրան սպանել,երբ դու`զինվորդ,չես տեսնում նրան ու պարզապես մի նռնակ ես նետում։Հեշտ է,երբ չես տեսնում նրա դեմքը,չես լսում սրտից պոկվող ցավի մորմոքը,չես տեսնում նրա մահացող աչքերը։Բայց ամենևին հեշտ չէ վիրավորված սողալ ամբողջ դաշտով,մեռյալների մեջ գեթ մի ողջ մարդ գտնել,հեշտ չէ,նայել արեգակին ու չտրվել հավերժ քնելու ցանկությանը։Սակայն ավելի դժվար է,երբ տեսնում ես նրան,մի ֆրանսիացու,ում դու ես վիրավորել,վիրավորել ես մահացու,սակայն երբ միասին պառկած եք նույն դաշտում`երկուսդ էլ վիրավոր,երկուսդ էլ լքված,այնժամ միայն հասկանում ես,որ նա քեզ նման մարդ է,որ գուցե այժմ նրա կինը նամակ է գրում ամուսնուն,իսկ փոքրիկ աղջիկը պատմում է,որ իր հայրը ռազմի դաշտում է,և պաշտպանում է իր հայրենի~քը։
Իսկ Կարմիր կակաչները ծածկել են դաշտերը...




Այդ ֆրանսիացին էլ էր մարդ,իր նման,Պաուլը դա միայն այդժամ հասկացավ։Նա միայն այդ պահին գիտակցեց,որ եթե նրանք հանեին իրենց համազգեստները,գուցե այժմ նստած լինեին Պաուլի տանը,խմեին մի բաժակ գարեջուր,իսկ նրանց կանայք քչփչային ու մի անհետաքրքիր բան քննարկեին։...Կի՞ն։Մի՞թե Պաուլը երբևիցե կունենար կին։Մի՞թե նա օրերից մի օր ոտքի կկանգներ,մի՞թե կգար մի օր,երբ կկազդուրվեր իր հոգին,արդյո՞ք Պաուլը մի օր պատրաստ կլիներ երջանի~կ լինելում։Իսկ եթե չմահանա՞ ռազմի դաշտում։Ի՞նչ է լինելու հետո։Նա ինչպե՞ս պիտի շարունակի իր կյանքը`աչքի դիմաց ունենալով Հայեի մահացող,բայց դեռ փայլուն աչքեը։Ինչպե՞ս նա կարող էր ապրել,երբ Հայեն,երբ մյուսները չկային,երբ միայն չորս հոգի էին ողջ մնացել,միայն չորս հոգի ողջ դասարանից։Միայն չորս հոգի ողջ մանկությունից...
Շատերին հարկավոր է 18-ամյա լինելու պիտակը`խանութից ալկոհոլ գնելու համար։Իսկ Պաուլի 18-ամյա պիտակը նրան անհրաժեշտ էր իր կյանքը ոչնչացնելու համար։
Հայրենիք...ի՞նչ էր այդ ժամանակ նշանակում այդ բառը մի մարդու համար,ով մանկություն բառն արդեն իսկ չգիտեր,բայց գիտեր`ինչ է նշանակում նռնակ,զենք,վիրավոր ընկեր,սպանած թշնամի,արնոտ աչքեր ու մոր ցավացող սիրտ,մոր մահացող սիրտ...
Բայց Կարմիր կակաչները ծածկել են դաշտերը...
Ի՞նչ էր նշանակում Պաուլի համար այդ գրողի տարած հայրենիքը,որը սկսեց պատերզմ,սկսեց աննպատակ ու հասավ ոչնչի։Չնայած ո՛չ,հասավ,հասավ հազարավոր մեռած մարդկանց,երիտասարդ կյանքերի խորտակման հասավ այդ պատերազմը,Պաուլի ՀԱՅՐենիքը,այն մեռնող ֆրանսիացու ու էլի շատերի ՀԱՅՐենիքը հասավ թշնամանքի,հասավ իրեն ատելու սերը իր իսկ զավակների մեջ սերմանելուն...
Պատերազմ...Պաուլը չգիտեր այդ բառի նպատակը,այդ բառի իմաստը,նա միայն գիտեր,նա այդտեղ էր`պատերազմում, ու նա պատերազմում էր մի մարդու դեմ,ով ինքը չգիտեր,թե ինչու է այդտեղ...Հայրենի՞քը պաշտպանելու էին նրանք եկել։Ախր ի՞նչ հայրենիք,երբ այն ինքը չի հոգում իր զավակների մասին։Պաուլը չէր կարող հասկանալ այդպիսի հոր։Հայր...Հայրենիքին այդքան սիրելու պատճառով գուցե Պաուլն ինքը երբեք հայր չդառնա,թե՞ դառնա ու պատմի,թե ինչպես սպանեց մի ֆրանսիացու,ում կնոջն այրիացրեց ու ում աղջնակին նա որբ թողեց։Ինչպե՞ս նա կարող էր իր զավակին բացատրել որբ բառի իմաստը...Ու ինչպե՞ս նա կարող էր բացատրել իր հայրենիքի արարքը։Ինչու՞ էր մայրն իր`հայրենիքը,որոշել թափել իր զավակների արյունը։Պաուլը չգիտեր այդ հարցերի պատասխանը։Պաուլը չգիտեր,թե ինչ պետք է անել,երբ ավարտվի պատերազմը..պատերազմյա դաժանությունները նրա գլխից ջնջել էին խաղաղության տարիներին երջանիկ լինելու գաղտնիքը։Պատերազմից զատ նա ուրիշ կյանք չէր ճանաչում...
Իսկ Կարմիր կակաչները արդեն թոշմել էին...
Կյանքն էլ Պաուլին չճանաչեց պատերազմից այն կողմ..
1918 թվականի հոկտեմբերին մի օր նրան գտան ,երբ Արևմտյան հատվածում նորություն չկար։Նա ընկած էր գետնին քնածի նման,իսկ նրա դեմքին այնքան գոհ մի հայացք էր,որ իր կյանքն այդպիսի շարունակություն ունեցավ...Պաուլը մահացած էր...Նա մահացել էր`գտնելով իր հանգստությունն ու անդորրը,մահացել էր,որ այլևս միակը չլինի իր մանկությունից,նա մահացել էր,որ իր զավակին երբեք չբացատրի,թե ինչ բան է որբ լինելը...

вторник, 26 июля 2011 г.

2012 կամ վերջ երկորդ մասին

Անկասկած մեզանից յուրաքանչյուրը լսել է 2012 թվականի դեկտեմբերին սպասվող աշխարհի վերջի մասին։Բայց նախքան իմ եզրակացություններին ու տեսակետերին անցնելը նշեմ մի փաստ։Ես իմ էությամբ շուտ խուճապի մեջ ընկնող մարդկանցից չեմ։Ավելի ճիշտ`ես գրեթե երբեք խուճապի չեմ մատնվում։Դրա համար ունեմ իմ պատճառը։Եթե իրոք ինչ-որ վատ բան պետք է տեղի ունենա,ես այդ առավոտյան արթնանում եմ սրտումս տարօրինակ զգացողությամբ,որի առկայությունն ամեն անգամ զգալիս հասկանում եմ,որ ինչ-որ բան այն չէ։Իսկ այժմ ինձ մոտ բացակայում է այդ զգացողությունը,այդ իսկ պատճառով հարկավոր է նշել,որ սա գրառում չէ այն մարդու,ով երեկ տեսավ 2012 ֆիլմը և որոշեց բարձրաձայն մտածել,որպեսզի առաջին հերթին ինքն իրեն համոզի,որ ամեն ինչ լավ է,ամեն ինչ հիանալի է։Ես երեկ դիտել եմ 2012 ֆիլմը և այսօր պատրաստվում եմ ձեզ հետ վելուծել Աշխարհի վերջ ասվածը։
Ես գիտնական չեմ,ոչ մի գիտական աշխատության մեջ մասնակցություն չեմ ունեցել,և բնականաբար ձեզանից շատերը կասեն,որ իմ ասածները հիմնավոր լինել չեն կարող,բայց այնուամենայնիվ փորձենք վերլուծել`ինչու 2012 և ինչու դեկտեմբերի 21...
Յուրաքանչյուր կրոնի և յուրաքանչյուր կրոնի Սուրբ Գրքի մեջ ասվում է Մեծ Դատաստանի կամ Աստծո պատժի մասին։Ղուրանի մեջ ասվում է,որ լսվելու է Ալլահի շեփորի ձայնը,և այդ օրը բոլոր մեղսավորները պատժվելու են իրենց կատարած մեղքերի համար։Աստվածաշնչում գրված է,որ կգա մի օր,և Հիսուս կվերադառնա Երկիր մոլորակ`այն մեղքերի ծովից փրկելու համար։Նրա գալուստն ուղեկցվելու է հրեշտակների հայտնվելով,երկնքից թափվող կրակներով և այլն։Սակայն երբ կգա այդ օրը,ոչ ոք չգիտե...
2012 թվականի դեկտեմբերի 21-ին Արեգակնային համակարգի մոլորակները կգտնվեն մի գծի վրա։Տարբեր աղբյուրներ բարձրաձայնում են նրա մասին,որ Նիբիրու մոլորակն այդ օրը մարդկության համար տեսանելի կլինի Արեգակի նման,իսկ 2013 թվականի փետրվարի 14-ին Երկիրը կանցնի Նիբիրուի և Արեգակի միջով։Երկու հսկայական մոլորակների կրկնակի ձգողության տակ գտնվելով Երկրի բևեռները կձգտեն փոփոխել իրենց դիրքերը,ինչն էլ կհանգեցնի երկրաշարժերի ու ցունամիների մեծ ալիքին։Սակայն այնքանը հասկանալուց առաջ պարզենք,թե որտեղից հայտնեց Նիբիրու մոլորակը և այն ինչ գործ ունի մեզ հետ։
1982 թվականաին ՆԱՍԱ-ն ընդունեց Արեգակնային համակարգում մեկ այլ`մեզ անծանոթ մոլորակի գոյության մասին։Մեկ տարի անց նույն ՆԱՍԱ-ն տիեզերք է ուղարկում իր  IRAS սպուտնիկը,որն անմիջապես նկատում է նոր ու հսկայական մի օբյեկտ։Այդ օբյեկտն իր չափերով գերազանցում էր Յուպիտերին և այնքան նման էր Երկրին,որ ստեղծվում էր  հիմնավոր պատճառ ենթադրելու,որ այն պատկանում է հենց արեգակնային համակարգին։
Իրականում Նիբուրուն այն մոլորակներից է,որը պտտվում է Սև աստղի շուրջ։Այդ Սև աստղն ունի հինգ մանր մոլորակ,վեցերորդը Родина մոլորակը,որը չափերով հավասար է Երկրին ու մի յոթերորդ մոլորակ կամ օբյեկտ,որին մենք անվանում ենք Նիբիրու։Համաձայն միֆերի`այդ Родина կոչվող մոլորակում ապրում են հսկաներն ու աստվածները։Նիբիրուն պտտվում է այդ Սև աստղի շուրջ,իսկ նրա պտույտի օրբիտան անցնում է Արեգակնային համակարգով։Սակայն Արեգակնային համակարգի և Նիբիրուի պտույտների ուղղություներր տարբեր են,ինչն էլ կարող է հանգեցնել բախումների։Նույն Նիբիրու մոլորակի պատճառով Լուսնի արտաքին կեղևի վրա առաջացել են բազում ճեղքեր։Սակայն չի պարզաբանվում,թե որն է ճեղքերի առաջացման իրական պատճառը։Ասում են նաև,որ այդ օբյեկտի կամ մոլորակի պատճառով է Անտրակտիդան անցել ջրի տակ։
Աստղագետները պնդում են,որ 2009 թվականի մայիսի 15-ից սկսած Երկրագնի հարավային կիսագնդում մարդիկ երկնակամարում կարող են տեսնել կարմիր կետ։Դա հենց Նիբիրուն է,որն ունի ալ կարմիր գունավորում և այրվող տեսք։
2011 թվականի հունիս-օգոստոս ամիսներից Երկրագնդի ցանկացած կետից կարելի է անզեն աչքով հետևել Նիբիրուին։Իսկ թե ինչ կպատահի 2012-ին ու 2013-ին,արդեն նշեցի։2013 թվականի հունիսի 1-ին Երկրագնդի վրա այլևս չի լինի մեր ցիվիլ աշխարհը,մարդկությունը և այլն...
Ես ձեզ ներկաայցրեցի 2012-յան Աշխարհի վերջի մոտիվներն ու պատճառաբանությունները։Այնուամենայնիվ կցանկանայի նաև անդրադառնալ կրոնական տեսանկյունին։
Հետաքրքիր է,որ ցանկացած կրոն ընդունում է Ապոկալիպսիսի գաղափարը։Ապոկալիպսիսն այսօր ասոցացվում է Աշխարհի վերջի հետ կամ ընդունվում է որպես դրան հոմանիշ։Սակայն ոչ մի կրոն չի խոսում Աշխարհի վերջի մասին։Խոսքը հենց Ապոկալիպսիսի մասին է,որն ըստ Աստվածաշնչի նշանակում է Հիսուսի գալուստ,իսկ ըստ Ղուրանի`Մեծ Դատաստան։Ինչպես նշեցի վերևոմ`Հիսուսի գալուստն ուղեկցվելու է հրեշտակների ներկայությամբ ու երկնքից թափվող կրակներով։Մենք`մարդիկս,Աստվածաշունչը ընդունում ենք մեր`մարդկային ուղեղով`չգիտակցելով,որ այն գրված չէ մարդու ձեռքով։Երկնքից թափվող կրակները հազար ու մի բան կարող են նշանակել,այն է թե`կայծակ,հրաբուխների ժայթքում,այրվող շենքեր։Կարող է և այլ մի բան լինել։Իսկ մուսուլմանական տարբերակի շեփորը պետք չէ բառացի ընդունել։Շեփորի ձայնը կարող է նշանակել երկաշարժ,հրաբուխ.ցունամի։Իսկ այն,որ դրանից հետո լինելու է մեծ Դատաստանը,կարող է նշանակել,որ այդ "շեփորի ձայնի պատճառը" կվերացնի մեղսավոր մարդկանց,որոնք իրենց ֆիզիկական մահից հետո կկանգնեն հոգևով Դատաստանի առաջ։Իսկ ի՞նչ է Դատաստանը։Ցավոք,ես չգիտեմ։Ասվում է,որ գոյություն ունի դրախտ ու դժոխք։Բայց մենք կրկին դրանք ընդունում ենք պարզ`մարդկային ուղեղով։
Շատ հարցեր կան,որոնք մնում են անպատասխան։Սակայն ինձ մնում է ասելու միայն երկու բան։Եթե Աստված կամ մայր բնությունը կամ Ալլահ,ինչպես ցանկանում եք անվանեք,որոշի վերջ տալ մադկությանը,ապա Նա միանգամայն արդար կլինի,քանզի մենք`մարդիկս թքում ենք այն աղբյուրի մեջ,որից ջուր ենք խմում։Հետո դնում ենք ֆիլտրներ,որ մաքրենք մեր իսկ թուքից այդ ջուրը,ֆիլտրներն էլ սկսում են աղտոտել օդը։Ինչու՞ է հարկավոր այդ հավերջական շրջապտույտը,երբ պարզապես կարելի էր չթքել մեր իսկ բաժին ջրի մեջ։
Իսկ ինչ մնում է վերջում ասելու,Աշխարհի վերջին ես չեմ հավատում։Մարդկության վե՞րջ։Հնարավոր է։Աշխարհի վերջ`ոչ։Եվ ի վերջո,Աստծուն հավատացոք իմ ընկերներ,Աստված ստեղծեց ծիածանը`որպես ուխտ այն բանին,որ նա այլևս երբեք ձեռք չի բարձրացնի մարդկության վրա։
Այնուամենայնիվ դեռ ոչինչ պարզ չէ։Ամեն դեպքում ձեր իսկ հանգստության համար ապրե՛ք մաքուր կյանքով և որ ամենակարևորն է`մի՛ մոռացեք բարության մասին։
Հաջողություն ամենեցուն։

понедельник, 25 июля 2011 г.

Մի նոր երանգ իմ պնակում

Էննին փոքրիկ մի աղջնակ էր,լուսադեմ ու ժպտերես աղջնակ։Էննին այնքան~ն երջանիկ փոքրիկ էր։Նա իր ձեռքում ուներ ներկերի մի մե~ծ պնակ,որի վրա տեսակ-տեսակ գույների կային ու կային բազում երանգներ.ժպիտագույն,ծիծաղագույն,փայլագույն,ուրախագույն ու նաև տխրագույն։
Էննին գիտեր,որ մարդիկ տխուր էլ են լինում,սակայն նա այդ գույնը թերևս ամենաքիչն էր օգտագործել։Իսկ Էննին միշտ էր ուրախ ։Բայց երբ փոքրիկ աղջնակին զգուշաբար հարցնում էին,թե ուր է դժբախտագույնը,նրա մեծ արտահայտիչ աչքերում անմիջապես զարմանքն էր դրոշմվում։Նա չէր ճանաչում այդ գույնը։Էննին միամտորեն թոթվում էր ուսերն իր ու շարունակում էր իր կյանքը ներկել տարբեր-տարբեր գույներով ու երանգներով։
Սակայն աղջնակին այլ կյանք էր վիճակված։Երբ նա հերթական անգամ իր վրձնի հարվածներն էր անում,բախտի բերմամբ,թե պատահմամբ կամ էլ հենց Էննիի անզգուշությամբ մե~ծ ներկապանակը սահեց իր փոքրիկին ձեռքի միջից։Նա տեսավ իր վայր ընկնող պնակը,այն օդում էր`իր աչքի առաջ ու հիմա բախվելու էր սառը հատակին։


Սակայն Էննին միայն այնժամ գիտակցեց կատարվածը,երբ հատակին տեսավ պնակի կտորտանքները ու իր լղոզված գույները`ժպիտագույնը,ծիծաղագույնը...Էննին ձեռքերն առաջ պարզած խուլ,սակայն զրնգուն ճիչով ցատկեց դեպի այն,ինչ արդեն չկար։





Արդեն ուշ էր։Էննին չհասցրեց,Էննին կորցրեց...կորցրեց իր կյանքի գույները,այլևս չկային,պատկերացնու՞մ եք,չկային ուրախագույնն ու տխրագույնը,ժպիտագույնն ու ծիծաղագույնը...Ու Էննին,գիտակցելով իր կորուստը,սկսեց արտասվել։Նրա մաքուր արցունքի շիթերը մաքրեցին տարան մնացած,սակայն լղոզված ու խառնված բոլոր գույները։Այլևս ընդհանրապես ոչինչ չկար։Ու Էննին ծանոթացավ դժբախտագույնի հետ։Շատերի կողմից այնքան երազած մի հանդիպում,սակայն ոչ Էննիի։Սակայն ակամայից ամեն ինչ ներկվել էր դժբախտագույնով։Այն նման չէր տխրագույնին։Վերջինի մեջ կային տխուր հույզեր,մի քիչ էլ ցավ կար,սակայն այն լի էր լուսավոր հույսով։Իսկ դժբախտագույնը մռայլ էր,դժբախտագույնը դատարկ էր։Անցնում էին օրերն,ու Էննին մոռանում էր,թե ինչ երանգ ունի ժպիտն,ու ինչպես է շողում ծիծաղը։Էննին դժբախտ էր...


Անցնում էին Էննիի դժբախտագույն ու միօրինակ օրերը,երբ Էննին մի օր հանկարծ հեռվում մի լուսավոր կետ նկատեց։Նա փոքր-ինչ ճիգ գործադրելուց հետո հիշեց,Էննին հասկացավ,դա ժպիտագույնն էր,այդպես էր փայլում ժպիտը։Նրա ներսում տակնուվրա եղավ ամեն ինչ,նա հուզվեց ու խճճվեց,ինչպե՞ս վարվել։Էննին անմիջապես ոտքի կանգնեց ու փորձեց վազել նրան ընդառաջ,հասնել ժպիտին...սակայն Էննին վախեցավ,ամեն ինչ  այնքան պայծառ էր,նրա մեծ աչուկները սովորել էին խավարին,այդ վառ ժպիտագույնն արդեն խորթ էր իր գորշ հոգուն...Էննին դժբախտ էր...

Սակայն...սակայն այդ լուսավոր կետը ավելի էր մոտենում։Նա...այո՛,նա մի տղա էր,ով ուներ ներկերի մի մե~ծ պնակ։
"Երևում է,նա ժպիտագույն էլ ունի,իմ ժպիտագույնը,-մտածեց Էննին,-նա փայլում է այդ գույնով"։
Էննին վախենում էր,նա պարզապես սկսել էր սարսափել մարդկանցից։Նրանք կա՛մ հպարտությամբ ցուցադրում էին իրենց գույներն ու արհամարհանքով հեռանում,կա՛մ էլ իրենց դժբախտագույնով ավելի էին սևացնում նրա մռայլ աշխարհը։Էննին փակ էլ էր իր հոգին մարդկանց առջև։Սակայն տղայի քայլերն իրոք Էննիին էին ուղղված։Էննին փոքրիկ սառած թռչնակի նման նստել ու ցնցվում էր ամբողջ մարմնով։Էննին սպասում էր...Նա եկավ,նստեց փոքրիկ աղջնակի կողքին։Նա Ռալֆն էր,մի տղա,ով ուներ ներկերի մի մե~ծ պնակ,որի վրա կային ժպիտագույնն ու ծիծաղագույնը,ուրախագույնն ու տխրագույնը։Էննին ճիշտ էր,Ռալֆը հենց ժպիտով էր փայլում,իսկ Էննիի`գորշությանը սովոր աչքերը ցավում էին այդ չափից դուրս պայծառ երջանկությունից։
Էննին այժմ արհամարհված չէր,չէ՛...իսկ եթե Ռալֆը եկել էր իրեն ծաղրելու համա՞ր...Չէր դիմանա Էննիի փխրուն հոգին ևս մի ծաղրանքի։Սակայն Ռալֆը ուրիշ էր,Ռալֆը Էննիին անխոս հասկացավ...Նա փոքրիկ աղջնակին թաքցրեց իր տաքուկ գրկում,ամուր սեղմվեց ու ջերմացրեց Էննիի սառած մարմինը։Ու Էննին վստահեց Ռալֆին,հավատաց նրան,սակայն դժվարացավ պատմել իր դժբախտության մասին,ցավու~մ էր Էննիի սիրտը։Բայց Ռալֆը նրան կրկին անխոս հասկացավ։Ռալֆը,այժմ շողալով,իրոք շողալով մի նոր գույնով,Էննիին մեկնեց իր մե~ծ ներկապնակը ու խնդրեց նրան միասին օգտագործել դրա վրայի բոլոր-բոլոր գույները։Ու պահել պնակը միասին`երկուսով,որ հանկարծ իրենց ձեռքից երբեք բաց չթողնեն ներկերի այդ մե~ծ պնակը։Էննին հասկացավ Ռալֆին անխոս ու համաձայնեց։Ռալֆն ուրիշ էր,Ռալֆը լավն էր ու Ռալֆը Էննին ներկեց ժպիտով...
Էննին մի փոքրիկ աղջնակ էր,իսկ Ռալֆը բարի մի տղա,նրանք ունեին ներկերի մի մե~ծ պնակ,որի վրա կային ժպիտագույնն ու ծիծաղագույնը,ուրախագույնը,տխրագույնն ու...սիրագույնը...


LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...