воскресенье, 10 июля 2011 г.

Երջանկությունն իմ միջի դուք ծնեցիք...

Կյանքի հոսքի ընթացքում մենք հաճախ ենք կորցնում ու գտնում,ցավ զգում ու ցավեցնում,հավատում կամ խաբում։Շատ թունելներով էլ ենք անցնում,սակայն կան այնպիսինները,որոնց վերջում հայտնվող լույսը գտնելու համար մեզ հուշում է պետք լինում։
Այդպիսի թունելներում միայն կարելի է տարբերել իրական ընկերներին։Միայն ընկերները կմտնեն քեզ հետ այդ խավարի մեջ`առանց իմանալու`արդյոք կկարողանաք ելք գտնել,թե`ոչ։Միայն նրանք կթողնեն իրենց լույսն ու կդառնան քեզ հետ խավարի մի մասնիկ,սակայն նրանք նրանք երբեք չեն կորի  այդ թանձր խավարում ու չեն միաձուլվի դրան։
Այդպիսիք քիչ են լինում,սակայն լինում են։Նրանք կան նաև իմ կյանքում։Ես`որպես մի մարդ,որը միշտ հիանալի հարաբերություններ է ունեցել իր շրջապատի հետ,երբեք չեմ ունեցել ընկերներ։Ոչ ոքի առաջ ես չեմ բացեմ իմ սիրտը,սակայն այսօր պատկերն այլ է։Փորձությունների միջով անցնելիս ու քարերի վրայով մաքառելիս չոր հողի մեջ բուսած ծաղիկներ ես տեսա։Այդ ծաղիկներին ես ցանեցի իմ սրտում ու այլևս ոչ ոք չի կարողանա քաղել նրանց իմ սրտից ու չի կարողանա պոկել նրանց խորը արմատները։Նրանք տարբեր են,բայց իմն են...
Տիգրան Սահակյան։Կամ մեր լեզվով ասած`Տիկո։Նրա հետ ես ծանոթացել եմ օդնոկլասսնիկյան մի շատ ակտիվ խմբի`Անտիռաբիսի միջոցով։Հիմա երևի շատերդ կհիշեք այդ խումբը,այն օդնոկլասսնիկ սոցիալական ցանցից մնացած ամենավառ հիշողություններից մեկն էր։
Տիկոյից ես սկզբում վախենում էի։O_o Իրոք,ես վախենում էի,նա նկար չուներ,գրում էր շատ լուրջ և ողջունելիս ու հրաժեշտ տալիս միշտ ասում էր նույն Ալոհա բառը,որն ինձ մոտ ինչ-որ խորհրդավոր զգացողություն էր առաջացնում։Ապա մենք սկսեցինք շփվել նույն ագենտ չաթի միջոցով,որի մասին արդեն ձեզ պատմել եմ...
Ամեն անգամ մի քանի ժամ շարունակ շփվելիս կամ զբոսնելիս ես հիշում եմ Տիկոյի և իմ խոսակցությունից մի հատված.
-Ուրեմն անպայման կտամ,կնայես էտ ֆիլմը։
-Եղավ Տիկ,եթե մինչ այդ ընկերներ մնանք։
-Մի րոպի,ինչի՞ պիտի չմնանք։
-Դե եսիմ,ինտերնետ ա էլի...
-Էլ մի խոսա...
Ինտերնետի միջոցով շատ ծանոթություններ եկան ու գնացին,սակայն սա այդ դեպքը չէր։Տիկոյին նայելիս առաջին հերթին ես տեսնում եմ ազնվության ու անկեղծության մարմնացում։Նա իմ հանդիպած ամենամաքուր մարդն է,որը միշտ կասի այն,ինչ մտածում է,սակայն նրա անկեղծությունը գռեհիկ չէ,նրա անկեղծությունն այնքան մաքուր է...


Դու՞։Դու այլևս դու չես,գիտեի՞ր։Դու արդեն մենք ենք։Ես էլ ես չեմ։Դու ու ես արդեն վաղուց մենք ենք դարձել...
Մեր ծանոթության մասին արդեն ձեզ պատմել եմ,սակայն չեմ պատմել,թե նա ինչ փոխեց իմ կյանքում ու թե ինչ սովորեցրեց։
Մինչ նրան հանդիպել ես պարզապես սևազգեստ մի երեխա էի։Դա ամենևին կապ չուներ այնքան տարածված նեֆորմալ ասվածի հետ,ես պարզապես սև էի ինչ-ինչ պատճառներով։..Նա փոխեց ինձ`կամա,թե ակամա,ես չգիտեմ,բայց փոխեց։Նա աչքերիցս հանեց ինձ գրեթե սերտաճած այդ սև ակնոցը,սակայն նա ինձ չհրամցրեց մի վարդագույն ակնոց։Նա պարզապես բացեց աչքերս,և ես նայեցի կյանքին ու տեսա դրա իրական գույները`առանց խտացնելու ու նոսրացնելու։Նա ինձ սովորացրեց,որ կյանքում միայն լավը չէ,որ կա,բայց ոչ էլ միայն վատն է։Նա ինձ սովորեցրեց գտնել ներդաշնակությունը լավի ու վատի։Գիտե՞ք,ես արդեն երկու տարի է ոչինչ սև չեմ հագել,բայց ոչ թե ինչ-որ բան ապացուցելու կամ ցույց տալու համար,ո՛չ,ես պարզապես չեմ կարողանում վրաս կրել սև գույնը։Հիմա ես միայն գունավոր հագուստ եմ կրում,ու այդ գույներն այնքան ներդաշնակ են հոգուս հետ։Նա ինձ թևեր տվեց ու ուժ տվեց ճախրելու,և խիզախություն`կոտրվելու վախը հաղթահարելու...


Լիլիթ Մելքումյա՞ն։Չէ,Լիլ կամ ավելի ճիշտ Лиль։Ինչքա՞ն ժամանակ եմ ես քեզ ճանաչում։Կամ ինչքա՞ն եմ ես քեզ ճանաչում։Ես չգիտեմ։Սակայն գիտեմ,դու այն միակ աղջիկն ես,Եվայի ցեղի միակ ներկայացուցիչն ես,ում ես կարող եմ ընկեր կոչել։Ինչու՞։Իրոք չգիտեմ։Չէ,գիտեմ։Դու միակ մարդն ես,ով ինձ այնքան նման է։Ես իրոք զարմանում եմ։Այսքան նման ու այսքան տարբեր։Պայծառ մի անձնավորություն,լույսի մի կտոր ու բարության մարմնացում։Այսպես կարող եմ ես քեզ նկարագրել։Ես սիրում եմ քեզ,Լիլիթ,մենք վաղուց չէ,որ ծանոթ ենք,սակայն դու այնքան հարազատ ես ինձ։Ես գիտեմ,որ դու հիմա ժպտում ես,ժպտա՛ միշտ ու լուսավորի՛ր գորշ կյանքը։



Դուք այնքան տարբեր եք և այնքան հետաքրքիր,սակայն ձեզ երեքին միայն մի բան է կապում։Դուք ազնիվ եք,դուք մաքուր եք ու դուք իմն եք...

Երջանկության մի նոր չափաբաժին




Սենդին վերցրեց տաք գինով լի իր բաժակն ու մոտեցավ այն նույն ծառին,որին նա մոտենում էր արդեն երրորդ տարին շարունակ,մոտենում էր կրկին,բայց այս անգամ ծանրաքարշ իր քայլերով,առանց առաջվա թռիչքների,առանց թռիչքների սրտի և սիրո։Այս անգամ նրա կողքին գինու բաժակից բացի ուրիշ ոչինչ չկար։Գինին շատ էր նրանց ընկերակից եղել,սակայն այսօր նրանք վերջապես միայնակ էին`Սենդին ու գինին...
Տե~ր Աստված,Դու դե՞ռ խոսում ես կյանքի արդարության մասին։Լռի՛ր,լռի՛ր,բավ է ականջիս փսփսաս Քո կանոններն ու օրենքները,Դու մի ծերուկ ես,նստած այդտեղ,վերևում։Ի՞նչ ես զգում,արդյո՞ք դու գիտես ես ինչ եմ հիմա զգում,Դու,այո՛,հենց Դու,ծանո՞թ ես մարդկային ամենածանր զգացմունքներին..Եթե այո՛,Արարիչ իմ,ապա ազատի՛ր ինձ այս ծանրությունից։Լռի՛ր,ի սեր Աստծո..լռի՛ր..բայց..ինչ ծիծաղելի եմ ես,ինչ խղճուկ եմ,Աստծուն իր իսկ անունով հրամայում եմ լռել..Լռի՛ր խիղճ իմ,նաև դու լռիր,Սանդրան արդեն չկա,դու`խիղճ իմ,մահացար ինչպես ամեն ինչ,դու մահացար Սանդրայի նման։Լռի՛ր,այլապես քեզ էլ կբթացնեմ ու կխեղդեմ գինու մեջ։Մի՛ ստիպիր ինձ սպանել քեզ,տանջված հոգիս այլևս մի սպանիր։Խղճա ինձ,կարեկցի՛ր..Սանդրան այլևս չկա։Պարզապես անհետացավ խոնավ հողի տակ։Նա չկա։Նա քնած էր,նա չի մահանա երբեք,ոչ,նա չի մահանա,նա ընդամենը խոր քուն էր մտել,լսու՞մ ես Սանդրա,ես քեզ հետ եմ խոսում,դու լսում ես ինձ ես գիտեմ,Սանդրա,դու ինձ չես լքի,իմ երկրային հրեշտակ,իմ փոքրիկ գեղեցկուհի...
Սենդին կլանեց գինու մի քանի կում`փորձելով ընդարմացնել մարմինը,որն իր ամեն մասնիկով Սանդրային էր փնտրում,Սանդրային էր կանչում ու տենչում,սակայն ապարդյուն...
Սանդրա,ես ինձ երբեք չեմ ների,ինձ նման խղճում մի արարածը պարզապես իրավունք չուներ քո կողքին լինելու,Սանդրա...Ես չկարողացա քեզ պաշտպանել,ես անզօր եմ նաև պաշտպանելու այն փոքրիկին,որ հիմա պառկած է օրորոցում։Ինչու՞ պարգևեցիր նրան ինձ`քեզ խլելով իմ գրկից։Ինչու՞ այդպես դաժանաբար վարվեցիր ինձ  հետ։Մի՞թե իմ սերը բավարար չէր քեզ։Ես ատու~մ եմ այդ փոքրիկ աղջնակին,ատում եմ ամբողջ մարմնովս,լսու՞մ ես Սանդրա,դու իզուր կյանքդ նվիրեցիր նրան`իմ կյանքը խլելով ինձանից,Սանդրա՛...
Սենդին գլուխը կախել ու հենել էր ծնկներին։Սենդին թույլ էր և անզօր։Ի՞նչ էր կատարվում նրա հետ,դժվար է բացատրել։Սենդին ու Սանդրան երազում էին այդ փոքրիկ հրաշքի մասին,իսկ հիմա՞...
Սանդրա,իսկ դու գիտե՚՞ս,որ ես դեռ ոչ մի անգամ չեմ նայել այդ փոքրիկ սատանայի դեմքին,ես անգամ չգիտեմ,թե նրա մազերն ինչ գույն ունեն,Սանդրա,դու պոկեցիր իմ աչքերը,իմ աչքերը թաղվեցին քեզ հետ այն օրը,երբ քո մարմար մարմինը ծածկվեց հողով։Իմ սրտի ջերմությունն էլ դու տարար,ես նվիրեցի այն քեզ,որ այդ սառը հողի տակ չմրսես ու միայնակ քեզ չզգաս։Սանդրա,դու քո մահով սպանեցիր ամեն ինչ իմ մեջ,միայն թե մի բան մոռացար սպանել,դու,անխիղճ կին,դու մոռացար սպանել իմ սերը,այն այնքան հզոր է,որ կործանում է ինձ,որ թույլ չի տալիս սիրել ուրիշ ոչինիչ։Սանդրա,ես ատում եմ այն երեխային։Մենք երջանիկ էինք միասին,ինչու՞,ախր ինչու՞ նո որոշեց,որ իր կյանքն առանց քեզ պետք է սկսի այս անիծյալ երկրի վրա։Մենք երջանիկ էինք,այո,իսկ այժմ իմ մեջ ատելությունն է բույն դրել,ես ատում եմ նրան այնքան ուժեղ,ինչքան ուժեղ քեզ եմ սիրում։
Դու աներևեկայելի մի հրեշտակ ես,ես գիտեմ,իսկ ես ամենահասարակ հրեշ եմ,զուրկ վեհությունից ու ուժից։Նա խլեց քո կյանքը,բայց դու նրան կսիրեիր,ես գիտեմ,իսկ ես...եթե իմանայի,որ նրան խեղդելուց հետո դու կհայտնվես իմ կողքին,մի վայրկյան անգամ չէի հապաղի։Բայց ավաղ...Սանդրա,ինչպե՞ս վարվեմ,օգնի՛ր ինձ,ասա՛,հուշիր ինձ,խնդրում եմ...
Սենդին նստած էր այն նույն ծառի տակ,որի տակ նրանք առաջին անգամ համբուրվեցին..Այդ նույն ծառի տակ երեք տարի շարունակ նրանք նստում էին մի շիշ գինու հետ միասին,լուսավորվում էին լուսնի աղոտ լույսով ու տրվում էին սիրային զեղումներին։Այժմ Սենդին նստած էր այդտեղ միայնակ։Այնուամենայնիվ նրա մեջ չէր մահացել այն հույսը,որ Սանդրան կհայտնվի հեռավոր մի ծառի ստվերում և իր թեթև քայլվածքով կմոտենա իրեն,կգրկի ամուր ամուր և կապացուցի,որ իրական սիրուն նույնիսկ մահը խոչընդոտ չէ։Ավաղ,Սենդին արդեն խելագարվում էր,Սանդրան իրոք չկար,նա ամենասուրբ մահով մահացավ.Կյանքը տվեց,որ կյանք ստանա։Փոքրիկ Լիզան արտասվում էր օրորոցում,իսկ Սենդին ատելուց բացի ուրիշ ոչինչ չէր կարողանում անել...Սակայն նրա մեջ ծագեց խելագարության շեմին կանգնած մարդուն հարիր մի միտք։Սենդին շպրտեց մի կողմ գինու բաժակը,մի ակնթարթում հայտնվեց խոհանոցում ու գիշերային մշուշի մեջ փայլող դանակը ձեռքին հայտնվեց..հայտնվեց իր ու Սանդրայի ննջարանում,որտեղ մի անկյունում դրված էր ամենանուրբ գույներով մի օրորոց,որը դեռ մի քանի ամիս առաջ Սանդրան էր ընտրել։
Սենդիի քայլերը դանդաղեցին ու դարձան ավելի հստակ ու համոզված։Նա հասավ օրորոցին և բարձրացրեց այն ծածկող շղարշը։Այո՛,Սանդրան էր ցանկացել շղարշով այդ օրորոցը,նա ցանկանում էր,որ իր փոքրիկ աղջնակը քնի արքայադստերը վայելու օրորոցում։
Սենդի հայացքը սառեց փոքրիկի վրա։Ի՞նչ կատարվեց այդ պահին,դա չի կարելի նկարագրել,դա կարելի է միայն զգալ ու պատկերացնել։Կամ էլ թե միայն զգալ։Սենդիի վերև պարզված ձեռքը պարզապես սահեց ցած ու ձեռքից բաց թողեց ամուր պահված դանակը։Սենդիի մեջ անմիջապես հայրական բանզդը չէ,որ արթնացավ։Ո՛չ,Սենդիի միջի Սանդրան խանգարեց նրան։Սենդին սիրում էր Սանդրային,իսկ այժմ Սանդրան Լիզայի մեջ էր։Ամբողջ այդ ատելությւնը պարզապես հոդս ցնդեց։Ասում են`նորածինները հայացք չունեն,սակայն Լիզան փայլում էր Սանդրայի փայլով։Ահա թե ինչ հասկացավ Սենդին,երբ առաջին անգամ նայեց իր ու Սանդրայի զավակին,ահա թե այդ սարսափելի օրվանից հետո առաջին անգամ Սենդին որտեղ տեսավ Սանդրային։Սանդրան ապրում էր Լիզայի մեջ։Սանդրան ապրում էր Սենդիի մեջ։Լիզան մի փորքիկ դուռ էր դեպի Սանդրան,մի փոքրիկ լույս Սանդրայից ուղղված Սենդիի մթագնած ու մռայլ հոգին։Լիզան...
Նայելով երբեմնի այդքան ատելի փոքրիկ Լիզային`Սենդին գտավ երջանկության մի նոր չափաբաժին...

суббота, 9 июля 2011 г.

Բարև Ձեզ,ես Տոտոն եմ...

...ես արդեն մի տարեկան եմ ու ունեմ ընտանիք,ինձ շատ երես տվող ու ինձ շատ սիրող ընտանիք։Սակայն իմ պատմությունը միշտ չէ այսպես ուրախ եղել։
Երբ ես ծնվեցի,այնքան ցուրտ էր,թաքնվում էի մորս փափուկ ու տաքուկ մորթու տակ ու հենց քաղց էի զգում,անմիջապես սկսում էի խմել մայրական քաղցր կաթը։Մենք նույնիսկ բրդբրդվում էինք եղբայներով`ավելի հարմար դիրք ընդունելու ու կաթն ավելի շատ խմելու համար։Հիանալի օրեր էին։Սակայն մեզ այդ դրախտից որոշեցին կտրել։Մի օր եկավ մի մարդ,որն ինձ իր ամուր ձեռքերով պոկեց մորս փեշից ու տարավ։Ես դեռ այնքան փոքր էի ու անպաշտպան,առանց մամայի այնքան ցուրտ էր։Ու՞ր էին ինձ տանում,ես վախենում էի...
Աչքերս բացեցի ինչ-որ արկղի մեջ,շուրջս միայն 4 պատ էի տեսնում,հետո,երբ ուշքի եկա,ինձ նման էլի մի քանի ձագուկի նկատեցի,նրանք շատ տարբեր էին,բայց բոլորն էլ հյուրընկալ տեսք ունեի,այդիսկ պատճառով վախս սկսեց մի քիչ ընկրկել։Մենք նույնիսկ ծանոթացանք,և երբ պատրաստ էի լսելու ամենադառը իրականությունը,հարցրի,թե որտեղ ենք մենք և ինչ են պատրաստվում մեզ հետ անել։Մեր միջից կարծես թե ամենափորձառուն շատ կարճ պատասխանեց.
-Վաճառել։
-Դա ի՞նչ է,-հարցրի ես։
-Դա նշանակում է,որ քո մեկ ուրիշ մարդ կգա,քեզ համար գումար կտա ու կտանի իր ընտանիք,որտեղ քեզ կա՛մ կսիրեն,կա՛մ էլ դու կլինես նրա երես առած զավակի հերթական քմահաճույքը։
Անկեղծ ասաց ես չգիտեի,թե փողն ու քմահաճույքն ինչ բաներ են,բայց ես հասկացա,որ ես ուրիշ մամա եմ ունենալու ու ուրիշ եղբայրներ...վայ մամաս...ախր ինչու՞ մեզ բաժանեցին...
Անցավ մի քանի օր և մենք աստիճանաբար պակասում էինք։Օրերից մի օր եկան նաև իմ ետևից։Դա մի մարդ էր,բարձրահասակ և ամրակազմ,նա իրոք ինչ-որ բան հանեց իր գրպանից,ապա ինձ վերցրեց իր ձեռքերի մեջ,ու ես ամենավերջին վախկոտի նման սկսեցի դողդղալ։Վախենում էի,բա որ հանկարծ իր քմահաճույք աղջկա համար տանե՞ր։Կարծեմ այդպես ասաց մեր ավագը,թե՞...Ինձ դրեցին ավելի փոքրիկ տուփի մեջ ու տարան..
Պարզվեց ես տան միակ ձագուկը չեմ,նրանք հավանաբար իրենց սեփական ձագուկին ունեին,որը մի աղջնակ էր,մազերը հազիվ էին եկել,իսկ ես արդեն բրդոտ էի։Երևի սա էլ այդ ձագուկի մայրն էր,նա գեղեցիկ էր,ինձ շոյեց մի քանի անգամ ու ամանով կաթ տվեց։Բա ի՞մ մաման ուր կորավ...Կարոտել եմ մամայիս ու իր կաթը...
Ինձ կարծես թե սիրեցին,և ես նրանց ձագուկի հետ միաժամանակ մեծանում էի։Նրանք մեզ հետ շատ էին խաղում։Ես բացահայտեցի,որ ես տղա եմ։Ու քանի որ ես տղա եմ,ես չարաճճի էի ու շատ էի ուզում խաղալ։Բայց կարծես թե զայրացնում էի նրանց...
Ես իմ կարիքները հոգում էի դրսում,բակի մյուս շնիկների հետ։Նրանց մեջ կար մեկը,որին ես իմ մեծ եղբայրն էի համարում։Նա մեծ էր ինձանից երկու անգամ կամ նույնիսկ ավելի,ամբողջովին սպիտակ էր,ուներ հպարտ քայլվածք ու արտակարգ փայլուն մորթի։Նա ինձ համար պարզապես գեղեցկության էտալոն էր։Նրան Չարլի էին կոչում,ինչպես մի արքայի։Չարլի։Իսկ ես ընդամենը Տոտո էի։Մի՛ ծիծաղացեք,ինձ այդպես են անվանել,ես Տոտոն եմ,այո՛։
Ամեն ինչում փորձում էի նրան ընդօրինակել,իսկ նրա հետ բակ իջնող աղջիկների համար ես պարզապես խենթանում էի,ախր նրանք ինձ այնքան էին սիրում ու համ էլ շատ անուշիկն էին...
Մի անգամ ինձ մոռացել էին երեկոյան շնիկների մոտ տանել,իսկ առավոտյան այլևս չէի կարողանում զսպել...ի՞նչ անել,ախր նրանք ինձ երբեք չեն ասել,թե որտեղ կարելի է կարիքներս հոգալ,եթե դրսում չեմ,ես էլ ախր դեռ փոքր էի,շատ բան չէի հասկանում և կարիքներս հոգացի փոքրիկ աղջնակի սենյակում։Ախր նա էլ միշտ չէ,որ ճիշտ տեղում ու ճիշտ պահին էր իր կարիքների մասին հիշում,սակայն ես բռնվեցի ու ոչ ոք չցանկացավ իմ բացատրությունը լսել։Ինձ վրա զայրացան,ինձ հարվածեցին ու այն տղամարդն ինձ տարավ դուրս,սակայն առանց ոչ մի կապի,ես զարմացել էի,չնայած վախենալ էր պետք..
Նա ինձ դուրս հանեց միջանցքից ու իր ետևից փակեց այդ հսկայական ու ծանր դուռը։
Առաջին անգամ ես նկատեցի,թե ինչ հսկայական է մեր բակն ու ինչ հեշտությամբ կարելի է այստեղ կորել,եթե դու մենակ ես,առանց տիրոջ ու ընկերների։Բակն ամայի էր,միայն ես էի ու արեգակը։Հա մեկ էլ ստամոքսիս ցավը,ախր քաղցած էի...Ի՞նչ անել։Նկատեցի կատուների,որոնք նստած էին ինչ-որ բարձր արկղի վրա։Անմիջապես մոտ վազեցի,որպեսզի հարցնեմ,թե ինիպես ելք գտնեմ ու քաղցս հագեցնեմ,սակայն նրանք ամենևին բարեհամբույր չէին ու նույնիսկ սկսեցին հարվածել։Չսիրեցի ես այդ կատվազգիներին..այդտեղից հեռանալով մեկ այլ մեծ ու սև արկղ նկատեցի ու կատուներին հակառակվելու համար մոտեցա այդ արկղին։Դրան կարծես թե աղբաման են կոչում։Այդտեղից տարբեր-տարբեր ուտելիքների հոտ էր գալիս,սակայն դրանք կարծես թե շատ թարմ չէին,բայց ի՞նչ կարող էի անել,այն էլ իմ այդ քաղցած ստամոքսով..
Երբ փոքր-ինչ կշտացա ու քնեցի,հասկացա,որ սա երկար բնույթ է կրելու։Ես ոչ ոքի չէի հետաքրքրում։Ահա ինչպիսին են մարդի,կտրում են քեզ մորիցդ ու եղբայրներիցդ,վաճառում են քեզ,խաղալիքի պես օգտագործում ու հետո դուրս են նետում,իրենց իսկ սխալի պատճառով։Էհ,Տոտո,սա էլ քո կյանքն է,դու դարձար թափառական շուն,այն մեծ ականջներով,բայց փոքրիկ ձագուկից ոչինչ էլ չմնաց։Դու արդեն մեծ ես,դու տեսար մարդկային դաժանությունը...
-Տոտո՞,Տոտո դու՞ ես..
Ինչպիսի քա~ղցր ձայն,այդ ո՞վ հիշեց ինձ։Ի՞նչ։Մի՞թե դա Մանեն էր։Մանե՞։Այո՛,դա Մանեն էր,իմ մեծ եղբայր Չարլիի տիրուհին։Մանե~,դու՞,դու դեռ հիշու՞մ ես ինձ,բռնի՛ր ինձ,ես գալիս եմ քո գիրկը,Մանե~..Հասկանու՞մ եք,նա հիշում էր ինձ,նա ճանաչեց ինձ,նա կփրկի ինձ,ես գիտե~մ,Մանե~...
Նա անմիջապես սկսեց ինձ շոյել։Վա~յ,Չարլին էլ է այստեղ։Ինչպիսի խայտառակություն,նրա այդ վսեմության կողքին ես իմ այս կեղտոտ մորթով ինձ այնքան նվաստ էի զգում։Սակայն Չարլին իրոք վսեմ էր,նա ինձ ժպտաց մի ժպիտով,որը մարդն ունակ չէ տեսնելու,նա ժպտաց ինձ ու նրա աչքերը փայլեցին։Այդ ի՞նչ էր նշանակում։Հույսով նայեցի Մանեին ու տեսա,որ նա ինչ-որ ուղղանկյուն բան ականջին դրած արագ-արագ խոսում էր ու երբ հանկարծ անջատեց,ես հասկացա,որ նա էլ է ժպտում։Մի՞թե ամեն ինչ այսքան լավ կարող է լինել։Ինձ հետ կընդունե՞ն իմ նախկին ընտանիքում..Մանեն շարժվեց առաջ ու ինձ կանչեց իր ետևից։Ես ոչ մի քայլ ետ չէի մնում նրանցից ու հատկապես Չարլիից։Մտանք ինչ-որ անծանոթ միջանցք,հետո ինչ-որ անծանոթ աստիճաններ ու անծանոթ դռներ։Սակայն ծանոթ երկու հայացք,Մերին ու Նոնոն էին`Մանեի քույրիկն ու մայրը։Այսինքն նրանք ինձ ընդունեցին իրե՞նց մոտ...Ես չե՞մ վերադառնա այն մարդկանց մոտ այն վախով,որ կրկին փողոցում կհայտնվեմ։Մի՞թե դա հնարավոր է ինձ նման մի շան համար.մի՞թե ես կարող եմ ապրել Չարլիի հետ նույն տանը,ունենալ նույն տիրոջը..
Այդպիսի երջանիկ շաբաթ ես դեռ երբեք չէի ունեցել։Ամբողջ օրը խաղում էի Չարլիի հետ,ինձ շոյում էին,շատ համեղ կերակրում։Մի անգամ ինձ տարան սպիտակ խալաթով ալեհեր մարդու մոտ։Նա շատ բարի տեսք ուներ,սակայն նրա նկատմամբ տածածս ամբողջ հարգանքնը հոդս ցնդեց այն պահից,երբ նա ոտքի մեջ ինչ-որ սուր ու ծակող բան մտցրեց։Հետո նա իմ անունը գրեց ինչ-որ տետրակի մեջ,իսկ Մանես ինձ ուրախացած ասաց.
-Տոտոն արդեն անձնագիր ունի։
Ես այդպես էլ չհասկացա,թե անձնագիրն ինչ է,բայց ես երջանիկ էի։
Սակայն ամեն երջանկություն չափ ու վերջ ունի։
Մերին,Մանեն ու Նոնոն ինձ հետ ինչ-որ մեքենա նստեցին ու տարան լրիվ անծանոթ մի վայր։Ես կրկին սկսեցի ամենավերջին վախկոտի նման վախենալ։Վերջ։Ես պետք է հրաժեշտ տայի նրանց։Ես կրկին կհայտնվեմ փողոցում,ինչքան դառը կարող է լինել կյանքը,Տե~ր Աստված։Ախր ես չեմ հավատում,որ Մանեն էլ է այդքան վատը։Ախր նա չի կարող...
Այդ անծանոթ վայրում մեզ մոտեցավ մի օրիորդ և անմիջապես գրկեց ինձ։Ես վախից նույնսիկ չէի կարողանում շարժվել։Ու կրկին խորթ միջանցք,անծանոթ դռներ..Մանեն դեռ կողքիս էր,ուրեմն ամեն ինչ կարգին է...Ինչ-որ տուն մտանք,որտեղ մի կին էլ կար,նա այնքան բարի տեսք ուներ,որ մի պահ մոռացա վախի մասին...Գլուխս ցավում էր,ի՞նչ է կատարվում..
Նրանք գնացին ու ես մնացի անծանոթ օրիորդի,որին Անուշ էին կոչում,ու անծանոթ կնոջ հետ,որին Անուշը մամա էր ասում։Մամա՞։Ի՞նչ։Նա իմ մամա՞ն է։Մանեն երբեք Նոնոյին մամա չէր ասում,որ երևի ինձ վատ չզգամ,ախր իմ մաման շատ հեռու էր։Անուշի մաման ի՞մ մաման էլ էր...
Երեկոյան տուն եկավ մի ուրիշ աղջնակ,նրան էլ Մարիամ էին կոչում։Մարիամ,գրեթե Մանե...Մարիամն ինձ սկսեց անմիջապես շոյել,հետո էլ փորձեց կերակրել ու նույնսիկ խոսում էր ինձ հետ`ասելով,որ չվախենամ,իսկ Անուշը ժպտում էր։Իսկ Մարիամն ի՞նչ իմացավ,որ ես վախենում եմ...
Ամբողջ օրս անցավ ոռնալով ու նրանց կծոտելով։Ես երախտամոռ չեմ,պարզապես կարծում էի,թե նրանք են մեղավոր իմ ու Չարլիի,Մանեի ու Մերիի բաժանման մեջ։
Սակայն առաջին անգամ ես ենթարկվեցի մի բանի,որը կոչվում է դաստիարակություն։
Բայց մինչ դաստիարակությունը մենք կարծես թե ընկերացանք։Մարիամն ինձ ամեն առավոտ տանում էր բակ,որտեղ ամենևին այլ շունիկներ չկային,չկար Չարլին։Ինձ սկսեցին սովորեցնել մարդկային բառերի իմաստները,որպեսզի ես ավելի հասկացող դառնամ։Ինձ սովորեցրին նաև,որ եթե կարիքներս հոգալու կարիք ունեմ,բայց բակ գնալ չեմ կարող,ապա պետք է դրանք հոգամ պատշգամբում։Երբ ես վերջապես սկսեցի դա ճիշտ անել,նրանք ամեն անգամ այնքան էին ուրախանում ու շոյում ինձ։Ես սկսում էի մեծանալ ինչպես տան իսկական մի շուն։Նրանք էլ էին լավը,ես կարծես թե սկսեցի սիրել նրանց։
Անուշին մարդիկ ուսանող էին կոչում,իսկ Մարիամին`ոչ։նա հետս շատ էր խաղում,վազվզում,նստում էր կողքիս,որ ճաշը մինչև վերջ ուտեմ,խոսում էր հետս..Նա սովորեցրեց ինձ հասկացնել,թե ինչ եմ ցանկանում։Ես սովորեցի։
Սակայն նրանք ինձ մի ուրիշ բան էլ սովորեցրին։Ես սովորեցի նայել նրանց աչքերի մեջ ու հնազանդություն զգալ։Ես սովորեցի մարդկային ոտքերի տակ քնելու մեջ երջանկություն գտնել։Ես սովորեցի հարգել տիրոջը,բայց որ ամենակարևորն է,ես սովորեցի լինել Չարլիի նման վսեմ։Չարլիի վսեմությունն ամենևին իր զտարյուն ցեղատեսակից կամ փարթամ մորթուց չէր։Չարլին վսեմ էր,քանզի նա միակն էր իր տիրոջ համար,քանզի նա միակ պաշտպանն էր,նա վսեմ էր Մանեով։Ես սովորեցի Չարլիի նման քայլել հպարտ ու լինել վեհ Մարիամով...
Մանեին ես սիրում էի,սակայն Մարիամի,Անուշի ու մամայի համար ես Մանեի Չարլին էի,ես միակն էի նրանց համար,նրանք սիրում ու երես էին տալիս ինձ,նրանք խաղում էին ինձ հետ,նրանք սիրում էին ինձ անկախ իմ բոլոր տարօրինակություններից ու չարություններից,հասկանու՞մ եք։
Կյանքումս ես շատ բան տեսա,մարդկային անտարբերություն,դաժանություն,սակայն այսօր ես վայելում եմ շան համար ամենամեծ երջանկությունը։Ես քնում եմ իմ տիրոջ հետ մի անկողնում,նրանց ես եմ արթնացնում իմ թաց համբույրներով,նրանց ես պարշտպանում եմ բոլորից և ամեն ինչից։Այդ ամենի դիմաց ես ստանում եմ աշխարհի ամենամեծ սերն ու քնքշանքը,ամենաազնիվ հոգատարությունն ու ուշադրությունը։
Ես Տոտոն եմ,մարդկային սառնասրտության պատճառով ես դարձել էի փողոցային մի շուն,սակայն մի քանի քնքուշ էակների շնորհիվ ես կրկրին լիիրավ շուն եմ դարձել։Ինձ պոկեցին իմ մորից,սակայն ճակատագիրն ինձ ժպտաց,ու ես այսօր երեք մայր ունեմ,մեկն ուսանող,մեկը ոչ,երրորդն էլ-մամա...ես առաջվա նման վախկոտ եմ,սակայն նրանց համար կյանքս էլ կտամ...
Չնայած իմ երջանկությանը,ես գիտակցում եմ,որ փողոցում ինձ նման հազարավոր շներ կան,որոնք նույնպես կտրվել են իրենց մամայից,ապրել են դժվար կյանքով ու վերջապես տուն չեն գտել։Մարդի՛կ,մենք սիրում ենք ձեզ,մեզ հետ այդպես մի՛ վարվեք։Ես այսօր անգամ կյանքս չեմ խնայի նրանցից որևէ մեկին պաշտպանելու համար...Մեզ տվե՛ք հնարավորություն,և մենք կերջանկացնենք ձեզ..
Ես Տոտոն եմ ու ես ունեմ երեք մայր,մեկն ուսանով,մյուսը`ոչ,երրորն էլ-մամա...

пятница, 8 июля 2011 г.

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ






Դպրոցում բարձր առաջադիմության համար Գերմանիայի դեսպանատունն ինձ հնարավորություն ընձեռեց լինել Գերմանիայում,այնտեղ ապրել 2 ամիս գերմանական մի ընտանիքում,ծանոթանալ գերմանական մշակույթին,ավանդույթներին..
Ահա ես լրիվ օտար երկրում եմ,օտար շրջապատ,մարդիկ լրիվ անծանոթ,անհասկանալի բարքեր ու խորթ դեմքեր։Պետք էր հարմարվել,ինչն ինձ համար իրենից դժվարություն չէր ներկայացնում։Ես շատ հեշտ հարմարվեցի բոլոր խորթություններին ու ընդունեցի ժամանակավոր,բայց նոր կյանքի բոլոր դրական և բացական կողմերը։
Կյանքն ընթանում էր նոր փուլերով,ամբողջովին այլ ռեժիմով ու զբաղմունքներով։Առավոտյան արթնանում էինք ժամը 6 անց կես,պատրաստվում էինք և մեքենայով գնում էինք դպրոց։Դպրոցը ընդհանրապես մի նոր աշխարհ էր։Ուսուցիչներն այնքան տարբեր էին,նրանք խոսում էին միայն ժպիտով,շատ բարի էին ու ընկերական։Դասընթացը չնայած,որ տևում էր 90 րոպե առանց ընդմիջման անցնում էր շատ հետաքրքիր ու լեցուն։Կարճ ասած դասավանդման մեթոդներն ամբողջովին այլ էին(դե եթե մեր հայ ուսուցիչներն էլ այդքան աշխատավարձ ու հարգանք ստանային,հաստատ չէին զիջի գերմանացիներին)։
Ավտոբուսով վերադառնում էինք տուն և տնային առաջադրանքներն անելուց հետո գնում էինք կինո կամ որևէ համերգի ու ֆեստիվալի,խաղում էինք։Մի խոսքով ժամանակն անցնում էր արտակարգ ու լեցուն..իսկ Հայաստանը,իսկ ընտանի՞քն ու ընկերները,իսկ սիրելի՞ս...
Մերոնք ինձ ֆաշիստ են անվանում`պատճառաբանելով,որ ես շատ սառն եմ։Ընկերներս ասում են,որ ես շատ զգացմունքային եմ,ուրեմն ինչպե՞ս կարելի է լինել և՛ սառը,և՛ զգացմունքային...
Ես ամենևին անզգամ չեմ,պարզապես սառը գլխով տաք էմոցիաներս կառավարել գիտեմ,ինչը շատ կարևով հատկություն է ըստ իս։Եվ բացի այդ ես այնուամենայնիվ կարոտում էի..
1.Գիշերվա ժամերին փողոցի աղմուկը
2.Առավոտյան ավել վաճառով մարդու մուլտիկային ձայնը
3.հայերի մունաթը
4.քյարթուների անիմաստ և աննպատակ ռեպլիկների ճղած ջինսերի համար
5.հայ տղերքի հատիկավոր սանրած մազերը
6.հայ աղջիկների բարձրակրունկ կոշիկների վրա կոտտրատվելը
7.հայ տատիների բամբասանքը
8.բոլոր կողմերից հայերեն խոսակցությունների տարափը
9.հայկական չոր օդը..
Կարճ ասած,ժամանակին ինչ նյարդայնացնում կամ անհասկանալի էր թվում,տհաճ ու ոչ ցանկալի էր լինում,ես սկսել էի կարոտել։Կամ ավելի ճիշտ սկսել էի դրա պակասը զգալ։
Իսկ ընկերնե՞րս։Ես նրանց էլ էի կարոտում,պարզապես ես մի հատ վատ կամ լավ հատկություն ունեմ։Եթե ինչ-որ զգացմունք կարող է ինձ ցավ պատճառել,ես նրան անմիջապես սառեցնում եմ և թաքցնում սրտիս ամենահեռու անկյունում։Ես սառեցրել էի այդ կարոտս մոտ 2 ամիս ժամկետով :) Հասկանու՞մ եք ինձ,միգուցե ոչ,բայց դա բնական է։
Օտար երկրում,երբ պետք է հարմարվել մարդկանց,կարոտը միայն կխանգարի ու կստիպի ոչինչ չսովորել,նստել անգործ ու միայն արտասվել։Ես այդպիսին չեմ։Բացի այդ ես հանգիստ կարող եմ ապրել այլ երկրում,բայց ախր ես զգացմունքներ ունեմ,պարզապես այնքան ուժեղ եմ,որ կարող եմ բոլոր այդ զգացմունքները ժամանակավոր սառեցնել։ :) Ես շուտ եմ կապնվում,բայց ինձ երբեք կապվածությունները չեն ստիպի ապրել միշտ նույն կերպ,նույն ձևով ու առանց փոփոխությունների։Ես կպած չեմ հողին,ես կարող եմ սավառնել,նոր կյանք տեսնել,ապա վերադառնալ...
Ես գիտեմ սիրել,կարոտել,ես գիտեմ նույնիսկ արտասվել,ես անգամ գիտեմ ցավ զգալ,պարզապես ես գիտեմ նաև այդ ամենը սառեցնել։Սերը ես երբեք չեմ սառեցնում,իսկ կարոտն այն մարդու հանդեպ,ում ես աշխարհի չափ կարոտել եմ,բայց չեմ կարող տեսնել ու գեթ մեկ անգամ համբուրել,չեմ կարող տրվել իր քնքշանքին ու սիրուն,ես կսառեցնեմ ամբողջ օրվա ընթացքում,իսկ երեկոյան ես կբացեմ սիրտս,կկարդամ նրա նամակները,գուցե կարտասվեմ ու կքնեմ չորացած արցունքները այտերիս,իսկ առավոտյան կրկրին ոտքի կկանգնեմ ամուր ու առանց ցավերի...
Ես սիրում եմ նորություններով լեցուն կյանքը,բայց ես սիրում եմ վերադառնալ այնտեղ,ուր կայի...
Հ.գ. Այստեղ խոսքը հենց Գերմանիայի մասին էր,որտեղ ես չէի կարող ընկերներիս հետ լինել,սակայն դա ինձ չխանգարեց,ժամանակը ճիշտ օգտագործելուն ու վայելելուն։Ես անպայման կցանկանայի ընկերներիս հետ էլ ծանոթանալ կյանքի տարբեր էջերին..:)

четверг, 7 июля 2011 г.

Ո՞վ սպանեց մետրոյին...

Ինչպես գիտենք,քաղաքապետարանի ընդունած որոշումը մետրոյի թանկացման վերաբերյալ հուլիսի 1-ից մտավ ուժի մեջ։Ֆեյսբուքյան "Դեմ ենք մետրոյի թանկացմանը" խումբը ուղարկեց իր Բաց նամակը ՀՀ նախագահին և քաղաքապետին,պարոն քաղաքապետի պատին գրվեցին բազում բողոքներ,իսկ վերջապես հուլիսի 1-ին նույն խմբի անդամները բողոքի ցույցով հանդես եկան Երևան քաղաքի քաղաքապետարանի  շենքի դիմաց։
Կցանկանայի անդրադառնալ այս խնդրին և կատարել դիտարկումներ իմ տեսանկյունից։
Կային մարդի,ովքեր կողմ էին մետրոյի թանկացման`միամտորեն կարծելով,որ այդ գումարը տրամադրվելու է մետրոյի բարելավվմանը։Կային մարդիկ,ովքեր ասացին,որ կվճարեն մետրոյի համար 100 դրամ`ապահով երթևեկելու համար և վերջապես,որ եվրոպական երկրներում մետրոն շատ թանկ արժե...Եվ կար ևս մի աբսուրդ կարծիք։Մարդիկ ասում էին,եթե թանկանա մետրոն,մարդիկ ավելի շատ կսկսեն օգտվել մետրոյից։
Ես արդեն սպառել եմ ամբողջ հույսս,որ մեր կառավարությունը գումարն անհրաժեշտ տեղում կօգտագործի`այն իր գրպանում տեղ հատկացնելու փոխարեն։Չեմ ցանկանում շատ մանրանալ և տարբեր օրինակներ բերել։Պարզապես կասեմ,որ մետրոյի բարելավման համար վերցվել է ոչ քիչ քանակությամբ վարկ։Ասե՛ք խնդրեմ,դուք անձամբ ի՞նչ բարեփոխումներ եք տեսել մետրոյում։Միակ աչք ծակող փոփոխությունը Զորավար Անդրանիկ կայարանի պատերի վրայի նոր մատերիալն էր,որի շնորհիվ բոլոիս ծանոթ այդ սպիտակ փոշին չի դիպչում հագուստին։Ուրիշ ոչինչ ես չեմ նկատել,անկեղծ եմ ասում։Եթե դուք տեսել եք,գրե՛ք խնդրեմ,մեկնաբանություններում։Իսկ եթե կան էլ,ապա այնքան չնչին են,որ աչք չեն ծակում։Ապա ու՞ր կորավ այդ ամբողջ վարկը։
Երբ օրինակ ենք բերում եվրոպական երկրները,պետք է հիշենք,որ եվրոպայի կենսամակարդակը շատ ավելի բարձր է,քան մերը։Միայն նրանց նվազագույն աշխատավարձը ամեն ինչ պարզ է դարձնում։
Ես բացարձակապես չհասկացա մետրոյի թանկացման և դրանից օգտվելու քանակի բարձրացման կապը։Ինչպե՞ս կարող է ժողովուրդը մեր այս կարգավիճակում սկսել ավելի շատ օգտվել մի բանից,որն անմիջապես թանկանում է 100 տոկոսով։Այս մտածելակերպը ինձ համար պարզապես հանելուկ մնաց...
Չորրորդ։Ըստ ՀՀ կայուն զարգացման ծրագրի`գներն ու արժեքները կարող են բարձրանալ և աճել միայն 4.5%-ով,իսկ մետրոն թանկացավ անմիջապես 100%-ով։
Ո՞րն է Մետրոպոլիտենի արդարացումը։
Մետրոպոլիտենն ասում է,որ գնացքների համար ներկրված պահեստամասերը,նվազագույն աշխատավարձի ու թոշակների բարձրացումն իրականացվել է հենց այս ծրագրի հիմքով,որ պետք է մետրոն թանկանա։Բացի այդ նրանք նշում են,որ մետրոն յուրաքանչյուր անձի համար վճարում է 160 դրամ,այսինքն 110 դրամ ավելի,քան վճարում է հաճախորդը։
ՀՀ միակ պետությունն է Կովկասում,որ չունի էլեկտրաէներգիայի խնդիր,այդ պատճառով այս ենթակետի մասին լռում եմ։
Ինչպե՞ս մետրոյի թանկացումն անդրադարձավ մեզ`հասարակ մարդկանց վրա։
Ինչպես նշեցի վերևում "Դեմ ենք մետրոյի թանկացմանը" խմբի անդամները բազում մամլո ասուլիսներից,հարցազրույցներից,բողոքներից և անգամ բաց նամակ ուղարկելուց հետո դեռ պատասխան չեն ստացել։
Այսօր ես`մի մարդ,որը շատ էր սիրում մետրոն և սիրում էր դրանից օգտվել,որոշեցի մտնել մետրո։Ահա առաջին տպավորություններս։Երբ մոտեցա դրամարկղին,անմիջապես հայացքս գցեցի վերևի ցուցատախտակին`հույս ունենալով,որ մետրոն վերջիվերջո չի թանկացել։Սակայն ես հուսախաբվեցի։
Ես գծուծ չեմ,բայց մինչև ձեռքիցս այդ երկրորդ հիսուն դրամը պոկեցի,ներսս ամեն ինչ տակնուվրա եղավ։Չեմ կարող բացատրել,պարզապես այնքան խորթ էր,դեռ մանկուց մայրիկի հետ շատ էինք լինում մետրոյում ու մետրոն ինձ մոտ միշտ դրական էմոցիաներ է առաջացնում(Ձեզ ծանո՞թ է),իսկ այսօր մետրոն ինձ խորթ էր։Սկսեցի իջնել ներքև և հանդիպեցի երկրորդ հիասթափությանը։Չնայած դա հիասթափություն չէր,ես սպասում էի այդպիսի պատկերի։Մետրոն դատարկ էր,մետրոն դատարկ էր խայտառակ ձևով։Օրվա պիկ ժամին`14։00-ին,մետրոյում հազիվ հնարավոր լինել հաշվել 15 հոգի,այն ինչ մի ամիս առաջ մետրոն այդ ժամին լեփ-լեցուն էր։Իհարկե դասերը վերջացել են,և ուսանողներն էլ բնականաբար չեն օգտվում մետրոյից,սակայն ես հիշում եմ,թե անցած տարի ինչպիսի տեսք ուներ մետրոն այս շոգ եղանակին։
Ամռանը շոգ է,շատերը ցանկանում էին մտնել մետրո և բացի զովանալուց հանգիստ երթևեկել`զերծ մնալով երթուղայինների և ավտոբուսների տոթ ու անօդ մթնոլորտից։
Բայց ի՞նչ ենք մենք այսօր տեսնում։Ո՞վ սպանեց մեր սիրելի մետրոյին։Ո՞վ է մեղավոր նրա մահվան մեջ։Մե՞նք,որ լռեցինք ու չընդդիմացանք անհիմն թանկացման դեմ,թե՞ մեր պետությունը,որ մեզ կրկին օգտագործում է այնպես,ինչպես ցանկանում է։Չգիտեմ։Բայց մետրոյին սպանեցին...իսկ ես սիրում էի նրան...
Այլ աղբյուրներ և նյութեր.

«Դեմ ենք մետրոյի թանկացմանը»

«Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին»

Դեմ ենք մետրոյի թանկացմանը». «Facebook»-ում մտադիր են բոյկոտել մետրոն

Ֆեյսբուքցիները մետրոյի թանկացման դեմ

 Չհանդուրժել ուղեվարձի թանկացման Կարապետյանի դրայվը

 Ֆեյսբուքցիները բողոքում են մետրոյի թանկացման դեմ

ՖԵՅՍԲՈՒՔՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՄԵՏՐՈՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ

среда, 6 июля 2011 г.

Ես վնասակար չեմ շրջակա միջավայրին։Իսկ դու՞ք

Մենք հայերով նենց հետաքրքիր ժողովուրդ ենք։Ասածս ոչ մի գրամ սարկազմ կամ ծաղրանք չի պարունակում։Ուղղակի իրոք հետաքրքիր ազգ ենք։Նշեմ մեր առանձնահատկություններից միայն մեկը։
Երբ մենք իչ-որ նոր տեխնիկա ենք գնում,մենք գրեթե երբեք չեն ընթերցում դրա հետ տրված գրքույկն ու ցուցումները։Օրինակ եթե գնել ենք լրիվ նոր տեսակի հեռուստացույց,երբեք չենք բացի Ցուցումն ու չենք նայի,թե ասենք "այ էն կանաչ կնոպկեն" ինչի համար է կամ ինչպես անջատել հեռուստացույցը միացնելու ժամանակ լսվող կարճ երաժշտությունը։
Եթե գնել ենք նոր DVD նվագարկիչ,գրեթե երբեք չենք նայի`ինչպես կարելի է միացնել DVD-ի Կարաոկե ֆունկցիան և այսպես շարունակ։
Մենք միշտ "բզբզալով" մեր ուզածը գտնում ենք։Բայց հազվադեպ չէ լինում,որ բզբզալու ընթացքում ինչ-որ ծրագիր փոխում ենք,մեզ ոչ անհրաժեշտ բան ենք փոխում ու դե արի մի հատ էլ դա վերադարձրու նախնական ձևին։Կարճ ասած`ունքը սարքելու փոխարեն աչքն ենք հանում։
Ահա այսպիրի մի խնդիր կա նաև աղբի հետ։
Աղբամանների վրա շատ պարզ պատկերված է,որ աղբը պետք է թափել անմիջապես աղբամանի ՄԵՋ,ոչ թե շրջակայքում կամ 10 մետր հեռավորության վրա։Նույնիսկ պատկերած է ամենահարմար դիրքը`աղբը աղբամանի մեջ ճիշտ նետելու համար։Կանգնում ենք աղբամանի կողքին,պարզում ենք մի ձեռքը ու ափի միջի եղած աղբը բաց ենք թողնում,որ ընկնի արկղի մեջ։Պարզ և հասարակ։Պարտադիր չէ կանգնել մի քանի մետր հեռավորության վրա,մի քանի րոպե նշան բռնել,որի արդյունքում աղբը կհայտնվի աղբարկղի կողքին։Այդ դեպքում հաստատ գրեթե ոչ մեկը չի մոտենա աղբամանին,չի կռանա փողոցի մեջտեղում և գետնից աղբը չի վերցնի`այն իր ճիշտ նշանակետին հասցնելու համար։Լավագույն դեպքում շատերը աղբը վերջապես վերցնելուց հետո կրկին կվերադառնան իրենց նախկին դիրքին ու կփորձեն աղբը նորից ճիշտ նետել աղբարկղի մեջ։Ու կրկին ապարդյուն։
Երբ ես փոքր էի,ու մայրիկիս հետ որևիցե այգում էինք լինում,պաղպաղակ ուտելուց հետո մայրս ինձ միշտ ստիպում էր բռիս մեջ պահել պաղպաղակի փաթեթավորումն այնքան ժամանակ,մինչև կհասնեինք մոտակա աղբարկղին։Այդ տարիներին փողոցում ամեն 10 մետրի հնարավոր չէր մի աղբարկղ գտնել,այդ իսկ պատճառով ես ամուր պահում էի աղբն ափիս մեջ`հայացքով մի աղբարկղ փնտրելով։Այսօր էլ եմ ես այսպիսին։Եթե նույնիսկ մենք ընկերներով նստած ենք այգում,իսկ ես աղբը չեմ ցանկանում պահել ձեռքումս կամ պայուսակիս մեջ,ես այնպայման կգնամ,կմոտենամ աղբամանին և կնետեմ ձեռքիս աղբը աղբամանի ՄԵՋ։

Ամբողջ աշխարի բոլոր քաղաքակիրթ երկրների պայքարում են աղբի մեծ քանակի դեմ,իսկ մենք դեռ բզբզում ենք`աղբը ճիշտ տեղ հասցնելու համար։
Դուք իհարկե գիտեք,որ պոլիեթիենային տոպրակները,պլաստմասայից շշերը,բաժակաները,ափսեները,հագուստը,խաղալիքներն ու այլ իրերն ընդհանրապես չեն "մարսվում" հողի կողմից։Դրանք պարզապես կարող են տարիներ շարունակ մնալ արտաքին միջավայրում և չքայքայվել։ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի և Հավայան Կղզիների միջև գոյություն ունի աղբից կազմված հսկայան մի կղզի,որն իր չափերով մի քանի անգամ գերազանցում է մեր պետությանը։Ինչպե՞ս պայքարել այդքան մեծ քանակով աղբի դեմ։
Գերմանիան դրա դեմ պայքարում է իր միջացներով։Գերմանիայում յուրաքանչյուր տուն ունի 4 տեսակի աղբարկղ թե՛ տանը,թե՛ տան բակում։Այդ աղբարկղներից յուրաքանչյուրում հավաքվում է միայն մի տեսակի աղբ։Դրանք են`Բիո-աղբ,մետաղներ,թուղթ,փաթեթավորումներ։
Մետաղներն ու թուղթը պարզ են,Բիո-աղբը սննդից մնացած,ծառերից պոկված ճյուղերի ու տերևների աղբն է։Այս աղբն ուղարկվում է մի գործարան,որտեղ այն ամբողջությամբ վերամշակվում է և որպես պարարտանյութ հանձնվում հողին։
Թուղթը նույնպես հանձնվում է որպես բոլորիս հայտնի մակուլատուրա։
Մետաղների վերամշակումից հետո դրանք օգտագործվում են զանազան ապրանքների պատրաստության մեջ։
Իսկ պլաստիկայից փաթեթավորու՞մները։Ինչպե՞ս պայքարել դրանց դեմ։Աշխարհի պլաստիկայի ընդամենը 1%-ն է վերամշակվում`դրա չափազանց թանկ լինելու պատճառով։Պարզապես թողնե՞լ բախտի քմահաճույքին։Պլաստիկան հաճախ այրում են և այրումից առաջացած էներգիան օգտագործում են մոտակա գործարանները։Սակայն այրումից առաջանում են բազմաթիվ թունավոր գազեր,որոնք արտազատվում են շրջակա միջավայր և վերջապես մասնիկն են դառնում այն օդի,որը մենք`մարդիկս ենք շնչում։Ինչպե՞ս վարվել այս պարագայում։
Պլաստիկան հաճախ շատ է վնասում նաև ծովի կենդանական աշխարհին։Ինչպես նշեցի վերևում,Խաղաղ օվկիանոսի հենց մեջտեղում գոյություն ունի աղբի հսկայական կղզի,որտեղից հաճախ աղբը պարզապես լողում է և անցնում է ջրի տակ։Եվ գոյություն ունի ահա այսպիսի մի լուրջ խնդիր։Ձկները կուլ են տալիս պոլիեթիլենային տոպրակները,նրանք ստամոքսում լիության զգացողություն են ունենում,սակայն տոպրակը չի մարսվում և վերջիվերջո կենդանին մահանում է սովից։Ձկների այդպիսի անկումը թաքցնելու համար այդ նույն ձկները վաճառվում են մեզ,իսկ մենք հանգիստ գնում ենք և սնվում։
ԱՄՆ-ն և Բանգլադեշը(զարմանալի է,այնպես չէ՞) դրան տվել են իրենց լուծումը։Այդ երկու պետությունները հրաժարվում են պլաստիկայից`անցնելով թղթի և կտորի տոպրակների։Գերմանիայում մարդիկ գնումների են  գնում հիմնականում միայն արկղներով ու կտորից տոպրակներով,բացի այդ նրանց մոտ պոլիեթիլենային տոպրակները վճարովի են։Դա արվել է նրա համար,որ մարդիկ տոպրակի համար վճարելով`դրան ավելի խնամքով վերաբերվեն և ամեն անգամ գնումներից հետո դեն չնետեն։
Իսկ մե՞զ մոտ։Կարծես մեր Սուպերմարկետների մեջ պայքար կամ էլ ցուցամոլթյուն լինի,այն է`ինչքան շատ տոպրակ հրամցնես հաճախորդիդ,այնքան բարձր է սուպերմարկետիդ պատիվը`առանց հասկանալու,որ այդ տոպրակները մենք ստիպված ենք դեն շպրտել ու վնասել ինքներս մեզ։
Մի անգամ Մոսկվիչկա սուպերմարկետում գնել էի միայն մի Kit-Kat և դրամարկղի մոտ ուղիղ 4 անգամ ասացի,որ չդնեն տոպրակի մեջ։Մինչև ես գումարս հանեցի դրամապանակիցս,տեսա,որ այումանեայնվ դրել են տոպրակի մեջ։Ու իմ հարցին,թե ինչու միևնույնն է դրեցին տոպրակի մեջ,վաճառողուհին պատասխանեց.
-Դե կքցես էլի,հո առանց տոպրակ չէինք տա։
Մի անգամ էլ ՍԱՍ սուպերմարկետում 3 հաց գնելու դիմաց ես ստացա 4 տոպրակ`յուրաքանչյուր հացը մի տոպրակի մեջ.իսկ երեքը միասին մեկ այլ տոպրակի մեջ։
Հիմա կհետաքրքրի ձեզ,թե ինչ կապ ունեին իմ առաջին և երկրորդ գրվածքները։Ահա թե ինչ.ամբողջ աշխարհը պայքարում է աղբի քանակի քչացման դեմ,պոլիեթիլենային տոպրակների քանակի նվազման դեմ,իսկ մենք դեռ "բզբզում ենք"`աղբը ճիշտ տեղը նետելու համարլ։Էլ ուր մնաց խոսենք կամ մտածենք աղբի քչացման մասին։Այսպես եթե շարունակվեց,մենք կկորենք աղբի մեջ։Պետք չէ ոչ ոքի մեղադրել,պարզապես յուրաքանչյուրս պետք է իր ներդրումն ունենա`բողոքելու փոխարեն։
Անձամբ ես փորձում եմ իմ ներդրումն ունենալ շրջակա միջավայրի պաշտպանության մեջ և ես օգտագործում եմ միայն կտորից տոպրակ,որը միշտ ինձ հետ ման եմ ածում։Իսկ դուք ի՞նչ ենք անում ձեր և ապագայում ձեր երեխաների համար...

понедельник, 4 июля 2011 г.

Ծնունդս շնորհավո~ր

Ըհըն,այսօր իմ ծննդյան օրն է,և ես դարձա 16 տարեկան...
Հմմմ,հետաքրքիր էր,երբ ինձ հարցնում էին,թե ինչ կցանկանայի ստանալ ծննդյանս օրվա կապակցությամբ,ես հասկանում էի,որ ես ունեմ այն ամենն,ինչ ցանկանում եմ։Թե նյութական,թե մարդկային առումով...Գիտե՞ք,իրոք հետաքրքիր էր,նման բան զգացե՞լ եք։Ես հիմա հասկանում եմ,որ ես պարզապես ցանկանում եմ հասնել իմ նպատակներին`մնալով ինձ շրջապատող մարդկանց ընկերակցությամբ։Ես այնքան երջանիկ էի այսօր։Չէ~,սովորական,հասարակ օրերին էլ եմ ես երջանիկ,քանզի գնահատում եմ իրական երջանկությունը(չնայած իմ կյանքում երբեք սովորական և առավել ևս հասարակ օրեր չեն լինում)։Գնահատում եմ ինձ շրջապատող ընկերներիս,ընտանիքիս ու սիրելիիս սերը,ես գիտակցում եմ,որ անպայման չէ որևիցե բան կորցնել,դրա արժեքը գնահատելու համար։Ես անցել եմ այդ ուղով ու ծանոթ եմ դրա փշերի ու քարերի պատճառած ցավին։Ես ամեն ինչը ճիշտ ժամանակին գնահատել գիտեմ։Ես ունեմ այն,ինչ ինձ հարկավոր է երջանիկ լինելու համար...
Շատ դժվարություններ հաղթահարեցի,մարդկային վերաբերմունքի շատ տարբեր կողմեր տեսա,կյանքը տեսա ուրիշ լույերով ու գունավորմամբ,բայց ես այսօր արդեն 16 տարեկան եմ,ինձ ոչ ոք չկարողացավ երբեք կոտրել ու ես ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա,ես-ես եմ։Ես շփվում եմ շատ հեշտ ու ազատ,բայց ինձ քչերն են ճանաչում։Շատ քչերը։Շատ ստորություն և անարդարություն տեսա,գոռոզությունն ու եսասիրությունը տեսա շատերի,բայց ես ինձ այսօր այնքան բարձր ու վեհ եմ զգում այդ ամեն ինչից,բոլոր այդ ճղճիմ էակներից ու փոքրոգի արարքներից,երբ ինձ շնորհավորելիս ասում են.
-Միշտ այսպես բարի ու ժպտերես կմնաս...


23։50 րոպեից հեռախոսս ականջիս ամուր պահած խոսում էի սիրելիիս հետ,նա հաշվում էր րոպեները,խոսում էր ինձ հետ,պատմում էր իր զգացմունքների մասին,սիրտս լցնում էր իր սիրով,պատմում էր,թե ինչքան երջանիկ է,որ կողքիս է ու ինչքան երջանիկ է,որ սիրում է ինձ։Ո՞վ կհասկանա իմ զգացմունքների տարափն այդ պահին;Գուցե միայն նա...Ես ցնցվում էի ամբողջ մարմնով.տարօրինակ զգացողություն էր...
8
7
6
Մնաց մի քանի րոպե,ես շարունակում էի լսել նրա քաղցր ձայնն ու մտածել,որ մեկ օրվա ընթացքում չէ,որ մենք մեծանում ենք։Այդ դեպքում ինչու՞ եմ ես հենց այսօր դառնալու 16 տարեկան...
5
4
3
Նա այնքան քնքուշ էր,նրանից սիրո մի ամբողջ ալիք էր հորդում..
2
1
Ահա քույրս ինձ սեղմված նստել էր ու անթարթ հայացքով նայում էր համակրգչի էկրանին`ժամը բաց չթողնելու համար։Իսկ Նա լռում էր,և նրա լռությունն էլ էր քաղցր։Ես ցնցվում էի ամբողջությամբ,իսկ քույրս ամբողջ մամնով լարված էր մի վագրի նման,որը կարծես սպասում է հարմար պահի`իր նպատակակետին հասնելու համար թռիչք կատարելու։
0...
Մառ,շնորհավոր ծնունդդ,սիրելի՛ս..
Աաաաաաա,Մառ,շնորհավոոոոր...
Շնորհավոր ծնունդդ,բալե՛ս...
Քույրի՛կս,շնորհավոր ծնունդդ...
Նրանք իմ կողքին են,իմ ամենաթանկ մարդիկ,նրանք ինձ սիրում են,ինձ ուրիշ ոչինչ ու ոչ ոք պետք չէ։Նրանց ես երբեք չեմ կորցնի,գիտեմ։Այսօր իմ ծննդյան օրն է,նրանք ինձ սիրում են,ես շրջապատված եմ ինձ իրոք գնահատող,հարգող ու սիրող մարդկանցով։Այսօր իմ օրն է,սակայն ես յուրաքանչյուրիդ ցանկանում եմ այնպիսի երջանկություն,ինչպիսին ես զգացի երեկ 00։00,սիրո այնպիսի մի անձրև,ինչպիսին ես զգում եմ հենց հիմա ու այնպիսի հավատարիմ,հարազատ ընկերներ,ինչպիսիք իմ կողքին են։Ընկերները իսկական կամ սովորական չեն լինում ինձ համար։Եթե ինչ-որ մեկին ես կոչում եմ ընկեր,ապա նա ԸՆԿԵՐ է`առանց որևիցե այլ ածականների։
Անդավաճան ընկերներով շրջապատված լինելուց ավելի մեծ հարստություն չկա,դրա մասին դեռ շատ վաղուց ժողովրդական առածներն են վկայում...
Այսօր ես իրոք հասկացա այդ ասույթների իմաստը։
Այսօր իմ ծննդյան օրն էր,և ես երջանիկ եմ։

воскресенье, 3 июля 2011 г.

Ո՞րն է տարվա մեր եղանակը...



Ես սիրում եմ ձմեռն ու շատ եմ սիրում։Սիրում եմ ձմռան սառը շունչս,սիրում եմ ձյունը։Ես սիրում եմ քայլել ձյան վրայով ու զրուցել նրա հետ։Ես պատմում եմ,իսկ նա`լուռ խրթում է ոտքերիս տակ։Նա նստում է ուսերիս,ծածկում է գլուխս,համբուրում է շուրթերս իր սառը շունչով..Ես սիրում եմ ձմռան խաղաղությունն ու ըմբոստությունն ու սիրում եմ նրա պարզությունը։Ես սիրում եմ ձմեռը...
Սակայն ձմռանը ես երբեմն կարոտում եմ գարնան ջերմությունը,կարոտում եմ ծաղիկների խայտաբղետ գույները...
Ես սիրում եմ գարունը։Սիրում եմ արևի`հոգիս լուսավորող ու սիրտս ջերմացնող ճառագայթները։Ես սիրում եմ գարնան կանաչը,պարզապես խենթանում եմ այդ գույների համար։Ես սիրում եմ գարնան ձնծաղիկները,ես սիրում եմ գարնան ծաղիկները։Լցնում եմ հոգիս ծաղիկների բույրով։Նրանք ողջունում են ինձ իրենց կյանքով լի աչուկներով ու ես սիրում եմ գարունը...
Սակայն գարնանը ես կարոտում եմ ամառվա ազատությունը,ընկերների հետ զբոսանքներն ու գրքերի հետ առանձնանալու հնարավորությունը։
Ես սիրում եմ ամառը։Ես սիրում եմ նրա կիզիչ արեգակը,սիրում եմ սիրելիիս հետ ամեն օր հանդիպել,նստել կանաչ-կանաչ խոտերին,թավալ գալ ծառերի տակ,զգալ բնության շունչը...Սիրում եմ վերցնել գրքերս,նստել հով պատշգամբում ու վայելելով զով քամին`տեղափոխվել մի նոր`գրքերի աշխարհ...Ես սիրում եմ ամառային մրգերն ու ես սիրում եմ ամառվա բույրը...
Ես սիրում եմ ամառը։
Սակայն այս երեք եղանակներից ամբողջովին տարբեր սիրով ես սիրում եմ..աշունը։Ես պարզապես անզօր եմ բացատրելու իմ զգացմունքները,ես աշնանն ապրում եմ ուրիշ կյանքով,աշնանը ես-ուրիշ ես եմ...Աշնանը ես սիրում եմ նրա գույները,բայց ոչ այնպես,ինչպես գարնանայինը։Ես սիրում եմ աշնան սառը շունչը,բայց ոչ այնպես,ինչպես ձմռանը։Ես սիրում եմ աշնանը նստել չոր տերևների վրա,ես պարզապես սրտիս տրոփյունով սպասում եմ աշնանը։Ա~խ,այնքան եմ ես կարոտել նրան,կարոտել եմ անգամ աշնանային հագուստս,աշնանային անձրևը,ամպոտ եղանակը...Կարոտում եմ աշնան խոր մռայլը։Ամենից շատ ես սիրում եմ Նոյեմբերը...Աշնան ամենագեղեցիկ շրջանը։Աշու~ն,ես սիրում եմ քեզ այնքա~ն շատ,դու երբեք ինձ համար միայնության խորհրդանիշ չես եղել,դու ինձ համար կյանքի մի նոր դուռ,ապրելու մի նոր ուժ ես տալիս։Աշուն,դու ես տարվա իմ եղանակը,տարվա մե~ր եղանակը։
Աշնանը ես`ես եմ..
Աշու՛մ,ես սիրում եմ քեզ...

Քուչի մասշտաբով լավ տղեք



Եկե՛ք մի կողմ թողենք հայ քյարթերի մասին արդեն բավականին լավ ծեծված թեման։Ես չեմ պատրաստվում այժմ նրանց քննադատել,պայքարել նրանց դեմ,գոռգռալ։Ես պարզապես ամենայն անկեղծությամբ զարմանում եմ։Հա-հա,իրոք զարմանում եմ։Հիմա կպատմեմ երկու դեպք,ու դուք ինձ կհասկանաք։
Սկսել է ամառը և արդեն ավելի շատ ազատ ժամանակ ունենալով`հաճախ ընկերներով երեկոյան գնում ենք զբոսնելու։Մեր զբոսանքը հաճախ ավարտվում է մոտավորապես ժամը 23-ին,և բնականաբար իմ սիրելին և իմ ու քրոջս ընկերները ճանապարհում են մեզ մինչև մեր միջանցի մուտքը։Որպես կանոն "մեր քուչի լավերը" նստած են լինում մոտակա տաղավարի մոտ և ամեն անգամ այդ օրերին նրանք մոտենում են մեր ընկերներին և ամեն անգամ տալիս են միևնույն հարցը.
-Ախպեր,դուք էս աղջկեքի ախպերնե՞րն եք,թե՞...
Հիմա ինձ մոտ առաջանում է առաջին հարցս։Նրանց ի՞նչ գործն է,թե ինձ ով է ճանապարհում տուն,եթե ես այդ լավ տղերքի նույնիսկ անունները չեմ հիշում։Ո՞վ են նրանց ինձ համար։Ի՞նչ է,մտածում են իրանց քուչի աղջկա մասին։Ախր ինձ համար անհանգստացողների պակաս չկա~,նրանց ո՞վքեր են ինձ համար։Հետաքրքիր է...
Լա՛վ հիշեք հատկապես այս հատվածը,մենք դեռ էլի ենք զարմանալու :)
Եվ երկրորդ հարցը։Նրանք այդքա՞ն դժվար են ճանաչում դեմքերը,որ ամեն անգամ մոտենում են նույն մարդկանց և ամեն անգամ տալիս նւոյն հարցը`սպասվող նույն պատասխանով։Կամ էլ մեր հայ երիտասարդության նոր մոդայիկ սանրվածքը թույլ չի տալիս իրենց աչքերին լավ զննել մարդուն,որ միշտ նույն կարգավիճակում չհայտնվեն(Ի դեպ,երբ հայ տղաները տեղը տեղին չեն հարդարում իրենց մազերին,բայց այնուամենայնիվ պահում են որոշակի երկարությամբ,բավականին նմանվում է հանրահայտ Բիթլզյան սանրվածքին,բայց նրանք հաստատ դրանից տեղյակ չեն:D)։
Լավ,իրոք ենթադրենք "քուչի մասշտաբով լավ տղերքը" նայում են իրանց քուչին ու նայում են,որ հանկարծ ոչ մի "գյադա" իրենց "քրերին" բան չասի...
Շարունակենք.
Երեկ ես,քույս և մայրիկս վերադառնում են Սուպերմարկետից։Յուրաքանչյուրիս ձեռքին կա ամենաքիչը երկու տոպրակ։Ահա տեսնում ենք,որ մեր "լավ տղերքը" դուրս են եկել մեր տեղանքից և կանգնած են "օտարի քուչում"։Զարմանալի էր։Երբ եկանք հավասարվեցինք նրանց,տղերքը մեզ մի մարդու նման բարևեցին։Եկանք,շրջանցեցինք նրանց ու շարունակեցինք քայլել։Սկսեց անձրև,և որպեսզի նրանց գեղեցիկ հարդարված սանրվածքները չփչանան,նրանք վազելով գնացին մտան մի ծառի տակ։Եվ,պատկերացրե՛ք,"լավ տղերքից" գոնե մեկի մտքով չանցավ գա գոնե մայրիկի ձեռքից տոպրակները վերցնի։Հետաքրքիր է,այնպես չէ՞։Մե՛կ մտածում են "աղջկեքի պատվի" մասին,մե՛կ էլ իրենց մոր տարիքի կնոջը օգնելու մասին չեն էլ մտածում։Ա~յ քեզ լավ տղա։Հիմա հասկացա՞ք`ինչու էի զարմանում։
Ու այստեղ խնդիրը միայն քյարթ "սկուլբտուրային"(:D) պատկանող տղաները չեն։Այ "ժամանակակից մտածելակերպ" ունեցող շատ ու շատ տղաների մոտ հաճախ կարելի է հանդիպել ամոթի և հարգանքի բացարձակ բացակայություն։Ժամանակակից մեր տղաները,և ոչ միայն տղաները,մոռանում են,որ յուրաքանչյուրիս ազատությունը վերջանում է այնտեղ,որտեղ սկսում է դիմացինի ազատությունը։Իսկ հարգա՞նքը։Լավ տղուն հարիր չէ՞ իրենց մոր տարիքի կնոջն օգնելը,թե՞ ժամանակակից տղան այնքան ազատ է,որ կարող է իր ծնողների տարիքի մարդկանց մոտ իրեն ամենավերջին լկտիի պես  պահել...
Ես սիրում եմ տրամաբանությունը,ես սիրում եմ տրաբանել և վերլուծել,սալայն երևի նրանց տրամաբանությունը հասու չէ իմ ուղեղին..
Ես իրոք զարմանում եմ...

суббота, 2 июля 2011 г.

Ինչու՞ եմ այսքան ուրախ...

Ես
Նրա հետ ես ծանոթացա համացանցի`Mail.ru Агент ծրագրի միջոցով։Սկզբում քույրս էր նրա հետ ծանոթացել։Երբ ես նկատեցի,թե ինչ հետաքրքրությամն են միմյան հետ շփվում,ինչ-որ թաքուն ցանկություն առաջացավ նրա հետ անձամբ ծանոթանալու։Ես արեցի դա։Մենք ընկերացանք այդ նույն չատի միջոցով։Իմ բոլոր հարցերը կապված համակարգչի և համացանցի հետ ես նրան էի հրամցնում,իսկ նա շատ սիրով պատասխանում էր։ացի այդ նա շատ էր սիրում ինձ համար երգեր գտնել համացանցում և ուղարկել այդ չատով։Կարճ ասած նա ընդհանրապես թույլ չէր տալիս,որ ես որևիցե նեղություն քաշեմ։ :) Ժամանակը վազում էր,և մենք աստիճանաբար ընկերներ դարձանք։Իսկական ընկերներ։Նա միակ մարդն էր,ում ես վստահում էի,ում հետ շփվում էի...Նա թանկ էր ինձ համար...Բայց միայն որպես ընկեր...թե՞

Ապրիլին նրա ծննդյան օրն էր,սակայն դեռ հունվարից սկսել էր մայրիկիս համողել,որ թույլ տա այդ օրն իր կողքին անցկացնենք`քույրս ու ես։Ախր դեռ 14 տարեկան չէի բոլորել,մաման անհանգստանում էր մեզ համար...Բայց նա ավելի համառ գտնվեց,քան ես կարծում էի...
Ապրիլի 19-ն էր`նրա ծննդյան հաջորդ օրը,,այսօրվա պես հիշում եմ,ժամը 12-ին Մարկո Պոլոյի դիմաց։12.02 էր,տեսա նրան կանգնած դռների դիմաց,կանգնած ընկերոջը հեռախոսով գլուխը կախած ինչ-որ բան էր ցույց տալիս։Սիրտս սկսեց լույսի արագությամբ բաբախել,կարծում էի`հիմա դուրս կթռչի։Մոտեցա նրան,գլուխս կախեցի,որ տեսնեմ դեմքն ու ժպտացի ասելով "Բարև" ու ձեռքս մեկնեցի`ողջունելու համար։Ահա զգացի իմ փորքիկ մատները նրա ամուր ձեռքի մեջ,ի՞նչ կատարվեց այդ պահին...ես չգիտեմ...բայց ինչ-որ բան կատարվեց..."

Նա
"Ես ծանոթացա նրա քրոջ հետ և անպիջապես մտնելով նրա պրոֆիլը նրա ընկերների ցանկի մեջ ես նկատեցի լուսավոր դեմքով ու բարի հայացքով մի աղջնակա.նրա քույրն էր։Նա այնքան փոքրիկ ու նուրբ էր,ես ցանկացա անմիջապես նրա հետ էլ ծանոթանալ,բայց վախեցա,թե կցավեցնեմ..ես չկարողացա ինքս ինձ բացատրել այդ զգացողությունը...
Անցավ ժամանակ,և ահա տեսա նրա ընկերանալու առաջարկը։Սիրտս սկսեց թփրտալ։Նա էլ է ինձ նկատել...
Նա կարծես թե լրիվ անտարբեր չէր իմ նկատմամբ։Ես ամեն ինչ անում էի նրա ուշադրությունը գրավելու համար։Ցանկացած երգ,ֆիլմ,նկար,կայք ես գտնում էի նրա համար,կարճ ասած ամեն նարավոր ճանապարհ էի գտնում նրա հետ ավելի մտերմանալու համար...
Ապրիլին իմ ծննդյան օրն էր։Ես անպայման ցանկանում էի նրան տեսնել իմ կողքին իմ 15 ամյակի ժամանակ։Նա պետք է իմ կողքին լիներ,սակայն նրա մայրիկն անհանգստանում էր...Բայց ես բավականին համառ էի...Ներսից ինչ-որ ուժ ինձ անընդհատ առաջ էր մղում,ստիպում էր ավելի համառել ու համոզել...
Ապրիլի 19-ն էր`ծննդյանս հաջորդ օրը։Ես Մարկո Պոլոյի դիմաց ընկերոջս հետ կանգնած նրանց էի սպասում,երբ հանկարծակի մի լուսավոր դեմք ժպտաց ինձ ու մի քնքուշ ձայն ինձ ասաց "Բարև"։Եվ հանկարծ նա իր ձեռքը մեկնեց ինձ և ես հասկացա,որ երբեք ոչ մի աղջկա ձեռքով չեմ ողջունել։Ես մի պահ վախեցա։Նրա մատներն այնքան փոքրիկ էին ու նուրբ,իսկ եթե ցավացնեի...Ահա ես առա նրա ձեռքն իմ ափի մեջ ու հետս ինչ-որ բան կատարվեց...մի հզոր հոսանք անցավ ամբողջ մարմնովս...ի՞նչ էր դա...Ես սիրահարվեցի..."

Շատ օրեր են անցել այդ օրվանից ի վեր,այսօր ամեն ամսվա երկրորդ օրը մի տոն է մեզ համար`նրա և իմ...Շնորհավո~ր,սիրելի՛ս...Ես սիրում եմ քեզ...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...