вторник, 23 июля 2013 г.

18 տարեկան Մարիամ, ոչ թե Նեո

Բարև՛ իմ ընթերցող։ Այնքան ժամանակ է անցել բլոգումս կանոնավոր գրառումներ դնելու օրերից, որ կարծում եմ ընթերցողներիս 99,9%-ով կորցրել եմ։ Իհարկե ես գիտեի, որ այդպես էլ լինելու էր։ Մեկ ու կես տարի է գրեթե ,ինչ ոչինչ չեմ գրել։ Ու շատ եմ փոխվել։ Մեծացել։ Շատ եմ ուրիշը դարձել հատկապես վերջին տարվա ընթացքում։ Այնքան եմ փոխվել, որ նույնիսկ երկմտանքի մեջ էի` նոր բլո՞գ բացել, թե՞ այնուամենայնիվ շարունակել գրել հին, սիրելի բլոգում։ Չգիտեմ։ Որոշեցի շարունակել։ Երևի կոնտրաստային տարբերությունը շատ լինի՞։ Դա էլ չգիտեմ։ Մի տարվա ընթացքում սովորել եմ չամաչել չգիտեմ բառից, որովհետև չափից դուրս շատ բան կա, որ չգիտեմ։ Տենց ամաչելով ու՞ր կհասնեինք :))
Մի տարվա մեջ ես հասցրեցի ինքս ինձ ավելի լավ ճանաչել, ինձ հետ ավելի մոտիկից ծանոթանալ։ Մի քանի շաբաթից կլրանա ուղիղ մեկ տարի, ինչ ես Բեռլինում եմ, մենակ, առանց ընտանիքի, առանց հին ընկերների։ Երբեմն ամեն ինչ շատ հեշտ էր թվում, երբեմն չափից դուրս շատ 17-ամյա բարակ ուսերի համար։ Իսկ այսօր ես նորից ունեմ համարձակություն բլոգս բացելու ու գրելու` իմանալով հանդերձ, որ ո՛չ ընթերցող ունեմ, ո՛չ էլ սպասող բլոգսֆերայում։ Ֆեյսբուքում հիմա միակ հետաքրքրող թեման հասարակական տրանսպորտի գնի բարձրացումն է (վերջապես զգում եմ, որ իրոք կարողանում ենք ինչ-որ հարցի շուրջ համախմբվել, չէի ցանկանա մի անգամ էլ հուսախաբ լինել)։ Այնպես որ գրառմանս անհաջողակ լինելը իր ծնվելուց առաջ էլ դեռ պարզ էր, բայց զարմանալիորեն դա ինձ չի տխրեցնում։ Ու դա էլ մի ապացույց ինձ համար, որ ես մեծացել եմ։
Մի երկու ժամ առաջ գլխի ընկա, որ մի տարի առաջ ֆեյսբուքի չատումս մի 20 հոգի առնվազն օնլայն էր, կեսի հետ շատ ակտիվ նամակագրական կապ կար, մյուս կեսի հետ էլ` բավականին ակտիվ։ Իսկ հիմա չատս անջատված է ընդհանրապես, իսկ կյանքումս շատ քիչ մարդիկ կան։ Կարող եմ մատներիս վրա հաշվել անգամ։ Պատճառները մի քանիսն ու միանման.շատ ծանր տարի եմ ունեցել` չհասցնելով ծանոթանալ շատ մարդկանց հետ Գերմանիայում/Բեռլինում, Երևանից հեռանալու պատճառով շատերն ատագ մոռացան ինձ, ես էլ` շատերին։ Հասցրեցի օտար դառնալ երևանյան շրջապատիս ու չհասցրեցի դեռ հարազատներ գտնել Բեռլինում։ Հիմա մի տեսակ "կիսա" եմ։ Բայց մի տարվա ընթացքում դրան էլ եմ սովորել։ Սովորել եմ, որ ինչ էլ լինի, ես եմ իմ սխալների, անպատասխանատվության պատասխանատուն, որ եթե խնդիր ունենամ, հույսս կարող եմ միայն ինձ վրա դնել ու նկատել եմ, որ սկսել եմ շատ ավելի շատ մտածել։ Երբեմն չափից դուրս շատ։
Սովորել եմ նաև հանգիստ ընդունել մարդկանց ապշած հայացքները, երբ լսել են տարիքս և լսել են, թե որ երկրից եմ (ինձ հաճախ շփոթում են գերմանացու կամ ֆրանսիացու հետ, այնպես որ չեն հավատում իմ արևելյան ծագմանը)։
Մեկ էլ քիմիա եմ սովորել։ Տարվա մեջ երևի ամենամեծ նվաճումներիցս մեկն էր։ Նաև այն, որ ավարտական քննությունը ընտրեցի քիմիա ու 20 ստացա։ Այդ պահին ես հպարտ էի ինձով։
Հա, մեկ էլ իմացա, որ մարդ չի կարող անընդհատ երջանիկ կամ դժբախտ լինել։ Երջանկությունն ու դժախտությունը կարող են լինել մի պահ, մի ակնթարթ ու հետո տպավորվել շատ երկար ժամանակ։ Ասում են, որ մեր երջանկությունը հաճախ գիտակցում ենք միայն այն ժամանակ, երբ այն այլևս չկա։ Ես դրան չեմ հավատում։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև երջանկությունը եթե կա, դու կզգաս դա։ Մի պահ։ Մի ակնթարթ։ Բայց կիմանաս, որ կա։ Իսկ եթե դու դա մինչև այդ չես զգացել, ուրեմն մնացած ամեն ինչը սուտ հորինվածք էր։

Տարիս հաջողակ էր բավականին։ Ու շատ ծանր։ Բայց ես սիրում եմ այս մի տարվա ընթացքը։ Բեռլինի հետ ունեցած ծանր հիշողություններս։ Հատկապես Բեռլինի անվերջանալի ձմեռը։ Բեռլինն ինձ մի տարվա մեջ չափից դուրս շատ բան սովորեցրեց։

Մի խոսքով, ես վերադառնում եմ իմ բլոգ։ Ես Նեոն չեմ, չէ։ Ես Մարիամն եմ։ Ուղղակի Մարիամը։ Ոչ մի կեղծանուն, ոչ մի գրական անուն։ Ես Մարիամն եմ, արդեն 18 տարեկան, ապագա կենսաբան, ով նստած Բեռլինի հանրակացարաններից մեկի իր սենյակում թույլ լույսի տակ վերաբացում է իր բլոգը։

Գնացինք :)

понедельник, 17 июня 2013 г.

Անտարբերը, Մարիոն ու Երկու չինացին

Մինչև գնացքը հասավ, ուշացա ավտոբուսից։ Պիտի ուղիղ տասը րոպեի սպասեի մյուս ավտոբուսին, որովհետև նախորդն աչքիս դիմացով անցավ։ Կքայլեի մինչև մեր ուսանողական ավան, բայց նոր կոշիկներս ոտքերս սեղմում էին։ Գնացի կանգառ, նստեցի։ Կողքիս մի պապիկ էր նստած, "Բեռլին" թերթի հերթական համարն էր կարդում, ես էլ ձև էի տալիս, իբր չեմ կարդում իրեն հավասար։ Մյուս կողմից գեր կին էր նստած։ Մի քանի րոպե հետո կանգնեց, բոլորս խառնվեցինք իրար, պապիկն ու ես կտրվեցինք թերթից` մտածելով, որ ավտոբուսն եկավ, այն էլ պարզվեց, որ տիկինը քայլել էր ուզում։ Նրա գնալուց հետո մի ծեր, շատ նիհար, բայց կոկիկ հագնված տատիկ եկավ իր տեղը նստեց։ Նեղվեցի։ Չէի տեսել նրան։
Ուղիղ 17:48 ավտոբուսը եկավ կանգառ։ Լավ է, որ մեծ ավտոբուսներից էր, նստատեղերը բավականացրեցին։ Արդեն տասը ամիս է ինչ սովորություն ունեմ ավտոբուսում ու գնացքներում մեկական դրված նստատեղերն ընտրելու։ Պապիկն էլ գնաց ավտոբուսի ամենաետևը։ Թերթը մնաց կիսատ։

вторник, 31 июля 2012 г.

Գեղեցկացնում ենք գերմաներեն խոսքը *

Այսօր ես գերմանական շնչի պակաս և կարիք ունեմ, այնպես որ մյուս պատրաստի գրառումներս շարունակում եմ թողնել արխիվում,որպեսզի այսօր ևս մի քանի լեզվական առանձնահատկություններ յուրացնենք և օգտագործենք մեր առօրյայի գերմանական հատվածում։ :)

Այսօր կանգ կառնենք մի քանի կաղապարային արտահայտությունների ու բառերի վրա,որոնք ձեզ հնարավորություն կտան խոսքը առավելագույնս գեղեցիկ և քաղաքավարի դարձնելու համար։ 



воскресенье, 29 июля 2012 г.

Թող կուրծքս մի քիչ ցավի, որ սրտիս տեղն իմանամ...

Երեք բանաստեղծություն,որ նկարագրում են իմ ներկայիս տրամադրությունը :)

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարև,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…


среда, 25 июля 2012 г.

Սեղմում եմ բռունցքներս ու...


Ձեռքումս եղած ամբողջ ուժով մատներս սեղմում եմ ափիս`անընդհատ ավելի ձգելով ու ամրացնելով բռունցքս։ Ինչքան շատ եմ մատներս սեղմում ու փակում ափս,այնքան ավելի ուժեղ եմ զգում ձեռքիս միջի դատարկությունը։ Այն պարզապես այրում է ձեռքս, ասես գոռա` մի ապտակ հասցնելով ու հասկացնելով,որ մենա~կ եմ.. Հենց հիմա բռունցք արա ու ամբողջ ուժով մատներովդ ճնշի՛ր ափիդ։ Զգացի՞ր ամայությունն ափիդ։  Շնորհավորում եմ։ Դու սիրահարված ես…

воскресенье, 22 июля 2012 г.

Տո դուք էլ,ձեր ԵՊՀ-ն էլ...

Գիտե՞ք,եկել էի լրիվ այլ գրառում անելու։ Ավելի ճիշտ այդ գրառումս արդեն պատրաստ էր,սակայն մինչև այստեղ տեղադրելը սովորությանս համաձայն որոշեցի հետևել ստատիստիկային և տեսնել,թե որ կայքերից են մոտս հաճախումներ գրանցվել։ Հայացքս հանդիպես blognews.am կայքին։ Անցնելով հղումով,տեսա,որ վերջին գրառումս տեղ է գտել այդ կայքում։ Չհասցրեցի էլ դրա վրա զայրանալ,երբ նկատեցի մեկնաբանություններն ու...ի՞նչ ասեմ։ 
Ձեզ եմ ներկայացնում այդ մեկնաբանությունները,որոնք ինձ իրոք զայրացրին։ 


"Իսկ ես ընդունվել եմ ԵՊՀ ու շատ էլ երջանիկ եմ, որովհետև հնարավորություն չունեմ Ձեզ նման Գերմանիայում սովորելու, հա մի բան էլ` պետք չէ թերագնահատել ուրիշներին ու նրանց կրթությունը."


вторник, 17 июля 2012 г.

ԵՊՀ ես չեմ գնա

Այսօրվա լողի պարապմունքից հետո սիրտս մի տեսակ զզվելի կերպով էր աշխատում, այնպես,որ դրա պատճառով շնչառությունս ահավոր խորացել էր,տրանսպորտի միջի մարդիկ վրաս վախեցած հայացքներ էին նետում։ :D Հիմա էլ անտանելի գլխացավ ունեմ։ Երևի շոգն է մեղավոր։ Մեր տունն այնպես է դասավորված,որ եթե երկնքում կա Արև,այն կա նաև մեր տանը։ Ձմռանը գրեթե վառելիք չենք օգտագործում։ Հրա~շք։ Բայց այ ամռանը..խոսքը մեր մեջ շոգեխաշվում ենք։ Այ հիմա էլ,կիսաեփ վիճակում նստած,գլխացավս գրկած,սրտիս հետ կռիվ արած ձեզ եմ գրում։ Վարդավառի օրն էլ այնքան մեծ էնտուզիազմով եմ խաղացել,որ մինչ օրս աջ ոտքս բռնված է, այսօր ոնց կարողացա լողի տեղը դիմանալ...զարմանում եմ ինքս ինձ վրա :D Հա~, կարճ ասած, թքած ունենալով բոլոր այս ցավերի վրա ես շարունակում եմ լսել իմ սիրելի ծանր Ռոքն ու Մետալը ու ցանկանում եմ ձեզ հետ ուղղակիորեն խոսել նրա մասին,ինչ հիմա զգում եմ...

вторник, 10 июля 2012 г.

Անոթազարկ


Եվս երկու քայլ արեց դեպի ինձ։ Երբեք այսքան մոտիկ կանգած չէր եղել։ Հայացքն առանց աչքերիցս կտրելու իրար ամուր սեղմած ցուցամատն ու միջնամատը հպեց ձախ քունքիս։ Այնուհետև մատներն  սկսեց անփութորեն սահեցնել այտերովս.ասես պատահաբար սկսեց շոյել ծանրացած շնչառությունից կիսաբաց շուրթերս և ի վերջո մատները հասցրեց պարանոցիս`դանդաղ շարժելով,ասես երբևէ այդ նույն մատներով չէր շոշափել զարկերակս… Ճկուն շարժումներով գտնելով զարկերակս` սկսեց մատներով շրջանագծեր անել պարանոցիս վրա։ Նա գիտեր,դա իմ թույլ տեղն է։ Առաջ ձգելով պարանոցս`անհույս փորձ էի անում շուրթերովս ավելի մեծ քանակութամբ օդ գրկել։ Խեղդվում էի։ Փոքր-ինչ դողացող ձայնով ասաց.
-Սիրտդ բավականին արագ է աշխատում…

воскресенье, 8 июля 2012 г.

Սեր կես դրույքով






Երբ դեռ շատ փոքր էի,ինձ հաճախ ասում էին,որ Լուսնին երկար չնայեմ,այլապես ցածրահասակ կմնամ։ Փոքրիկ երևալու վախից հինգ րոպե ժամկետով թեքում էի գլուխս այդ շքեղ տեսարանից,հետո,շատ կարճ հիշողություն ունենալու պատճառով,նորից հետ էի վերադառնում նախկին զբաղմունքիս։ Երբ Լուսնի`Արևից գողացված շողերը շաղակրատելով քսմսվում էին տղամարդու նման մռայլ ու սև Երկնքին,թվում էր,թե սիրային փոքրիկ խաղ է աչքիդ դիմաց ընթանում։ Իհարկե,այն ժամանակ ես դա չէի հասկանում։ Պարզապես բնազդաբար նայում էի դրան։ Ձգում էր,հասկանու՞մ եք…


суббота, 30 июня 2012 г.

Օրագիր

6:47
Գրողը տանի~,կլինի՞ գեթ մի օր,որ կարողանամ գոնե մինչև յոթը քնել։ Չեմ ուզում այսքան շուտ ամեն ինչ սկսվի..

6:52
Բարի գալուստ գլխացավ։ Արդեն հինգ րոպե է,ինչ քեզ եմ սպասում։ Ապրես,որ եկար։ Ես այլևս մենակ չեմ։

7:00
Ու թե ինչու այսքան արագ պատրաստվեցի,որ հիմա պարապ նստեմ։ Չէ,լավ,պարապ նստել հնարավոր չէ, հազարավոր գործեր կան անելու։

7:14
Խնդրում եմ քեզ,ի սեր բոլոր սրբերի,գոնե հինգ րոպե լքիր միտքս,թող գործերիս վրա կենտրոնանամ։ Աղերսում եմ,հինգ րոպե մենակ թող ինձ..Ատում եմ քո սին ներկայությունն իմ կյանքում։ Սին,դատարկ։ Ատում եմ քո աններկա առկայությունն իմ մտքում։ Խանգարելուց զատ ուրիշ ոչինչ չես անում։ Սիրում եմ քեզ..

7։43
Հա,իհարկե քնած կլինես։ Հանգիստ,հրեշտակային քնո~վ։ Փակ աչքերդ,կիսաբաց շուրթերդ,որ պիտի թույլ տան քեզ ավելի խորը շնչել...Քնած ես..սիրու~ն։ Բայց չէ, դուրս արի ուղեղիցս թեկուզ քո աստվածային գեղեցկությամբ։ Չեմ ուզում այն տեսնել։ Գնա,գնա գրողի ծոցը։ Հանգիստ թող ինձ...Գնա~..




LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...